«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգը ահազանգում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների հետեւանքով իրենք կանգնել են լուրջ խնդիրների առաջ: Ըստ դատավորների` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամների հրաժարականներից հետո ԲԴԽ-ում մնացել են 4 հոգի, եւ քվորում չի լինում, ու այս իրավիճակում դատական իշխանության գործունեությունը դրվում է հարվածի տակ: Մի շարք դատավորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ այս իրավիճակը պետք է անհանգստացնի ինչպես Ազգային ժողովի պատգամավորներին, այնպես էլ Դատավորների միությանը, քանի որ Ազգային ժողովը պետք է 3 թեկնածու ներկայացնի, որոնք կարող են նշանակվել ԲԴԽ անդամներ, իսկ դատավորների ժողովը դատավորներից 3 հոգու պետք է ընտրի ԲԴԽ անդամ:
Մինչ օրս Ազգային ժողովում դեռեւս մեկ թեկնածուի հարց է քննարկվում, որը Գրիգոր Բեքմեզյանն է, նրան էլ դեռ չեն ընտրել: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն էլ դատավորների ժողով չի անում, եւ ԲԴԽ-ն, որի օրակարգում բազում հրատապ հարցեր կան լուծելու, ըստ էության, կազմալուծված է: Դատավորներն անգամ մտավախություն ունեն, որ աշխատավարձ չեն կարողանալու ստանալ, թեեւ դատական դեպարտամենտից «Ժողովուրդ» օրաթերթին հավաստիացրին, որ այդպիսի բան չի լինելու»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում