Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ աննախադեպ թվով պատգամավորներ էին գրանցվել հարց տալու համար` 45 հոգի: Ընդ որում, նրանց թվում շատ էին իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Սակայն, ըստ էության, հարցերի բնույթը եւ պատասխանողները բազմազան չէին, եւ այնպիսի տպավորություն էր, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի բենեֆիսն էր խորհրդարանում: Գրեթե բոլոր հարցերին նա էր պատասխանում, մի քանի հարցերի էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իհարկե, այդ պատկերն ամենեւին էլ զարմանալի չէ, քանի որ Պապիկյանի ղեկավարած նախարարությունը պատկանում է սուպեր նախարարությունների թվին եւ ընդգրկում է ամբողջ մարզերը, եւ այնտեղ էլ մեծամասամբ կենտրոնացված են բազմաթիվ խնդիրներ: Հենց դա է պատճառը, որ երեկ Պապիկյանը չէր հեռանում ամբիոնից:
Առհասարակ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանները մշտապես բավականին երկար են տեւում, քանի որ մեծ թվով պատգամավորներ են գրանցվում` հարց տալու: Սակայն այս փուլում պատգամավորներից շատերը տարօրինակ էին համարում այդպիսի ակտիվությունը, քանի որ ընդամենը մեկ շաբաթ առաջ հանձնաժողովների միացյալ նիստերում ընթանում էր ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, եւ պատգամավորները հնարավորություն ունեին հարցեր ուղղել կառավարության անդամներին եւ շատ ակտիվ դա արել են նաեւ այդ նիստերի ժամանակ:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Սոնա Գրիգորյան