ՀՀ արդարադատության 28-ամյա նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը նախորդ տարվա ներկայացրած հայտարարագրում նշել է, որ տարեսկզբին մեկ ընկերությունում ունեցել է 5000 դրամի բաժնետոմս, սակայն տարվա ընթացքում այն վաճառել է: Երիտասարդի դրամական միջոցները կազմում են 1220 եվրո եւ 6 մլն 755 հազար դրամ:
Մինչդեռ 2017-ին նախարարն ունեցել է 2000 եվրո եւ 2 մլն դրամ: Որպես եկամուտ` հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը, որը կազմել է ամսական ընդհանուր 1 մլն 352 հազար 927 դրամ: Սա դեռ ամենը չէ, պարզվում է` 28-ամյա նախարարը մեկ ընկերությունից 2018 թվականին ստացել է 1 մլն 951 հազար դրամի շահաբաժին: Թե որ ընկերությունից է շահաբաժին ստացել, պաշտոնական փաստաթղթում նշված չէ:
Բայց նախարարը անշարժ գույք` տուն, բնակարան չունի: Համենայնդեպս, այդպես նշված է նրա` պաշտոնը ստանձնելու հայտարարագրում: Փոխարենը ունի Mercedes-Benz E 320 մակնիշի ավտոմեքենա:
Նրա կնոջ`Տաթեւիկ Սարգսյանի ունեցած դրամական միջոցը 2018-ի տարեվերջին կազմել է 640 հազար դրամ: Նույն ժամանակահատվածում նախարարի կնոջ փոխառությունը կազմել է 6650 դոլար: Տաթեւիկ Սարգսյանի հայտարարագրած եկամուտը գոյացել է երկու վայրից ստացած աշխատավարձից, որը կազմել է ընդհանուր ամսական 249 հազար դրամ:
Իսկ տրված փոխառություններից ստացած տոկոսը կազմել է 180 դոլար:
Սյունէ Համբարձումյան