Դեղեր և օճառ են բարեգործներից տվել կենտրոնին․ մանրամասներ ՄԻՊ բացահայտումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում անմարդկային խախտումներ են հայտնաբերվել: Կենտրոնում ուսումնասիրություններ իրականացրել է Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ձորակ»-ի ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար նախատեսված սենյակում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել: Մասնավորապես, արձանագրվել են այնպիսի դեղորայք եւ պլոմբանյութեր, որոնց պիտանելիության ժամկետը լրացել է մեկուկես տարի առաջ («Դիբազոլ», «Վիկասոլ», «Կլարիտրոմիցին գրինդեքս», «Ունիցեմ», «Նիտրոգլիցերին», «Էուգենոլ», «Ֆուրացիլին», «Ցեմիոն-Ֆ»): Եւ սարսափելին այն է, որ դրանց մի մասն օգտագործվում է ամենօրյա աշխատանքում, իսկ մյուս մասը նախատեսված է օգտագործել անհետաձգելի դեպքերում: Համաձայնեք, որ սա առողջական խնդիր ունեցող անձի նկատմամբ անմարդակային վերաբերմունք է. չէ՞ որ ժամկետանց դեղերի օգտագործումն անթույլատրելի է: Սա դեռ ամենը չէ. մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձանագրել է նաեւ դեղերի պահպանմանն առնչվող խնդիրներ:

Օրինակ, Սեւանի հոգեկան առողջության կենտրոնի միջամտությունների սենյակներում դեղերը պահվել են ոչ թե սառնարանում կամ փակ պահարաններում, այլ թափանցիկ ապակյա դեղապահարաններում, որոնք արեւի լույսի ուղղակի ազդեցության ներքո են եղել: Ավագ բուժքրոջ կաբինետներում, որտեղ նույնպես պահվել են դեղեր, այդ թվում` հոգեմետ, չի եղել չհրկիզվող պահարան: Իսկ, ահա, միջամտությունների սենյակում պահվող հոգեմետ դեղերի հսկողությունը պետք է իրականացվի միայն սենյակի դուռը փակ պահելով, բայց օմբուդսմենի գրասենյակի աշխատողների այցի ընթացում այն գրեթե միշտ բաց է եղել:

Ավելին, Սեւանի հոգեկան առողջության կենտրոնի տղամարդկանց 1-ին բաժանմունքի միջամտությունների սենյակի դեղապահարանում առկա են եղել նիտրոգլիցերինի դեղաշշից հանված եւ ստվարաթղթե տուփի մեջ լցված նիտրոգլիցերինի հաբեր: Արձանագրվել են նաեւ դեղամիջոցների ոչ բավարար քանակի տրամադրման հետ կապված խնդիրներ:

Ամենակարեւորը` պարզվում է, որ «Ձորակ» կենտրոնի ատամնաբույժն ատամնաբուժական ծառայության կազմակերպման համար անհրաժեշտ դեղերի ու նյութերի մեծ մասը ձեռք է բերում իր միջոցներով: Նրա խոսքերով` ատամնաբուժական ծառայության համար նախատեսված տարեկան 150 հազար դրամը բավարար չէ ամբողջ ծավալով դեղորայք եւ անհրաժեշտ պլոմբանյութեր ձեռք բերելու համար: Էլ չենք խոսում ժամկետանց բժշկական կաթետերների մասին, որոնք «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի իրային պահեստում են պահվել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ Սեւանի հոգեկան առողջության կենտրոնը հոգեմետ դեղորայքը ստանում է եռամսյակը մեկ ՀՀ առողջապահության նախարարությունից, որոնց տեսականին որոշվում է վերջինիս կողմից:

Բայց օմբուդսմենի գրասենյակի աշխատողների այցի պահին դեղատանը սպառված են եղել «Ֆլյուֆենազին», «Մոդիտեն դեպո» դեղամիջոցները: Պարզվել է նաեւ, որ հոգեբուժարանը «Սիբազոն» դեղատեսակի կարիք էլ ունի, բայց նախարարությունը չի տրամադրել այն, իսկ հոգեբուժական կազմակերպությունն այն ստիպված ինքնուրույն է ձեռք բերել:

Սեւանի հոգեկան առողջության կենտրոնի առաջին օգնության դեղերը հոգեբուժական ուղղվածության են, իսկ թերապեւտիկ խնդիրների համար նախատեսված անհետաձգելի մի շարք դեղեր չկան, օրինակ` ադրենալին, ներերակային ինֆուզիաների կամ սրտանոթային վերակենդանացման համար նախատեսված դեղեր եւ պարագաներ, որոնք շատ կարեւոր են:

«Ձորակ»-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով օմբուդսմենի` իրենց վերաբերյալ բացահայտումներին, հայտարարեց. «Այդ հարցով իրավապահ մարմիններն էլ են նաեւ զբաղվել, բայց մեր կողմից այդ թերությունները վերացվել են: Այդ կաթետերները ժամկետանց չեն եղել, արկղի վրա ժամկետ նշված չի եղել, ժամկետանց դեղեր եւս չենք ունեցել: Ժամկետանց մի տեսակ դեղ է եղել ատամնաբուժարանում: Այն չի օգտագործվել, դա այժմ օտարված է եւ հանձնված թափոններ ընդունող հանձնաժողովին»:

Բայց զրույցի ընթացքում «Ձորակի» տնօրենը բարձրաձայնեց մեկ խնդրի մասին: Պարզվում է` խնամքի կենտրոնի` դեղերի, դեղամիջոցների ձեռքբերման համար հայտարարված մրցույթները չեն կայանում, քանի որ պահանջած քանակությունը քիչ է, ինչի պատճառով մասնակիցները հրաժարվում են մասնակցել մրցույթին: «Չեն մասնակցում: Դա զուտ ձեռք ենք բերում բարեգործներին խնդրելով: Մասնակից չկա:

Զանգում ենք դեղատներին, խնդրում ենք, չեն գալիս մասնակցելու, ասում են` քիչ է քանակությունը, չնչին գումար է կազմում: Խնդրում ենք բարեգործներից, չգիտեմ, մատաղ են բերում, խնդրում ենք` էս երկու դեղը բերեք, բայց դա հետո մենք հաշվապահության կողմից մուտքագրում ենք ու նշում, որ բարեգործի կողմից է: Եթե ինչ-որ բանի պակաս ենք ունենում, այդ ձեւով ենք հարցը լուծում: Ովքեր ուզում են բարեգործություն անել, օրինակ` լվացքի պարագա է լինում` ատամի մածուկ, օճառ»,- նկատեց տնօրենը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս