«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Քեթրին Մանասյանն է: Նա խոսել է մարդկային հարաբերությունների, ամուսնություն ինստիտուտի, ձեռքբերումների, կյանքի լավագույն պարգեւի մասին:
-Քեթրի՛ն, մանուկ ժամանակ Ձեզ ի՞նչ մականուն են տվել:
-Չեմ ունեցել:
-Ավելի շատ սիրում եք նվիրե՞լ, թե՞ նվեր ստանալ:
-Երկուսն էլ շատ եմ սիրում: Եթե մարդուն ճանաչում եմ, միանշանակ, հեշտորեն եմ նվեր ընտրում, եթե ոչ, նախընտրում եմ գումարը տալ: Թող ինքը որոշի ինչ գնել: Կարեւորում եմ, որ նվերը ձեւական բնույթ չկրի:
-Երբ դպրոցական էիք, երազում էիք…
-Ճամփորդելու մասին: Առաջին երկիրը, որտեղ երազել եմ լինել, Միացյալ Նահանգներն էր: Եվ հետաքրքիրն այն է, որ երազանքս իրականացավ: Ավելի վաղ` պատանի հասակում, նախատեսել էի Ուկրաինա մեկնել, բայց հիվանդացա ջրծաղիկով, եւ պլաններս ձախողվեցին: Կարծես ինձ վիճակված էր առաջինը մեկնել հենց ԱՄՆ:
-Մի բան, որի համար երբեք գումար չեք ծախսի:
-Խոստովանեմ, որ հաճախ պահի ազդեցության տակ գումար եմ ծախսում նաեւ անպետք իրեր գնելով: Երեւի թե դեմքս փոփոխությունների չեմ ենթարկի, դրա համար գումար չեմ ծախսի:
-Շարունակե՛ք միտքը. «Լավ ղեկավարը նա է, ով…»
-Հաշտ է ինքն իր հետ, լավ ռազմավարություն ունի:
-Ֆիլմ, որ դիտել եք տասնյակ անգամներ:
-Չկա նման ֆիլմ: Նույնիսկ երկու անգամ նույն ֆիլմը չեմ դիտի: Ես շատ ուշադիր ակնդիր եմ եւ ֆիքսում եմ ամեն մի դետալն ու տողատակը: Ես երեւի կինոման չեմ: Փոխարենը գրքերին հաճախ եմ վերադառնում, փորձում եմ հասկանալ` տարիքի հետ ընկալումներս փոխվել են, թե ոչ:
-Ձեր հետեւից խոսացողներին միայն կասեք…
-Խոսեք, երբեք չի ազդել դա ինձ վրա: Համենայնդեպս, դա հնարավոր չէ կանխել:
-Եթե որեւէ բիզնես ոլորտ մուտք գործեիք, ո՞րը կլիներ այն:
-Գաղափար չունեմ այդ ոլորտից, բայց որպես նախասիրություն կարող եմ ասել արտ-սրճարան ունենալու ցանկության մասին: Գուցե մի օր հետաքրքիր ձեւով այդ ծրագիրս իրագործեմ:
-Ի՞նչ կանեիք, եթե լինեիք մեր քաղաքապետը:
-Քաղաքականության ոլորտ ոտք չէի դնի, բայց, եթե պատկերացնենք նման բան, վստահ եմ` շատ սրտացավ կլինեի, յուրաքանչյուր քաղաքացու կլսեի, բայց քանի որ ֆիզիկապես հնարավոր չէ յուրաքանչյուրի պահանջները բավարարել, գործս կտուժեր:
-Երբեք չեք հավատացել այն մարդկանց, որոնք…
-Շատ քիչ բան են պատմում իրենց մասին, բայց պատրաստ են շատախոս դառնալ, երբ խոսքը վերաբերում է ուրիշներին:
-Մեկ բառով կասե՞ք` ինչպիսին եք սիրո հարցում:
-Եթե սեր, ուրեմն իսկական, անմնացորդ ու կրակոտ:
-Կնոջ հիմնական սխալը ո՞րն է:
-Որ մեծ մասամբ առաջնորդվում է էմոցիաներով: Մենք քիչ ենք հաշվարկում, չափազանց զգացմունքային ենք:
-Աստվածաշնչյան պատվիրան, որը հաճախ եք խախտում:
-Բոլորիս կողմից ամենաշատը խախտվողն, ըստ իս, «Մի ստիր»-ն է, բայց անվնաս ստեր, ուզես, թե չուզես, օրվա մեջ ասում ես: Բայց մյուս պարագաներում հերքում եմ սուտը:
-Ձեր ամուսինը Ձեր մեջ ի՞նչն է ամենաշատը գնահատում:
-Ես իր համար ամեն ինչում ամենաբարձր կետում եմ: Գուցե մեծամտություն հնչի, բայց թե՛ որպես տնային տնտեսուհի, թե՛ որպես մասնագետ միշտ խրախուսական խոսքեր եմ լսում նրանից:
-Իսկ ի՞նչ է նա ամեն օր Ձեզ համոզում:
-Որ ջազային երգերից բացի ժողովրդական երգեր էլ կատարեմ: Ամբողջ օրը դա է համոզում:
-Ամուսնությունն ինչպիսի՞ ինստիտուտ է Ձեր բնորոշմամբ:
-Շատ բարդ: Ամուսնությունը անկանխատեսելի խաղերի շարք է, միշտ պետք է պատրաստ լինես տարբեր զարգացումների, պետք է կարողանաս ստանձնել տարբեր դերեր: Դերերը պարբերաբար փոխվում են:
-Երբեմն հասկանում եք, որ անզոր եք…
-Ես ունեմ ինքնապաշտպանական միջոցներ. կյանքի փորձն է օգնել ձեռք բերել: Յուրաքանչյուր իրավիճակում գտնում եմ ելք: Եթե ես իմ տեղում չեմ, հեռանում եմ:
-Կվարանեք ժամանակ տրամադրել...
-Եթե խոսքը վերաբերում է կենցաղին, ապա ժամանակ չեմ վատնում գեղեցկության սրահներում: Փորձում եմ այդ ժամանակը տրամադրել փոքրիկիս: Իսկ եթե մի փոքր փիլիսոփայական մոտեցում ցուցաբերենք, կասեմ, որ պատրաստակամ եմ ժամանակ տրամադրել անգամ անծանոթներին, եթե նրանք, օրինակ, ցանկանում են իրենց սիրտը բացել իմ առաջ:
-Կյանքի լավագույն պարգեւը Ձեզ:
-Որդիս:
Աննա Բաբաջանյան