ՀՀ նախկին գլխավոր դատախազը` ՀՔԾ-ի լուծարման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգում քննարկում են ՀՔԾ-ի հնարավոր լուծարման մասին: Մասնավորապես, վարկածներ են առաջ քաշվել ստեղծելու հակակոռուպցիոն մարմին, իսկ Հատուկ քննչական ծառայությունն էլ լուծարել: Այս իրավիճակում հետաքրքիր է` ինչպես են դասակարգելու կոռուպցիոն գործերը, քանի որ կոռուպցիան լայնաշերտ երեւույթ է: Ավելին, իրավապահ համակարգում լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում` վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին եւ չդառնա նոր մարմնի ղեկավարը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր տեղեկությունը պարզել ՀՔԾ-ից, որտեղից ի պատասխան` հայտնեցին, թե նման տեղեկության իրենք չեն տիրապետում:

ՀՔԾ-ի լուծարումն ու նոր մարմնի ստեղծումը ուշագրավ են այնքանով, որ ՀՔԾ-ն եվրոպական որոշ պարտավորությունների շրջանակներում է մեր երկրում ձեւավորվել, բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես են դասակարգվելու կոռուպցիոն գործերը, որոնք պիտի քննվեն նոր մարմնում:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մասնագիտական մեկնաբանությունների համար զրուցեց Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՌԴ գլխավոր դատախազության համալսարանի դասախոս, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին հետ:

-Պարո՛ն Կոստանյան, Ըստ Ձեզ` արդյոք հնարավո՞ր է ՀՔԾ-ն լուծարել եւ դրա փոխարեն հակակոռուպցիոն հարցերով զբաղվող մարմին ստեղծել:

-Ես հավանականություններով ու կանխատեսումներով, իհարկե, չեմ ցանկանում հիմա ներկայացնել իմ դիրքորոշումը, բայց պետական մարմնի լուծարումը եւ ստեղծումը իր մեջ ունի տրամաբանություն, նպատակներ եւ հիմքեր: ՀՀ Հատուկ քննչական ծառայության դերը միայն հակակոռուպցիոն գործունեությունը չէ: Հատուկ քննչական ծառայությունը ստեղծվել է երեք նպատակների համար.

1. խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետության միջոցն է բարձրացնում,

2. կոռուպցիայի դեմ արդյունավետությունը բարձրացնելն է,

3. ընտրական վեճերի կամ ընտրությունների հետ կապված հանցագործությունների քննությունն էր:

Եվ հիմա ՀՔԾ-ն դիտարկել բացառապես կոռուպցիայի դեմ պայքարի կոնտեքստում, ես կարծում եմ, սկզբունքային սխալ է, դա մեկ:

Երկրորդը` ՀՔԾ-ն ստեղծելու ժամանակահատվածում այնպես չի, որ ուղղակի որոշվել էր ու սետղծվել էր, հիմա էլ պետք է որոշվի ու լուծարվի. բավականին երկար քննարկումներ են տեղի ունեցել միջազգային կառույցների հետ, եվրոպական մեր գործընկերների հետ: Ես էլ, ընդ որում, մասնակից եմ եղել դրան խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հետ: Այսինքն` այնպես չէ, որ հիմա ստեղծվում է հակակոռուպցիոն մարմին, եւ ՀՔԾ-ն պետք է լուծարվի: Ես չեմ լսել նման մոտեցում. ուղղակի որ Դուք հարցնում եք, ես պատասխանում եմ:

-Ի վերջո, հակակոռուպցիոն մարմինը ո՞ր գործերը պետք է ուսումնասիրի: Կոռուպցիան այնքան լայն հասկացություն է, ինչպե՞ս են դասակարգվելու գործերը:

-Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված մարմին կստեղծվի, թե ոչ, իմ կարծիքով դա որեւէ կապ չունի ՀՔԾ-ի հետ: ՀՔԾ-ի ստեղծվելու առաջնահերթ խնդիրը եղել է այն, որ ունենանք մի մարմին, որը կզբաղվի, օրինակ, անձի այն հայտարարություններով, թե, դիցուք, Քննչական կոմիտեի կամ այլ մարմնի քննիչները իր նկատմամբ խոշտանգում են կիրառել կամ ստիպել են, որ ցուցմունք տալ: Այսինքն` մեր նպատակը այնպիսին էր, որ ստեղծենք իրավապահ համակարգում այնպիսի իրավիճակ, որ փոխադարձ հակակշռման մեխանիզմ լինի: Դրա համար էլ քննչական մարմինների տեղաբաշխվածությունը կատարվել է այնպես, որ քննիչների հակակշռման սխեմա լինի առնվազն իրենց կողմից կատարված հանցագործությունների քննության արդյունավետության տեսակետից: ՀՔԾ-ն լուծարելը կամ չլուծարելը որեւէ կապ չունի հակակոռուպցիոն նոր մարմին ձեւավորելու հետ: Այսինքն` ՀՔԾ-ն այլ խնդիրներ ունի, եւ ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարը:

Ինչ վերաբերում է կոռուպցայի դեմ պայքարին, շատ մոդելներ կան աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտակցված մարմիններ ստեղծման եղանակով կամ ստորաբաժանումներ ստեղծելու եղանակով: Եվրոպայի խորհրդի սահմաններում, իմ խորին համոզմամբ, ես էլ ժամանակի այս մասով քննարկումներ եմ ունեցել. լավագույն օրինակը Ռումինիայի օրինակն էր, որը Եվրոպայի համար մոդելային օրինակ էր համարվում:

-Եվ ի՞նչ է այն ենթադրում:

-Երբ Ռումինիայում ստեղծվեց հակակոռուպցիոն առանձին մարմին, որն իր մեջ պարունակում էր ինչպես կոռուպցիայի դեմ, կոռուպցիայի հետ կապված քննող դատավորներ, այնպես էլ կոռուպցիոն հանցագործություններ քննող քննիչներ, դատախազներ: Սա Եվրոպայի խորհրդի անդամ երկրների համար օրինակելի մոդել էր: Ինչպես գիտեք, Ռումինիայում այն շատ լավ աշխատել է: Ցանկանում եմ ասել, որ մենք ինքներս պետք է որոշենք, թե որ մոդելն է մեզ համար կիրառելի:

Իսկ ՀՔԾ-ն լուծարելու համար դու պետք է ունենաս հիմք, առաջին` փաստարկված ունենաս, որ տվյալ մարմինը արդյունավետորեն չի կատարում իր առջեւ դրված խնդիրները. դա պետք է պատճառ հանդիսանա:
Երկրոչդը` արդյոք դու ունե՞ս այնպիսի մոդել իրավապահ համակարգի համագործակցության, որը կլուծի այն խնդիրները, որոնք ՀՔԾ լուծում էր: Այսինքն՝ լավ, ստեղծեցիք հակակոռուպցիոն մի մարմին, շատ լավ, բա

ՀՔԾ-ի մյուս խնդիրները ո՞վ պետք է լուծի: Երբ ստեղծվում էր ՀՔԾ-ն, տարբեր մարմինների՝ Եվրոպայի խորհրդի, թե Եվրոպայի խորհրդի ստորաբաժանումների հանձնաժողովների հետ, այսինքն` Վենետիկի հանձնաժողովի հետ էլ ենք քննարկել այս հարցը շատ երկար: Ու իրապես ՀՔԾ-ի ստեղծումը կամայականություն չէր, այլ լրջագույն աշխատանքի արդյունք է:

Քնար Մանուկյան




Լրահոս