Վահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ է եղել «Իմ քայլ»-ականների համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը երեկ՝ խորհրդարանում երդվելիս, հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ։ «Այսօր այս երդումը տալով՝ ես դառնալու եմ ՍԴ երկրորդ դատավորը: Այո, դուք չեք սխալվում, երկրորդ դատավորը: Այս երդումը տալու պահից ՍԴ-ում լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը հիմա երկրում չէ. ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության պայմաններում ընդունելի ձեւաչափով, այդ մասին կտեղեկացնեմ նաեւ հանրությանը եւ իշխանությանը»:

Նրա այսպիսի հայտարարությունն անակնկալ է եղել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար, որոնք դահլիճում նստած լսել են նրա խոսքերը, եւ շատերը նրա հայտարարությունից հետո որոշ ժամանակ անց սկսել են սոցիալական ցանցերում գրել այդ մասին եւ Վահե Գրիգորյանին ներկայացնել որպես Սահմանադրական դատարանի նախահայր։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանն այժմ միակ մարմինն է, որը դեռ գտնվում է անցումային փուլում։ Եվ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունում առկա են անցումային դրույթներ, որոնցով էլ կարգավորվում են Սահմանադրական դատարանի դատավոր եւ անդամ եզրույթները։ Ըստ այդմ, պետք է անցումային ժամանակաշրջանի ավարտից հետո բոլորը լինեն ՍԴ դատավորներ, իսկ այս պահի դրությամբ միայն երկուսն են։ Եվ Վահե Գրիգորյանն, ըստ էության, հայտարարեց այդ ճգնաժամը լուծելու պատրաստակամության մասին։ Այժմ կրկին իրավաբանները երկու մասի են բաժանվել. մեկ մասն ասում է, որ ՍԴ անդամի եւ դատավորի լիազորությունները չեն տարբերվում, իսկ մյուս մասն էլ պնդում է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՍԴ-ի ընդունած բոլոր որոշումները կարող են առ ոչինչ ճանաչվել»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս