Իշխանությունները պետք է ընդունեն Վահե Գրիգորյանի մոտեցումները. «Սասնա Ծռերի» հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Ազգային ժողովի ամբիոնից առաջին անգամ հնչեցրեց ազգային արժեքների վրա հիմնված ազգային պետության կայացման և ազգային սահմանադրության ստեղծման հայեցակարգային գաղափարներ:

Վահե Գրիգորյանը, հիմնվելով այդ գաղափարների վրա՝ ներկայացրեց նաև գործող ապազգային ու ապօրինի Սահմանադրական դատարանն ապամոնտաժելու և սահմանադրականություն հաստատելու վերաբերյալ իր մոտեցումները:
Անշուշտ, մենք միանգամայն այլ՝ համակարգային և շատ ավելի արդյունավետ ճանապարհ էինք պատկերացնում:

Մենք համոզված ենք, որ ճիշտ կլիներ ռեժիմի տապալումից հետո շարունակել հեղափոխությունը, հանրաքվեով ընդունել ազգային արժեքների և նպատակների վրա հիմնված հայկական պետության իրավաքաղաքական հայեցակարգ ու դրան համապատասխան կարճաժամկետ անցումային ծրագիր և անցումային կառավարման միջոցով այդ ծրագրի իրագործմամբ.

ազատվել Ռուսաստանի նորգաղութային կախյալությունից,

ամբողջացնել Արցախի միացման գործընթացը,

անցումային արդարադատության և լյուստրացիայի միջոցով մաքրել, ինչպես նաև հնարավորինս կայացնել բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը,

մշակել և ընդունել Ազգային սահմանադրություն և դրան համապատասխան կազմակերպել նոր ընտրություններ:

Սակայն, հաշվի առնելով, որ հեղափոխական մանդատ ստացած իշխանությունը կառավարման ղեկը ստանձնելու առաջին իսկ պահից հրաժարվեց հեղափոխությունից և ընտրեց նախկին իշխանության իրավահաջորդությունը, Վահե Գրիգորյանի ներկայացրած ճանապարհն այսօր դառնում է գործնականորեն նախընտրելի՝ ապօրինի Սահմանադրական դատարանը վերակազմակերպելու և սահմանադրականություն հաստատելու հարցում:

Ներկայիս իրողությունների պայմաններում բոլորս ունենք որոշակի պարտավորություններ:
Ժողովուրդը պետք է աջակցի Վահե Գրիգորյանին, իշխանությունները պետք է ընդունեն նրա մոտեցումները և գործակցեն նրա հետ, իսկ ինքը՝ Վահե Գրիգորյանը, պետք է հետևողական լինի և դառնա նոր Սահմանադրության ընդունման և դատաիրավական համակարգի արմատական վերափոխման գործընթացի առաջամարտիկը:




Լրահոս