ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքի բնակիչ Սիրարփի Պողոսյանը զբաղվում է ազնվամորու մշակությամբ, որն էլ համարվում է նրա եկամտի միակ աղբյուրը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա պատմեց, որ նոր է հիմնել այգին, կազմում է 500-600 մետր: Նրա հիմնական խնդիրը կապված է ոռոգման ջրի հետ, ջուրը սակավ է: Երկրորդ խնդիրը, որ գյուղատնտեսը բարձրաձայնեց, ջրի աղտոտվածությանն է վերաբերում:
«Ջուրը գալիս է սարերից, եւ գետի վրա ՀԷԿ է կառուցված, որի շահագործման արդյունքում ջուրն աղտոտվում է, ինչից բույսերը չորանում են: Ոչ միայն մորին է չորանում, այլ բոլոր բույսերի վրա էլ այն իր բացասական ազդեցությունն է թողնում, անգամ կարտոֆիլի»,- մեզ հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց Ս. Պողոսյանը: Գյուղատնտեսի խոսքով՝ համայնքի բնակիչները ջրի հարցով դիմել են Բնապահպանության նախարարություն, Արագածոտնի մարզպետարան: Դեռ արձագանք չկա: Բացի այս, նա նշեց նաեւ մեկ այլ խնդրի՝ կարկտահարության մասին, որը մեծ վնասներ է հասցնում Վարդենուտի բնակիչներին:
«Ժողովուրդ» օրաթերթի մյուս զրուցակիցը ՀՀ Շիրակի մարզի բնակիչ Գեւորգ Կարապետյանն է, որն ունի 10 գլուխ խոշոր եղջերավոր կաթնատու անասուն: Ֆերմերը մեզ հետ զրույցում անմիջապես մատնանշեց կաթի գնի խնդիրը, որը այդպես էլ Հայաստանում չի կանոնակարգվում: Կաթի գնի վայրիվերումները լուրջ խնդիր են անասնապահի համար:
Նրա խոսքով՝ ամռան այս շրջանում սովորաբար կաթնատվությունը բարձր է լինում, իսկ վերամշակող ընկերություններն էլ, օգտվելով առիթից, կաթի մթերման գինը նվազեցնում են: «Թեկուզ 10 դրամի նվազումն էլ ազդեցություն է ունենում եկամուտների վրա: Ձմռան ամիսներին, երբ կաթի արտադրությունը քիչ է, հիմնականում կաթի մեկ լիտրը մթերում են 150-160 դրամով, իսկ հիմա արդեն նվազեցրել են ու մթերում են 140 դրամով: Բայց 20 դրամի տարբերությունը օրական 100 լիտրի դեպքում մեծ գումար է կազմում, որի կարիքը ֆերմերն ունի»,- արձագանեքեց շիրակցի անասնապահը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ֆերմերը նկատեց, որ իր առաջ խնդիր է դրել մեկ կովի կաթնատվությունը բարձրացնել եւ հասցնել տարեկան գոնե 2500-3500 լիտրի:
«Կաթի ինքնարժեքի եւ ֆերմերի եկամուտի վրա ազդում է նաեւ անանսակերը, դա էլ կապված է բնակլիմայական պայմանների հետ. եթե տարին բարենպաստ եղավ, ապա անասնակերով ապահովված կլինենք, եթե չէ, անասնակեր չենք ունենա»,- լրացրեց Գ. Կարապետյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը ֆերմերից հետաքրքրվեց՝ արդյոք մասնակցելու է Էկոնոմիկայի նախարարության՝ «Խելացի անասնաշենք» կառուցելու ծրագրին: Հարցին ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Ախր, այդ գործընթացը սկսելու համար նախ պետք է գումար ունենալ, որը ֆերմերը չունի, պետք է գնա բանկից վարկ վերցնի, որ հետո պետությունը սուբսիդավորի: Դա խնդիր է: Կամ էլ պետք է տունը գրավադրի: Ազատ միջոցներ չունի ֆերմերը: Բանկերն էլ միայն գրավի առկայության դեպքում են վարկ տրամադրում, իսկ ֆերմերը չունի գրավադրելու ենթակա գույք»:
Սյունէ Համբարձումյան