Ամուսնուս հետ միշտ էլ ցանկություն ունենք վերադառնալու. Շողեր Գրիգորյանը հայրենիքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Շողեր Գրիգորյանն արդեն 3 ու կես տարի է՝ բնակություն է հաստատել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Նա պարբերաբար գալիս է Հայաստան, մասնակցում է հեռուստանախագծերի եւ էլի մեկնում: Հիմա եւս Շողերը Հայաստանում է մեկ ամսով: Վերջին անգամ հեռուստադիտողը տեսել է նրան «Քաոս» ֆիլմում: Հիմա եւս հնարավոր է, որ Շողերը նկարահանվի մի նախագծում, թե կոնկրետ ինչ բնույթի, փակագծեր չբացեց. «Երկարատեւ նախագծերում ո՛չ կարող եմ, ո՛չ էլ ուզում եմ ընդգրկվել: Ինձ դուր է գալիս, օրինակ, մի քանի մասանոց սերիալներում, գեղարվեստական ֆիլմերում իմ աշխատանքը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Շողերը:

Հարցին, թե Հայաստան մշտական բնակության նպատակով վերադառնալու մտադրություն արդյոք ունի, դերասանուհին պատասխանեց. «Այո, ամուսնուս հետ միշտ էլ ունենք այդ ցանկությունը: Գիտե՞ք, սիրտս հանգիստ է եւ ուրախ այն առումով, որ տեսնում եմ՝ հանդիսատեսս ինձ չի մոռացել, նա համակերպվել է, որ պետք է ներկայանամ կարճատեւ նախագծերում՝ հավատարիմ մնալով ինքս ինձ եւ չմեղանչելով արվեստի առջեւ: Գիտեմ, որ եթե վերադառնամ, ինձ սպասողներ ունեմ, բայց առայժմ չեմ պատրաստվում»:

Երկու երեխաների մայրիկին հարցրինք՝ մտավախություն չունի արդյոք, որ երեխաները կարող են մեծանալ օտար միջավայրում եւ յուրացնել տեղի բարքերը. «Ռուսական միջավայրի մասին շատերը կարծրատիպեր ունեն. ես էլ ժամանակին ունեի: Բայց երբ գնացի այնտեղ (կոնկրետ Մոսկվայի մասին է խոսքը), հասկացա, որ պատկերը բոլորովին այլ է: Մարդիկ այնտեղ բավական կիրթ են, ունեն սովորություններ, որոնք ինձ շատ են դուր գալիս: Օրինակ՝ որեւէ մեկը մյուսի երեխային նկատողություն չի անի: Ինձ դուր է գալիս նաեւ այն, որ մոսկվացիները կիրթ են, ամենեւին պարծենկոտ չեն, ինչպես հայերիցս շատերը: Մի խոսքով, ինչպես բոլոր քաղաքներում, այնտեղ էլ կան ե՛ւ լավ, ե՛ւ վատ միտումներ: Ես ուրախ եմ, որ դրականին առերեսվելու առիթ ունեցա»,- մեկնաբանեց Շողերը:

Միեւնույն ժամանակ նա խոստովանեց, որ երբ երեխաները պատանի դառնան, արդեն իսկապես կարող են բախվել տեղի բարքերի հետ. «Հույս ունեմ, որ այդ ժամանակ արդեն տեղափոխված կլինենք Հայաստան»,- եզրափակեց դերասանուհին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս