Բրազիլիայում արդեն ավարտին է մոտենում Ամերիկայի Գավաթի խմբային փուլը:
Հիմա անցնենք խմբերով եւ հասկանանք, թե ինչ է կատարվում «Կոպա Ամերիկայի» այս խաղարկությունում:
A խումբ
Վերջին տուրից առաջ իսկական խառնաշփոթ է այս խմբում:
Բրազիլիան եւ Պերուն իրենց ակտիվում ունեն 4-ական միավորներ:Նրանց հաջորդում են Վենեսուելան եւ Բոլիվիան: Վենեսուելացիները ունեն 2 միավոր, իսկ Բոլիվիան վաստակած միավորներ չունի:
Վերջին խաղերից առաջ բոլոր 4 թիմերն էլ ունեն հնարավորություն խմբից դուրս գալու` Բոլիվիան` նույնպես, եթե լինի 3-րդ հորիզոնականը գրաված եւ լավագույն արդյունք գրանցած 2 հավաքականներից մեկը: Դրա համար նրանք պետք է հաղթեն իրենց խաղում եւ սպասեն մյուս խմբերի հանդիպումներին:
Այս խմբի վերջին տուրում կկայանան հետեւյալ հանդիպումները`
Բոլիվիա-Վենեսուելա
Պերու-Բրազիլիա
Երկու խաղերն էլ կկայանան վաղը` հունիսի 22-ին եւ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին:
B խումբ
Չնայած ամենահետաքրքիր իրադարձությունները ծավալվում են Ա խմբում, սակայն ամենաինտրիգային իրավիճակը հենց այստեղ է:
Արգենտինայի հավաքականը մոտ է խմբից դուրս չգալուն: Իհարկե գիտենք, «Ալբեսելեստեն» այս մրցաշարին մոտեցել է մեղմ ասած վատ վիճակում, սակայն խմբից դուրս չգալը` խայտառակություն է: Վերջին տուրում արգենտինացիներին միայն ու միայն հաղթանակ է պետք: Ոչ-ոքիի դեպքում արգենտինացիները դեռեւս հույս կունենան 3-րդ հորիզոնականով 1/4 եզրափակիչ անցնել, սակայն դա էլ է քիչ հավանական: Խմբի առաջատարը Կոլումբիայի հավաքականն է, ով արդեն ապահովել է իր տեղը մյուս փուլում վաստակած 6 միավորով: Պարագվայն ունի 2, իսկ Քաթարն ու Արգենտինայի հավաքականները` 1-ական միավոր:
Նշենք նաեւ,որ Արգենտինայի հավաքականը նմանատիպ իճավիճակում հայտնվել էր նաեւ Աշխարհի առաջնության ժամանակ,սակայն վերջին խաղում հաղթելով Նիգերիայի հավաքականի կարողացան նվաճել մյուս փուլի ուղեգիր:
Վերջին տուրի հանդիպումները`
Կոլումբիա-Պարագվայ
Քաթար-Արգենտինա
Երկու հանդիպումներն էլ կկայանան հունիսի 23-ին Երեւանի ժամանակով 23:00-ին:
C խումբ
Որպես այդպիսին «մահվան խումբ» կարելի է անվանել այս խումբը:
Այստեղ առաջատարը Ուրուգվայի հավաքականն է վաստակած 4 միավորով, ում հաջորդում է Չիլիի ընտրանին 3 միավորով: Չիլիի հավաքականը իր 2-րդ տուրի հանդիպումը կկայացնի այսօր գիշերը` 03:00-ին, եւ կմրցի Էկվադորի ընտրանու հետ:
Այստեղ երրորդ հորիզոնականում է Ճապոնիան, ով ունի 1 միավոր, իսկ Էկվադորը դեռեւս միավորներ չունի:
Վերջին տուրում կկայանան հետեւյալ հանդիպումները`
Չիլի-Ուրուգվայ
Էկվադոր-Ճապոնիա
Խաղերը կկայանան հունիսի 24-ի գիշերը Երեւանի ժամանակով 03:00-ին:
Հիշեցնենք, որ խմբերից դուրս կգան ոչ միայն 1-ին եւ 2-րդ հորիզոնականներ զբաղեցրած թիմերը այլ նաեւ 3-րդ տեղերը զբաղեցրած լավագույն 2 հավաքականները:
Այս պահին 3-րդ տեղում գտնվող լավագույն արդյունք գրանցած երկու հավաքականները Վենեսուելան եւ Քաթարն են: Վենեսուելան ունի 2 միավոր, իսկ Քաթարը` 1:
Էդմոն Մարտիրոսյան