Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական Է տվել հունիսի 20-ի բողոքի ակցիաներից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ընդունված որոշումը պատասխանատվություն Է ժողովրդի առջեւ»,-հայտարարել Է «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: Ինչպես նշվում Է, Կոբախիձեի պաշտոնաթողության որոշումն ընդունվել Է կուսակցության քաղխորհրդի նիստում, որը ղեկավարել Է նրա նախագահ Բիձինա Իվանիշվիլին: Նախօրյակին Թբիլիսիում խորհրդարանի պատերի մոտ տեղի Է ունեցել բողոքի ակցիա, որը վերաճել Է ոստիկանության հետ ցուցարարների բախման: Ակցիայի մասնակիցները պահանջել են Իրակլի Կոբախիձեի հրաժարականը՝ նրան մեղադրելով հայրենիքի դավաճանության մեջ: Նման մեղադրանքների պատճառ Է դարձել սկանդալը՝ կապված Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարն Է:
Նա բացել Է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի ղեկավարի աթոռը, ինչն առաջացրել Է ընդդիմադիր պատգամավորների, իսկ հետո նաեւ վրաց հասարակայնության վրդովմունքը: Բազմահազարանոց հանրահավաքը ցրելու համար ոստիկանությունը դրա մասնակիցների դեմ կիրառել Է արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ: Տուժել Է 240 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 80 աշխատակից: Այդուհանդերձ, «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավարներից մեկը՝ Գիգա Բոկերիան, հայտարարել Է, որ ակցիան հունիսի 21-ին կշարունակվի Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ: Նա պնդում Է, որ տեղի ունեցածից հետո այլեւս հնարավոր չԷ կանգ առնել: