Ինչպես հայտնի է՝ այսօր օրվա կեսին խորհրդարանում քննարկվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի ընտրության հարցը: Իսկ թեկնածուն արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն է:
Սակայն հետաքրքիր է, որ նրա թեկնածության հարցն ու քննարկումն այնքան հապճեպ է որոշվել, որ իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներից շատերի համար անգամ անակնկալ է եղել նրա թեկնածությունն ու հարցի՝ այսօր քննարկելը: Եվ շատերի աչքից նաեւ չվրիպեց, որ իշխող խմբակցության անդամներն էին թեկնածուին սուր հարցեր տալիս, եւ այդ պատճառով շատ պատգամավորներ կամուկացի մեջ էին եւ չգիտեին՝ ինչպես պետք է քվեարկեն:
ArmLur.am-ի թղթակիցը նկատեց, որ բազմաթիվ պատգամավորներ թեկնածուի ելույթին եւ հարցուպատասխանին զուգահեռ ներսուդուրս էին անում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի սենյակ, փորձում հասկանալ՝ ինչպես վարվել: Մակունցի սենյակ եկավ եւ քննարկում ունեցավ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով սակայն լրագրողների հարցերին չպատասխանեց: