Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել է ֆրանսիական տեխնոլոգիական առաջատար «THALES Group» ընկերության տաղավար։ Ընկերության ղեկավարները Հայաստանի նախագահին ներկայացրել են ցուցադրվող արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները:
Նախագահ Սարգսյանն այնուհետև հանդիպել է «THALES Group» ընկերության նախագահ Պատրիս Քեյնի և ընկերության ղեկավար կազմի հետ:
Պատրիս Քեյնը ողջունել է նախագահ Սարգսյանի այցը միջազգային ավիացիոն ցուցահանդես և ներկայացրել այն նորույթները, որոնցով ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում ծառայություններ մատուցող իրենց ընկերությունը ներկայանում է հեղինակավոր ավիասալոնում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ընկերության ներկայացուցիչների՝ վերջերս Հայաստան կատարած այցին և հնարավոր համագործակցության ուղղություններին: Նշվել է, որ այցից հետո պատրաստվել է փոխգործակցության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ: Մասնավորապես հեռանկարային են համարվում արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ստեղծելու աշխատանքային խմբեր՝ ուսումնասիրելու համագործակցության կոնկրետ ուղղությունները: Առաջիկայում տեղի կունենա «THALES Group»-ի ներկայացուցիչների հերթական այցը Հայաստան: