Թբիլիսիում ձերբակալվածների թվում Հայաստանի քաղաքացի կա. մանրամասնում է Շիրակ Թորոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ ջավախահայ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Շիրակ Թորոսյանի խոսքով՝ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է. «Դատարանի որոշմամբ 13 օր պետք է մնա կալանքի տակ: Վրաստանում հարյուր հազարավոր  ազգությամբ հայեր կան, և նրանք Վրաստանի  քաղաքացիներ լինելով հանդերձ՝ կարող են ներքաղաքական գործընթացների մաս դառնալ: Օրինակ՝ Ջավախքից մասսայական մասնակցության ակտիվացում չի նկատվում»:

Ըստ պատգամավորի՝ չկա այդպիսի միտում, որ Վրաստանի հայությունը մասսայական մասնկացում է  երկրում տիրող իրադարձություններին. «Մեկ անձ է ձերբակալված, կարծում եմ՝ դա այդքան էլ մեծ խնդիր չէ, և ՀՀ դեսպանությունն ուղիղ կապ ունի, հետաքրքրվում է ՀՀ քաղաքացու վիճակով»:

Վրաստանում տիրող լարված իրավիճակը և քաղաքացիների պոռթկումը Շիրակ Թորոսյանը կապեց 2020թ. Վրաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ:

Հիշեցնենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում խորհրդարանի հարևանությամբ տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել են հարյուրավոր մարդիկ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս