«Հայաստանը շահագրգռված է, որպեսզի Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կայուն լինի. դա կարևոր է` որպես բարեկամ երկիր և որի հետ մենք ունենք կայուն տնտեսական հարաբերություններ: Վրաստանի ներքին քաղաքական խնդիրներն, ի վերջո, իրենց ազդեցությունը թողնելու են»: Վրաստանում առկա իրավիճակի մասին ArmLur.am-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց վրացագետ Ջոն Մելիքյանը:
Վրացագետի խոսքով՝ բողոքի ցույցերի ագրեսիվ մասսան չեզոքացվել է, ինչն էլ թույլ է տալիս կառուցողական ուղղով ցույցերը շարունակել, և պահանջները քաղաքական կառուցողական ձևով իշխանություններին ներկայացնել:
«Ուրիշ հարց է, թե ինչքանով իշխանությունները, ցուցարարների որոշ պահանջներին ի պատասխան, ինչ քայլեր կձեռնարկեն: Իմ կարծիքով, եթե այսպես շարունակվի, և ոչ մի արտառոց դեպք չլինի, ապա մի քանի օրվա ընթացքում կարող է իրավիճակը կայունանալ», – հավելեց նա:
Հիշեցնենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում խորհրդարանի հարևանությամբ տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, և կա ձերբակալված ՀՀ քաղաքացի:
Լիդա Եղիազարյան