ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԲՈՂՈՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանը մոտ 700 դիմում ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ վայրագությունների, խոշտանգումների, մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարման վերաբերյալ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին Ստրասբուրգից տեղեկություններ հասան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների առնչությամբ ներկայացված դիմումներից մի քանիսի մասով մերժման որոշումներ է հրապարակել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանի ներկայացրած «Խուդունցը` ընդդեմ Ադրբեջանի» բողոքին: Եվրոպական դատարանը դիմումատուների ներկայացրած բողոքները ճանաչել է անընդունելի: Ուշագրավն այն է, որ անընդունելի է համարվել կամ մերժվել է կոնկրետ հայցը այն պատճառով, որ դիմումատուն՝ մենք, չենք կարողացել հիմնավորել մեր պահանջը եւ փաստերով ապացուցել։
Իսկ ովքե՞ր են այդ հայցերի հեղինակները. նրանց թվում են Արա Ղազարյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Արտակ Զեյնալյանը, որն այժմ ՀՀ արդարադատության նախարարն է, փաստաբաններ, իրավապաշտպաններ: Բացի նրանցից, կատարվածում առանցքային դերակատարություն ունի նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Արտակ Գասպարյանը, որը պետք է ամեն գնով մեր շահերն առաջ մղի: Ինչու՞ պարտվեցինք Եվրադատարանում, ինչու՞ չենք կարողացել հիմնավորել մեր հայցերը։ «ժողովուրդ» օրաթերթի այս հարցերին հայցերի համահեղինակ, այսօր արդեն ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այսպես պատասխանեց. «Այդքան պարզունակ չէ. ասել` մերժել է այդ հայցը։ Այն չի ընդունել քննության։ Ընդունելության փուլումլուծել է այդ հարցը եւ տվել է իրավական դիրքորոշումներ, գնահատականներ»։
Բա եթե ապրիլյան ակնհայտ ագրեսիան չեք կարողանում միջազգային ատյաններում հիմնավորել, մեր երկրիներսումինչպե՞ս պիտի արդարադատության մթնոլորտ ապահովեք։ Մեր այս հարցին, Զեյնալյանը պատասխանեց, թե «շատ կոպիտ եք»։ Դե իհարկե, որովհետեւ ՄԻԵԴ-ում այս պարտությունը բոլորինս է, սրանք սոսկ մասնավոր գանգատներ չեն։

 

 

 

Տեւական ժամանակ է` լուրեր են շրջանառվում, որ ապրիլի 23-ին՝ իր հրաժարականի օրվանից մեկ տարի անց, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական հեռուստաալիքներից մեկին հարցազրույց է տալու: Այդ հարցազրույցի հիմնական ասելիքը, իհարկե, դժվար չէ կռահել. նա փորձելու է համոզել, որ այդ մեկ տարում կա՛մ ոչինչ չի փոխվել, կա՛մ նույնիսկ ամեն ինչ դեպի ավելի վատն է փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցի վրա ՀՀԿ-ում մի ամբողջ թիմ է աշխատել: Օրինակ` հարցազրույցի քաղաքական մասի վրա աշխատել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իրավական կողմով աշխատանք է տարել ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդատվություն է տվել պաշտպանական եւ միջազգային մի շարք հարցերով, իսկ տնտեսական հարցերի դեպքում՝ այդ ոլորտի նախկին նախարար-փոխնախարարների թիմը: Փաստորեն, ՀՀԿ-ում թիմով լծվել են շեֆի հարցազրույցը սարքելու գործին, որպեսզի հնարավորինս անխոցելի լինի եւ կարողանա «ջախջախել» ներկայիս իշխանություններին:

 

 

 

Գաղտնիք չէ, որ Հայաստանում ավիատոմսերի գներն ավելի բարձր են, քան հարեւան Վրաստանում: Սա, թերեւս, պատահական չէ. ավիատոմսի գնի մեջ է հաշվարկվում ավիավառելիքի գինը եւս, իսկ Հայաստանում այն անհամեմատ ավելի բարձր է, շատ ավելի բարձր, քան նույնիսկ Եվրոպական որոշ երկրներում: Սա էլ ունի իր պատճառները. Հայաստան ավիավառելիք ներմուծում է միայն մեկ ընկերություն` «Զվարթնոց օդանավակայան» ՓԲԸ-ն` Վրաստանի տարածքով փոխադրումն իրականացնելով վրացական երկաթուղու միջոցով: Ու վրացական երկաթուղին ինքն է որոշում, թե որ մատակարարի հետ համագործակցել, որի հետ` ոչ: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խորհրդական Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում ասել է. «Կարող ենք ասել, որ ՀՀ ավիավառելիքի շրջանառության ոլորտում մրցակցության բացակայությունը պայմանավորված է հարեւան Վրաստանում ավիավառելիքի փոխադրման հետ կապված խնդիրներով: Մենք գիտենք, որ Վրաստանի տարածքով ավիավառելիքի փոխադրումն իրականացվում է վրացական երկաթուղու միջոցով, որը հայեցողական մոտեցմամբ համագործակցում է խիստ սահմանափակ թվով ընկերությունների հետ»:

 

 

 

ՀՀ պետական պարտքը կրկին սկսել է նվազման միտումներ ցուցաբերել, բայց` դանդաղ տեմպերով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս տարվա մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 934.2 մլն դոլար, մինչդեռ փետրվարի վերջին այն հասել էր 6 մլրդ 943.6 մլն դոլարի, իսկ հունվարի վերջին՝ 6 մլրդ 951 մլն դոլարի: Այլ կերպ ասած` մեկ ամսվա ընթացքում ՀՀ պետական պարտքը նվազել է 9.4 մլն դոլարով: Բնականաբար, պետական պարտքի առյուծի բաժինը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 389.5 մլն դոլար, որից 4 մլրդ 943.6 մլն դոլարը արտաքին պարտքն է: ՀՀ պետական պարտքի նվազումը պատահական չէ. Նիկոլ Փաշինյանի կառավարությունն աշխատում է զերծ մնալ նոր վարկեր վերցնելու, ըստ այդմ՝ պետական պարտք կուտակելու քաղաքականությունից: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ վերցված պարտքը ծառայում է իր նպատակներին, այլ ոչ թե գրպանվում, ինչպես նախորդ իշխանությունների օրոք էր:

 

 

 

ՇԱՆՍ ԵՎ ՌԻՍԿ
Հեղափոխությունից հետո ՀՀ-ում փորձության ու ցնցումների ենթարկված իշխանության թեւերից մեկը դատական իշխանությունն էր՝ մի քանի գործերով կայացված որոշումներով: Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում խորը անվստահություն կա դատական իշխանության նկատմամբ, իսկ դատավորները ասոցացվում են կոռումպացված եւ իշխանության վերին կաբինետներից իջեցված հրահանգները կատարող սուբյեկտների հետ: Բավական է միայն հիշել նախկին իշխանության օրոք մի քանի հնչեղ գործերով կայացված դատավճիռները. դրանցից ամենաաղմկահարույցը Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի մասնակցությամբ տեղի ունեցած սպանության, հայտնի Բուդաղյանների գործով կայացված վճիռն էր: Իր պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը քանիցս ընդգծել է նախկին իշխանության օրոք կիրառված արատավոր պրակտիկայից՝ «հեռախոսային արդարադատությունից» հրաժարվելու, դատարանի գործերին չխառնվելու պատրաստակամության մասին: Այդ մասին հիշատակվում է նաեւ Կառավարության ծրագրի` դատական իշխանությանը վերաբերող հատվածում: Երեկ՝ Բարձրագույն դատական խորհրդի մեկամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ, նա վերահաստատեց իր հանձնառությունն ու միաժամանակ շատ կարեւոր ուղերձ հղեց «Ֆեմիդայի ծառաներին»` ռիսկի դիմել եւ օգտվել ՀՀ-ում իրապես անկախ եւ անկաշառ դատական համակարգ ձեւավորելու «պատմական շանսից»: «Ես համոզված եմ, որ այդ շանսը կօգտագործվի, այլ բան է, թե ովքեր են այն մարդիկ, որոնք կնպաստեն այդ շանսի իրացմանը, եւ ովքեր են, որ կխանգարեն: Եթե պարզվի՝ խանգարողներ կան, ստիպված կլինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա միայն անկախ դատական համակարգի հարցը»,- ասաց վարչապետը: Այս ուղերձը կարեւոր է հատկապես առաջիկայում մեկնարկելիք «Մարտի 1»-ի գործով դատաքննության համատեքստում, որը, անխոս, ունենալու է հանրային մեծ հնչեղություն եւ լինելու է հիշատակված պատմական շանսի իրացման բացառիկ առիթ: Այսպիսով, Փաշինյանը թափանցիկ ակնարկ հնչեցրեց նաեւ այդ շանսի կիրառումից կաշկանդվողներին եւ դրա իրացմանը ենթադրյալ խանգարողներին՝ «չնստեք կոճղին, չուտեք կարկանդակ»: Ուղերձը, կարծում ենք, ադեկվատ ընկալման կարժանանա, իսկ մինչ այդ ուզում ենք հիշեցնել «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռ. Քոչարյանի փաստաբաններից մեկի՝ Հայկ Ալումյանի՝ 2015թ. հարցազրույցներից մեկում հնչեցրած հետեւյալ միտքը. «Արդար դատական համակարգը ոչ բոլոր փաստաբաններին է ձեռնտու. ոչ արդար համակարգի իմիջը փաստաբաններին թույլ է տալիս իր բոլոր անհաջողությունները բարդել դատական համակարգի վրա»:




Լրահոս