ՖՈՏՈ. Առավոտ կողքի զորամասերի տագնապի ձայնից իմացանք, որ լուրջ կռիվ է սկսվել. ապրիլյան պատերազմի մասնակցի հուշերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ապրիլի 4-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող, տանկիստ Դանիել Դավթյանը ստացել է գլխուղեղի վնասվածք, որի հետևանքով մարմնի ձախ կողմն ամբողջությամբ  թուլացել է, իսկ աջ կողմը պատված է բեկորներով: Վերջինիս տուն վերադառանալուն մնացել էր ընդամենը մեկ ամիս: 

Դանիելն ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, ստանում է 71 հազար դրամ թոշակ: ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է Դանիել Դավթյանի հետ:

-Դանիե’լ, ինչպե ՞ս իմացաք, որ պատերազմ է սկսվել: Ձեր մտքով առաջինն ի՞նչ անցավ:

Բարձրացանք դիրքեր, և հենց էդ նույն գիշերը սկսվեցին կրակոցները: Մենք չէինք պատկերացնում, որ կարող է պատերազմ սկսվել, մենք գիտեինք, սովորական, ամեն օրվա կրակոցներ են, հետո որ ծանր հրետանին բերվեց, արդեն հասկացանք, որ լուրջ կռիվ է սկսվում: Առավոտյան տագնապ տվեցին, որից հետո ամեն մեկը գնաց իր դիրքը: Ես Մարտակերտից տեղափոխվել եմ Մատաղիս. զրահատեխնիկայի վարորդ եմ եղել:

Մատաղիսում ամսի 4-ի ցերեկը ստանում եմ գլխուղեղի բեկորային վնասվածք: Ինձ տեղափոխում են Ստեփանակերտ, այնտեղ կատարում են մեկ վիրահատություն, արնահոսությունը դադարեցնում են ու ամսի 5-ին տեղափոխում են Երևան` Մուրացան-հոսպիտալ, վիրահատություն են կատարում: Մոտ 2 շաբաթ ընկնում եմ կոմայի մեջ:

Ես կնքված չեմ եղել, կոմայի մեջ եղած ժամանակ  ինձ մկրտում են, ու հենց այդ օրը ես կոմայից դուրս եմ գալիս: Հոսպիտալում վերականգնվելուց հետո ձեռնափայտով տեղափոխվում եմ Կարմիր խաչ ու այնտեղից առանց ձեռնափայտ դուրս եմ գալիս: Հիմա թերություններ կան, աջ կողմս ամբողջովին  բեկորների մեջ է, իսկ ձախ կողմս` թուլացած, չի աշխատում:

Ի՞նչ զգացողություններ կային այդ ժամանակ: Ձեր բարձրանալուց հետո ի ՞նչ էր կատարվում դիրքերում:

Մինչև դիրքեր բարձրանալը՝ ամսի 1-ին, մեր մոտ հերթափոխման օր էր, ու ես երազ եմ տեսնում, որ բարձրանում եմ դիրքեր, վիրավորվում  եմ, արթնանալուց հետո ինչ երազում տեսել եմ` իրականանում է, դա անբացատրելի հոգեվիճակ էր…

Այդ պահին բավարար քանակությամբ զինամթերք ունեի՞ք Ձեզ մոտ:

-Ես տեխնիկայի վարորդ եմ եղել, ու մենք զինամթերք ունեցել ենք: Էն, որ չենք կարողացել սնունդը, զինամթերքը բերել, դա եղել է, քանի որ բոլոր կողմերից ճանապարհը շրջափակման մեջ էր, դիտարկվում էր թշնամու կողմից:

 –Որքա՞ն ժամանակ պահանջվեց, մինչև Ձեզ օգնության հասան:

-Առաջինն օգնության է հասել կամավորական ջոկատը, հետո արդեն մնացած զինվորները: Ժամանակը չեմ կարող ասել, որովհետև ես արդեն վիրավորվել էի:

 –Իրար մեջ խոսելո՞վ եք ինչոր բաներ իմացել, թե՞ հրամանատարական անձնակազմը հստակ զգուշացրել է:

-Պատահաբար ենք իմացել, որ պատերազմ է, առավոտ կողքի զորամասերի տագնապի ձայնից իմացանք, որ լուրջ կռիվ է սկսվել: Մենք չենք իմացել, չեն ասել, որ գիտեք ինչ կա` հավաքվեք, որ պատերազմ է սկսվել:

Երկու տարիների ընթացքում եղե՞լ են այնպիսի պահեր, որ մտածել եք` ամեն ինչ նորից նույն ուժգնությամբ կսկսվի

-Հենց հիմա ես պատրաստ եմ գնալ Արցախ: Պատրաստ եմ իմ կյանքը զոհաբերեմ, որովհետև այդ օրերին իմ փոքր եղբայրն էլ էր  ծառայում, ու ես ավելի շահագրգռված էի, որ հանկարծ իմ եղբորը բան չպատահի: Ինչով կարողացել եմ, մեր սահմանները պահել եմ: Ես այս տարի ապրիլի 4-ին նորից եղել եմ Արցախում` այնտեղ, որտեղ վիրավորվել եմ ու էն մարդու կողքին եմ կանգնել, ով ինձ փրկել է:

Դանիե’լ, ինչպես հայտնի է,  Ազգային ժողովում ստեղծվել է Ապրիլյան պատերազմը հետաքննող հանձնաժողով: Ձեր կարծիքով, արդյոք դրա անհրաժեշտությունը կար, և ի՞նչ նոր բացահայտումներ կարող է անել հանձնաժողովը:

-Արդեն ուշ է, մինչև վերջ եթե խորանան, էս դեպքը բացահայտեն, ինձ թվում է, որ շատ մեծ մարդիկ կտուժեն: Մենակ այն փաստը հերիք է, որ տղաները տեղյակ չեն եղել, որ կռիվ է սկսվելու: Մենակ դա հերիք է, որ բարձրաստիճան պաշտոնյաներ պատասխանատվության ենթարկվեն:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս