«ՏԵՆՑ ԽԱՍՅԱԹ ՈՒՆԵՄ. ԹՈՂՆՈՒՄ ԵՄ, ԳՈՐԾԻՑ ԴՈՒՐՍ ԵՄ ԳԱԼԻՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներից հաշվետվություններ է պահանջել՝ գործունեության այս մեկ տարվա արդյունքների մասին: Նշել էինք, որ վարչապետը հանձնարարել է հաշվետվությունները ներկայացնել շատ հստակ՝ արդյունքների մասին կոնկրետ ցուցանիշներով: Միաժամանակ Փաշինյանն այդ գերատեսչությունների գործունեության արդյունքների վերաբերյալ իր աղբյուրների միջոցով է տեղեկություններ ստացել, որպեսզի հետագայում համադրի ներկայացվածն ու իր ունեցածը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ պարզելու համար` արդյոք պատրաստ է իր ղեկավարած գերատեսչությունը վարչապետին ներկայացնել իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:
-Պարո՛ն Ցոլակյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հաշվետվություն ներկայացնել Ձեր գերատեսչությունում կատարված մեկ տարվա աշխատանքների մասին: Պարոն վարչապետը պահանջել է ներկայացնել իրական կատարված աշխատանքները, եւ ոչ թե միայն դրանք գրված լինեն թղթի վրա: Դուք պատրաստվե՞լ եք, արդեն պատրա՞ստ է հաշվետվությունը:
-Հաշվետվությունը դեռեւս պատրաստ չի, բայց պատրաստվում է. աշխատանքներն ընթանում են: Եթե կարճ, մի քանի բառով ասեմ, ապա արդեն պատրաստվում են իրավական բոլոր փաստաթղթերը` կառավարության կառուցվածքի փոփոխության հետ կապված, որը տեղի է ունենալու մեզ մոտ` նախարարությունում` ՊՈԱԿ-ների կարգավիճակի հետ կապված եւ մյուս, մյուս հարցերի հետ կապված: Մյուս հարցը վերաբերվում է մեր առօրյա աշխատանքներին, քանի որ մենք ունենք ամենօրյա աշխատանք: Մերը չի կարելի համեմատության մեջ դնել մեկ այլ կառույցի աշխատանքի հետ, որովհետեւ մեր աշխատանքը բնակիչների, հասարակության հետ է կապված: Մենք ամենօրյա աշխատանքի կազմակերպման խնդիր ունենք, ու մենք մեր բոլոր աշխատանքները պլանավորում ու կատարում ենք ամենօրյա ռեժիմով: Դեռեւս այսքանը ասեմ: Բայց մենք շատ աշխատանքներ ենք իրականացնում, որի մասին մենք կներկայացնենք առաջիկայում: Բնական է, որ մենք կներկայացնենք այն աշխատանքները, որն իրականացրել ենք:
-Դուք նախորդ իշխանությունների ժամանակ եւս պաշտոնավարում էիք, հեղափոխությունից հետո եւս պաշտոն եք զբաղեցնում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հե՞շտ է աշխատելը, քանի որ վերջին ժամանակներս ցույց են տալիս, որ վարչապետը չի հանդուրժում «չաշխատողներին» ու միանգամից ազատում է աշխատանքից: Ձեզ դա սպառնո՞ւմ է:
-Պարոն Փաշինյանի հետ աշխատելը հեշտ է: Շատ լավ է, որ մարդուն ազատում է, եթե չի աշխատում, իր գործը չի անում, շատ լավ է. եթե պատճառ կա, ուրեմն պետք է ազատվեն:
-Իսկ, ըստ Ձեզ, Նիկոլ Փաշինյանը գո՞հ է Ձեր կատարած աշխատանքից, Ձեզ չի՞ սպառնում աշխատանքից ազատումը:
-Մինչեւ ինձ աշխատանքից դուրս հանելը ես եմ աշխատանքից դուրս գալիս: Եթե ես տեսնում եմ, որ աշխատանքումս թերանում եմ, ապա ես եմ գործից դուրս գալիս. ես նման խասյաթ ունեմ. թողում եմ ու գործից դուրս եմ գալիս:
-Բայց հիմա Դուք գո՞հ եք Ձեր կատարած աշխատանքից:
-Չեմ կարող ասել. այդ հարցն արդեն ուղղե՛ք իրեն, իրենից իմացեք իմ աշխատանքի լավ, վատ լինելու մասին: Ես որեւէ բան չեմ կարող ասել:
-Դուք ասացիք, որ ինքնակամ դուրս եք գալիս, եթե թերանում եք. հիմա թերացե՞լ եք:
-Հլը դրան չի հասել:
-Իսկ նախարարությունում շա՞տ գործ կա անելու, քանի որ մշտապես նշվել է, որ նախկին նախարարները լավ «ժառանգություն» են թողել: ԱԻՆ-ն այսօր կայացած նախարարություն է, այնտեղ գրեթե գործ չկա անելու: Դժգո՞հ եք նախկին նախարարների կատարած աշխատանքներից:
-Արտակարգ իրավիճակների նախարարությունում շատ աշխատանք է կատարվել. վաղամեռիկ Արմեն Երիցյանը մեծ աշխատանք է կատարել նախարարության համար, կայացման գործում մեծ դերակատարում է ունեցել Երիցյանի աշխատանքը: Բայց առաջիկայում մենք ներկայացնելու ենք կառուցվածքային փոփոխություն, որի ժամանակ էլ Դուք կտեսնեք, թե ինչ ենք պատրաստվում փոխել նախարարությունում: Կառույցի աշխատանքների գնահատման տեսանկյունից շատ բան է փոխվելու. առաջիկայում դրա մասին կխոսենք, կներկայացնենք` ինչ ենք անելու:
-Մշտապես նշվել է, որ ճիշտ կլինի Արտակարգ իրավիճակների նախարարությունը միավորել որեւէ ուժային կառույցի. Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Ես քանի որ այժմ արտակարգ իրավիճակների նախարարն եմ, ես չեմ ուզում այդ հարցին պատասխանել, որովհետեւ ինչ էլ պատասխանեմ, մի ձեւ կմեկնաբանվի, քննարկման թեմա կդառնա: Եթե ասեմ` այո, էլի մի բան կասեն, եթե ասեմ` ոչ, այդ դեպքում էլ մի այլ բան կասեն, կմեկնաբանեն: Դրա համար ես ձեռնպահ կմնամ որեւէ բան մեկնաբանելուց, թողեք թող այդ ամենը գնա իր հունով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՄԻԱՅՆ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում արտահերթ նիստով քննարկվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած եւ որպես համահեղինակ նրան միացած Նաիրա Զոհրաբյանի եւ Սիփան Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Ինչպես հայտնի է, նախագծի հեղինակները նպատակ ունեն սահմանափակել բուքմեյքերական գրասենյակների թիվը եւ դրանք թույլատրել միայն ՀՀ չորս քաղաքներում, սակայն դրան զուգահեռ օնլայն գործունեությունը չի սահմանափակվի։

Եվ հետաքրքիր է, որ տնտեսական հանձնաժողովի անդամների մեծ մասը, այդ թվում` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, վերապահումներ ունեին նախագծի վերաբերյալ, եւ նիստն ընթանում էր ակտիվ բանավեճերով, հատկապես` Ալեն Սիմոնյանի եւ Հայկ Սարգսյանի միջեւ։ Մասնավորապես, պատգամավորները հետաքրքրվում էին, թե ինչու նախագիծը ներկայացնելիս ռիսկային վերլուծություն չի իրականացվել, որպեսզի հակառակ պատկերը չլինի։
Հիմնականում պատգամավորներն առաջարկում էին միանգամից նման կտրուկ սահմանափակումների չդիմել եւ նախնական գոնե թույլատրել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը գոնե յուրաքանչյուր վարչական շրջանում եւ յուրաքանչյուր մարզում, սակայն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրդվելի էր։ Ի վերջո, որոշում կայացվեց նախագծի քննարկումը կրկին հետաձգել, այդ ընթացքում ձեւավորել աշխատանքային խումբ, ի մի բերել բոլոր առաջարկները եւ նոր նախագիծ ներկայացնել՝ բոլոր դժգոհությունները հաշվի առնելով։
Միեւնույն ժամանակ առաջարկ եղավ այս նախագծից առանձնացնել գազալցակայաններում խաղային ավտոմատների գործունեությունը սահմանափակելու առաջարկը, այն ներկայացնել առանձին նախագծով, որպեսզի ապրիլի 16-ին մեկնարկող քառօրյա օրակարգի ժամանակ հնարավոր լինի այն քննարկել եւ ընդունել։ Եվ խնդիրն այն է, որ Ալեն Սիմոնյանը մեկնելու է գործուղման եւ, ըստ էության, կարող է չհասցնել առանձնացնել եւ նոր նախագիծ ներկայացնել. թե ով հանձնաժողովից հանձն կառնի դա անել, հայտնի չէ։ Միգուցե եւ այդպես էլ առանձին նախագիծ չներկայացվի։
Իսկ մինչ այդ նկատենք, որ երեկ քննարկմանը ԲՀԿ-ական պատգամավորներից ոչ ոք ներկա չէր, չնայած Նաիրա Զոհրաբյանը համահեղինակ էր (մյուս համահեղինակ Սիփան Փաշինյանը ներկա էր- խմբ.)։ Զոհրաբյանը Ստրասբուրգում է, մասնակցում է ԵԽԽՎ նիստին: Իսկ ԲՀԿ խմբակցությունից Արտյոմ Ծառուկյանն ու Հրանտ Մադաթյանը ներս մտան այն ժամանակ, երբ քվեարկությունն ու նիստն ավարտվեց, իսկ, ահա, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը կողմ էր (նույնիսկ առաջարկների փաթեթ էր ներկայացրել), որ բուքմեյքերական կենտրոնի մեկական կետ մնա։ Ալեն Սիմոնյանը դեռ դեմ է։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

290 ՄԻԼԻՈՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ՀՀ գլխավոր դատախազության եւ Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի միջեւ դատական վեճը ձգձգվում է, ընդ որում` տպավորություն է, որ այդ դատաքննությունը ձգձգվում է միտումնավոր կերպով:
Ինչպես հայտնի է, 2017 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը պատիժը կրճատելու տեսքով ներում էր շնորհել պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված ու կալանավայրում 5 տարի անցկացրած Վազգեն Խաչիկյանին:
Այդ ընթացքում էլ դատախազությունը դիմել էր դատարան`պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը:
Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատական նիստերը մեկը մյուսի հետեւից տարբեր պատճառներով հետաձգվում են:
Մի դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է դատարանի հարցման պատասխանը դեռեւս ներկայացված չլինելու պատճառով, մյուս դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է երրորդ անձ ներգրավելու կապակցությամբ, երրորդ դատական նիստը չի կայացել կողմի միջնորդությամբ: Հիմա էլ, պարզվում է, գործով դատավորն է փոխվել: Նախկինում գործը քննում էր դատավոր Տ. Գրիգորյանը, սակայն նա այլ դատարան է տեղափոխվել, եւ հիմա գործը մակագրվել է Լոռու մարզի դատավոր Տաթեւիկ Հովնանյանին: Ասել է թե` հափշտակված 290 մլն դրամը հետ վերադարձնելու հույսը գնալով կորում է: Մինչ այդ, նկատենք, որ Վազգեն Խաչիկյանը հիմա դարձել է հաղորդավար. խոհարարական հաղորդում է վարում` «Ուտում ենք Խաչիկյանի հետ» վերնագրով:

 

 

ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
Ինչպես հայտնի է, «Սասնա ծռեր» կուսակցությունը ծրագրել էր ավտոերթով գնալ Արցախ եւ այնտեղ բազմաթիվ հանդիպումներ ունենալ, սակայն Արցախի իշխանություններից կոշտ հայտարարություններ էին հնչել, մասնավորապես` Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նույնիսկ հայտարարել էր, որ կարող է Բերձորի երկրորդ դեպքը լինել: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը չնայած չի հրաժարվել իր մտքից եւ կգնա Արցախ, սակայն փոխել է մարտավարությունը: Մասնավորապես, մեր աղբյուրների պնդմամբ` նրանք որոշել են գնալ առանց կուսակցական դրոշների, առանց ցուցադրական քայլերի եւ կոչ են անում, որ մարդիկ միանան իրենց որպես քաղաքացիների: Այլ կերպ ասած` նրանք այցը Արցախ որոշել են չքաղաքականացնել, գոնե՝ առաջին հայացքից:




Լրահոս