«ՄԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՆՄԱՆ Է ՔԱՈՍԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է թատրոնի եւ կինոյի դերասան Ստեփան Ղամբարյանը: Նա խոսել է մասնագիտական երազանքների, նախընտրելի դերերի մասին, խոստովանել է՝ զբաղվածությունն այնքան մեծ է, որ ամենակարեւոր բաների համար սովորաբար ժամանակ չի ունենում: Մի փոքր խոսել ենք նաեւ հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքի մասին, որը դերասանը մեկ բառով բնութագրել է որպես քաոս: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ իր երեխաների ապագան տեսնում է միայն ու միայն Հայաստանում:

-Ստեփա՛ն, եթե ոչ դերասան, ապա ի՞նչ կցանկանայիք դառնալ, էլ ո՞ր մասնագիտությունն է Ձեզ հետաքրքրում:
-Զարմանալի բան եմ ասելու՝ դիպուկահար: Ռազմական գործ, առհասարակ, շատ եմ սիրում:
-Ձեզ համարձակ մարդ համարո՞ւմ եք:
-Այո, շատ:
-Այս երեքից ո՞րն է Ձեր մասին՝ դերասան, որը կարողանում է շատ լավ կերպարանափոխվե՞լ, դերասան, որը կարողանում է հիշվե՞լ, թե՞ որը կարողանում է հուզել:
-Առաջինը երեւի:
-Ժամանակ չունեք նույնիսկ…
-Օյ… Ոչ մի բանի համար ժամանակ չունեմ, բայց վատ բաներից չխոսենք: Այսպես ասեմ՝ ամենակարեւոր բաների համար ժամանակ չունեմ:
-Ամենաշատը ինչի՞ց եք վախենում: Ֆոբիաներ ունե՞ք:
-Այո, վախենում եմ բարձրությունից եւ փակ տարածությունից:
-Մեր այսօրվա իրականության մեջ ամենամտահոգիչ երեւույթը ո՞րն է:
-Անտարբերությունը:
-Մահվան մասին հաճա՞խ եք մտածում:
-Միշտ: Կարծում եմ՝ չկա մեկը, ով չի մտածում այդ մասին:
-Հայ ժամանակակից դերասաններից ո՞վ է Ձեզ առանձնապես հիացնում:
-Դավիթ Հակոբյանը:
-Շարունակե՛ք միտքը. «Տղամարդը երբեք չպետք է…»
-Ստի:
-Կնոջը սեքսուալ է դարձնում…
-Նրա ժպիտը:
-Ձեր կյանքի դժվարին փուլը կապված է…
-Միշտ դժվարին փուլերի միջով եմ անցել, բայց որ պատմեմ, կսկսեք լացել, պետք չէ (ծիծաղում է):
-Սերը կարո՞ղ է անցնել:
-Ո՛չ, երբեք:
-Խուսափում եք մարդկանցից, որոնք…
-Էներգետիկ վամպիրներ են, որոնք դիլետանտ են իրենց գործում:
-Ձեզ հնարավոր չէ տեսնել մոլերո՞ւմ, ֆուտբոլային խաղերին՝ հանդիսատեսի շրջանո՞ւմ, հարսանիքներին պարելի՞ս:
-Ֆուտբոլային խաղերին՝ հանդիսատեսի շրջանում:
-Ո՞րն է ուժեղ տղամարդը:
-Իմ նման տղամարդը (ծիծաղում է): Չէ, կատակում եմ… Ուժեղ է նա, ով նրբանկատ է, բարեհամբույր, բարի, այն տղամարդը, որ սիրում է…
-Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:
-Այո:
-Օրը սկսում եք…
-Սուրճով:
-Ընկերներ շա՞տ ունեք:
-Այո, շատ-շատ, եւ հպարտանում եմ նրանցով:
-Մանկության հետ կապված վառ հիշողություն, որ տպավորվել է…
-Այն, որ պապս ինձ ժամացույց նվիրեց, երկու օր հետո կանչեց, հետ վերցրեց:
-Ձեր տրամադրության գույնը:
-Դեղինը:
-Ֆիլմ, որ ինչքան էլ դիտեք, չեք հոգնի:
-Լուի դը Ֆյունեսի մասնակցությամբ «Օսկար»-ը, Ադրեանո Չելենտանոյի մասնակցությամբ «Բլեֆ» եւ «Անսանձի սանձահարումը» ֆիլմերը:
-Սիրելի դերասանը:
-Հենց Չելենտանոն:
-Որտե՞ղ եք տեսնում Ձեր երեխաների ապագան:
-Միայն ու միայն Հայաստանում:
-Ի՞նչ կցանկանաք առաջնահերթ նրանց տալ:
-Սեր ու բարություն:
-Երեխաներն ավելի շատ Ձեր փողի՞, թե՞ իրենց հետ անցկացրած ժամանակի կարիքն ունեն:
-Միանշանակ, իրենց հետ անցկացրած ժամանակի:
-Դեր, որ շատ կցանկանայիք խաղալ:
-Տիգրան Մեծ, կցանկանայի մարմնավորել Ստալինին՝ երիտասարդ ժամանակ, Տրոցկուն:
-Հասցնու՞մ եք դիտել ներկայացումներ այլ թատրոններում, որտեղ դուք չեք աշխատում, ծանոթանալ Ձեր կոլեգաների խաղին:
-Եթե ժամանակ լինում է, գնում եմ թատրոն:
-Ձեր ոլորտում կա՞ մի բան, որի հետ այդպես էլ չհամակերպվեցիք:
-Նախանձը, ատելությունը, չարությունը:
-Հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքը՝ մեկ բառով: Ինչի՞ է այն նման:
-Քաոսի:
-Եվ վերջում՝ հիմա ինչի՞ մասին եք երազում:
-Որ էկրանավորվի Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը», եւ ես խաղամ Ջոյի դերը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԴԻՋԵՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԴԱԽԼԱ ԲԱՑԵԼՈՒ ՊԵՍ ԲԱՆ»
«Դիջեյությունը Հայաստանում փոքր քայլերով, բայց առաջ է գնում: Մարդիկ հասկանում են, որ պետք է ոլորտում ներդրումներ անել, արդեն նաեւ լավ փառատոններ են անցկացվում մեր երկրում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դիջեյ Սմոքը: Միեւնույն ժամանակ նա նկատեց, որ դիջեյության ասպարեզում այդ «բումը» միայն Երեւանում է տեսանելի, նույնը չի կարելի ասել մարզերի մասին. «Երեւանյան երիտասարդությանը, այսպես ասած, դաստիարակել ենք. նրանք տեղյակ են երաժշտական պորտալների հիթերի մասին, առավել գրագետ են այդ առումով, իսկ մարզերի երիտասարդները հեռու են դրանից: Ամեն դեպքում, երբ հրավեր է լինում մարզերից, առանց ֆինանսական պայմաններին ուշադրություն դարձնելու ընդունում եմ: Հայաստանյան դիջեյներից ամենաշատը ես եմ գնում մարզեր, որպեսզի ինձ հետ տանեմ մայրաքաղաքի թարմ շունչը»:
Մեր զրուցակիցը նաեւ շեշտեց, որ ինչպես շատ երեւույթներ, դիջեյությունն էլ Հայաստանում մոդայիկ է դարձել. «Ինչպես 90-ականներին բոլորն ուզում էին դեղատուն ու դախլա ունենալ, այնպես էլ հիմա դիջեյությամբ զբաղվել: Բայց ուզում եմ ասել, որ ամեն ռեստորանի համակարգչի մոտ նստած մարդ դեռ դիջեյ չէ: Դիջեյությունը մասնագիտություն է: 250 կմ այն կողմ՝ Վրաստանում, դա շատ լավ հասկացել են: Մեզ մոտ վերաբերմունքը այս մասնագիտությանը լուրջ չէ: Երեխաները նայում են ինձ, ոգեւորվում են, ուզում են իրենք էլ դիջեյ դառնալ, բայց երբ, օրինակ, ծնողներին բացատրում եմ, թե ինչ բարդ ճանապարհ եմ անցել, եւ հարցնում՝ պատրաստ են արդյոք, որ իրենց երեխաներն էլ անցնեն այդ ուղով, սովորաբար պատասխանը լինում է հետեւյալը. «Չէ, ա՛յ ընկեր ջան, մի երկու կնոպկա ցույց տուր, թող երեխեն զբաղվի»: Հասկանո՞ւմ եք, դիջեյությունը, նրանց պատկերացմամբ, մի-երկու «կնոպկա» սեղմելն է, այնինչ, պետք է հասկանալ, որ դիջեյն արտիստ է»,-մեկնաբանեց Սմոքը:
Հարցին, թե Հայաստանում կոորպորատիվների ժամանակ հնարավոր լինում է դիջեյությամբ գումար աշխատել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո, նորմալ է վիճակը, չեմ դժգոհում: Այսպես էլ մնա, երկրից չեմ գնա»

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԲԱՍԿԵՏԲՈԼՈՎ ՇԱՏԵՐՆ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ

Արդեն զգացվում է, որ Հայաստանում զարգանում է բասկետբոլ մարզաձեւը: Հայաստանում նաեւ բազմազան են այդ սպորտաձեւի հետ կապ ունեցող խնդիրները: Այդ առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի կանանց մինչեւ 18 տարեկանների գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանի հետ:

-Հիմա ի՞նչ վիճակում է գտնվում բասկետբոլը Հայաստանում, եւ ի՞նչ նախադրյալներ կան այն զարգացնելու:
-2015 թվականից սկսած, երբ Հայաստանի հավաքականը դուրս եկավ եվրոպական մրցասպարեզ եւ հանդես եկավ C ու B դիվիզիոններում, հոսքը բասկետբոլի դահլիճ չի դադարում: Հիմա բավական շատ երեխաներ են զբաղվում բասկետբոլով: Անցած տարի մենք անցկացրինք նաեւ ռեգուլյար առաջնություն մինչեւ 16 տարեկանների տարիքային խմբում սեփական եւ մրցակցի դաշտ ձեւաչափով, որը արդյունավետ էր եւ արդարացրեց սպասելիքները:
-Ի՞նչ պայմաններում են մարզվում մեր սպորտսմենները:
-Շատ վատ, ծանր պայմաններում են մարզվում մեր մարզիկները: Սա ունի խորհրդային ավանդույթ, որ դեռ վաղ ժամանակներից խաղային մարզաձեւերը պարապել են հանրակրթական դպրոցների դահլիճներում: Երեւանում ունենք երկու մարզադպրոց, որոնք ունեն իրենց բազաները: Առաջինը Շենգավիթինն է, որի պայմանների մասին խոսելն ուղղակի ավելորդ է, այնտեղ երեխաները ամեն օր վնասվածքներ են ստանում: Իր մարզաբազան ունի նաեւ Արաբկիրի մարզադպրոցը եւ վերջ: Մնացած բոլոր մարզադպրոցները մարզումները անցկացնում են իրենց համայնքների հանրակրթական դպրոցների դահլիճներում: Այսպիսով, կարելի է ասել, որ մարզերում մի փոքր ավելի լավ վիճակում են մարզվելու պայմանները, քան Երեւանում: Խոսքը, իհարկե, վերաբերում է դաշտի չափսերին: Մեծ խնդիր է նաեւ այն, որ ոչ բոլոր տնօրեններն են համաձայնում իրենց դահլիճը տրամադրել բասկետբոլ մարզաձեւին: Դրա հիմնական պատճառն այն է, որ այս սպորտաձեւով Հայաստանում մարզվելը պետք է լինի անվճար: Վճարովի են միայն կոնկրետ ակումբները:
-Պետության կողմից ֆինանսավորումից գո՞հ եք:
-Անցած տարվա տվյալներով` կասեմ, որ պետության կողմից ֆինանսավորումը կազմում էր 28 մլն դրամ եւ այժմ կարծեմ ավելացել է 10մլն դրամով: Այդ գումարը ընդհանրապես չի բավականացնում, եւ եթե չլինեն հովանավորներ, չգիտեմ, թե ինչպես կկազմակերպենք Եվրոպայի առաջնությունները: Օրինակ` կարող եմ ասել, որ նախանցած տարի 5 տարիքային խմբերի` Եվրոպայի առաջնությունների կազմակերպման համար մեզ ֆինանսավորել են 90 հազար դոլարով:
-Հիմա պետության կողմից ինչպիսի՞ աջակցության կարիք ունեք:
-Պետությունը հիմա զբաղվում է մարզադպրոցների հարցով, սակայն ունենք ավելի լուրջ խնդիր. դա բանակայինների խնդիրն է: Երբ լրանում է 18 տարեկանը, մեր ուժեղ մարզիկները գնում են բանակ եւ դրանից հետո կա՛մ չեն վերադառնում, կա՛մ էլ չեն կարողանում գրանցել լուրջ արդյունքներ: Հիմա մենք ունենք այդպիսի մարզիկներ, որոնք պետք է մասնակցեն առաջնությանը, եւ այդ հարցով դիմելու ենք, որպեսզի գոնե կես տարով նրանց տարկետում տրամադրվի: Դա չափազանց լուրջ խնդիր է, որը ցանկալի է` ստանա իր լուծումը:
-Հիմա ո՞ր բասկետբոլիստների հետ են ընթանում բանակցություններ:
-Քանի որ այս տարի մրցելույթ չունենք, բանակցություններ չկան դեռեւս: Բայց իրականում մարզիչն է որոշողը, եւ ֆեդերացիան չի խառնվում նրա գործերին:
-Ի՞նչ ակնկալիքներ կան առաջիկա մրցելույթներում:
-Ամեն ինչ ժամանակի հարց է: Մենք քիչ-քիչ զարգանում ենք, եւ կասեմ, որ ակնկալիքները վատը չեն կոնկրետ աղջիկների մասով: Ես հանդիսանում եմ մինչեւ 18 տարեկանների մարզիչը եւ կարծում եմ, որ մեդալ կնվաճենք: Ինչ գույն, չեմ կարող ասել: Ունենք ուժեղ կազմ եւ պայքարելու ենք մինչեւ վերջ, բայց ինչ կլինի արդեն մրցումների ժամանակ, չեմ ցանկանա կանխագուշակում անել:

Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս