ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆԳԻՏԱԿԻՑ ՀՐՁԻԳՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանդիպումների ժամանակ կարծես չի վարանում շոշափել նաեւ ցավոտ թեմաներ` հիշեցնելով դիմացինի «մեղքերը»: Հերթական դրսեւորումը ԵԽԽՎ-ում էր: Մի կողմից` նա խոսել է ՀՀ-ում ԵԽԽՎ-ի դրական դերակատարության մասին, մյուս կողմից` Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին խոսելիս 2016թ. Ապրիլյան պատերազմի համար մեղադրական սլաքներ է ուղղել նաեւ եվրոպացիներին: «Չեմ կարող չնկատել, որ ԼՂ հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան եւ բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար: Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց, այնուամենայնիվ, այդ քննարկումների եւ փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան»,-ասել է նա:
Շատերը կհիշեն ԵԽԽՎ 2016թ. հունվարյան նստաշրջանում Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարի մասին «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» սկանդալային բանաձեւը, որ ընդունվեց 98 կողմ, 71 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այն հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումներ էր պարունակում, մասնավորապես` «ջրամբարը գտնվում է Ադրբեջանի այն տարածքներից մեկում, որն օկուպացվել է Հայաստանի կողմից»: Այդ ժամանակ ԵԽԽՎ-ում քննարկվեց, բայց եւ մերժվեց Ուոլթերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» նախագիծը։ Ու, փաստորեն, Փաշինյանը հենց դրանք է մատնանշում` ընդգծելով, որ եվրոպացիներն այդ քննարկումներով, ըստ էության, թույլ տվեցին պատերազմի վերսկսումը:
Ի դեպ, հետաքրքիր է, որ այն ժամանակ շատ գործիչներ, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կարծիք էին հայտնում, որ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւը «ազդեցություն չի ունենա ղարաբաղյան կարգավորման վրա»։ Պարզվում է, սակայն, նաեւ դա է իր ազդեցությունն ունեցել:

 

 

 

Առաջիկայում դատարան կուղարկվի 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործից անջատված մասը, որով ՀՔԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որպեսզի գործի պատասխանատվությունը ամբողջությամբ չստանձնի, որոշել է մեղադրական եզրակացությունը դատարանում ներկայացնելու պատասխանատվությունը մասնատել: Նա հանդիպել է դատախազության համակարգի աշխատակիցներին՝ վարչության պետերի, մարզային, քաղաքային դատախազներին, եւ առաջարկել է` «Մարտի 1»-ի քրեական գործի մեղադրականը ստորագրեն համակարգի գրեթե բոլոր դատախազները: Սա ճիշտ եւ ճիշտ նման է ՔԿՀ-ներում տիրող բարքերին. երբ 6 հոգանոց բանտախցում մեկին սպանում են, մյուս 5-ն իրենց պարտականությունն են համարում դիակին հարված հասցնելը, որպեսզի պատասխանատվությունը կիսվի, եւ որեւէ մեկը խցակիցներից չմատնի իրական մարդասպանին:

 

 

 

ՀՀ-ում գործող ամերիկյան «Գլոբբինգ» ընկերության միջոցով օնլայն առեւտուր անող ՀՀ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Պարզվում է` «Գլոբբինգ»-ը խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառայությունների հետ, ինչի հետեւանքով ՀՀ-ից պատվիրված ապրանքները հասնում են Մոսկվա, բայց այնտեղից Հայաստան չեն առաքվում: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ «Գլոբբինգ» ընկերությունից իրենց մեկնաբանել են. «Մոսկվայի փոստի հետ այլեւս չենք աշխատում: Ապրանքը երբ ուղարկում են Մոսկվայի փոստ, մենք այլեւս չենք գնում այնտեղից վերցնում»: Հարցնում եմ` ինչ պետք է լինի իմ ապրանքի ճակատագիրը: Ասում է. «Զանգե՛ք Մոսկվայի փոստ, թող բերեն մեզ մոտ»: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ դիմեց նաեւ «Գլոբբինգ», որտեղից հաստատեցին խնդրի առկայությունը՝ ասելով, որ մարտի 1-ից ՌԴ փոստային ծառայության հետ չեն աշխատում: Ու, փաստորեն, ստացվում է՝ «Գլոբբինգ»-ը հիմա խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառայությունների հետ, ինչի հետեւանքով ՀՀ քաղաքացիներն են տուժում, իսկ ինքը՝ «Գլոբբինգ»-ը՝ որպես մատակարար ընկերություն, չի ցանկանում պատասխանատվությունն իր վրա վերցնել:

 

 

 

Երեւանի քաղաքային նախկին իշխանությունների պատճառով բնակչությունը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Երեւանում տնկել են թեղի ծառեր, քանի որ դրանք էժան են ու խնամք չեն պահանջում: Դրա հետեւանքով Երեւանի այգիներում հատկապես ամռան ամիսներին ծառերի տակ եւ թփերի մոտ հնարավոր չի լինում կանգնել կամ նստել դրանցից «թափվող» միջատների ու խեժի պատճառով: Մասնագետների խոսքերով` միակ լուծումը քիմիական պայքարն է: Նախորդ տարի այդ պայքարը ուշացավ: Կարծես այս տարի եւս նույն խնդրի առաջ ենք կանգնում, քանի որ Երեւանում սրսկման աշխատանքներ դեռ չեն իրականացվում: Երեւանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասաց. «Հիմա արդեն զուգահեռ որոշ տեղերում բուժումներ կսկսվեն, հենց անձրեւային շրջանը կավարտվի, անմիջապես կսկսենք դեղերով մշակել»: Նա նաեւ մեկնաբանել է, որ այդ խնդիրը թեղի ծառատեսակի դեպքում է, իսկ Երեւանում թեղիները շատ են: «Հիմա դրանց դեմ պետք է արվի խնամք` էտի տեսքով եւ հատուկ դեղերով մշակելով: Երկուսն էլ լիարժեք իրականացնելու ենք: Բայց գլոբալ խնդրի կարգավորումը միայն ծառատեսակի փոփոխությունն է»:

 

 

 

ՄԻ՛ ՎՆԱՍԻՐ
Նախկին իշխանության ներկայացուցիչներից ոմանք արտաքին քաղաքականությունը համարում են Փաշինյանի «Աքիլլեսյան գարշապարը», ավելին` նոր իշխանությանը մեղադրում են իրենց օրոք կուտակված արտաքին քաղաքական կապիտալը մսխելու համար: Աներկբա է, որ ՀՀ արտաքին քաղաքական բազմատարր օրակարգի ամենանուրբ ու խոցելի, կենսական նշանակության հարցը ԼՂ խնդրի կարգավորումն է: Թվում էր, թե սա այն հարցն է, որին պետք է ստորադասվեին քաղաքական տարաձայնություններն ու ամբիցիաները, եւ առկա փորձագիտական, դիվանագիտական եւ լոբբիստական ողջ ներուժը պետք է մեկտեղվեր եւ ծառայեցվեր բանակցային այս փուլի «իդեա ֆիքսին»՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն: Սակայն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, ԼՂ հարցի շուրջ առկա չէ ներպետական համերաշխության, ավելին՝ նախկին իշխանության ինտելեկտուալ կոնտինգենտը զերծ չի մնում խնդրի հրապարակային շահարկումներից՝ ֆեյսբուքյան տարատեսակ գրառումներով ու ասուլիս-լայվերով, միջազգային եւ ՀՀ հանրությանը երբեմն կեղծ, մանիպուլյատիվ, ֆալշ նոտաներ հղելով: Սա մտահոգիչ երեւույթ է, եւ մենք այստեղ գործ ունենք պետականամետ մտածողության դեֆիցիտի, անհեռատեսության, պատկերավոր ասած՝ «ունքն ուղղելու տեղը աչքն էլ հետը հանելու» տխուր պրակտիկայի հետ:
Որպես շուրջ 20 տարի իշխանության մեջ եղած եւ ԼՂ խնդրով 20 անգամ ավելի շատ բանակցած, 20 անգամ ավելի շատ Պուտինի եւ այլ պետական այրերի հետ ձեռք սեղմած, ողջագուրված, բանակցություններում 20 անգամ ավելի շատ «ընկած-ելած» ուժ` հարկավ, պետք է որ գիտակցի, թե որքան մեծ վնաս կարող են հասցնել տարատեսակ շահարկումներն ու թիկունքից ուղղված հարվածները ՀՀ-ի բանակցային եւ դիվանագիտական իմիջին: Իսկ այն այսօր էականորեն տարբերվում է այն խոցելի եւ փխրուն իմիջից, որը իրենց կառավարման տարիներին ձեւավորել էին նախկին՝ ոչ լեգիտիմ իշխանությունները, որոնց արտաքին գերակայությունների առաջին տեղում, որքան էլ ցավալի է արձանագրելը, սեփական լեգիտիմիզացիան ապահովելն էր` այդ նպատակով դիվանագիտական ահռելի ռեսուրսներ գործադրելով: Նկատենք, որ 2010թ.-ին, երբ ԼՂ հարցով հերթական բանակցային փուլը պետք է տեղի ունենար, եւ մեկնարկել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Սերժ Սարգսյանի իշխանությանն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը «թայմ աութ» վերցրեց եւ առժամանակ դադարեցրեց հանրահավաքային պայքարը, որպեսզի չխանգարի իշխանություններին այդ երկու խնդիրների կարգավորման գործում, եւ, ամենակարեւորը, զերծ պահի վերջիններիս արտաքին ճնշումներից ու անհարկի զիջումների պարտադրանքից:




Լրահոս