Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ինքը չնայած Երկրապահ կամավորական միությունում չէ, բայց անհրաժեշտության դեպքում իրենք կառույցի կողքին են:
-Պարո՛ն Տեր-Թադեւոսյան, օրերս Երկրապահ կամավորական միությունը ընտրեց նոր նախագահ: Այժմ ԵԿՄ-ն ղեկավարում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Մշտապես նշվել է, որ ԵԿՄ-ն նախկին իշխանությունների օրոք այդպես էլ իր դերակատարումը չկարողացավ ունենալ, քանի որ կառույցը քաղաքականացվել էր եւ ենթարկվում էր նախկին իշխանություններին: Ի՞նչ եք կարծում, այսուհետ ԵԿՄ-ն կկարողանա՞ զերծ մնալ քաղաքականությունից եւ կատարել իր դերը:
-Կառույցը ստեղծվել է Վազգեն Սարգսյանի օրոք, Վազգեն Սարգսյանն է այդ միությունը ստեղծել, ու ես միշտ հույս եմ ունեցել, որ կառույցը կկարողանա օգտակար լինել մեր բանակի համար: Այն ժամանակ Մանվել Գրիգորյանն էր կառավարում, ու հիմա մենք գիտենք, թե ինչ կարգավիճակում է գտնվում նա: Ես մտածում եմ, որ կառույցը կկարողանա պետության կողքին լինել, աջակցել բանակին: Բոլորը ազատամարտիկներ են, ու ես կարծում եմ, որ իրենք շատ լավ գիտեն, թե որն է իրենց անելիքը: Ազատամարտիկը շատ լավ գիտի բանակն էլ, նրա գինն ու արժեքն էլ:
-Սասուն Միքայելյանին ճանաչելով` ի՞նչ եք կարծում, այս ընթացքում տեղի ունեցած պառակտումները, չլուծվող հարցերը ԵԿՄ-ում կունենա՞ն իրենց լուծումները, թե՞ դժվար աշխատանք է սպասվում նորընտիր ղեկավարին:
-Սասուն Միքայելյանին շատ լավ գիտեմ, պատերազմի ժամանակվանից: Դժվար պահերին ես միշտ «Սասուն» ջոկատի` Սասուն Միքայելյանի ջոկատի վրա հիմնվում էի, կային տղաներ, որ իրենց վրա այդ ժամանակահատվածում հիմնվում էի, ուզում եմ ասել` շատ լավ գիտեմ նրան: Իսկ մենք ինչ հաջողություններ որ ունենք այսօր, Ղարաբաղում այդ տղերքի միջոցով, նրանց շնորհիվ ունենք այդ հաջողությունները: Դրա համար էլ ես Սասուն Միքայելյանին շատ լավ գիտեմ: Ուղղակի, գիտե՞ք, քաղաքականությունն ուրիշ բան է, ես, օրինակ, ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվել, բայց Սասուն Միքայելյանը զբաղվում է, մարդը ցանկություն ունի, զբաղվում է: Ես այդ կառույցի մեջ չեմ, բայց ես իրենց կողքին եմ: Մենք անհրաժեշտության դեպքում անպայման իրենց կողքին ենք: Կառույցի կողքին ենք մենք ու անհրաժեշտության պահին մենք լինելու ենք իրենց հետ:
-Այսինքն` նպատակ չունե՞ք հիմա անդամակցելու ԵԿՄ-ին, քանի որ կառույցն ամբողջությամբ փոփոխվել է, ու այնտեղ իսկապես այն մարդիկ են, որոնք տարիներ առաջ կռվել են պատերազմի դաշտում իրենց հայրենիքի համար:
-Ես չեմ միանում, բայց ես իրենց հետ եմ, ուղղակի Ձեզ ասեմ, որ մի քանի կազմակերպություն կա, որոնց հետ ես համագործակցում եմ: Ես ուղղակի չեմ կարող միակողմանի լինել` մեկի կողքին կանգնել, ես բոլորի հետ էլ համագործակցում եմ, իրենց կողքին եմ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Ես այսպես եմ կարծում, որ այն կռված տղերքը, ովքեր ինչ-որ կազմակերպություն են ստեղծում, ինչ-որ կառույց են հիմնում, կարողանամ իրենց հետ աշխատել, անհրաժեշտության դեպքում իրենց կողքին լինեմ: Ես մեծ սիրով տղերքի հետ կաշխատեմ. ես ուզում եմ, որ այն տղերքը, ովքեր կռվել են, ովքեր միասին են միշտ, իրար հետ լինեն, իրար հետ աշխատեն: Ես չեմ ուզում ինչ-որ մեկին առանձնացնել, դրա համար էլ ես աշխատում եմ իրենց հետ, այս պահին էլ ես աշխատում եմ: Ես տարբերություն չեմ դնում. բոլոր տղերքը, ովքեր պատերազմի դաշտում են եղել, կռվել են, իրենք այսօր ուզում են իրենց հայրենիքի համար ամեն լավ բան անել: Ես էլ եմ ուզում դա անել: Այսօր իսկապես շատ կարեւոր է, որպեսզի մենք բոլորս միասին լինենք, միմյանց կողքին ու իրար ցանկացած հարցում աջակցենք, օգնենք, իրար կողքի լինենք:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱԿՆՀԱՅՏ Է ԼԻՆԵԼՈՒ
ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Ռեֆորմիստական կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, նախկին իշխանություններից հանձնարարական է ստացել սոցիալական ցանցերում ակտիվ խոսել Սերժ Սարգսյանի վերադարձի մասին ու անընդհատ քննադատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վահան Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, վերջին ժամանակներս Դուք շատ ակտիվ քարոզում եք Սերժ Սարգսյանի վերադարձը, սոցիալական ցանցերում հայտարարում եք, որ նրա վերադարձը քաղաքականություն այս պահին օրհասական է: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում դա, ու ի՞նչ պետք է անի Ս. Սարգսյանը, որ հանրությունը նրան ընդունի:
-Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղեք Սերժ Սարգսյանին: Ես կարող եմ իմ մասով պատասխանել, իսկ ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի վերադարձը եթե ոչ այսօր, ապա մի քանի ամիս հետո ակնհայտ է լինելու, ու գնալով մարդկանց քանակն ավելանում է, ովքեր համաձայն են նման մտքի հետ: Գրեթե մեկ տարի անց արդեն շատերն են հասկանում, որ Սերժ Սարգսյանի վերադարձի կարիքը կա մեծ քաղաքականություն: Ես կողմնակիցն եմ Սերժ Սարգսյանի` քաղաքականություն վերադարձին:
-Բայց ի՞նչն է Ձեզ ոգեւորել Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունում, որ Դուք այդպիսի ցանկություն ունեք:
-Ոգեւորվելու կամ հիասթափվելու հարցեր չկան, մենք էմոցիոնալ դաշտից դուրս պետք է նայենք: Եթե մենք նայում ենք այսօրվա իրականությունը, ապա տեսնում ենք, որ կա հետընթաց եւ ոչ թե առաջընթաց: Իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականը քայլ էր, որպեսզի ցույց տրվեր, որ իրականում Սերժ Սարգսյանը կառչած չի աթոռին եւ ամեն գնով իր աթոռը պահելու խնդիր չունի, այլ, ընդհակառակը, ինքը գնաց ընդառաջ մարդկանց ցանկությանը եւ հրաժարվեց երկրի ղեկավարի պաշտոնից: Սակայն մեկ տարի անց երկրի իշխանությունները բացի նախկին իշխանություններին քննադատելուց որեւէ բարեփոխում չեն իրականացնում` սկսած տնտեսությունից, վերջացրած արտաքին եւ ներքին քաղաքականությունից:
-Իշխանությունները հայտարարում են, որ Ս. Սարգսյանի վերադարձ չի կարող լինել, քանի որ արդեն տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, իշխանափոխությունը կատարվել է, ու դրանք իրատեսական խոսակցություններ չեն: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է լինի այդ վերադարձը:
-Շատ լավ հարց եք տալիս: Խնդիրը ինչո՞ւմն է կայանում. եթե Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունենային ոչ դեկտեմբերին, այլ, ասենք, մայիս ամսին, որից օգտվեցին իշխանությունները, քանի որ այդ ժամանակ իրենց վարկանիշը բարձր էր, ես վստահ եմ, որ եթե ընտրությունները լինեն այսօր, ապա Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարած բլոկ, դաշինք կամ նույնիսկ ՀՀԿ-ն կհավաքեր այնքան ձայներ, որ այն ժամանակ դժվար կլիներ անգամ պատկերացնելը: Իսկ ինչպես եմ պատկերացնում, ապա այդ հարցի պատասխանը չեմ կարող Ձեզ ասել, քանի որ դա կախված է ե՛ւ քաղաքական գործընթացից, ե՛ւ մեր ժողովրդի կարծիքից: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ասելիք ունի, ու մենք բոլորս սպասում ենք նրա ասելիքին, որը ես կարծում եմ` շուտով կլինի: Գիտե՞ք, պատմությունը կրկնվելու հատկություններ ունի, իսկ որեւէ բան այս երկրում կարծրացած չէ. Նիկոլ Փաշինյանն էլ 7 տոկոս ձայն տարած քաղաքական ուժի ղեկավար էր, որը կարողացավ իշխանափոխություն անել: Այսօր անցել է մեկ տարի, բայց բացի խոստումներից մեր հասարակությունը որեւէ բան չի տեսել իշխանություններից: Իսկ ամենակարեւորն է, որ արդեն էյֆորիան մեր հասարակության մեջ բավականաչափ նահանջել է, իսկ դա փաստ է:
-Մեր տեղեկությունների համաձայն` Դուք նախկին իշխանություններից հանձնարարություն եք ստացել սոցիալական ցանցերում` ֆեյսբուքում, ակտիվ խոսել Ս. Սարգսյանից, նրա կատարած գործերը տարածել ու բարձրաձայնել դրանք:
-Ես կարծում եմ` նման բաները հանձնարարականներով չեն լինում, ես ինքս կուսակցության նախագահ եմ, եւ ինձ որեւէ մեկը չի կարող նման հանձնարարական տալ: Ես եթե ինչ-որ կարծիք եմ հայտնում, այդ թվում` սոցիալական ցանցերում, դա անձնական իմ կարծիքն է. ինձ որեւէ մեկը հանձնարարական տալ չի կարող:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ
Այսօր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը խորհրդարանում հանդիպում կունենա «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ։ Ապրիլի 16-ին մեկնարկող քառօրյայում պետք է լինի ՍԴ դատավորի ընտրության հարցը, եւ մինչ այդ թեկնածուն հանդիպումներ է ունենում։ Նախօրեին էլ հանդիպում է ունեցել ԲՀԿ-ի հետ։ Սակայն Գոռ Հովհաննիսյանի հանդեպ ոչ միանշանակ մոտեցում կա, ընդ որում՝ ոչ միայն իշխող ուժի մոտ, այլ նաեւ ընդդիմադիր ԲՀԿ-ի։ Չնայած նրանց հետ ՍԴ դատավորի թեկնածուի հանդիպումը նորմալ է անցել, սակայն վերջիններս այնքան էլ հակված չեն կողմ քվեարկել։ Ինչպես հայտնի է՝ իշխող խմբակցությունն այդ պաշտոնում տեսնում է Վահե Գրիգորյանին, ում եւս մեկ անգամ որպես թեկնածու ներկայացնելու համար պատրաստ են դեմ քվեարկել Հովհաննիսյանին։ Այդ առումով այսօր բարդ հանդիպում է սպասվում։
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ
Ինչպես հայտնի է՝ երեկ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվեց «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը նպատակ ուներ սահմանափակել բուքմեյքերական գրասենյակների քանակն ու տեղակայման վայրը։ Պատգամավորները ռիսկեր տեսան ներկայացված նախագծում։ Բուքմեյքերական ընկերություններին վերաբերող մեկ այլ նախագիծ էլ ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որն արդեն նպատակ ունի սահմանափակել այդ ընկերությունների գովազդը սոցիալական կայքերում։ Մասնավորապես, ի սկզբանե առաջարկ կար, որ այդպիսի գովազդը չի կարող 20 տոկոսից ավելի տարածք զբաղեցնել, սակայն փոփոխություն է եղել, եւ այժմ առաջարկվում է սահմանափակել ժամը եւ այն թողնել միայն գիշերային ժամերին։ Սա էլ լրացուցիչ բեռ է լրատվամիջոցների համար, քանի որ պետք է լրացուցիչ անձինք լինեն, որոնք կզբաղվեն այդ գովազդի կանոնակարգմամբ՝ անհրաժեշտ ժամերին միացնելով եւ անջատելով այն։ Այս նախագիծը կառավարության դրական եզրակացությունն է ստացել, ինչպես «Վիճակախաղերի մասին» օրենքը, սակայն չի բացառվում, որ արժանանա վերջինիս ճակատագրին։
ԲԿ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾՆԵՐԸ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները հայց են ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԲԿ-ի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի փետրվարի 15-ին դատարան է դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներից Սուսաննա Սիմոնյանը: Նա պահանջում է ստիպել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին՝ անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը, միաժամանակ, վերականգնել նախկին աշխատանքին: