Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության եւ, ընդհանրապես, տարածաշրջանի համար կարեւորագույն մարտահրավերը մնալ։ Երեկ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում` այս մասին նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ելույթում անդրադարձել էր թավշյա հեղափոխությանը, դրանից հետո ունեցած ձեռքբերումներին եւ արցախյան հակամարտությանը։
Հենց արցախյան հակամարտության կարգավորման շուրջ էլ վարչապետը հետաքրքիր եւ թերեւս ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ։ Նա իր խոսքում նշեց, որ ԵԽԽՎ հարթակը խաղաղության է միտված, եւ հավելեց. «Չեմ կարող չնկատել,որ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան եւ բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար: Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց այնուամենայնիվ, այդ քննարկումների եւ փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի համար», – նշեց նա:
Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել 2016 թվականի հունվարին. ԵԽԽՎ-ն հավանություն էր տվել Միլիցա Մարկովիչի հեղինակած վիճահարույց նախագծին եւ մերժել Ռոբերտ Ուոլթերի հեղինակած բանաձեւը։ Մարկովիչի փաստաթղթի ընդունմանը կողմ էր քվեարկել 98, դեմ՝ 71 պատգամավոր։ Բոսնիացի պատգամավորը ներկայացրել էր «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձեւը, որը հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումներ էր պարունակում, եւ հենց այս բանաձեւերն էլ համարում էին հայկական պատվիրակության ձախողումը։
«Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցում Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբար չայցելած հեղինակը պնդում է, որ ջրամբարը ոչ բարենպաստ վիճակում է, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային խոշոր աղետի, որի հետեւանքով կարող են մեծ մարդկային կորուստներ լինել: Մարկովիչն ընդգծում է նաեւ, որ ջրամբարը գտնվում է «Ադրբեջանի այն տարածքներից մեկում, որն օկուպացվել է Հայաստանի կողմից», եւ որ դրա ոչ բավարար մակարդակի պահպանությունը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար:
Եվրոպացի պատգամավորների քվեարկությանը սպասող զեկույցը նաեւ պահանջում է այդ շրջաններից դուրս բերել հայկական զինված ուժերը, հնարավորություն տալ անկախ փորձագետներին հետազոտել ջրամբարի վիճակն ու ոռոգման խողովակները։
Իսկ, ահա, Ուոլթերի ներկայացրած նախագիծը կոչվում էր «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»։ Սա եւս հայկական կողմն անընդունելի էր համարել, օրինակ` այն հանգամանքը, որ կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»։
Եվ հետաքրքիր է, որ այն ժամանակ շատ գործիչներ, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կարծիք էին հայտնում, որ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւը «ազդեցություն չի ունենա ղարաբաղյան կարգավորման վրա»։ «Անկասկած ներքին իրավիճակն այս կամ այն կերպ ազդում է նաեւ արտաքին իրավիճակին, նաեւ շփման գծին։ Մենք այդ խնդիրներին ուշադիր հետեւում ենք, գիտենք` ինչքան հատկացումներ կան հատկապես պաշտպանության ոլորտում, եւ չենք թերագնահատում նրանց ունեցած հնարավորությունները։ Բայց, միեւնույն ժամանակ, մեզ համար համապատասխան պլանավորում ենք իրականացնում»,-այն ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել էր Օհանյանը:
Եվ չնայած հունվարին նախարարը հայտարարում էր, թե բոլոր հարցերին ուշադիր հետեւում են, սակայն փաստացի ամիսներ անց ունեցանք Ապրիլյան պատերազմ` ցավալի իրադարձություն, որին անպատրաստ էինք:
Արցախյան հակամարտության կարգավորման թեմայից զատ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեցին նաեւ հարեւան այլ պետությունների հետ հարաբերությունների, ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության մասին։ Սակայն ավելի մեծ թիվ էին կազմում կոռուպցիայի դեմ պայքարի եւ արցախյան հակամարտության հետ կապված հարցերը։
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին` Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհին ամենակարեւոր քայլերից մեկն այն է, որ վարչապետը, իր ընտանիքի անդամներն ու հարազատները ներգրավված չլինեն կոռուպցիայի մեջ։ «Երբ ես մտածում եմ, թե որն է ամենամեծ բանը, որ պետք է անեմ անձամբ կոռուպցիայի դեմ պայքարի համար, իմ միակ եւ ամենավստահելի պատասխանն այն է, որ ես ինքս կոռուպցիայի մեջ չպետք է ներքաշվեմ։ Միշտ ընդգծում եմ՝ կառավարության եւ երկրի ղեկավարի կարգավիճակում իմ լինելն իմաստավորված եմ համարում այնքան ժամանակ, քանի դեռ ունեմ մեր ժողովրդի վստահությունը», – նշել էր նա։
Ամենեւին էլ զարմանալի չէ, որ վարչապետի ելույթից հետո ընդդիմախոսները սկսեցին քննադատել նրա խոսքը։ Օրինակ` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել էր. «Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում, ինչպես հաճախ է պատահում իր արտասահմանյան այցերին, թույլ էր։ Այս մարդը համառորեն չի հասկանում, որ թավշյա բռենդը դրսում այլեւս չի վաճառվում, եւ բացառապես դրա վրա կառուցել երկրի արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը, չի կարելի»։
Սակայն փաստենք, որ վարչապետի ելույթից հետո ԵԽԽՎ նախագահը շնորհակալություն հայտնեց կառույցի հանդեպ վստահության համար։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿՓՈԽԵՆ
Դեռ շաբաթներ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց կառավարության կառուցվածքի իր տեսլականը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ կառուցվածքը վերջնական է, որեւէ փոփոխության չի ենթարկվելու: Ենթադրելի էր, որ իշխանությունները այս հարցում որոշում չեն փոխի: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Լուսավոր Հայաստանը» կառավարության կառուցվածքի մասով խոսակցություններ է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Դրանից հետո որոշվել է, որ մի քանի հարցերի վերաբերյալ պետք է քննարկում կատարվի, եւ հավանական է, որ դրա արդյունքում փոփոխություններ տեղի կունենան: Մեր տեղեկություններով` հատկապես քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը օպտիմալացման չենթարկելու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ «Լուսավոր Հայաստանը» այսօր տեղի ունեցող Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելու է օրենքի նախագիծ` գյուղատնտեսական կորպորացիաների մասին: Խմբակցությունը, փաստորեն, այս ոլորտով խիստ հետաքրքրված է:
ՉԵՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քեռու տղայի դեմ հենց վարչապետի հրահանգով հարուցված գործը Քննչական կոմիտեն ընդունել է վարույթ: Պարզվում է, որ Մամիկոն Հովհաննիսյանը ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին է ներկայացրել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի 1993թ. «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու եւ ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, որը, պարզվել է, կեղծ է: Նշենք, որ Հովհաննիսյանն ավելի վաղ հերքել էր այդ տեղեկությունները: Սակայն ապրիլի 4-ից մինչ օրս որեւէ նախաքննական մարմին Մամիկոն Հովհաննիսյանին հարցաքննության չի հրավիրել: Դատելով գործի բնույթից՝ կարելի է ենթադրել, որ հարցաքննության կհրավիրվեն բուհի ռեկտորը եւ այն անձնակազմը, որ վարչապետի ազգականին կեղծ դիպլոմ է տվել: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»: Փաշինյանը երեկ ԵԽԽՎ ելույթում մատնանշել է տեղի ունեցածը՝ վստահեցնելով, որ իր իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարում է առանց խտրականության:
ԼՂՀ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացումն ու արդյունքները վկայում են ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը հայ ժողովրդի նվիրվածության մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանի համար ԵԽ-ն կարեւոր գործընկեր է, որի հետ համագործակցությունն առաջնային նշանակություն ունի ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ: Վարչապետն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ փոխգործակցության խորացման հարցեր: Նրանք մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի եւ տարածաշրջանային զարգացումների շուրջ:
ՀԵՌԱՑՎԵԼ ԵՆ
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, խոսելով Նորագավիթի ավտոմաքսատան աշխատակցի եւ սենյակի մնացած աշխատակիցների մասին, ասել է. «Ապրիլի 9-ի վաղ առավոտից վարչապետը եղել է ՊԵԿ-ում, այցելել տարբեր ծառայություններ եւ ամբողջ այցելության ընթացքի մասին վարչապետն իր տեսակետն է հայտնել հանրությանը: Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը, ձեր կարծիքով, ինչ-որ առերեւույթ սենսացիա է պարունակում: Այն, ինչ որ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ, կոչ կամ հորդորներ արեց, ինչին մեր աշխատակիցը պատասխանել է` դիմում գրելով, ու ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլ նաեւ ավտոմաքսատան պետն է ազատման դիմում գրել: Դա նրանց ընտրությունն է»: Հարցին` ով էր, ի վերջո, պատասխանատու, որ դրոշն այդ վիճակում էր, Անանյանն ասել է, որ պատասխանատուն ինքն է: «ՊԵԿ նախագահն է պատասխանատվություն կրում ամեն ինչի համար. եթե ակնկալում եք, որ ես դիմում գրեմ, հեռանամ, դա ինձ համար կլինի փախուստ այն խոշոր կամ ահռելի պարտականություններից, որ վերցրել եմ ինձ վրա: Ես վարչապետի կոչ-հորդորին չեմ պատասխանելու իմ դիմումով»: Ի դեպ, Բագրատաշենի մաքսային կետի աշխատակիցը, որը նկարահանել ու տարածել էր ուղեբեռի հետ միասին ուղեբեռի համար նախատեսված սարքով անցնող քաղաքացուն, նույնպես աշխատանքից ազատվելու դիմում է գրել: