«ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում, ինչպես հայտնի է, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ անջատված մասով քրեական գործը կուղարկվի դատարան: Սակայն այստեղ ամենակարեւոր հարցերից մեկը շարունակում է մնալ այն, թե ով է լինելու դատարանում մեղադրողը կամ մեղադրողները: «Ժողովուրդ» օրաթերթին դատախազության համակարգից հասած տեղեկությունների համաձայն` այս հարցով հետաքրքիր զարագացումներ կան:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի փետրվարի 15-ին ՀՔԾ-ն հայտնեց, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Արդյունքում, մարտի 29-ին Ազգային ժողովում լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվել էին, թե հնարավոր է արդյոք` որպես մեղադրող մասնակցի «Մարտի 1»-ի` սահմանադրական կարգը տապալելու գործով դատավարությանը, ի պատասխան` գլխավոր դատախազը հայտնել էր. «Ամեն բան հնարավոր է»:
Արթուր Դավթյանի պատասխանից ակնհայտ է, որ նա ցանկանում է այս քրեական գործով ակտիվ մասնակցություն ունենալ, որպեսզի ներկայիս իշխանություններին ցույց տա իր հավատարմությունը, եւ միառժամանակ մտավախություններ ունի «Մարտի 1»-ի գործով ամբողջական պատասխանատվության հետ կապված: Դա է պատճառը, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրողի հարցը դեռեւս ձգձգվում է:
Մինչեւ հիմա պաշտոնապես հայտնի չէ, թե ինչ է սպասվում, ով է լինելու մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ անջատված գործով մեղադրականը դատարանում պաշտպանողը կամ պաշտպանողները: Իսկ այս գործով մեղադրողների փաստը այնքանով է հետաքրքիր, որ նրանք մեղադրելու են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գեւորգյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին:
Եվ, ահա, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որպեսզի մեծ հնչեղություն ունեցող գործի պատասխանատվությունը ամբողջությամբ չստանձնի, որոշել է պատասխանատվությունը մասնատել: Այսպիսով, դատախազության համակարգում լուրեր են տարածվել, որ վերջին շրջանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է վարչության պետերի, մարզային, քաղաքային դատախազներին եւ առաջարկել է, որ «Մարտի 1»-ի քրեական գործի մեղադրական ստորագրեն համակարգի գրեթե բոլոր դատախազները: Ըստ տարածված լուրերի` այդ քայլը համարել է թիմի թասիբի խնդիր, որպեսզի դատախազական համակարգը միասնական հանդես գա, եւ եթե կա պատասխանատվություն, ապա այն կիսեն բոլորը:
Մարտի 10-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից կազմակերպված միջացառման ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից անձամբ փորձեց տեղեկությունները պարզել:
-Պարո՛ն Դավթյան, տեղեկություններ են տարածվել, որ Դուք վերջերս հանդիպել եք վարչության պետերի, մարզային, քաղաքային դատախազների հետ եւ քննարկել եք այն հարցը, որ դատախազների խումբ պետք է ստեղծեք, եւ «Մարտի 1»-ի քրեական գործի անջատված մասով մեղադրականը այդ խումբը պաշտպանի:
-Արդեն պարզ է, որ բամբասանքների մասին է խոսակցությունը:
-Այսինքն` նման բան չկա՞:
-Մեր համակարգը միասնական համակարգ է, եւ բոլորը հարցերով…:
-Դատախազների խումբը չի՞ ստեղծվել կամ ստեղծվելու:
-Ես արդեն ասեցի` կգա ժամանակ, դրան կանդրադառնանք:
Այսպիսով, չնայած Արթուր Դավթյանը բամբասանք համարեց մեր տեղեկությունները, բայց իր խոսքով` «Մեր համակարգը միասնական համակարգ է», հաստատեց, որ դատախազությունում մտածում են միանման, դատախազությունը միասնական է, եւ այնտեղ չկան անհատներ:
Դատախազության այս մոտեցումը նման է բանտերում առկա մտածելակերպին: Մասնավորապես, պատմությունից հայտնի է` եթե որեւէ բանտախցում սպանություն է տեղի ունենում, եւ 6 հոգանոց խցում մեկին սպանում են, մյուս 5 հոգին իրենց պարտականությունն են համարում դիակին հարված հասցնել, որպեսզի պատասխանատվությունը կիսվի, եւ որեւէ մեկը խցակիցներից չմատնի հիմնական մարդասպանին: Այս ամենն է պատճառը, որ շատ հաճախ խցերում տեղի ունեցած սպանությունները այդպես էլ չեն բացահայտվում:
Ստացվում է` եթե բոլոր դատախազները ստորագրում են մեղադրական եզրակացությունը, նրանք բոլորն են կիսում պատասխանատվությունը:
Նկատենք, որ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ անջատված քրեական գործը 70 հատոր է, ինչը ենթադրում է, որ կարճ ժամանակահատվածում դատախազները չեն հասցնի ծանոթանալ քրեական գործի նյութերին եւ հետո միայն իրենց ստորագրությունները դնեն: Սա նշանակում է, որ շատ դատախազներ մեղադրականի տակ կդնեն իրենց ստորագրությունը` այդպես էլ մինչեւ վերջ չծանոթանալով մեղադրական եզրակացությանը:
Թե ինչքանով սա իրականություն կդառնա, ժամանակը ցույց կտա, բայց, այնուամենայնիվ, համակարգում կա ահազանգ, որ այս դեպքում դատախազական համակարգը կկորցնի իր դեմքը, եւ շատ դատախազներ մտահոգ են, որ այսպիսով իրենց փորձ են անում ներքաշել մի պրոցեսի մեջ, որից իրենք անտեղյակ են: Իսկ թե այս գործընթացում ինչ դերակատարություն կունենա ՀՀ գլխավոր դատախազը, սպասենք զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

31 ՄԱՐՏԱԿԱՆ ՓԱՄՓՈՒՇՏ
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել 2016թ. ապրիլյան իրադարձություններից հետո հարուցված քրեական գործերին: Մասնավորապես խոսքն այն մասին է, որ այդ օրերին բանակում գտնվող անձինք վերադառնալիս զորամասերից փամփուշտներ են իրենց հետ բերել տուն: Օրերս նախաքննական մարմինը մեկ նմանօրինակ գործով նախաքննության ավարտ հայտարարեց եւ գործը ուղարկեց դատարան:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում է Արմավիր քաղաքի բնակիչ Հովհաննես Քեսաբյանը: Իրավապահները նրան մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ նա, 2016թ. մասնակցելով Ապրիլյան պատերազմին, ապօրինի ձեռք է բերել եւ իր Էջմիածին քաղաքի Մ. Մեխակյան 25 ա տանը պահել է թվով 31 հատ 5,45մմ տրամաչափի մարտական փամփուշտ` նախատեսված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգներից, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրներից կրակելու համար, եւ մեկ հատ գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի մարտական փամփուշտ` նախատեսված համապատասխան տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակներից, «ՊՊՇ», «ՊՊԴ», «ՊՊՍ» տեսակի ատրճանակ-գնդացիրներից եւ այլ տեսակի ատրճանակ-գնդացիրներից, մարտական ակոսափող զենքերից կրակելու համար: Այս ամենը իրավապահները հայտնաբերել են նրա տանը կատարված խուզարկության ժամանակ: Վերջինիս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է դատարան, եւ Հովհաննես Քեսաբյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քր. օր. 235 հոդվածի հատկանիշներով (ապօրինի զենք պահելը), եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
2017թ. գրել էինք, որ հարուցված քրգործերից մեկի շրջանակներում բացահայտվել է` Երեւանի բնակիչ Լեւոն Գեւորգյանը 2016թ. ապրիլի 10-ից 2016թ. մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ Արցախի Հանրապետության պաշտպանական գործողությունների ընթացքում, գտնվել է Քարվաճառի շրջանում` ուսումնական նպատակով ժամանակավոր ստեղծված լեռնադաշտավայրային հրաձգարանում, որտեղից էլ ապօրինի զենք է ձեռք բերել` 176 հատ գործարանային արտադրության մարտական փամփուշտ, ինչն այս տարվա օգոստոսին հայտնաբերվել է նրա բնակարանում, եւ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՉԵԽԻԱՅՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է
Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, գտնվում է Եվրոպայում հանգստանալու նպատակով. այս մասին ասել է Ալեքսանդր Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանը: Հարցին` մտադիր չէ արդյոք վերադառնալ, Սարգսյանը դրական պատասխան է տվել: «Մտադիր է, ո՞նց մտադիր չի, բայց թե երբ, չեմ կարող պատասխանել»,-ասել է նա: Հայկ Սարգսյանը նաեւ նշել է, որ հայրը հանդիպել է Չեխիայում գտնվող եղբոր` Նարեկ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն թույլատրել էր Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամանակով լքել երկիրը:

 

ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ցուցաբերվում է ակնհայտ խտրական վերաբերմունք` ապօրինի քրեական հետապնդման տեսքով. այս մասին ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը: Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունն ավարտվել է: «Նախնական փուլում մենք չենք պնդել, որ սա քաղաքական հետապնդում է: Առաջին օրվանից սկսած` պնդել ենք, որ սա իրավական հետապնդում չէ, սակայն հետագա բոլոր գործողությունները` թե՛ նույն գաղտնալսումները, թե՛ դատարանների նկատմամբ հրապարակային ճնշումները, եկան հաստատելու, որ պարոն Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է: Պարոն Քոչարյանի նկատմամբ այս պահին ցուցաբերվում է ակնհայտ խտրական վերաբերմունք` ապօրինի քրեական հետապնդման տեսքով»,-ասել է փաստաբանը:

 

 

ԼՈՒՐՋ  ԽԱՂԱՑՈՂ
«Սպայկա» ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության մեջ լուրջ խաղացող է, բայց ցանկացած անձ ազատ է եւ կարող է մտնել շուկա.այս մասին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը` խոսելով «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորումից հետո մթերման դադարեցման հնարավորության մասին: Նա շեշտել է, որ տնտեսությունը մի ընկերությունից չպետք է կախված լինի: Վերջինս անդրադարձել է «Սպայկա»-ի այն հայտարարությանը, որ մթերումները դադարեցնում են: «Մենք ոչ միայն «Սպայկա»-ի, այլ բոլոր մթերողների ու արտահանողների հետ ենք հանդիպում, աշխատանքներ տանում: Մենք այս պահին ունենք լուրջ ֆինանսական ռեսուրսներ եւ բոլորին կարող ենք տալ: Այսինքն` ցանկացած մթերող գնում է բանկ, ֆինանսական կառույց եւ վերցնում է այդ ֆինանսական ռեսուրսը»,- ասել է նա: Նախարարի պաշտոնակատարի խոսքով` Հայաստանից արտահանված միայն թարմ միրգ ու բանջարեղենի 20-21 տոկոսը «Սպայկա»-ի միջոցով է իրացվում:




Լրահոս