ՀՀԿ-Ն ԵՐԲԵՔ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:

-Պարո՛ն Աղազարյան, մի քանի օր է` ակտիվ քննարկվում է ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդերի հարցը: Սա կարծես մի մեծ հակամարտության վերածվեց իշխող «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների միջեւ: Դրանից հետո էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն պետք է մտածի, թե Զոհրաբյանը ինչքանով է համապատասխանում այն հանձնաժողովին, որի նախագահն է, բայց կարծես ԲՀԿ-ն անդրդվելի է մնում: Ի՞նչ կասեք այս մասին: Ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի ԲՀԿ-ն:
-Դժվարանում եմ ասել, թե «Բարգավաճ Հայաստանը» ինչ պետք է անի, բայց որ Նաիրա Զոհրաբյանը կարող էր այնպես վարել նիստը, խորհրդարանական լսումը, որ այդ միջադեպը նման արձագանք չունենար, դա հաստատ: Ես չեմ ասում, թե ինքը գիտեր` ով է տվյալ անձնավորությունը, ինչ խավ է ներկայացնում, ինչ շրջանակ է ներկայացնում, բայց, համենայնդեպս, երբ նա սկսեց ելույթ ունենալ օրակարգից դուրս, ինչպես հասկացանք, Զոհրաբյանը կարող էր գեղեցիկ ձեւով միջամտել, ընդհատել, եւ այդպիսի աղմուկ չէր բարձրանա: Հիմա թե «Բարգավաճ Հայաստանը» ինչ կանի, դա իրենց գործն է:
-Չե՞ք կարծում, որ ընդհատելը կդիտվեր որպես խտրականության արտահայտություն:
-Անկեղծ ասած` ես մի քիչ կանոնների կողմնակիցն եմ: Եթե քննարկվում է որեւէ հարց, ուրեմն ելույթ ունեցողները պետք է խոսեն այդ հարցի շրջանակներում` անկախ, թե իրենք ով են եւ ինչ են ներկայացնում: Ես դեմ չեմ, որ ցանկացած մեկը իրավունք ունի հնարավորություն ունենալու իր կարծիքը հայտնել այս կամ այն հարցի հետ կապված, այսինքն` ես իր պատկանելիությունը չեմ վիճարկում, թե ինքը կարող էր խորհրդարանում լինել, թե չէր կարող. դա լրիվ ուրիշ հարց է: Բոլոր դեպքերում, կարգուկանոնը պետք է պահպանվի: Դա չէր դիտվի խտրականություն: Պետք է ուղղակի խնդրել, որ ելույթները լինեն այն հարցերի շրջանակներում, որոնք քննարկվում են, որովհետեւ բավականին շեղվեց:
-Տեսնում ենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը համագործակցում է արտախորհրդարանական ուժերից «Դաշնակցություն» կուսակցության հետ: Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ իրենց ներկայացրած կառավարության ծրագրի տեսլականը ձեւավորվել է նաեւ «Դաշնակցության» առաջ քաշած առաջարկների հիման վրա: Դուք պատրաստվո՞ւմ եք համագործակցության:
-Ես չեմ կարծում, որ դա վատ գաղափար է, բայց պետք լինեն թեմաներ, որոնք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնեն: Ես կարծում եմ, որ ժամանակ առ ժամանակ այս կամ այն թեմայի շուրջ մենք, իհարկե, կարող ենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ, եթե մեր տեսակետները համընկնում են, կամ քննարկումներ կազմակերպել տեսակետների բախում առաջացնելու համար, որպեսզի ավելի ճշգրտվի մեր դիրքորոշումը: Դա վատ պրակտիկա չէ: Որպես կանոն, արտախորհրդարանական ուժերը միշտ համախմբվում են խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերի հետ, որ իրենց տեսակետներով փորձեն Ազգային ժողովում ազդեցություն ունենալ, որ փոխանցեն տպավորություն, փոխանցեն տրամադրություններ հասարակության մեջ գոյություն ունեցող, բայց, բոլոր դեպքերում, կան հարցեր, որոնք որ մենք պետք է ազգովի քննարկենք:
-Վերջին շրջանում շատ են խոսակցությունները այն մասին, որ ՀՀԿ-ն շուտով ակտիվանալու է: Ասում են` Սերժ Սարգսյանը շուտով հարցազրույց է տալու, եւ մենք տեղեկություններ ունենք, որ այդ հարցազրույցի վրա մի մեծ թիմ է աշխատում, որպեսզի նրա հարցազրույցն անխոցելի լինի: Մտավախություններ չունե՞ք:
-Որեւէ մտավախություն չունեմ: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա ներկայացնել մեր բացթողումները, ապա մենք շնորհակալ կլինենք, եթե դրանք լինեն օբյեկտիվ, առարկայական, ու մենք դա կհամարենք որպես առողջ մի հարթակ, որտեղ մենք ինքներս կսրբագրենք մեր սխալները. ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ինչ վերաբերում է մեծ քաղաքականությանը, ապա ՀՀԿ-ն երբեք չի վերադառնա իշխանության: Իր անդամները կարող են նոր բռենդով հանդես գալ եւ փորձել քաղաքական ասպարեզում իրենց դերակատարությունը մեծացնել, բայց ՀՀԿ-ի բրենդով դա անհնար է: Միգուցե հաջորդ ընտրություններին կարողանան հաղթահարել 5 տոկոսանոց շեմը, բայց, որպես լուրջ խաղացող, ՀՀԿ-ն վարկաբեկված է:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿՊԱՅՔԱՐԻ՞ ԼՎԻՃՆԵՐԻ ԴԵՄ

Վերջին տարիներին Երեւանի այգիներում հատկապես ամռան ամիսներին ծառերի տակ եւ թփերի մոտ հնարավոր չի լինում կանգնել կամ նստել: Պատճառն այն է, որ դրանցից կա՛մ միջատներ, կա՛մ էլ խեժանման նյութ է թափվում: Հիշենք` նախորդ տարի քաղաքապետարանն իր անգործությունը կարծես փորձեց արդարացնել թավշյա հեղափոխությամբ, ինչի հետեւանքով ծառերը համապատասխան դեղորայքով չէին մշակվել, լվացվել: Կարճ ասած` ծառերը չէին բուժվել: Մասնագետների խոսքերով` դրա միակ լուծումը քիմիական պայքարն է, քանի որ միայն ծառերը սրսկելու միջոցով է հնարավոր վերացնել լվիճները: Հակառակ դեպքում, մասնագետների պնդմամբ, սկզբում տերեւները, հետո ծառերը կփչանան, հիվանդություններ առաջ կգան: Նախորդ տարի այդ պայքարը ուշացավ:

Կենդանաբանության ինստիտուտի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Կիմ Դիլբարյանի խոսքերով` հենց տերեւները բացվում են, այդ ժամանակ պետք է սրսկել: Մասնագետը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ խոնավ եղանակը, հորդառատ անձեւները նպաստում են դրանց զարգացմանը. նման դեպքերում այդ լվիճները շատ շուտ զարգանում են, ավելի արագ են բազմանում, շիրա են արտադրում: Այդ միջատները հիմնականում գարնան ամիսներին են բազմանում, երբ հորդառատ անձրեւներ են լինում:
Այս ընթացքում Երեւանում եւս սրսկման աշխատանքներ չեն իրականացվում, իսկ երեւանցիները դարձյալ մտահոգվում են. այս տարի էլ են շիրանման նյութերի տակ զբոսնելու, նստելու: «Ժողովուրդ» օրաթերթը բնակիչների մտահոգությունները փոխանցեց քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանին: Հարցին ի պատասխան` Հակոբյանն ասաց. «Դրանք հիմնականում թեղի ծառատեսակի մոտ են նկատվում, եւ թեղին ի սկզբանե քաղաքաշինության մեջ ընտրված սխալ ծառատեսակ է: Թեղին չպետք է օգտագործել: Ամեն դեպքում, ցավոք, մայրաքաղաքում շատ-շատ թեղի ունենք: Հիմա դրանց դեմ պետք է արվի խնամք` էտի տեսքով եւ հատուկ դեղերով մշակելով: Երկուսն էլ լիարժեք իրականացնելու ենք: Բայց գլոբալ խնդրի կարգավորումը միայն ծառատեսակի փոփոխությունն է: Հիմա մենք նախատեսում ենք այդ երկու թեղիների միջանկյալ մասերում տնկել նոր ծառի տնկիներ, որոնք մի քիչ կմեծանան, ինչից հետո արդեն թեղիները կհեռացնենք»:
Բայց պարզվում է, որ քաղաքային նախկին իշխանությունները թեղի ծառատեսակը շատ են սիրել, որովհետեւ այն էժան է ձեռք բերվում եւ շուտ է աճում, նաեւ խնամք չի պահանջում: Պաշտոնյան տեղեկացրեց, որ արդեն մեկ ամիս է, ինչ քաղաքապետարանի կողմից իրականացվում են էտման աշխատանքները: «Հիմա արդեն զուգահեռ որոշ տեղերում բուժումներ կսկսվեն. հենց անձրեւային շրջանը կավարտվի, անմիջապես կսկսենք դեղերով մշակել: Երբ անձրեւ գալիս է, լվիճ չի առաջանում, դրա համար էլ անիմաստ է հիմա դեղ անել, անձրեւը կլվանա, կտանի: Նյութերն ունենք, վարչական շրջաններին տրամադրված է, այս մասով ոչ մի խնդիր չունենք, ապահովված ենք»,- բացատրեց Խաչիկ Հակոբյանը: Ապա նկատեց, որ ամենացավոտ խնդիրներից մեկն այն է, որ ծառերը ծերացած են:
Բայց ըստ բուսաբան Մարինա Օգանեսովայի` այս երեւույթը կանխելու համար Երեւանի քաղաքապետարանը նախ պետք է վերացնի այդ միջատներին, ապա ծառերը լվանա, բուժի: «Ողջ մայրաքաղաքի ծառերն են այդ լվիճներով պատվում: Այն նախորդ տարի եղել է: Նման միջատները հիմնականում գարնան ամիսներին են բազմանում, երբ հորդառատ անձրեւներ են լինում: Գոնե պետք է մի քանի օր անձրեւ չգա: Պետք է դիտվի` իրենք արդեն ակտիվացել են, դուրս են եկել ձվերից, թե ոչ: Իրենք կարող են անցած տարվա ձվերից դուրս գալ, եթե կենդանի էգեր կան, կարող են հիմա էլ ձու դնել: Բայց դա պետք է մի անգամ չարվի, այլ մի քանի անգամ սեզոնին: Պետք է քաղաքապետարանն ունենա հատուկ մասնագետ, որը կարող է դիտումներ անել եւ արդեն դրա հիման վրա սկսել բուժել կամ, հակառակը, սպասել մինչեւ բուժման ճիշտ ժամանակը»,- բացատրեց բուսաբանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԵԼՈՒՄՈՒՏԻ ՀԱՄԱՐ
2019թ. փետրվարի 11-ին «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի ներկայացուցիչը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի` հողամասի նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին: Նույն օրը դատավոր Սիմա Իսկանդարյանը որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ, եւ այդ գործով նախնական դատական առաջին նիստը կայացել է ապրիլի 10-ին: Ավելի վաղ Աչաջուր համայնքը ղեկավարող Կարեն Ղալթախչյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր այդ հայցադիմումի մասին: Նա ասաց, որ իրականում Աչաջուր համայնքը դատարանում կլինի դատավարության երրորդ կողմ: «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ձեռք է բերել Աչաջուր համայնքի տարածքում գտնվող հանքային ջրի աղբյուրը արտադրական նպատակներով օգտագործելու թույլտվություն եւ մտադիր է այդտեղ հանքային ջրի արտադրություն կազմակերպել: Կ. Ղալթախչյանի խոսքերով` Աչաջրի նախկին համայնքապետի պաշտոնավարման շրջանում «Սլովակիա» ընկերության տնօրեն Սերգեյ Բարսեղյանն այդ տարածքում համայնքից գնել է 2 հեկտար հողամաս, որտեղ գտնվում է հանքային ջրի աղբյուրը: Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, դատարան դիմելով, ցանկանում է ապահովել սեփականաշնորհված հողամասի տարածքով ազատ ելումուտ դեպի հանքային ջրի ակունք: Հավելենք, որ խորհրդային տարիներին հանքային ջրի այդ աղբյուրի ջրով արտադրվում էր «Իջեւան» հանքային ջուրը, որը պահանջարկ ուներ Իջեւանի եւ հարակից շրջանների բնակչության կողմից:

 

 

ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐԸ ԿԵՂՏՈՏՎԵԼ Է
Անցած 3 օրերին Դիլիջան քաղաքում անջատվել է խմելու ջրի մատակարարումը, ավելին` բնակիչներին մատակարվել է կեղտոտ ջուր. այդ մասին վկայող լուսանկարները տարածված են համացանցում: Խնդիրը վաղուց գոյություն ունի, քաղաքը սնվում է շրջակա լեռներից հոսող մակերեսային ջրերով, հիմա սկսվել է գարնանային ձնհալքը, որն էլ այդ ջրերի պղտորման պատճառ է: Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը հաստատեց կատարվածը, նաեւ հայտնեց, որ ապրիլի 10-ին քաղաքի առափնյա թաղամասերին խմելու ջուր է մատակարարվել: «Վեոլիա Ջուր» ընկերության Դիլիջանի տեղամասի մաքման կայանի պետ Վոլոդյա Մնացականյանն ասաց, որ խմելու ջրի մատակարարման առումով ապրիլի 10-ին Դիլիջանում կատաստրոֆիկ վիճակ էր, սակայն իրենք ապրիլի 11-ին քաղաքի բոլոր թաղամասերում նորմալ խմելու ջուր են մատակարարել: Նա ասաց, որ 2008 թ. Դիլիջանի խմելու ջրի ցանցը վերակառուցվել է, տեղադրվել են փականներ, որոնք ավտոմատ կերպով փակվում, ջրամատակարարումը դադարում է, եթե ջրի կեղտոտվածության աստիճանը գերազանցում է թույլատրելի նորման: Վ. Մնացականյանը հայտնեց, որ Դիլիջանին մատակարարվող ջուրը քլորացվում է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս