«ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԹՈՂ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՆ» ՀԱՑ ՏԱՆԵԻՆ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանն է: Նա խոսել է հեղափոխության մեկնարկից հետո մեր ձեռքբերումների, բացթողումների մասին: Պարոն Զորիկյանն անդրադարձել է վերջին շրջանում բուռն արձագանք ունեցած թեմաների:

-Պարո՛ն Զորիկյան, մեկ տարի է անցել Հայաստանում թավշյա հեղափոխության մեկնարկից: Այս ընթացքում, ըստ Ձեզ, ո՞րը եղավ մեր մեծագույն ձեռքբերումը:
-Այն, որ ունեցանք արմատապես տարբերվող նոր մոտեցումներ ամեն երեւույթի նկատմամբ: Այդպիսի բան կատարվեց, երբ, օրինակ, Հայաստանը ձեռք բերեց անկախություն: Իհարկե, այն, ինչ եղավ, երեք տասնամյակ առաջ պետք է լիներ, բայց, փառք Աստծո, որ, այնուամենայնիվ, այն իրականացավ:
-Իսկ ո՞ր հարցում է թերանում մեր ներկայիս իշխանությունը: Ո՞րն է նրա մեծագույն բացթողումը:
-Տեմպերի մեջ է թերանում. ամեն բան պետք է ավելի արագ անել: Ես հասկանում եմ, որ կան հարցեր, որոնց պարագայում կտրուկ քայլերը նախընտրելի չեն: Մենք գիտենք, թե այդ կտրուկ քայլերն ինչ հետեւանքներ են ունենում: Աչքի տակ ունենք մի քանի երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի փորձը… Երեւի սա է պատճառը, որ ինչ-ինչ հարցերում դանդաղում ենք:
-Վերջերս շատ է քննարկվում հետեւյալ հարցը՝ Հայաստանը հոգեւո՞ր, թե՞ աշխարհիկ պետություն է: Հոգեւորականները տարբեր առիթներով պնդում են, թե հոգեւոր պետություն է: Դա եղավ, օրինակ, Ազգային Ժողովի ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթից հետո, երբ հոգեւորականներից ոմանք դատապարտեցին այդ քայլը: Դուք ի՞նչ կասեք:
-Այդ հոգեւորականները թող նստեին մեքենա ու «Սասնա ծռերին» հաց տանեին… Ախր հոգեւոր լինելը խոսքով չեն ցույց տալիս, այլ գործով: Հաց բերողը չէր գոռգոռում, որ Հայաստանը հոգեւոր պետություն է, բայց, իր կյանքը վտանգելով, արեց այն, ինչի կարիքն այդ պահին կար: Թող այդ հոգեւորականներն այցելեին Հաց բերողին, երբ նա առողջական խնդիրներ ուներ. չէ՞ որ նա արել էր այն, ինչ Բարձրյալն էր պատգամել. հաց էր կիսել մերձավորի հետ, ոչ թե ձեռքը դրոշին խփելով` հոխորտացել էր, որ Հայաստանը չի կարող աշխարհիկ պետություն լինել եւ այլն… Կներեք էլի, կարո՞ղ է խուլ միջնադարն է: Ցանկացած 12 տարեկան երեխա ավելի շատ բան գիտի հոգեւոր կյանքի մասին, քան այդ գոռգոռացողները: Հենց այդ սերունդն էլ արեց հեղափոխությունը, ասաց. «Հերիք է, բոլ է, այլեւս երբե՛ք»:
-Պարո՛ն Զորիկյան, այս ընթացքում ընդդիմություն ձեւավորվե՞ց: ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան»-ը առիթը բաց չեն թողնում հակադրվելու իշխանությանը, բայց դա բավարա՞ր է:
-Խորհրդարանում ոչ թե չկա ընդդիմադիր կուսակցություն, այլ պարզապես չկա կուսակցություն: Որն է նրանց գաղափարախոսությունը՝ հասկանալի չէ: Ամեն դեպքում, լավ է, որ ընդդիմանում են: Իշխանությունը միշտ պետք է զգոն լինի, որքան էլ մշակված ծրագիր ունենա, իմանա՝ ուր է գնում, նպատակները ստույգ լինեն. միեւնույն է, կարող է ինչ-որ տեղ սխալվել, սայթաքել:
-Վերջերս շատ քննարկվեց նաեւ այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացավ Նորագավիթի ավտոմաքսատանը, քանի որ տեսել էր Հայաստանի դրոշները` գետնին դրված ու կեղտոտ վիճակում, եւ հրահանգել էր այդտեղի բոլոր աշխատողներին ազատել աշխատանքից: Արդյոք սա վարչապետի կողմից իր քաղաքացիների նկատմամբ կոռե՞կտ մոտեցում էր:
-Հասկանում եմ, որ մարդիկ զրկվեցին աշխատանքից, իսկ գործ ճարելն այդքան էլ հեշտ չէ: Բայց շեշտը պետք է դնել պետական խորհրդանիշի նկատմամբ վերաբերմունքի վրա: Վարչապետն ասաց, որ թույլ չի տա նման վերաբերմունք պետական խորհրդանիշի նկատմամբ, այն էլ՝ ուսադիր կրող պաշտոնյաների կողմից: Ի վերջո, այս դեպքում անձերի խնդիր չի լուծվում, այլ երեւույթի:
-Եվ վերջում` կցանկանայի Ձեր հեղինակած պիեսների մասին խոսենք: Դրանցից մեկը՝ «Անմահների երկիրը», որոշ ժամանակ առաջ բեմադրվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում: Դուք էլի ունե՞ք հեղինակած պիեսներ:
-Այո, եւ ոչ միայն պիես: Ամանորի նախօրեին մի հեքիաթ եմ գրել, որի հիմքում հեղափոխության թեման է: Ներկայացրեցի այն թատրոններին, հասկացա, որ ուշացել եմ: Հուսով եմ՝ այն արդիականությունը չի կորցնի, եւ հաջորդ Ամանորին հնարավոր կլինի ներկայացնել հանդիսատեսին:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԱՄԵՆ ԻՆՉ ԱՌՋԵՎՈՒՄ Է

Եւ այսպես, վերջին երկու օրերին կայացան Չեմպիոնների Լիգայի Զ եզրափակչի առաջին հանդիպումները: Կայացած 4 խաղերում էլ, կարելի է ասել, դեռեւս ոչինչ պարզ չդարձավ: Խաղերից միայն «Լիվերպուլ»-«Պորտուն» է, ուր ինչ-որ չափով բացակայելու է ինտրիգը:

«Լիվերպուլ»-«Պորտու» (2:0)
Խաղն ավարտվեց մերսիսայդցիների հաղթանակով (2:0): Ինչպես եւ կանխագուշակել էինք, պորտուգալական թիմի ֆուտբոլիստները այդքան էլ վատ ֆուտբոլ չխաղացին, սակայն, միեւնույն է, պարտվեցին: «Պորտուն» սեփական ստադիոնում խոստացել է անել առավելագույնը մյուս փուլ դուրս գալու համար: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Յուրգեն Կլոպի ֆուտբոլիստների հետ պետք է անհնարին բան կատարվի, որ լքեն պայքարը: Կարելի է ասել` 80% հավանականությամբ «Լիվերպուլը» դուրս կգա մյուս փուլ:
«Տոտենհեմ Հոտսպուր»-
«Մանչեստր Սիթի» (1:0)
Այստեղ նույնպես չսխալվեցինք կանխագուշակման մեջ: «Սիթին» հաղթել էր 14 խաղ անընդմեջ, եւ նրանք, ի վերջո, պետք է պարտվեին:
Խանգարեց գերհոգնածությունը եւ Լյորիսը: Մանչեստրցիները պարտվել են, բայց սա այն հաշիվը չէ, որը ճակատագրական է: «Էտիահադ» մարզադաշտում ամեն բան կարող է պատահել: Փորձը ցույց է տալիս, որ կարծես մի ուժ «Սիթիին» միշտ դուրս է թողնում Չեմպիոնների Լիգայից: Հերթական անգամ նրանք հրաշալի սկսում են մրցաշրջանը, բայց տապալվում եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում: Ամեն դեպքում, խաղի ֆավորիտը կրկին մնում են «քաղաքայինները»:
«Այաքս»-«Յուվենտուս» (1:1)
Ամստերդամյան թիմի ֆուտբոլիստները կրկին ապշեցրին եւ զարմացրին բոլորին: Կրկին խանդավառ ֆուտբոլ, կրկին մեծ առավելություն, որը նրանց ընդամենը ոչ-ոքի պարգեւեց «Յուվենտուսի» դեմ խաղում: Երկրորդ խաղում առավելությունը, իհարկե, կլինի թուրինյան ակումբի կողմը. նրանք գոլ են խփել մրցակցի դաշտում: Չպետք է մոռանալ, որ «Այաքսի» դեմ խաղում մրցակցի դաշտում հաղթել էր «Ռեալը», սակայն սեփական դաշտում պարտություն կրեց 1:4 հաշվով: Հենց այս փաստն է, որ առավելություն է տալիս թուրինցիներին: Ամեն դեպքում, գերհետաքրքիր պատասխան հանդիպում է սպասվում:
«Մանչեստեր Յունայթեդ»-
«Բարսելոնա» (0:1)
Ամենասպասված հանդիպումը չարդարացրեց սպասելիքները: Բարսելոնայից ակնկալիքները բավական մեծ էին, խոշոր հաշվով հաղթանակ էր սպասվում, բայց այս թիմը խփեց միայն մեկ գնդակ: Անգույն ֆուտբոլ էր երկու թիմերի կատարմամբ: Կատալոնացիները կարողացան հաղթել, սակայն այստեղ նույնպես ոչինչ որոշված չէ: Այսպիսի թիմերի պայքարում մեկ գոլը ոչինչ է, մանավանդ եթե «Յունայթեդն» է պարտվել: Սուլշերի տղաները ՊՍԺ-ի հետ խաղում արդեն ապացուցել են, որ չեն հանձնվում նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում: Հուսանք, որ պատասխան խաղը արդեն կլինի ե՛ւ հետաքրքիր, ե՛ւ գոլառատ:
Պատասխան հանդիպումները կկայանան առաջիկա երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Բաթումիում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Երեկ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց հայազգի Հակոբ Մկրտչյանը: Հակոբ Մկրտչյանը հաղթեց 89 կգ քաշում եւ նույնիսկ հրաժարվեց վերջին մոտեցումից: Հակոբը երկամարտում գրանցեց 371կգ: Մեր մյուս ծանրորդը` Դավիթ Հովհաննիսյանը, երկամարտի 360 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:

 

 

ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ
Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային 19-ամյա Արսեն Հարությունյանը նվաճեց չեմպիոնի կոչումը: Հայ ըմբիշը գոտեմարտի ընթացքում Լոմտաձեին զիջում էր 8 միավորով, սակայն կարողացավ գտնել իր խաղը եւ տանել գերկամային հաղթանակ: Հավելենք, որ այս ոսկին մեր ազատ ոճայինների միակ մեդալն էր Եվրոպայի այս առաջնության ընթացքում: Արսեն Հարությունյանը արդեն ժամանել է Հայաստան եւ նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:

 

 

ԲԿՄԱ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է բանակի կենտրոնական մարզական ակումբ (ԲԿՄԱ) ստեղծելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ բանակցությունները: Այս մասին հայտնել է Արմեն Մելիքբեկյանը Նոյեմբերյան կատարած այցի ժամանակ: ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ ամեն հնարավոր բան կկատարվի այս հարցին որքան հնարավոր է շուտ լուծում տալու համար: Նշվում է, որ ֆուտբոլի ֆեդերացիայում ցանկանում են արդեն մյուս մրցաշրջանում ԲԿՄԱ-ին տեսնել Առաջին խմբի առաջնությունում:

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Երեւանի «Փյունիկի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Տարխանովը: Ռուս մասնագետը մեծ փորձ ունի ակումբներ մարզելու: Նա թիմի ղեկին կլինի արդեն երեւանյան ակումբի մյուս խաղից: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրից հետո «Փյունիկն» ունի 40 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը:

 

 

ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑ
Մադրիդի «Ատլետիկոյի» բրազիլաիսպանացի հարձակվող Դիեգո Կոստան որակազրկվեց 8 խաղով, այսինքն` Կոստայի համար այս մրցաշրջանն արդեն ավարտվել է: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը կատալոնական «Բարսելոնայի» դեմ խաղի առաջին խաղակեսում հեռացվել էր դաշտից: Մրցավարն իր արձանագրության մեջ նշել է, որ ֆուտբոլիստը վիրավորանքներ ու հայհոյանքներ է հնչեցրել իր մոր հասցեին:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս