Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ներկայացրած նախագծերի փաթեթը, որ նպատակ ունի սահմանափակել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպիչների ծառայությունների գովազդը։ Երեկ այս նախագծերի քննարկումներն ընթացան բավականին բուռն, եւ վերջում որոշվեց կրկին քննարկել հաջորդ նիստում։ Ընդգծենք, որ օրեր առաջ էլ հետաձգվել էր արդեն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագիծը, որը վերաբերում էր բուքմեյքերական կենտրոնների գրասենյակների փակմանը։
Մասնավորապես, Հրաչյա Հակոբյանն առաջարկում է «Գովազդի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում հետեւյալ սահմանափակումները կիրառել. հեռուստատեսությամբ գովազդը թույլատրվելու է ժամը 21։00-00։00 սահմաններում, լրատվական կայքերում էլ այդ գովազդը չպետք է զբաղեցնի կայքէջի 20 տոկոսից ավելին: Այլ մոտեցում է ցուցաբերված ռադիոյի նկատմամբ։ «Ռադիոյի ներկայացուցիչներն ինձ ասացին, որ սպեցիֆիկ է, եւ նրանք գրեթե լսարան չունեն, եւ նրանց հիմնական ունկնդիրն առավոտյան աշխատանքի գնացող եւ երեկոյան տուն եկողներն են, եւ ասացին, որ եթե այդ ժամերին գովազդն արգելվի, ապա իմաստը կկորի։ Ես ընդառաջեցի նրան, եւ ռադիոյի ժամը սահմանվել է առավոտյան 08։00-ից 20։00», – նշեց նա։ Այս առումով պատգամավորներն իրենց զարմանքն արտահայտեցին, որ, մի կողմից, փորձ է արվում սահմանափակել գովազդը, սակայն, միեւնույն ժամանակ, ռադիոյում գովազդը թույլատրվում է հենց ամենալսելի ժամանակահատվածում։ Այսինքն` անիմաստ է դառնում սահմանափակումը։
Պատգամավորները մտավախություններ ունեին նաեւ վարչական պատասխանատվության հետ կապված։ Մասնավորապես, օրենքում սահմանված է, որ կրելու են վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի չափման միավորի հազարապատիկի չափով, եւ պատգամավորներն առաջարկեցին տարանջատել, թե որ խախտման դեպքում ով է պատասխանատվություն կրելու՝ լրատվամիջոցը, թե գովազդատուն։
Հետաքրքիր է, որ չնայած օրենքի հեղինակը փորձ է անում սահմանափակել այդ ընկերությունների գովազդը՝ խաղամոլությունը չքարոզելու համար, սակայն միեւնույն ժամանակ ոչ մի կերպ չի կանոնակարգվելու գովազդը սոցիալական կայքերում։ Այսինքն, մի կողմից` սահմանափակվում է այն լրատվական միջոցներում` այդկերպ ֆինանսական հարված հասցնելով նրանց, մյուս կողմից` այն ազատ է լինելու սոցիալական ցանցերում, եւ բուքմեյքերական ընկերությունները կարող են այդ գովազդը տեղադրել այնտեղ, սակայն այդտեղ շահելու են ոչ հայկական ընկերությունները, եւ գումարները պարզապես Հայաստանից դուրս են գալու։
Այդ հարցը երեկվա նիստում բարձրաձայնեց նաեւ իշխանական պատգամավոր Գեւորգ Պապոյանը։ «Հիմա գովազդային միջոցներ հսկայական քանակությամբ Հայաստանից դուրս են գնում սոցիալական ցանցերի միջոցով։ Հիմա մտավախություն չունեք, որ ավելի են դուրս գալու, եւ կրկին շատ են գովազդ անելու սոցիալական կայքերում։ Այսինքն` խնդիրը չենք լուծի կամ կլուծենք մասնակի, սակայն գումարները դուրս կգան Հայաստանից», – նշեց նա։ Սրան ի պատասխան` Հակոբյանը նշեց, թե չեն կարող սահմանափակել սոցիալական ցանցերում, սակայն ցանկություն ունեն։
Եվ այստեղ իսկապես հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Ինչպես բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակելու, այնպես էլ գովազդը սահմանափակելու պարագայում առաջին հերթին ֆինանսական վնասներ են լինում հենց պետության համար, քանի որ պետբյուջե վճարվող գումարները նվազելու են, իսկ այս դեպքում արդեն երկրից են դուրս գալու։
Նախագծով նաեւ ամրագրված չեն, թե որ դեպքում ով է պատասխանատվության ենթարկվելու։ Միեւնույն ժամանակ, բավական մեծ թիվ է կազմում տուգանքի ենթակա գումարը, որը միանշանակ լրատվական միջոցը՝ լինի հեռուստատեսություն, ռադիո կամ լրատվական կայք, չի կարողանա վճարել։ Եվ որքան էլ պատգամավորը նշի, թե այսպես փորձ է արվում սահմանափակելու խաղամոլությունը, սակայն առաջին հերթին վնաս է հասցվում հենց վերջիններիս։
Եվ լրատվական կայքերի` 20 տոկոսի չափով գովազդը եւս տարակուսելի է, քանի որ հստակեցված չէ, թե որ էջի քսան տոկոսը կամ ինչպես է այն չափվելու, եւ քանի տոկոսի խախտումն է համարվելու խախտում։ Ի վերջո, այս նախագծի վերաբերյալ պատգամավորները եւս բավականին խնդիրներ տեսան, եւ որոշում կայացվեց այն հետաձգել ու քննարկել արդեն ապրիլի 26-ին, երբ տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ նաեւ քննարկվելու է Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված նախագիծը, իսկ մինչ այդ այս երկու նախագծերի վրա աշխատելու է պատգամավորներից կազմված փոքր խումբ։
Եվ այս նախագծերը լիագումար նիստերում կարող են քննարկվել միայն ապրիլի 26-ի նիստում դրական եզրակացություն ստանալուց հետո։ Ամեն դեպքում, նման նախագծեր ներկայացնողները պետք է հաշվի առնեն բոլոր հանգամանքները։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲՈՒՌՆ ՆԻՍՏ
Ապրիլի 16-ին մեկնարկող քառօրյա նիստերը բավականին բուռն են լինելու։ Բացի Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի սպասված նախագծից (որը ենթադրում է օպտիմալացումներ պետական կառավարման համակարգում), ԱԺ օրակարգում երկու ընտրություն է լինելու՝ Սահմանադրական դատարանի դատավորի եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի։ Առաջինի դեպքում թեկնածուն Գոռ Հովհաննիսյանն է, երկրորդի դեպքում՝ էներգետիկ եւ բնական ռեսուրների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։ Երկու ընտրություններն էլ տեղի են ունենալու փակ, գաղտնի քվեարկությամբ, եւ ընտրված են համարելու 3/5-րդի պարագայում։ Ենթադրվում է, որ եթե Գ. Բաղրամյանն, անուամենայնիվ, կընտրվի, ապա Գ. Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվելու է, քանի որ իշխող «Իմ քայլը» դաշինքն արդեն իր տեսակետն այս հարցում ներկայացրել է` պնդելով, որ սա իրենց թեկնածուն չէ: ԱԺ այս նստաշրջանում, բացի այս ամենից, տեղի կունենա նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ներկայացումը։ Ընդհանուր առմամբ, օրակարգում լինելու է 14 հարց, որից 7-ը՝ պարտադիր քննարկման։
ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ
Ինչպես հայտնի է, կաշառքի գործով օրերս կալանավորվեցին Կոտայքի մարզի դատավոր Գագիկ Հեբոյանն ու փաստաբան Վահագն Դանիելյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փաստաբանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Դատավոր Գագիկ Հեբոյանը եւս հայտնել է, որ չի ընդունում մեղադրանքը, իսկ վերցրած գումարը ոչ թե եղել է կաշառք, այլ իր պարտքն են վերադարձրել:
Սակայն նկատենք, որ մինչ դատավոր Հեբոյանը եւ փաստաբանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները, գործով կա անձ, որը դատավոր Գագիկ Հեբոյանի դեմ ցուցմունք է տվել: Մեզ հայտնի դարձավ, որ նրա դեմ ցուցմունք տվող անձը եղել է Բենիկ Հարությունյանը: Ավելին` նրա ցուցմունքից մեզ մանրամասներ են հայտնի դարձել. նա լսել է, թե Գագիկ Հեբոյանը իրենից քաղաքացիական գործով կաշառք է ուզել: Գրել էինք, որ 2018 թվականի ապրիլի 3-ին դատարան է դիմել Բենիկ Հարությունյանը` ընդդեմ իր եղբոր` Օնիկ Հարությունյանի: Այս գործի շրջանակներում էր հենց, ըստ նախաքննական մարմնի, դատավորը, իբր, կաշառք վերցրել:
ԱՎԵԼԱՑԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթի իրականացման վարչության կողմից հարուցված քրեական գործերի քանակն այս տարի աճել է: Հունվար ամսվա ընթացքում հարուցվել է 12, արդեն փետրվարին՝ 30 քրեական գործ, մինչեռ 2018թ. հունվարին հարուցված քրեական գործերի թիվը 11 էր, փետրվարին՝ 21-ը: Իսկ, ընդհանրապես, թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ում հարուցվել է 256 քրեական գործ:
ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՌԴ խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի փոխանցմամբ` Ռուսաստանն անում է ամեն հնարավորը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմաnը, դուք գիտեք Ռուսաստանի դիրքորոշումը. մենք առավելագույն ջանքերն ենք գործադրում այդ խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար, քանի որ այլ լուծում չկա»,-ասել է Մատվիենկոն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ Բաքվում: Նա հիշեցրել է, որ ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների ապրիլի 2-ի հեռախոսազրույցում Մոսկվան պատրաստակամություն էր հայտնել հետագայում եւս նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների հետագա որոնմանը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Առաջիկայում Մոսկվայում կհանդիպեն ՀՀ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները: Կարծում եմ` մեզ միասին կհաջողվի փոխզիջման գալ, առաջ շարժվել եւ լուծում գտնել: Հավաստիացնում եմ, որ Ռուսաստանը չի թուլացնելու ուշադրությունն այդ խնդրի հանդեպ»,-ասել է նա: Ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի կունենա ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ` ԲԻՇՔԵԿՈՒՄ
ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 22-ին Բիշքեկում: Նախօրեին Ղրղզստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Աման Մամբետսեիտովի նախագահությամբ անցկացվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Նրանք քննարկել են ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը: Նիստում քննարկվել է նաեւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթին ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի համահավաք ստորաբաժանման մասնակցության հարցը: ՀԱՊԿ-ի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԴԵՍՊԱՆ
Նախագահ Արմեն Սարգսյանը Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել է Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ժնեւ)` հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: