ՍԴ ԱՆԴԱՄԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ հասկանալու համար, թե թավշյա հեղափոխությունից հետո ինչ է փոխվել դատական համակարգում եւ, հատկապես, Սահմանադրական դատարանում:

-Տիկի՛ն Գյուլումյան, թավշյա հեղափոխությունից հետո Սահմանադրական դատարանում ի՞նչ է փոխվել, Դուք ի՞նչ եք զգացել:
-Գիտեք ինչ, դատարանները մի քիչ ավելի կոնսերվատիվ կառույցներ են: Իհարկե, միշտ էլ տարին տարվա վրա փոփոխություններ լինում են, եւ նման դարակազմիկ փոփոխությունների պայմաններում հնարավոր չէ, որ դա չառնչվի դատավորներին:
-Ի՞նչ փոփոխություն եք զգացել դատական համակարգում:
-Նախ` քաղաքացիների ակտիվությամբ, քաղաքացիները սկսում են ավելի շատ արդարություն փնտրել դատարաններում, որովհետեւ իրենք հավատացել են, որ կարող են դատարաններում հասնել դրան, եւ երկրորդը` Սահմանդրական դատարանի պարագայում ես կարող եմ ասել, որ դատարանների ակտիվությունն է ավելի բարձրացել, քանի որ Սահմանդրական դատարան դիմող սուբյեկտները նաեւ դատարաններն են: Դատարանները վերջին մեկ տարում ավելի հաճախ են դիմում Սահմանադրական դատարան համոզվելու համար, որ իրենց կողմից կիրառվելիք նորմը համապատասխանում է սահմանադրությանը, թե ոչ, որպեսզի նոր միայն այդ նորմը կիրառեն: Սա, իհարկե, ողջունելի է, եւ սա, կարծեք թե, պետք է օժանդակի, որ դատարանների կողմից, համենայնդեպս, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում սխալները նվազեցվեն:
-Նախկինում եւ հեղափոխությունից հետո նաեւ բարձրաձայնվել է, որ դատարաններին զանգահարել են նախագահական նստավայրից, ՀՀ կառավարությունից. հիմա որտեղի՞ց եք զանգեր ստանում:
-Անկեղծ ասած` չեմ կարող դա հաստատել ո՛չ նախկինի, ո՛չ…
-Դուք զանգ չե՞ք ստացել:
-Երբեւէ, երբեւէ որեւէ զանգ չեմ ստացել, երբեւէ որեւէ ձեւի ազդել ինձ վրա չեն փորձել, եւ ես կարծում եմ, որ ազդեցության ենթարկվում են նրանք, ում որ մտածում են` կարող են ազդեցություն գործել: Եթե դու այն դատավորներից ես, որ շրջապատն էլ համոզված է, որ դու ղեկավարվելու ես միայն սահմանադրությամբ, միայն օրենքներով, անիմաստ փորձեր չեն կատարի:
-Ինչպիսի՞ փոխհարաբերություն ունեք Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Դուք դատի էիք տվել ՍԴ աշխատակազմին, քանի որ ՍԴ-ն սխալ է հաշվարկել Ձեր աշխատավարձը` վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս: Ընդ որում, այս խնդիրը նոր չէ, այլ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակներից: Խնդիրը լուծում չի ստացել նաեւ Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահության օրոք: Դուք հաղթեցիք, բայց մեզ տեղեկություններ են հասել, որ ՍԴ-ն չի պատրաստվում տալ Ձեր գումարը. կա՞ նման բան, թե՞ ոչ:
-Մեր հարաբերությունները հրաշալի են, սա զուտ օրենքի մեկնաբանության հարցով տարբեր կարծիքներ են, եւ այդ կարծիքների լուծումը մենք փորձում ենք գտնել դատարանում, ինչպես բոլոր քաղաքացիները: Ես հայտնեցի, որ քաղաքացիները ակտիվացել են, եւ ես նմանապես` որպես քաղաքացի, մտածում եմ, որ վերջնական պատասխանը կտա վարչական դատարանը: Իսկ այսօր գործը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում է:
-Այսինքն` ՍԴ-ն բողոքարկե՞լ է:
-Բողոքարկել է ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ, բնականաբար, ՍԴ-ն էլ է հանդես գալիս պատասխանող կողմ եւ պետք է համաձայներ ՀՀ ֆինանսների նախարարության հետ: Ես դրա մեջ անձնական ոչինչ չեմ փնտրում, մենք լավ հարաբերությունների մեջ ենք, մենք նախկինում էլ ենք աշխատել պարոն Թովմասյանի հետ:
-«Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգի տապալման մասին մշտապես բարձրաձայնվեց, եւ քրեական գործն արդեն հայտնի է բոլորին: Որպես ՍԴ անդամ` ի՞նչ եք կարծում, Սահմանադրական կարգ տապալվե՞լ է:
-Կարծիք հայտնել չեմ կարող, քանի որ չեմ բացառում, որ գործը կարող է գալ Սահմանադրական դատարան:
-Դուք ֆեյք ունե՞ք:
-Ես, ընդհանրապես, սոցիալական ցանցերում դատավորների գրանցվելուն սկզբունքորեն դեմ եմ` լինի դա անձնապես, լինի դա ֆեյքի ձեւով: Այդպիսի մասնակցությունը համարում եմ անընդունելի: Իսկ ֆեյքերի մասին կարող եմ ասել` ինչ էլ մենք անենք որեւէ ձեւով, չպետք է վնասենք խոսքի ազատությանը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՌՈ ՊԵՏԸ` ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՎԹԱՐԻ ՄԱՍԻՆ
Նախօրեին Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, ինչի հետեւանքով 18 զինծառայող հոսպիտալացվել է: Ժամը 20:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ժայռին եւ շրջվել: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը 18 զինծառայող տեղափոխվել է Մեղրու ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը` բավարար:
Հուսանք, որ սա այն հերթական դեպքը չէ, ինչի հետեւանքով զոհեր ունեցանք. 2018 թվականի նոյեմբերի 7-ին` ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Էդգար Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ շարքայիններ Հայրապետ Նաիրյանը, Հրանտ Գասպարյանը եւ Դավիթ Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էին: Ավտոմեքենայի թափքում գտնվող մյուս զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ: Այսպիսով, ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՀ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանի հետ:
-Պարո՛ն Բաղդասարյան, ի՞նչն է եղել վթարի պատճառը, արդյոք սա հերթական դե՞պքն է, երբ անսարք մեքենան շահագործման են հանձնում:
-Չէ, այստեղ անսարքության հարց չկա, մեր տղաները գնացել են, հիմա այնտեղ աշխատում են: Ինձ թվում է` նման խնդիր չկա, այդ մեքենաները անցել են տեխզննում, նորմալ վիճակ է եղել:
-Այսինքն` այս պահի դրությամբ տվյալ չունե՞ք, որ անսարքության պատճառով է եղել:
-Չէ, չունենք, մեքենաները սարքին են եղել: Մենք այսօր նայում ենք քաղաքացիական վթարները, մարդ չի կարողանում նայել: Վատ բան է եղել, թեթեւ չենք տանում, մենք նախարարի կողմից ունենք հանձնարարական, հսկողություն ենք իրականացնում, որպեսզի անսարք մեքենաները չշահագործվեն:
-Նոյեմբերի 7-ի վթարից հետո, երբ 4 զինվոր մահացավ, նման հանձնարարական ստացա՞ք:
-Ոչ, միշտ էլ ունեցել ենք: Ռազմական ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնում է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Դատարանը մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի` կենտրոնի նստավայրում ավարտվել էր պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը. վճիռը հրապարակվել է երեկ: Դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքն առաջին ատյանի դատարանի` պաշտոնաթող նախագահի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու որոշման դեմ: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

 

 

ՍԱԴՐԱՆՔՆԵՐ
ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անհեթեթություն է համարում հայկական որոշ լրատվամիջոցներից ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված հրապարակումներն այն մասին, որ «Հոկտեմբերի 27-ը կազմակերպել եւ իրականացրել են ռուսական հատուկ ծառայությունները` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ»: «Դրանք սադրանքներ են, որոնք միտված են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուն այն պարագայում, երբ սկսվել է հարաբերությունների առողջացման գործընթաց: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները պարզապես չի ստացվի փչացնել»,-հայտարարել է Քոչարյանը: «Այն, ինչ վերաբերում է երկրի անվտանգությանը, պետք չէ մտնել խարդավանքների մեջ: Եթե այդպես է, ապա դրան պետք է միջամտեն երկրի անվտանգությունն ապահովող մարմինները»,-նշել է նա:

 

 

ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները:

 

 

ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐ
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ` կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու եւ յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տվյալներ են ձեռք բերվել` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու վերաբերյալ: Նշված դպրոցի նախկին տնօրենը 2011թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին եւ 2014թ. սեպտեմբերից մինչեւ 2015թ. սեպտեմբերը որպես հավաքարար աշխատանքի է ընդունել Երեւանի բնակչուհու, որն աշխատանքի չի ներկայացել, իսկ 2012թ. փետրվարից մինչեւ 2014թ. հուլիսը որպես լաբորանտ աշխատանքի է ընդունել իր դստերը, որը նշված ժամանակահատվածում սովորել է եւ փաստացի չի աշխատել: Ընդհանուր առմամբ, դուրս է գրվել 850 հազար դրամ, իսկ տնօրենի դստեր անվամբ` 2 միլիոն 180 հազար դրամ գումար:

 

 

ԿԱՍԿԱԾԵԼԻ ԶԱՆԳՎԱԾ
Երեկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քկհ-ի աշխատակիցները կալանավորված անձ Ս. Գ.-ին կարճատեւ տեսակցության եկած քաղաքացի Մ. Դ.-ի բաճկոնի պաստառի տակից հայտնաբերել են թափանցիկ, կպչուն ժապավենով փաթեթավորված կասկածելի, բուսական զանգված` ընդհանուր 26.9 գր քաշով: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս