ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ` ԱՎԻԱՑԻՈՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Աշոտ Հակոբյանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը, որը կոչված էր ուսումնասիրելու հայկական ավիացիայի ոլորտի խնդիրները, մոտ չորս ամիս է` գործունեություն չի իրականացնում:

Տեղեկացնենք, որ այդ խումբը ձեւավորվել էր նախորդ տարի. այն գլխավորում էր թավշյա հեղափոխությունից հետո ԲՀԿ քվոտայով նշանակված նախարարը՝ Աշոտ Հակոբյանը: Խմբի մասնակիցները նախորդ տարվա ընթացքում պարբերաբար հավաքվել են եւ քաղավիացիայի խնդիրների շուրջ քննարկումներ անցկացրել: Ի դեպ, խմբում ներգրավված էին քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, ոլորտի մասնագետները եւ շահագրգիռ այլ կողմեր, այդ թվում` տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ: Պարզվում է, սակայն, որ խումբը այս տարվա ընթացքում երբեւէ չի հավաքվել եւ որեւէ քննարկում չի անցկացրել: Նշենք, որ այս խմբի աշխատանքներով ի պաշտոնե զբաղվում է փոխնախարար Արմեն Արզումանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած ավիացիոն մասնագետները հայտարարեցին, որ նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբն ուներ անհասկանալի ֆորմատ: «Խումբը 6-7 ամիս քննարկում էր միայն անհեռանկար մեկ հարց. արդյոք կա՞ պետական կամ պետական մասնակցությամբ ազգային ավիափոխադրող ստեղծելու եւ դրա վերաբերյալ տնտեսական հիմնավորում տալու անհրաժեշտություն: Մնացյալ բոլոր հարցերը չքննարկվեցին, անտեսվեցին, իսկ խմբի աշխատանքները շուրջ մոտ 4 ամիս է` պրակտիկորեն դադարեցվել են: Ստացվում է, որ անարդյունավետ կազմակերպվեցին աշխատանքները, եւ ոչ մի խնդիր չլուծվեց: Եւ, կարելի է ասել, թավշյա հեղափոխությունից անցել է մեկ տարի, բայց մենք ունենք 0 արդյունք: Դեմ լինելով այդ բոլոր արգումենտներին, որ խմբի նախագահն էր առաջարկել` մենք մասնակցել ենք միայն մասնակցություն ապահովելու համար, որպեսզի կտրված չլինենք ընթացքից: Սպասել ենք, թե երբ է գալու ավիացիայի ոլորտի կարեւոր խնդիրների քննարկման կամ խոչընդոտների վերաբերյալ ուսումնասիրություններ անելու ժամանակը, բայց այդպես էլ դա տեղի չունեցավ»,- ափսոսանքով նկատեց խմբի անդամ Անդրանիկ Վանցյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս աշխատանքային խմբի անդամները վերջին անգամ հավաքվել են անցած տարվա դեկտեմբերին՝ տարին, իբր, ամփոփելու համար: Մասնագետները մտահոգված են, քանի որ վստահ են՝ վարչապետը խորապես տեղեկացված չէ իրավիճակի մասին: «Ստեղծելով այս աշխատանքային խումբը` դրական մեծ քայլ էր Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից, բայց արդյունքները զրո են: Ամեն ինչ նույնն է մնացել, մենք չենք կարողանում մեր ավիացիայի վերաբերյալ բարձրացրած խնդիրները լսելի դարձնել»,- փոխանցեց Վանցյանը: Նկատենք, որ այս աշխատանքային խմբում ներգրավված քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն անցած տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ է ներկա գտնվել քննարկմանը:
Մասնագետների պնդմամբ` հայկական ավիացիայի զարգացման միակ խոչընդոտը ՀՀ կառավարության եւ արգենտինյան «Corporacion America» ընկերության միջեւ կնքված կոնցեսիոն պայմանագիրն է, որի համաձայն` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002թ. հունիս ամսից` 30 տարի ժամկետով, կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին: «Բայց արդյոք վարչապետը տեղյակ չէ՞, թե ինչ ազդեցություն ունի այդ մենաշնորհը ավիացիայի ոլորտի վրա: Ավիաընկերությունները եւս տուժում են. չէ՞ որ իրենք քիչ եկամուտ են ստանում` սպասարկման համար բարձր վճարելով, էլ չենք խոսում դրա հետեւանքով ավիաընկերությունների կողմից ավիատոմսերի բարձր արժեքների մասին»,- վրդովվեց Վանցյանը: Իսկ ավիացիայի մեկ այլ մասնագետ` Արգիշտի Ապիկյանը, օրինակ բերեց կոնցեսիոն պայմանագրով «Զվարթնոց»-ին տրված 250 կմ շառավիղը: Նա տեղեկացրեց, որ այն մեծ խոչընդոտ է փոքր ավիացիայի զարգացման համար. «Այն աշխարհում շատ մարդկանց թույլ է տալիս արագ տեղափոխվել մեկ կետից մյուսը: Աշխարհում մարդիկ կարողանում են սեփական բակից թռիչք կատարել այլ երկիր: Մեզ մոտ դա չկա: Օրինակ` եթե ես այսօր փորձեմ թռիչք կատարել ոչ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից դեպի Վրաստան, ապա կոնցեսիոն պայամանգիրը դա ինձ արգելում է, թույլ չի տալիս: Իսկ «Զվարթնոց» օդանավակայանից թռիչք կատարելը փոքր բիզնեսի համար շատ թանկ է»:
Ավիացիոն մասնագետների նախաձեռնող խմբի անդամները կառավարությունից պահանջում են ավիացիայի ոլորտում կարգավորել իրավական դաշտը, մենաշնորհը վերացնել, ինչը հրապուրիչ դաշտ կստեղծի ներդրողների համար, որոնք առանց վարանելու կգան: Դրա արդյունքում, բնականաբար, կօգտվի Հայաստանի տնտեսությունը:
Մասնագետները պահանջում են պետությունից վերահսկել նաեւ օդանավակայանի կողմից սահմանած սակագները: Պարզվում է` կոնցեսիոն պայմանագրով օդանավակայանն է սահմանում ծառայությունների գները` ըստ իր հայեցողության, առանց համաձայնեցնելու որեւէ մարմնի հետ, այս դեպքում` պետության. կարող է բարձրացնել, կարող է նվազեցնել. իր կամքն է: Ինքն է որոշում սակագները նույնիսկ այն տարածքների, որոնք տրվում են ընկերություններին առեւտրային նպատակներով:
«Բացի այդ, պետությունը հանձն է առել մի շարք աբսուրդ պարտականություններ. եթե կոնցեսիոները գտնի, որ օդանավակայանի հարակից տարածքները անհրաժեշտ են իր գործունեությունն ընդլայնելու համար, ապա պետությունը պարտավոր է ազատել դրանք: Անգամ եթե բնակիչներ են ապրում այդ տարածքում, ապա պետությունը պարտավորվում է փոխհատուցման նոտարական ծախսերն անել ու հանձնել կոնցեսիոներին: Մենք չենք պահանջում, որ պետությունն Էռնեկյանի հետ պայմանագիրը խզի, այլ վերանայումներ լինեն, ուսումնասիրվեն այդ խնդիրները, բանակցություններ տարվի կոնցեսիոների հետ, որպեսզի այդ մենաշնորհային խնդիրները վերանան»,- բացատրեց Վանցյանը:
Ի դեպ, ավիացիոն մասնագետների նախաձեռնող խումբը (այն կազմված է 130 անդամից, որոնց թվում են ինժեներներ, օդաչուներ. նրանք այժմ տարբեր երկրներում են) նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պատասխանել է խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Պատասխան նամակում նշված է, որ մասնագետների բարձրացրած հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Ապա մանրամասնել է, որ նախապատրաստական փուլում է գտնվում «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացը: Պարզվում է` առաջիկայում կառավարության եւ «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարության հետ քննարկումներ են կայանալու օդանավակայանի սպասարկման գների եւ տեղական ավիափոխադրողների հետ համագործակցության շուրջ:
Սակայն Ճաղարյանի պատասխանը մասնագետներին չի բավարարում: «Պատասխանը ընդհանրապես կապ չունի մեր գրած նամակի բովանդակության հետ: Այն մասնագետները, որոնք կան այս խմբում, թե՛ զանգով, թե՛ նամակով հայտնում են իրենց դժգոհությունը: Ավիացիային պետք է հիմքային, համակարգային, ինստիտուցիոնալ փոփոխություններ: Պետք է, ի վերջո, մարդիկ հասկանան, որ ուղեւորահոսքը մի քանի անգամ ավել կաճի միայն տեղական ավիաընկերության շահագործման դեպքում: Ու ճիշտ կլինի, որ սկզբնական փուլում պետությունը ինչ-որ կերպ աջակցի, օրինակ` օրենսդրական դաշտը կարգավորելով, կոնցեսիոն պայմանագիրը որոշ չափով փոխելով, վերանայելով»,- նկատեց Արգիշտի Ապիկյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն` հետաքրքրվելու աշխատանքային խմբի գործունեության դադարեցման պատճառների մասին, սակայն նախարարաությունից խոստացան ավելի ուշ պատասխանել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

2 ՄԻԼԻՈՆ՝ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այն բանից հետո, երբ քաղաքի փողոցների անմխիթար վիճակի համար արժանացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախատինքին, հիմա փորձում է ամեն կերպ սիրաշահել նոր իշխանություններին: Բանն այն է, որ Գյումրու ավագանու որոշմամբ` գումար է սահմանված նոր տոնը՝ «Քաղաքացու օրը» նշելու համար. տոն, որ վերջերս ամրագրվեց ԱԺ ընդունած օրենքով` ի նշանավորումն թավշյա հեղափոխության: Ասել է թե` Բալասանյանը որոշել է այսկերպ հաճոյանալ վարչապետ Փաշինյանին` տեղավորվելով նոր Հայաստանի տրամաբանության մեջ:
Միայն թե Քաղաքացու օրը Գյումրին կնշի կրկին քանդված փողոցներով, ցեխապատ մայթերով ու բազմազան խնդիրներով:
ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների համար Գյումրու ավագանին միաձայն որոշել է հատկացնել 1 միլիոն ՀՀ դրամ: Նախահաշվով նախատեսված է 500 հազար դրամ հրավառության, 250 հազար դրամ հյուրասիրության եւ նույնքան արհեստների, արվեստների փառատոնի էքսպոզիցիաների տեղափոխման տրանսպորտային ծախսերի համար:
Գյումրու ավագանին միաձայն որոշեց նաեւ համայնքի աղքատիկ միջոցներից մեկ միլիոն ՀՀ դրամ էլ հատկացնել ապրիլի 30-ից մայիսի 3-ը Ջազի միջազգային օրվա առիթով կազմակերպվող «Հայաթ ջազ» նախագիծը կազմակերպելու եւ անցկացնելու համար: Ըստ նախահաշվի` նախատեսվում են հոնորարներ նախագծին մասնակից ջազ բենդերի համար` 550 հազար դրամ, տեխնիկակական ռայդեր` բոլոր 4 օրերի համար` 300 հազար դրամ, եւ տրանսպորտային ծախսեր՝ բոլոր չորս օրերի համար` 150 հազար դրամ:
Զարմանալին այն է, որ Գյումրու աղքատիկ բյուջեից կատարված շռայլությունը որեւէ հարց չի առաջացրել ավագանու անդամների մոտ: Գյումրիում ոտք գցելու տեղ չկա, իսկ քաղաքը որոշել է Քաղաքացու օրը նշել, սա այն պարագայում, երբ քաղաքացիների մոտ միայն դժգոհություն է կուտակված: Այդ դժգոհությունը բնակչությունը լավագույնս ներկայացրեց նաեւ վարչապետի՝ վերջերս Գյումրի այցի ժամանակ: Վարչապետն էլ իր հերթին Բալասանյանի ներկայությամբ ընդգծեց տեղական խնդիրները: Նշենք, որ Գյումրու բյուջեի սուղ միջոցներով որեւէ աշխատանք քաղաքում կատարելը դժվար է: Այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակում 4 ծրագիր կյանքի կկոչվի: Բայց այն, որ բյուջեում մեծ գումարներ են հատկացվում զանազան միջոցառումների կազմակերպման ու անցկացման համար, դա, իհարկե, անընդունելի է բնակչության համար:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

ԺԱՅՌԵՐԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՎՏԱՆԳԸ ՄՆՈՒՄ Է
2019թ. մարտի 13-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից վերեւ` Այրում քաղաքի տարածքում, մեծ ժայռեր կան, որտեղ հողի մեջ եւ ժայռերի արանքում խոր ճեղքեր են գոյացել: Ժայռերը ցանկացած պահի կարող են պոկվել, գլորվել ներքեւ, ուր միջպետական ավտոճանապարհն է: Եւ, ահա, այդ հրապարակմանն արձագանքել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մասնագետները եկել են, տեսել իրավիճակը, տեղում լուսանկարներ արել։ Այրումի ղեկավար Ա. Պարանյանից տեղեկացանք, որ անցած մեկ ամսվա ընթացքում միջպետական ավտոճանապարհից վերեւ գտնվող ժայռերը պայթեցնելու ուղղությամբ ոչինչ չի արվել, ժայռերի արանքում գտնվող ճեղքերը անձրեւներից ավելի են մեծացել։ Ա. Պարանյանը հայտնեց, որ այս ընթացքում ոչ մեծ ժայռաբեկոր պոկվել-ընկել է միջպետական ավտոճանապարհի վրա։ Բարեբախտաբար, վնասներ չկան։ Հարկ է` ՀՀ ԱԻՆ փրկարարները, որոշ ժամանակով փակելով միջպետական ավտոճանապարհը, ժայռերի պայթեցում կատարեն, եւ առկա վտանգը վերանա:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս