«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասանուհի Թամարա Պետրոսյանը: Նա անդրադարձել է բեմական, էկրանային կյանքին, խոստովանել, որ հումորի միջոցով կարողանում է հաջողությամբ դուրս գալ մի շարք բարդ իրավիճակներից:
-Թամարա՛, ո՞վ է Ձեր հանդեպ ամենախիստը:
-Ես, քանի որ ինքնաքննադատ տեսակ եմ:
-Առանց ինչի՞ Ձեր օրը չեք պատկերացնում:
-Առանց ուտելիքի, ժպիտի, բարձր տրամադրության:
-Հումորն այն զենքն է, որով…
-Մեղմում եմ բոլորին (ծիծաղում է): Առհասարակ, շատ բարդ իրադրություններից հումորի շնորհիվ եմ դուրս գալիս, աննպատակ քննադատությունների հումորով եմ վերաբերվում, բայց դա ինքնըստինքյան է ստացվում:
-Ի՞նչ կասեք բոլոր նրանց, ում դուր չի գալիս Ձեր մասնակցությամբ եթեր հեռարձակվող «Women՚s Club» հումորային հաղորդումը:
-Կասեմ, որ ճաշակին ընկեր չկա:
-Սիրո մեջ ինչպիսի՞ն եք:
-Անմնացորդ նվիրվող:
-Ո՞րն է վերջերս Ձեզ ամենաշատ տրվող հարցը:
-Ավագ սերնդի ներկայացուցիչները մտահոգ դեմքով հարցնում են. «Բա ինչո՞ւ չես ամուսնանում»:
-Ամենաշատը ի՞նչն է Ձեզնից ժամանակ խլում:
-Աշխատանքը, ինքնակատարելագործումը:
-Ինչի՞ց ուժեղ կախվածություն ունեք:
-Մարդուց, էմոցիայից, բայց ոչ երբեք նյութական որեւէ բանից:
-Ձեր արտաքինի մեջ ի՞նչն է Ձեզ դուր գալիս, եւ ինչը՝ ոչ:
-Ամեն բան նորմալ է քչից-շատից (ծիծաղում է):
-Կյանքը կարճ է, որպեսզի…
-Ապրենք այն վատ տրամադրությամբ:
-Հայաստանյան հումորային հաղորդումների որակից, որպես հանդիսատես, գո՞հ եք:
-Նայած որ նախագծից: Կան հաղորդումներ, սիթքոմներ, որոնք, եթե ժամանակ եմ ունենում, հաճույքով դիտում եմ, բայց անուններ չեմ նշի:
-Լինու՞մ է այնպես, որ առօրյայում Ձեր մտքում որեւէ հումոր ծնվի, եւ Դուք այն փոխանցեք սցենարիստին, օգտագործեք նախագծի շրջանակում:
-Այո, երբեմն լինում են նման պահեր թե՛ թատերական, թե՛ հեռուստատեսային կյանքում: Եթե հումորն իսկապես համով է, այն անպայման օգտագործվում է:
-Ձեր դերերից ո՞րն եք հաջողված համարում:
-Նույնիսկ եթե հաջողված համարեմ, միեւնույնն է, քննադատելու բան անպայման գտնում եմ: Երբ դերասանը ստանում է դերը, առաջին բանը, որ պետք է անի, կերպարին սիրելն է, հակառակ դեպքում կտապալվի: Ես իմ բոլոր կերպարներին սիրել եմ, իսկ թե որքանով են դրանք ստացվել, թող հանդիսատեսը դատի:
-Լինելով ծնունդով արցախցի` Արցախի հանդիսատեսի շրջանում ու՞մ կարծիքն եք առավել կարեւորում:
-Ինձ համար առանձնակի թանկ են այն մարդկանց կարծիքները, որոնք ինձ խորությամբ ճանաչում են: Նրանք ունակ են նայել իմ կերպարներին ամենատարբեր ռակուրսներից:
-Ու երեւի անմիջապես ֆիքսում են «ֆալշը»:
-Դա էլ կա: Բացի այդ՝ ասում են. «Այ դու կարող էիր այսպես խաղալ, որովհետեւ դու այսպիսին ես» եւ այլն…
-Երգչուհու կարիերայի մասին երբեւէ մտածե՞լ եք:
-Այն, ինչ անում եմ «Արցախի ձայներ»-ի ֆորմատում, ինձ լիովին բավարարում է: Ով գիտի, գուցե մի օր ցանկություն առաջանա ավելին անելու: Բայց եթե այսքանով բավարարվում եմ, ուրեմն խորը չեմ մտածել այդ ուղղությամբ:
-Ինչպիսի՞ դերեր կցանկանայիք խաղալ:
-Կանանց բարդ կերպարներ, որոնց մասին դատողություն անելիս չես կարող միանշանակ ասել` սեւ են, թե սպիտակ … Մինչեւ վերջ չես էլ հասկանում…
-Ձեր մասին արտահայտվելիս հիմնականում ասում են, որ…
-Պոզիտիվ մարդ եմ:
-Ի՞նչ եք կարծում, ռեժիսորների համար Ձեզ հետ հե՞շտ է աշխատել:
-Այո, ես ինձ դասում եմ «հարմար» մարդկանց շարքին: Երբեմն նույնիսկ ոմանք օգտվում են այդ հանգամանքից: Համենայն դեպս, պրոբլեմատիկ անձնավորություն չեմ: Տանել չեմ կարողանում կոնֆլիկտներ, եթե նույնիսկ ես չեմ դրանց մասնակիցը: Եթե ռեժիսորն ադեկվատ է, իր տեղում է, ոչ մի խնդիր չի կարող ծագել, իսկ եթե ոչ, դերասան-ռեժիսոր հարաբերություններում անվստահություն է առաջանում: Ես հազվադեպ եմ նման բան զգացել:
-Եվ վերջում՝ հիմա ինչի՞ մասին եք երազում:
-Երազանքների մասին նախընտրում եմ չխոսել: Դրանք պետք է պահել մտքում, որպեսզի իրականություն դառնան:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕՐՈՔ ԿԱՅՈՒՆ ՎԱՏ ԷՐ, ՀԻՄԱ՝ ԱՆՈՐՈՇ»
Օրերս երգահան, հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը սոցցանցերի միջոցով հայտարարություն էր տարածել այն մասին, որ աշխատանք է փնտրում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց՝ նա կատակում է, թե հայտարարությունը լուրջ է: «Գրել եմ կեսկատակ-կեսլուրջ: Իսկ ո՞վ աշխատանքի կարիք չունի: Եթե լավ առաջարկ լինի, ինչու՞ ոչ, կընդունեմ: Շատ կցանկանամ ուժերս ռեալիզացնել մշակույթի ոլորտում: Որպես երգահան` ինձ բոլորը գիտեն. եթե կարիքս զգան, կդիմեն, բայց որպես մշակույթի ոլորտի աշխատող` ես պետք է նախաձեռնությունն ինձ վրա վերցնեմ»,-պարզաբանեց Մարինան:
Որոշ ժամանակ առաջ նա նշում էր, որ իր եւ Տիգրան Հարությունյանի վարած «Կռվախնձոր» հաղորդումը վերադառնալու է եթեր: Հետաքրքրվեցինք՝ ինչն է պատճառը, որ դա այդպես էլ իրականություն չդարձավ: «Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք փոփոխություններ եղան նաեւ մեդիադաշտում: Շատ ծրագրեր փոփոխվեցին, կրճատվեցին, այդ հաղորդումն էլ քաղաքական իրադարձությունների այս ֆոնին մղվեց ետին պլան»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Մեր դիտարկմանը, թե, փաստորեն, Սերժ Սարգսյանի օրոք իր կարիերան ավելի ծաղկուն փուլում էր, Մարինան պատասխանեց. «Այն ժամանակ կայուն վատ էր, հիմա՝ անորոշ»: Ես, լինելով հեղափոխության ջատագովը, այլեւս չեմ կարող նախկին ռեժիմի հետ կապված որեւէ մեկի հետ գործնական հարաբերությունների մեջ մտնել, քանի որ բազմիցս քննադատել եմ նրանց, բայց նորերի մեջ էլ ես չկամ, այնինչ կարող էին գնահատել իմ ունակությունները, նկատել: Ի դեպ, միայն իմ մասին չէ խոսքը. ինձ նման շատերը կան»:
Ճշտող հարցին, թե գուցե Մարինան պատգամավոր դառնալու ցանկություն ուներ, վերջինս հակադարձեց. «Ո՛չ, ի սեր Աստծո, ես ինձ պատկերացնում եմ մշակութային դաշտում, քիչ թե շատ՝ մեդիաոլորտում: Ես տիրապետում եմ մշակութային դաշտին, գիտեմ բոլոր «ծակուծուկերը»: Ստեղծագործ մարդ եմ, ունեմ մշակած ծրագրեր, բայց դրանք իրականացնելու համար լծակ է պետք, որը ես չունեմ: Ընդ որում` խոսքը բոլորովին էլ բարձր պաշտոնի մասին չէ: Փորձենք սայլը տեղից շարժել»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Ո՞ՐՆ Է «ԿՈԼԻԶԵՅ» ՏԱՆՈՂ ԲԱՆԱԼԻՆ
«Մեզ հարկավոր է բարձրակարգ մարզիչ: Ազգային հավաքականը փորձարկումների դաշտ չէ»,- ահա այսպիսին են ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզչի վերաբերյալ խոսակցությունները: Այնպիսի տպավորություն է, որ «ԵՎՐՈ 2020»-ի մեկնարկի ձախողման պատճառը հենց Արմեն Գյուլբուդաղյանցն է: Շատերը մտածում էին, որ ֆեդերացիայի կազմի փոփոխությունից անմիջապես հետո մեր հավաքականը կսկսի ֆանտաստիկ ֆուտբոլ խաղալ եւ չորս կողմից ջախջախել մրցակիցներին, եւ կապ չունի` մրցակիցը Ֆինլանդիան է, թե Իտալիան:
Նախ` եկեք հասկանանք, թե մեկնարկային երկու խաղերում որտեղ թերացավ մեր հավաքականը եւ հենց Արմեն Գյուլբուդաղյանցը: Իհարկե, մեր մարզիչը ուղղակի չէր կարող չկատարել փորձարկումներ: Եթե դու քո տրամադրության տակ չունես հստակ 11 այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր պետք է խաղադաշտ դուրս գան մեկնարկային րոպեներից, ապա չես կարող խուսափել փորձարկումներից: Հայաստանի հավաքականը կադրային լուրջ փոփոխությունների կարիք ունի: Այն ֆուտբոլիստները, ովքեր հիանալի ֆուտբոլ էին խաղում 5-6 տարի առաջ, արդեն սպառել են իրենց: Արմեն Գյուլբուդաղյանցը չունի կախարդական փայտիկ, որով կարող է բարձրացնել շատերի խաղամակարդակը: Իհարկե, կա նաեւ մարզչի սխալը, որը իսպանական «տիկի-տակա» ոճին ապավինելն է: Այդպես խաղալու համար թիմում գոնե պետք է լինեն 5 մխիթարյաններ: Սա, իհարկե, այդ փորձարկումներից մեկն է, որը հուսանք` չենք տեսնի մյուս խաղերում: Այս անգամ քիչ խաղաժամանակ ստացավ երիտասարդ Պետրոս Ավետիսյանը, ով նույնիսկ այդ քիչ ժամանակահատվածում ապացուցեց իր բարձր խաղամակարդակը:
Հայաստանի հավաքականը մանկական սխալներ թույլ տվեց պաշտպանությունում, եւ այստեղ ինչու՞մ կարելի է մեղադրել Արմեն Գյուլբուդաղյանցին: Նա ֆինների դեմ խաղում հենակետային գոտում դրեց նույնիսկ Մխիթարյանին, սակայն դա էլ օգուտ չտվեց: Եթե մենք ունենք Արտակ Գրիգորյան եւ Կառլեն Մկրտչյան, ովքեր դեռեւս չեն կարողանում համագործակցել միմյանց հետ, եւ եթե ունենք Կամո Հովհաննիսյան, որը փայլում է իր արագությամբ, բայց պաշտպանությունում այդքան էլ լավ չի գործում, ապա ի՞նչ կարող ենք ասել Գյուլբուդաղյանցին: Մկրտչյանը, կարծում ենք, արդեն սպառել է իրեն, Եդիգարյանը` նույնպես, եւ այս պարագայում հավաքականը պետք է խաղա միայն մե՞կ հենակետայինով: Սա ավելի պայթյունավտանգ կդառնա: Չունենք վառ ընդգծված կենտրոնական հարձակվող: Բրիասկոն ու Կարապետյանը կրակագծում տապալում են խաղը, իսկ Մովսիսյանն էլ մարզավիճակի խնդիր ունի: Այստեղ հրաշալի կլիներ տեսնել Մարաշլյանին, սակայն, ցավոք, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայազգի ֆուտբոլիստը կընդունի Ուրուգվայի հավաքականի հրավերը: Հարձակվողներից լավ չեն գործում նաեւ Բարսեղյանն ու Ադամյանը: Այսինքն` մենք ունենք Արաս Օզբիլիս եւ Հենրիխ Մխիթարյան, ովքեր միայնակ չեն կարող վճռել խաղերի ելքը: Այստեղ հարց է առաջանում. ինչպե՞ս պետք է Արմեն Գյուլբուդաղյանցը խուսափի փորձարկումներից: Այս պարագայում մեր ազգային հավաքականի մարզիչը չունի մեղավորության մեծ չափաբաժին: Եթե հարցը հենց մարզչի մեջ էր, ապա ինչո՞ւ Վարդան Մինասյանը վերադառնալով չկարողացավ նույն արդյունքները գրանցել, ինչը գրանցում էր տարիներ առաջ: Հայաստանի հավաքականը չունի մարզիչ փոխելու խնդիր: Հայաստանի հավաքականի խնդիրն այլ է. պետք է թիմը թարմացնել: Դրա համար պետք է զարգացնել մարզային ֆուտբոլը եւ լավ բանակցություններ վարել արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Արթուր Վանեցյանի խոսքերով` այդ բոլոր հարցերը լուծման փուլում են, եւ հարկավոր է միայն ժամանակ: Հուսանք, որ մեր հավաքականը կբեկի ընթացքը եւ կգրանցի լավ արդյունքներ, իսկ աջուձախ Արմեն Գյուլբուդաղյանցին քննադատելով` մենք հավաքականը ավելի կմոտեցնենք անդունդի եզրին:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ