Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում
Հուսանք` մի օր թափառող կենդանիների հարցը կլուծվի մայրաքաղաքում: Ճիշտ է, վերջին շրջանում քաղաքապետարանը մերթընդմերթ հիշում է խնդրի մասին, սակայն էական փոփոխություն դեռեւս չի նկատվում:
ՀԱՐՑ. Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավորություններ առաջանալու համար վաղեմության ժամկետ սահմանվա՞ծ է արդյոք:
Տիգրան Գրիգորյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Գրիգորյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.1 հոդվածով` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո` բացառությամբ «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հարկ վճարողն իր յուրաքանչյուր առաքման վայրի համար (ապրանքների առաքում կամ տեղափոխում իրականացնելու դեպքում) պարտավոր է վարել առանձին գիրք, որը նշված կարգին համապատասխան ներկայացվում է հարկային մարմին` հաշվառման եւ դրոշմակնքման:
ՀԱՐՑ. Զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ո՞ր կատեգորիաների անձինք կարող են դրամական օգնություն ստանալ:
Հրայր Կարապետյան (69 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ զինվորական կենսաթոշակ կարող են ստանալ`
1. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք,
2. այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք,
4. Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,
5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները,
7. Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները,
8. «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձինք,
9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային (այդ թվում` պայմանագրային) կազմի զինծառայողի ընտանիքի անդամները:
Նշված ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը` իր ընտրությամբ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականություններ կատարելիս հաշմանդամ դարձած անձինք, կատեգորիաների անձինք ունեն դրամական օգնություն ստանալու իրավունք: