ՎԱՆԵՑՅԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ ՉԻ ԱՇԽԱՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Նշենք, որ այս հարցը ընդգրկվել է ԱԺ վաղվա քառօրյայի օրակարգում, իսկ քվեարկությունը տեղի է ունենալու փակ, գաղտնի:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը Գարեգին Բաղրամյանի` ՀԾԿՀ նախագահի պաշտոնին նշանակվելու մասին գրել էր դեռեւս անցած տարվա հոկտեմբերին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նա իշխանության ներկայացուցիչներին ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ նախարար աշխատել, քանի որ այդ պաշտոնն իրենը չի համարում: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս ասել է, որ ցանկանում է հետ վերադառնալ իրեն առավել հարազատ ոլորտ, որտեղ նա երկար տարիներ աշխատել է. մինչ նախարար լինելը Գարեգին Բաղրամյանը 2011-2018թթ. եղել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետը: Փաստորեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը մնում է օդից կախված: Նշենք, որ պարոն Բաղրամյանը մեզ հետ զրույցում հերքել էր, որ նման խոսակցություններ կան: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է Գարեգին Բաղրամյանի հետ:
-Պարո՛ն Բաղրամյան, «Ժողովուրդ» օրաթերթը ամիսներ առաջ հրապարակել էր, որ Դուք առաջադրվելու եք ՀԾԿՀ նածագահի պաշտոնում: Դուք մեզ հետ զրույցում հերքեցիք դա: Ինչո՞ւ: Չգիտեի՞ք, որ առաջարկվելու է Ձեր թեկնածությունը, անակնկա՞լ էր Ձեզ համար:
-Այն ժամանակ չէին առաջադրել, դրա համար էլ հերքեցի: Անակնկալ էր այնքանով, որ եթե կառուցվածքային փոփոխություններ կային, կա՛մ պետք է մնայի որպես առաջարկվող նախարար, տեղակալ, կա՛մ առաջադրվեի տվյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այդ ժամանակ, բնականաբար, չեմ իմացել` ոնց վարչապետը ճիշտ կհամարի: Հիմա այդպես է առաջադրել:
-Տեղեկություններ կան այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Ձեզ համար միջնորդել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` հաշվի առնելով Ձեր բարեկամական կապերը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Այդ հարցին բազմաթիվ անգամներ եմ պատասխանել: Դա էական ազդեցություն չի ունեցել, որովհետեւ ես առնվազն 20 տարի այդ համակարգում աշխատում եմ եւ առաջին կարգից իմ ուժերով հասել եմ այն պաշտոնին, որը հիմա զբաղեցնում եմ, եւ չեմ կարծում, որ այդ որոշումը կայացնելուց դա էական դեր է ունեցել:
-Այսինքն` պարոն Վանեցյանի գործոնը որեւէ կերպ չի՞ ազդել:
-Ես չեմ գտնում, որ ազդել է:
-Նաեւ տեղեկություններ կան այն մասին, որ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող, նախկին գյուղատնտեսության նախարար Գեղամ Գեւորգյանը պայքարել է այս պաշտոնի համար, եւ նրան էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է հովանավորել: Այս մասին ի՞նչ կասեք:
-Չգիտեմ նման բանի մասին:
-Պարո՛ն Բաղրամյան, ի՞նչ փոփոխություններ եք իրականացնելու հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում:
-Ես կարծում եմ` պետք է ուշադիր լինել այն ելույթին, որը նախապատրաստվում եմ ունենալ: Այնտեղ մանրամասն կնշեմ 6-7 հիմնական ուղղություններ, որոնք պատրաստվում եմ իրականացնել:
-Ամեն դեպքում, խնդրում ենք, կխոսե՞ք գոնե մեկ փոփոխության մասին:
-Մասնավորապես` ներդրումների, գնումների գործընթացի որոշակի թափանցիկություն եւ օպտիմալացում եմ տեսնում, որ պետք է անել, որովհետեւ դա էական ազդեցություն կարող է ունենալ հետագա սակագների ձեւավորման վրա: Խնդիրներ կան ընդհանուր. այդ գնային ձեւավորման մեխանիզմները ավելի հասու դարձնել հասարակության ավելի լայն շերտերին, որպեսզի իրենք համոզված լինեն` այն գինը, որը վճարում են մատուցվող ծառայությունների համար, առնվազն խելամիտ եւ ողջամիտ չափ է: Այլ հարց է արդեն, որ որոշ հատվածին` սոցիալապես անապահով, դա որոշակիորեն բարձր է թվում, բայց պետք է սպառնողների մոտ բարձրացնել այն վստահությունը, որ իրենք համոզված լինեն` վճարվող գինը արդարացի հաշվարկված է:
Հ.Գ. Ի դեպ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս մասով հարց ուղղեց նաեւ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանին:
-Պարո՛ն Գեւորգյան, ՀԾԿՀ թեկնածուի պաշտոնում առաջադրվելու համար շրջանառվում էր նաեւ Ձեր անունը: Ըստ տեղեկությունների` Ձեզ այդ հարցին աջակցում էր Տիգրան Ավինյանը…
-ՀԾԿՀ նախագահի թեկնածուի անունն արդեն ուղարկվել է Ազգային Ժողով: Նա Գարեգին Բաղրամյանն է: Նա շատ լավ ընկեր է, ես շատ ուրախ եմ դրա համար եւ երբեք չեմ պայքարել այդ պաշտոնի համար: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ԱՐՑԱԽՈՒՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը տեղեկացրել է, որ «Դեպի Արցախ» միասնության ավտոերթի միջոցառումները տեղի են ունենալու 2019թ. մայիսի 25-28-ը ներառյալ:

Ըստ կուսակցության տարածած տեղեկատվության` ավտոերթի նպատակներն են. «Ցույց տալ, որ մեր ազգը միասնական է եւ Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ, խափանել Արցախը ՀՀ-ից հեռացնելու դավաճանական ընթացքը»: Նշվում է նաեւ, որ ավտոերթով շարժվելու են Արցախի տարածքում եւ հանդիպումներ են ունենալու Արցախի վարչական շրջանների կենտրոններում: Իսկ արդեն ամփոփիչ հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 28-ին` ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության հռչակման եւ անկախ պետականության վերականգնման 101-րդ տարեդարձի:
Ավտոերթի կազմակերպիչները նշել են նաեւ, որ այն տեղի է ունենալու միայն եռագույն դրոշներով, կուսակցական դրոշներ չեն լինելու: Իրենց կուսակցական կամ այլ բնույթի պատկանելությունն ընդծելու ցանկություն ունեցող մասնակիցները կարող են այլ խորհրդանիշներ կրել իրենց ավտոմեքենաների, հագուստի կամ այլ իրերի վրա:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ավտոերթի հետ կապված զրուցել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի հետ` պարզելու համար` արդյոք իրենք իրենց ավտոերթը համաձայնեցրել են Արցախի իշխանությունների հետ: «Եթե օրինականության շրջանակներում է, ոչ ոք ոչինչ չի կարող ասել, իսկ պարզ է մեր հայտարարություններից, որ մենք որեւէ անօրինական բան չենք անելու, իրենք էլ իրազեկված են: Երթը միասնության գաղափարին է ուղղված եւ չի կարող ենթադրել որեւէ անօրինականություն բնականաբար: Դրա համար հատուկ համաձայնեցնելու մեկի հետ կարիքը ես չեմ տեսնում, առավել եւս, որ մեր հայտարարության բովանդակությունն էլ ասում է, որ պետք չի այն որեւէ մեկի հետ համաձայնեցնել»,-հայտարարեց մեր զրուցակիցը:
Ըստ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցչի` բոլոր երթերի, ակցիաների ժամանակ էլ հայտարարվել է, որ ավելորդ լարվածություն է ստեղծվելու, բայց իրականում նման բան չի կարող լինել. «Արտառոց բան չկա, լարվածություն չի լինելու, գուցե ներքին լարվածություն ունեն, բայց իրականությունն այլ է. մենք միայն միասնության երթ ենք անելու»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԱՆՀԱՅՏ ՎԱՐՈՐԴԸ
ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործը ուղարկվել է դատարան: Միայն թե նկատենք, որ իրավապահներին չի հաջողվել գործը մինչեւ վերջ բացահայտել. դեռեւս հայտնի չէ անձը, ում մեքենայով ավազակային հարձակման համար մեղադրվողները գնացել են Մկրտումյանի՝ Ձորաղբյուր գյուղի տուն:
Ըստ մեղադրական եզրակացության` Գագիկ Դանոյանը նախնական համաձայնության է եկել ընկերոջ` Հովհաննես Ռիժենկոյի, դստեր ամուսնու` Մայիս Մկրտչյանի եւ գործով ինքնությունը չպարզած անձի հետ:
2018 թվականի օգոստոսի 28-ին` ժամը 22:00-ի սահմաններում, նրանք «BMW X5» մակնիշի մեքենայով գնացել են Արման Մկրտումյանին պատկանող, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատուն: Գագիկ Դանոյանը, Հովհաննես Ռիժենկոն եւ Մայիս Մկրտչյանը դիմակներով մտել են Մկրտումյանի տուն, իսկ ինքնությունը չպարզված անձը սպասել է ավտոմեքենայում: Հայր ու որդի Մկրտումյանները տեսանկարահանող սարքերի միջոցով տեսել են տուն մտնող անձանց եւ դուրս են եկել բակ: Գագիկ Դանոյանը, Հովհաննես Ռիժենկոն եւ Մայիս Մկրտչյանը հարձակում են գործել Մկրտումյանների վրա. Հովհաննես Ռիժենկոն մարտական դիրքի բերված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փողն ուղղել է Արման եւ Գոռ Մկրտումյանների ուղղությամբ, սակայն Գոռ Մկրտումյանը գազային ատրճանակից կրակել է Հովհաննես Ռիժենկոյի դեմքին, ինչից հետո Արման եւ Գոռ Մկրտումյանների եւ Հովհաննես Ռիժենկոյի միջեւ ծեծկռտուք է սկսվել:
Ի վերջո, Արման եւ Գոռ Մկրտումյաններին հաջողվել է վնասազերծել Հովհաննես Ռիժենկոյին եւ վերցնել նրա ձեռքից ինքնաձիգը, ինչը տեսնելով` Գագիկ Դոնոյանը եւ Մայիս Մկրտչյանը փախել են իրենց սպասող «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով, իսկ Ռիժենկոյին Մկրտումյանները հանձնել են իրավապահներին: Հայտնաբերված երեք անձինք կալանավորված են, բայց, փաստորեն, այս գործով եւս մեկը դեռ չի հայտնաբերվել:

 

 

ԱՍԵԼՈՒ ՉՈՒՆԻ
Մարտի 30-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Փոխնախարարին իր աշխատասենյակում 3000 դոլար կաշառք է տվել ՀՀ գլխավոր մանկաբարձ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Ռազմիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրեն այս ընթացքում հարցաքննության հրավիրել են, թե ոչ, սակայն Աբրահամյանը չցանկացավ խոսել` նշելով, թե հիվանդ պառկած է, եւ ասելու այլ բան չունի: Նկատենք, որ նրան եւս մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու համար:




Լրահոս