«ԱՆՄԵՂ» ԹՎԱՑՈՂ ՀԱՐՑԵՐԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԽԽՎ ԵԼՈՒՅԹԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից որեւէ մեկին չի մեղադրել, այլ վեհաժողովին հիշեցրել է այն առաքելությունը, որը ԵԽԽՎ-ն պետք է իրականացնի իրականում:

-Տիկի՛ն Հայրապետյան, տեղի ունեցավ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի նիստը, որը, կարելի է ասել, Հայաստանի համար կարեւոր էր, քանի որ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ ընդդիմադիրների` նիստում վարչապետը պետք է խոսեր Հայաստանի համար ավելի կարեւոր հարցերի մասին, սակայն նա դա չարեց: Դուք ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ-ի այս նստաշրջանի հայկական պատվիրակության աշխատանքներն ու, ընդհանրապես, վարչապետի ելույթը:
-Ես կարծում եմ, որ այս անգամ բավականին հետաքրքիր էր, քանի որ այս անգամ, ի տարբերություն նախորդ անգամվա, քանի որ մենք նախորդին մեկնել էինք անմիջապես ԱԺ-ի ձեւավորումից հետո, այս անգամ հասցրել էինք ժամանակին գրանցվել ելույթների, հարցերի համար. ավելի ակտիվ ստացվեց մեր մասնակցությունը լիագումար նիստին: Իսկապես հետաքրքիր թեմաներ էին քննարկվում, որի ժամանակ խոսվեց Ադրբեջանի լվացքատան մասին, ու շատ արժանահիշատակ էր վարչապետի այցը ԵԽԽՎ ու ելույթը, հնչեցրած կարեւոր ուղերձները, որոնք բավականին ընկալելի էին եվրոպական հանրության համար: Կարեւոր էր նաեւ Ռուբինյանի հարցը ԵԽ Մարդու իրավունքներով հանձնակատարին` հակամարտության գոտիներ կամ, ինչպես անվանում են, գորշ գոտիներ այցերի հետ կապված, ու հանձնակատարը շեշտեց, որ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մարմինը պետք է հասանելիություն ունենա` անկախ տարածքի ճանաչվածությանը: Այդ հարցի վերաբերյալ խոսեց նաեւ Յա Գլանդը վարչապետի հետ համատեղ ասուլիսի շրջանակներում, ու ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է, որին անմիջապես Ադրբեջանի ԱԳՆ-ի մակարդակով արձագանքեցին:
-Բայց ինչպե՞ս արձագանքեցին եվրոպացիները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` 2016 թվականի քառօրյա պատերազմի հետ կապված, քանի որ, կարծես թե, Ն. Փաշինյանը եվրոպացիներին մեղադրեց պատերազմի համար:
-Ես կարծում եմ, որ իրականում մեղադրանք չկար, ուղղակի ավելի շատ Եվրոպայի խորհրդին հիշեցնելու, որ այդ ժամանակ ավելի շատ ակտիվ էին ադրբեջանցիները` խավիարային դիվանագիտության հետ կապված, ընդունվում էին բանաձեւեր, որոնք հետագայում բավականին հակասական ազդեցություն ունեցան այդ հարցի հետ կապված: Վարչապետը դրա մասին էր խոսում ու հիշեցնում էր, որ ԵԽԽՎ-ն հարթակ է նաեւ խաղաղության, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական թեմաների մեջ ներքաշվելու, քանի որ այն ավելի շատ մարդու իրավունքների հետ է կապված, եւ, այսպես կոչված, հիմնականում խաղաղության հարթակ է: Ես կարծում եմ, որ որեւէ մեղադրական հայտարարություն չէր. այն, ինչի մասին խոսեց վարչապետը, ավելի շատ ցույց տալ այդ ելույթով, որ երբեմն «անմեղ» համարվող բանաձեւերը ինչ հետեւանքներ կարող են ունենալ հետագայում մարդկային կյանքերի տեսանկյունից, որպեսզի այդ հարցերում ավելի զգուշավոր լինեն պատվիրակները:
-Այսինքն` եվրոպացի Ձեր գործընկերները համամի՞տ էին այդ հայտարարության հետ: Զրուցե՞լ եք նրանց հետ վարչապետի ելույթից հետո, նեղացվածություն չկա՞ր նրանց կողմից:
-Կարծում եմ` վարչապետի թե՛ խոսքը, թե՛ շեշտադրումները բավականին անկեղծ էին ու գնահատվեցին շատ, քանի որ ո՛չ շատ արարողակարգային էր, ո՛չ էլ շաբլոն. ըստ էության դա նորություն էր քաղաքականության մեջ, եւ այդ ելույթները ավելի շատ են լսվում ու ընկալվում, քան արարողակարգային թվացող ելույթները: Իր անձնական փորձով կիսվելը, թե ԵԽ-ն ինչ դեր է խաղացել իր կյանքում, դրանից հետո անդրադառնալով հակամարտությանը, այն ներկայացնելով մարդկանց տեսանկյունից, այսպես ասած, հակամարտության հումանիզացիան, որը շատ կարեւր հանգամանք է: Քանի որ դրան նախորդող ու հաջորդող ելույթները եւս կառուցողականության, երկխոսության կոչեր էին, իսկ մենք այդկերպ ենք փորձում ներկայանալ եվրոպայի հարթակում, ոչ թե ագրեսիայով, ինչը տարիներ շարունակ անում է Ադրբեջանը: Այսինքն` մենք ոչ թե խոսում ենք ադրբեջանցի պատվիրակների համար, այլ ԵԽ պատվիրակների ու մնացած այլ պատվիրակների համար, որոնց պետք է հասկանալի լինեն քո մեսիջները:
-Նախորդ իշխանությունների ժամանակ մշտապես բարձրաձայնվել է այն հարցը, որ հայկական պատվիրակությանը չի հաջողվում բարձրաձայնել ու ընդունելի դարձնել հայկական կողմին հուզող խնդիրները, ինչը պատճառ է դառնում տարբեր բանաձեւերի ընդունման ու տարբեր հարցերում «պռավալների»: Ձեզ կհաջողվի՞ ԵԽԽՎ-ում լսելի դարձնել հայկական կողմի ձայնը:
-Ես կարծում եմ, որ մենք բավականին հստակ բարձացնում ենք բոլոր այն հարցերը, որոնք մեզ են վերաբերում, ու պետք է նշեմ, որ նույն խավիարային դիվանագիտության եւ այս ընթացքում էլ հատուկ բանաձեւ ընդունվեց ադրբեջանական լվացքատան եւ գլոբալ լվացքատան մասին, ԵԽԽՎ-ն ավելի զգայուն է դարձել այդ հարցերի նկատմամբ, ու կային պատվիրակներ նախկինում, որ կոռումպացված էին Ադրբեջանի կողմից: Կարծես թե վեհաժողովը փորձում է իր հեղինակությունը մաքրել նման դեմքերից` շարունակ խոսելով այդ խնդրի մասին: Կարծում եմ` այդ տեսանկյունից որեւէ խնդիր չկա, իսկ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները մեզ ստիմուլ են տալիս ՀՀ-ն ներկայացնելու յուրովի` որպես յուրահատուկ երկիր, որը առանց արտաքին քաղաքական միջամտության կարողացել է իրականացնել կարեւոր ներքաղաքական փոփոխություններ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

«ՍՊԱՅԿԱ»-Ի ՉՄԹԵՐԵԼԸ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՌԱՋԱՑՆԻ՞ ՍԻՍԱՎԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ Արարատի մարզի գյուղերի բնակիչները հայտնվել են անհարմար վիճակում. նրանց մտահոգել է «Սպայկա»-ի հայտարարությունն այն մասին, որ մի քանի տասնյակ մարզերում դադարեցնում է մթերումները:

Նշենք, որ ընկերությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, եւ նշել, որ ներկայումս ընկերության տնօրենի կալանավորման եւ պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից ենթադրական մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունների արդյունքում սկսվել է արտասահմանյան բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետկանչման գործընթաց, որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում` բեռնատարները:
Օրինակ` Արարատի մարզի Սիսավանի գյուղապետ Սպարտակ Թարթիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ընկերությունը ամեն տարի մթերել է դեղձ, ծիրան: «Միանշանակ մթերել է: Նաեւ կան անհատներ, որոնք եւս մթերումներ արել են: Բայց եթե «Սպայկա»-ն չլիներ, լուրջ խնդիրներ կունենայինք: Միայն «Սպայկա»-ն բերքի շրջանում օրը 20-22 տոննա բերք էր դուրս տանում գյուղից: Մենք բոլորս էլ հույս ունենք, որ ամեն բան կարվի «Սպայկա»-ին հետ բերելու ուղղությամբ: Բայց, մյուս կողմից, մեր պետությունն է, բոլորս էլ պետք է հարկերը վճարենք»,- նկատեց գյուղապետը, ապա երանությամբ հիշեց, որ երբ «Սպայկա»-ի մեքենաները գյուղ են մտնում, եռուզեռ է սկսվում, մարդիկ ակտիվանում են ու ուրախանում: Իսկ Արալեզի գյուղապետ Մարտին Թեւոնյանի խոսքերով` գյուղի բնակիչները հույս ունեն, որ «Սպայկա»-ն կշարունակի մթերումները. ««Սպայկա»-ն չլինի, մեկ ուրիշը կգա: Մի բան կմտածենք»: Ի դեպ, նշենք, որ ընկերությունն արալեզցիներից հիմնականում դեղձ է մթերել:
Ի դեպ, գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը, երեկ լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով «Սպայկա»-ի հայտարարությանը, ասաց. «Մենք էլ հայտարարել ենք, որ ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակենք թե՛ «Սպայկա»-ի, թե՛ մյուս բոլոր ընկերություններին. դրա համար ունենք հատուկ ծրագիր ու համապատասխան ֆինանսական ռեսուրսներ: Կարծում եմ` ֆինանսական ռեսուրսների խնդիր չպետք է ունենանք»: Այս դեպքում մեզ մնում է հավատալ Գեղամ Գեւորգյանին:
Նա նաեւ տեղեկացրեց, որ «Սպայկա» ընկերության արտադրության ծավալները կազմում են արտահանվող հայկական թարմ պտուղ-բանջարեղենի 20 տոկոսը. «Բայց սա չի նշանակում, որ «Սպայկա» ընկերությունը գյուղատնտեսության նախարարության գործընկերը չէ, չի նշանակում, որ մենք փնտրում ենք նոր խաղացողներ «Սպայկա»-ի փոխարեն մտնելու համար»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՏԱՏԸ ԵՎ ԹՈՌՆՈՒՀԻՆ
Ապրիլի 14-ին 911 ծառայությունն ահազանգ է ստացել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով ավտոմեքենան գլորվել է ձորը. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված: Ավտոմեքենան Դիլիջանի ճանապարհի 3-րդ ոլորանում դուրս էր եկել երթեւեկելի գոտուց, բախվել մետաղյա արգելապատնեշին եւ 30 մետր մի քանի անգամ գլորվելով` կողաշրջված վիճակում հայտնվել 4-րդ ոլորանում, բախվել ծառի։ Ճանապարհային ոստիկանները եւ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները պարզել են, որ այդ ավտոմեքենայի վրա կեղծ պետհամարանիշներ են, ավտոմեքենան պատկանում է ապրիլի 13-ին Էջմիածին քաղաքում` իր բնակարանում սպանված անձին։ Դիլիջանցի իրավապահներից տեղեկացանք, որ «Lexus RX300»-ի ավտոմեքենայի ղեկին եղել է 29-ամյա աղջիկ, մեքենայի ուղեւորը եղել է նրա տատը: Նրանք մեկնում էին Բերդի տարածաշրջան, ուր աղջկա տատը հարազատներ ունի։ Հիմնավոր կասկածներ կան, որ այդ աղջիկը այլ անձի հետ մասնակից է ապրիլի 13-ին Էջմիածին քաղաքում կատարված սպանությանը։ Աղջիկը Դիլիջանի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո ոստիկանության կողմից բերման է ենթարկվել, Դիլիջանից տեղափոխվել։ Ապրիլի 14-ին աղջկա տատը, որը վթարի հետեւանքով կոտրվածքներ ունի, տեղափոխվել է Երեւան` «Էրեբունի» բժշկական կենտրոն։

 

 

ԶՈՐԱՆՈՑՈՒՄ ԱՐԹՆԱՑՐԵԼ Է, ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ ընթանում է ժամկետային զինծառայողներ Նարեկ Կարապետյանի եւ Շիրին Մհոյանի դատավարությունը։ Ն. Կարապետյանը մեղադրվում է ծառայակից Շիրին Մհոյանին ծեծի ենթարկելու եւ թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք հասցնելու համար։ Իսկ Շ. Մհոյանին մեղադրանք է առաջադրվել Կարապետյանի կողմից ծեծի ենթարկվելու, իր նկատմամբ բռնություն գործադրելու գործողություններից նեղսրտած` նրան դանակահարելու համար: Ն. Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, Շ. Մհոյանին մեղադրանք է առաջադրվել 359 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս