«ԳՈՒՑԵ ՀԱՆԿԱՐԾ ՍՊԻՏԱԿ ՁԻՈՎ ԱՍՊԵՏ ՀԱՅՏՆՎԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Արմինե Գրիգորյանը: Նա խոսել է գործնական եւ անձնական կյանքի մասին, նշել, որ եթե երգչուհի չդառնար, գուցե իրեն փորձեր բժշկության ոլորտում: Ինչ վերաբերում է անձնականին, Արմինեն իրեն երջանիկ մարդ է համարում, ամուսնանալու ցանկություն այսօր էլ չունի, քանի որ այն համոզման է, որ միայն երեխաներ ունենալու կամ բարեկամների բամբասանքներից խուսափելու համար չարժե ընտանիք կազմել, եթե հիմքում չի լինելու մեծ սեր:

-Արմինե՛, սովորաբար արթնանում եք զարթուցիչո՞վ, թե՞ առանց դրա:
-Եթե շատ պետք լինում է, դնում եմ զարթուցիչ, բայց, սովորաբար, առանց դրա եմ արթնանում:
-Ձեզնից անբաժան աքսեսուար ունե՞ք:
-Այո, ակնոց՝ ամենատարբեր չափերի եւ տեսակների, սկսած արեւայինից մինչեւ օպտիկական, ինչպես նաեւ շարֆ, գլխարկ:
-Ո՞ր եղանակին եք Ձեզ զգում ինչպես ձուկը ջրում:
-Ամռանը:
-Երբեք չեք հրաժարվի համտեսել…
-Ձմերուկ: Անգամ ձմռանը եթե լինի, կուտեմ. շատ եմ սիրում:
-Մականուն, որ ուղեկցել է Ձեզ դպրոցական տարիներին:
-Չեմ ունեցել:
-Կա՞ն հարցեր, որոնք խուսափում եք ինքներդ Ձեզ տալ:
-Ոչ, ես սովոր եմ բաց ճակատով նայել ճշմարտության աչքերին:
-Եթե չլինեիք երգչուհի, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Թերեւս կդրսեւորվեի բժշկության ոլորտում. ինչ-որ չափով ունեմ պոտենցիալ:
-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում հայտնի դառնալուց հետո:
-Բայց ի՞նչը մնաց նույնը: Ամբողջը փոխվեց, մեծ մասամբ՝ դեպի լավը:
-Աստղային կյանքը Հայաստանում ինչպե՞ս կբնութագրեք:
-Ես միշտ ասում եմ, որ Հայաստանում ծնված աստղերը երեւի նախկին կյանքում շատ վատ մարդիկ են եղել եւ այս կյանքում պատժվում են իրենց մեղքերի համար (ծիծաղում է):
-Շարունակե՛ք միտքը. «Կամուսնանամ, երբ…»
-Ամուսնանալու ցանկություն չունեմ, բայց երբեք չեմ կարող ասել երբեք… Գուցե այս տարիքում հանկարծ սպիտակ ձիով ասպետ հայտնվի (ծիծաղում է): Ընդհանրապես, ամուսնության ինստիտուտը շատ է հնացել աշխարհում: Աղջիկներից ոմանք շուտ ամուսնանում են, որպեսզի կարգավիճակ ստանան, կապ չունի՝ հաջող, թե ոչ, կան նաեւ այնպիսիք, որոնք ամուսնանում են հանուն երեխաներ ունենալու: Ես այն համոզման եմ, որ արժե ամուսնանալ միայն մեծ սիրո դեպքում:
-Հարց, որ վերջերս Ձեզ շատ են տալիս:
-Քաղաքական թեմաներով հարցեր են տալիս, օրինակ՝ ինչպես է լինելու մեր երկրի վիճակը, եւ այլն: Ասեմ, որ իմ շրջապատում անգամ շատ թերահավատ մարդիկ հույսով են լցվել ապագայի նկատմամբ:
-Ձեզ ի՞նչ կենդանու եք նմանեցնում:
-Տարով կապիկ եմ, ուստի կառանձնացնեմ հենց այդ կենդանուն:
-Իսկ կենդանակերպի ո՞ր նշանի ներքո եք ծնվել:
-Երկվորյակ եմ, որն, ասում են, անընդհատ տարակուսանքների մեջ է, բայց կապիկը փրկում է այդ առումով:
-Որո՞նք են Ձեր երեք ամենամեծ առավելությունները:
-Չեմ ստում, սկզբունքային եմ ու խղճով:
-Իսկ ունե՞ք բնավորության այնպիսի գիծ, որի համար ինքներդ էլ երբեմն ամաչում եք:
-Իհարկե, կան այդպիսիք: Օրինակ՝ եթե ինչ-որ բան մտքիս դնեմ, բոլոր հարազատներիս կխառնեմ, որ հենց այդ պահին իրականացնեմ: Այդպիսով, կարող եմ նրանց նեղություն տալ, բայց դա միայն ինձ համար չեմ անում, այլեւ հենց նրանց:
-Շարունակե՛ք միտքը. «Եթե կյանքը համառորեն Ձեզ անհաջողություններ է հրամցնում…»
-Ես այն համոզման եմ, որ համարյա բոլոր իրավիճակներից կա ելք: Բայց եթե իրավիճակն անելանելի է, ուրեմն հարկավոր է փոխել վերաբերմունքն այդ իրավիճակի նկատմամբ: Դա է փրկությունը:
-Ընկերներ շատ ունե՞ք:
-Տարիքի հետ ընկերները մաղվում են, քանակը կրճատվում է, որակը՝ բարձրանում:
-Ձեր ներկայիս տրամադրության գույնը:
-Վառ կարմիր:
-Արտիստ, որն, ըստ Ձեզ, կենդանի լեգենդ է:
-Ալլա Պուգաչովան: Նա նաեւ հանճարեղ կին է, միշտ սիրել եմ այդ երգչուհուն: Հայերից կառանձնացնեմ Էլվինա Մակարյանին, թեեւ նա, ցավոք, մեզ հետ չէ, բայց լեգենդ է:
-Եվ վերջին անգամ` շարունակե՛ք միտքը. «Սիրում եմ կյանքը, որովհետեւ…»
-Երջանիկ եմ: Իսկապես, գոհ եմ իմ կյանքից: Իսկ երբ մարդ գոհ է, կյանքը նրան ավելին է տալիս:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԷՔՍՏՐԵՄԱԼ» ԵԼՈՒՅԹ՝ ԱՌԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Արթուր Ալեքն է:

Նա մեզ պատմեց երկու «էքստրեմալ» դեպք, որոնք կապված են բեմի հետ: Մեկը տեղի է ունեցել համերգի ժամանակ, որին մասնակցել է երեք երգչախումբ, այդ թվում՝ «Հովեր»-ը, որի կազմում երգում է Արթուրը. «Կային նաեւ մենակատարներ, խոռն ու նվագախումբը պետք է ձայնակցեին նրանց: Եվ այնպես ստացվեց, որ համերգից ընդամենը մեկ ժամ առաջ երգիչներից մեկը կա՛մ հրաժարվեց, կա՛մ չկարողացավ երգել, հստակ չեմ հիշում: Եվ ես ստիպված էի մեկ ժամում սովորել Ռոբերտ Ամիրխանյանի նոր, ինձ բացարձակ անծանոթ երգերից մեկը: Ռոբերտ Բաբկենիչն ասաց. «Պետք է երգես, իրավիճակը փրկես»: Մի կերպ սովորեցի, հետո ասացի. «Գոնե նվագախմբի հետ մեկ փորձ անեմ մինչեւ բեմ դուրս գալը»: Բայց դա էլ չստացվեց. նվագախումբը գնացել էր ընդմիջման: Այդպիսով, վստահելով նախախնամությանը` բեմ դուրս եկա ու, փառք Աստծո, թեեւ շատ լարված էի, բայց կարողացա ջրից չոր դուրս գալ»,- ծիծաղելով հիշեց երգիչը:
Նա պատմեց նաեւ մեկ այլ դեպք, որը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի շրջանակում կազմակերպված համերգներից մեկի ժամանակ. «Երբ վերջում բոլոր արտիստներով բեմում էինք եւ կատարում էինք Ֆրանսիայի օրհներգը, իմ կողքին կանգնած երգչուհիներից մեկը, չեմ ասի՝ ով, շատ լուրջ դեմքով բերանը կիսատ բացել-փակելով, ականջիս ասաց. «Էնքան մեծ հաճույքով շաուրմա կուտեի»: Ծիծաղելի էր ոչ այնքան նրա ասածը, որքան այդ իրավիճակը, եւ ես հազիվ եմ ինձ զսպել, որ հրապարակավ չծիծաղեմ, մի կերպ անցկացրինք այդ պահը»,-ասաց Արթուրը:
Նա հավելեց, որ նմանատիպ դեպքեր իր կյանքում շատ են եղել. դրանք արդեն դարձել են կենսակերպ, եւ հաճախ դժվար է լինում առանձնացնել որեւէ մեկը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԽԱՇՄԱՆՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
«Ալաշկերտի» պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ թիմը խզել է պայմանագիրը Արամ Ոսկանյանի հետ եւ գլխավոր մարզիչ նշանակել Աբրահամ Խաշմանյանին: Ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է. ««Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի եւ իր մարզչական շտաբի հետ: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, որի գխավորությամբ «Ալաշկերտը» 2 տարի անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամ Ոսկանյանին եւ իր մարզչական շտաբին` կատարած աշխատանքի համար, եւ հաջողություն է մաղթում մարզիչներին` հետագա կարիերայում»:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս