ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը սկսել է աշխատել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի փոփոխությունների ուղղությամբ: Փաստաթուղթը, հիշեցնենք, ընդունվել է դեռ 2007թ. հունվարին ու այս 12 տարիների ընթացքում որեւէ փոփոխության չի ենթարկվել: Փոխարենը այս ընթացքում լրջագույն փոփոխություններ են եղել ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ տարածաշրջանում, ե՛ւ համաշխարհային քաղաքական թատերաբեմում, ինչն էլ իր հերթին առաջ է բերել նոր մարտահրավերներ: ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մասին ակտիվ քննարկումներ եղան հատկապես 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո։ Սերժ Սարգսյանը վերջին անգամ այդ մասին խոսել էր 2018 թվականի հունվարին, երբ ամիսներ անց ՀՀ-ն ամբողջությամբ անցնելու էր խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ ինքն էլ փորձելու էր երկարաձգել իշխանությունը` զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը: Բայց համաժողովրդական ճնշման ներքո ապրիլին Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից. ՀՀ-ում հաղթանակեց թավշյա հեղափոխությունը:
Ինչեւէ, այսօր նոր պայմաններում ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայման եւ լուրջ վերամշակման կարիք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա անվտանգության նոր ռազմավարությունը գրելիս ԱԱԽ-ն ծրագրել է անցկացնել լայն քննարկումներ, հանդիպումներ ունենալ առանցքային քաղաքական ուժերի, քաղհասարակության, պատգամավորների հետ, ստանալ առաջարկներ եւ նոր միայն մշակել այն։ Ավելին, մենք տեղեկացանք, որ արդեն քննարկումների որոշակի կառուցվածք է առկա, եւ առաջիկայում հանդիպում կլինի փորձագիտական շրջանակի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որից հետո էլ կլինի վարչապետի որոշումը՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, եւ դրանից հետո միայն լայն թափով կսկսվեն այդ աշխատանքները։
Ու չնայած հստակ ժամկետներ դեռ չկան, սակայն, ըստ ամենայնի, փաստաթուղթը պատրաստ կլինի 2019թ. վերջին։
ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր 18 տարեկան նորակոչիկներին ծառայության անցնելուց հետո անմիջապես չտանել առաջնագիծ, լուրջ դիմադրության արժանացավ խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից: Հատկանշական է փաստը, որ ԲՀԿ-ի առաջ քաշած գաղափարին դեմ են նաեւ պրոֆեսիոնալ զինվորականները: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ Արթուր Աղաբեկյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կտրականապես մերժելի է համարել այդ նախաձեռնությունը: «Պետք է ընդմիշտ մոռանալ փոփոխություն կատարելու մասին: Անգամ կան երկրներ, որտեղ այդ շրջանը արագացվում է, եւ 45 օր պատրաստությունից հետո զինվորը գնում է մարտական խնդիր կատարելու»,- ասել է նա՝ հավելելով, որ մեզանում հստակ կանոնակարգված է, թե զինվորը որ փուլի համար ինչքան ժամանակ պետք է պատրաստվի: «Կա նախնական պատրաստության շրջան, կա հիմնական պատրաստության շրջան»,-ասել է Աղաբեկյանը:
Ուղիղ 1 ամիս առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց «Ժողովուրդ» օրաթերթում նախաքննության տվյալները հրապարակելու առիթով: Ու մինչ քննություն է ընթանում՝ պարզելու, թե ինչպես են մարտի 1-ի աղմկահարույց գործի հանրային դեմքերի ցուցմունքները հայտնվել մեր ձեռքի տակ, կշարունակենք հատվածաբար ներկայացնել դրանք: Այսօր հերթը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանինն է, որը մանրամասն ցուցմունքներ է տվել գործով: Ըստ նրա` «Ռազմական ոստիկանության վրա դրվել էր խնդիր ապահովել կառավարության շենքի կենտրոնական մասի ֆիզիկական անվտանգությունը… 100 ծառայող է եկել»: Քննիչի հարցին. «Դուք նշեցիք, որ բանակի ներգրավվման հարց էր առաջացել. ի՞նչ հանգամանքներով էր պայմանավորված բանակի ներգրավվելու հարցը, ո՞վ էր նման հրաման արձակել: Ըստ այդ հրամանի` բանակը եւ ռազմական ոստիկանությունն ի՞նչ հրահանգավորում են ստացել, ո՞ր կոնկրետ, ո՞ր դեպքում ի՞նչ գործողություններ պետք է կատարվեին», նախկին ռազմական ոստիկանապետ Գասպարյանը պատասխանել է. «Դե, դա երկրի նախագահի մակարդակով էր նման հարցերը լուծվում… Մեզ ասված է եղել` շենքը պահեք, մենք եկել, պահել ենք… Կա գերագույն գլխավոր հրամանատար»:
Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող արդյունաբերական հսկաները` «Արարատ ցեմենտ»-ը եւ «Հրազդան ցեմենտ»-ը, փակման վտանգի առաջ են կանգնած: Պատճառը հարեւան Իրանից մեծ քանակությամբ ներկրվող ցեմենտն է, ինչի հետեւանքով զգալի նվազել են տեղական ցեմենտի իրացման ծավալները: Ու թեեւ երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հավանության արժանացավ գործադիրի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը` ներկրված ցեմենտի մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ, բայց կա մեկ այլ խնդիր. պետտուրքից ազատվում է ցեմենտի պատրաստման համար օգտագործվող հիմնական հումքը` ներկրվող կլինկերը: Մասնագետները պնդում են, որ էժան կլինկերից ցեմենտ ստանալը բարդ գործընթաց չէ, բայց այս դեպքում առաջ կգա աշխատատեղեր կրճատելու խնդիր, քանի որ ներկրված հումքի դեպքում շատ աշխատակիցներ անելիք չեն ունենա, եւ բացի այդ, ներկրված հումքն անորակ է: Հիմա ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պատրաստվում են այս հարցով բանակցություններ վարել կառավարության հետ:
ԽՈՍՔԻ ԱՆՏԻԿՈՒԼՏՈՒՐԱ
Բրիտանացի դիվանագետ Օ. Չեմբեռլենը բանավիճելիս հաճախ էր հիշում անգլիական հայտնի ասացվածքը` ինչո՞ւ ինքդ հաչես, երբ դրա համար կա շունը: Այսինքն` այն առաքելությունը, որը վերապահված է կենդանուն, չպետք է ստանձնի նաեւ մարդը, եւ հատկապես այն մարդը, որը կրում է քաղաքական գործչի, պաշտոնյայի ծանր գլխարկը: Թերեւս կհամաձայնեք, որ ՀՀ-ում քաղաքական բանավեճի կուլտուրան երբեք աչքի չի ընկել անվերապահ վայելչությամբ, իսկ մասնավորապես հեղափոխությունից հետո նախկին եւ ներկա որոշ պաշտոնյաների խոսքի լեզուն եւ ոճը ուղղակիորեն հակադրվում է անգլիական ասացվածքի տրամաբանությանը: Բավական է աչքի անցկացնել, օրինակ, նրանցից ոմանց ֆեյսբուքյան գրառումները կամ հետեւել ԱԺ-ում նրանց ելույթներին. մասնավորապես երեկվա նիստին հետեւածները հավանաբար դեժավյու ապրեցին՝ մտաբերելով նախորդ գումարման ԱԺ-ների նիստերը, որոնք երբեմն ուղեկցվում էին արդիաչունչ «ռազբիրատներով» եւ ԱԺ կանոնակարգ օրենքի, աշխատակարգի վրա թքած ունենալու «նուրբ» կեցվածքով: Ակնկալվում էր, որ պառլամենտական մոդելի անցած երկրի ԱԺ-ն մասնավորապես հեղափոխությունից հետո պետք է ավելի բարձր նշաձողի հավակնի՝ մեծացնելով հարգանքն ու ակնածանքը արդար ընտրությունների միջոցով ձեւավորված թիվ մեկ քաղաքական ամբիոնի նկատմամբ: Մինչդեռ այդ ամբիոնից վերջին շրջանում հնչող ելույթներից տպավորություն է, թե որոշ գործիչներ ԱԺ-ն շփոթել են ուղղիչ-դաստիարակչական ինչ-որ հիմնարկի հետ, եւ ժողովրդի մանդատն իրացնելու, կառուցողական մթնոլորտում աշխատելու փոխարեն զբաղված են սուբորդինացիայի ճշգրտմամբ, օպոնենտների վրա մատ թափ տալով, նրանց խելք սովորեցնելով` հընթացս կողքինների աչքը խոթելով սեփական քաղաքական փորձն ու «բարեմասնությունները»: Բնական է, որ մի քանի գումարում անընդմեջ պատգամավոր աշխատած պաշտոնյան ստաժի առումով առավելություն ունի նրա նկատմամբ, որն առաջին անգամ է ոտք դրել ԱԺ: Բայց ստաժավոր լինելը միշտ չէ, որ նաեւ «մասնագիտական պիտանիության» երաշխիք է, եւ առավել եւս հիմք՝ ոչ ստաժավորների մարդկային եւ պրոֆեսիոնալ որակները կասկածի տակ առնելու, նրանց հանդեպ քամահրական դիրք բռնելու, նրանց լինելիությունն ԱԺ-ում վիճարկելու համար: Մյուս կողմից էլ քաղաքական մեծամասնության մանդատը դեռեւս հիմք չէ հարաբերական փոքրամասնության ընդդիմադիր կեցվածքը կասկածի տակ առնելու, վերջինիս կարծիքն արհամարհելու եւ հակահեղափոխական լինելու համար մեղադրելու: Պարզապես առկա է ԱԺ կանոնակարգը հարգելու եւ փոխադարձ հարգանքի մթնոլոտում աշխատելու պայմանը մեկընդմիշտ ֆիքսելու անհրաժեշտություն: