Armenian text to speach

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՍՈՒՄ Է՝ ԿՈՒԼԻՍՆԵՐ, ԿԱԲԻՆԵՏՆԵՐ ՉԵՆ ՎԱԶՎԶԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ Ազգային Ժողովի նիստը շատ թեժ մեկնարկեց, քանի որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ցանկանում էր օրակարգում ներառել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ տվյալ փոփոխությունները թույլ կտան բազմաթիվ մարդկային կյանքեր պահպանել: Ինչպես նշեց Էնֆիաջյանը, իրենք առաջարկում են, որ երիտասարդները մարտական հերթապահության անցնեն համապատասխան բազմակողմանի մարտական նախապատրաստվածությունն անցնելուց առնվազն մեկ տարի անց:

Սակայն առաջարկությունը բուռն քննադատության արժանացավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից, որից հետո պատգամավորները դեմ քվեարկեցին օրինագիծը ԱԺ օրակարգում ներառելու հարցին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիփան Փաշինյանի հետ` պարզելու համար, թե ինչու նման կերպ արձագանքեցին նշված օրինագծին:
-Պարո՛ն Փաշինյան, Աժ ԲՀԿ խմբակցությունը ներկայացրել էր մի օրինագծի փոփոխություն, որով առաջարկվում էր զինվորներին բանակ զորակոչելուց մեկ տարի հետո նոր տանել առաջնագիծ: Ինչո՞ւ Ձեր խմբակցությունն այդքան կտրուկ արտահայտվեց, ավելին` դեմ քվեարկեց այն օրակարգում ներառելու համար:
-Պարոն Էնֆիաջյանի բերած հիմնավորումը զոհերի հետ որեւէ կապ չունի, քանի որ, օրինակ, պարզ տրամաբանական հարց է ծագում. մենք ստանում ենք բանակից ցավալի լուրեր, օրինակ` երբ ՊՆ ավտոմեքենան կողաշրջվում է կամ վթարի է ենթարկվում, այդտեղ լինում են զոհեր, իսկ կա՞ մարդ, որ կարող է բացատրել ուսուցման ժամկետի եւ այդ ավտովթարի հետեւանքով զոհված մեր զինվորների կորուստը: Այսինքն` եթե, օրինակ, ավտոմեքենան կողաշրջվում է, տվյալ դժբախտ պատահարի հետեւանքով զինվոր է մահանում, ու այդ զինվորը 5 ամիս է ուսուցման ժամկետը անցած լինում, որը հիմա նախատեսված է օրենքով, ի՞նչ կապ ունի, թե մեկ տարի էր անցել, դա ի՞նչ էական է: Հիմա դա իրենք բերում են` որպես հիմնավորում, դա կետերից մեկն է: Կամ, օրինակ, հրադադարի խախտման դեպքում զոհված զինվորների մասին են խոսում ու տարբեր օրինակներով փորձում է զոհերի թիվը ներկայացնել, որը, ըստ տրամաբանության, որեւէ կապ չունեն ուսուցման ժամկետի հետ: Ու քանի որ սա պաշտպանությանն ու անվտանգությանն է վերաբերում, այս հարցին բազմաթիվ հակափաստարկներ կան, որոնք, բնականաբար, մենք հանրային ամբիոններից չենք կարող հնչեցնել, որովհետեւ այս ելույթները նայում են ոչ միայն ՀՀ-ի սահմաններում, այլ նաեւ սահմաններից դուրս:
-Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավորները մեզ հետ զրույցում նշում էին, որ Ձեր խմբակցությունը որեւէ հակափաստարկ չի կարող բերել, թե ինչու է դեմ օրինագծի փոփոխությանը: Նշեցին նաեւ, որ հրավիրել են բանավեճերի, քննարկումների, սակայն իշխանության ներկայացուցիչները մերժել են: Ինչո՞ւ:
-Ես օրինակ բերեցի. մեզ նայում են մեր հայրենակիցները, մեզ նայում են ամբողջ աշխարհում, ու հիմա, երբ ասում են` մենք ունենք 18 տարեկան ոչ պատրաստված զինվորներ առաջնագիծ գնալու համար, ու տեսեք, թե ինչ զոհեր են լինելու, որտեղ նշվում է դժբախտ պատահարներ, ավտովթարներ, ինքնասպանություններ, որոնք ուսուցման հետ կապ չունի: Չեմ ուզում մանիպուլյացիա ասել, բայց մանիպուլյատիվ հայտարարություններ են անում: Մենք տարբեր նախագծեր, որոնք բերել է ընդդիմությունը, եւ քննարկել ենք, եւ դրանց կողմ ենք քվեարկել, այսինքն` այստեղ ոչ թե ընդդիմություն, իշխանություն հարաբերություններն են, թե որ իրենք են բերել, մենք պետք է չքննարկենք կամ դեմ լինենք, այլ դա ըստ հարցի հայեցողությանն է վերաբերում: Իսկ ես, իմ խղճի ու համոզմունքներից ելնելով, քվեարկել եմ դեմ, դա քննարկվել է նաեւ հանձնաժողովի նիստում, բերվել են տարբեր հիմնավորումներ, թե ինչու է տրվում բացասական եզրակացություն:
-Բայց ընդդիմությունը Ձեզ մեղադրում է անփորձության համար` նշելով, որ Ձեր խմբակցությունը չի կարողանում ընկալել հարցի կարեւորությունը, այլ իներցիայով քվեարկում են: Կա՞ իրականում նման բան:
-Ուղղակի չեմ ուզում կրակի վրա յուղ լցնել, բայց եկեք քննարկենք, թե այդ անփորձություն ասվածը ինչի մասին է խոսքը: Կան երեւույթներ, վատ, շատ վատ երեւույթներ, օրինակ` սենյակից սենյակ վազելով, կուլիսներում մեկի հետ պայմանավորվելով, մեկի բիզնես շահերը ապահովելով, որի փորձը մենք չունենք ու, փառք Աստծո, չենք էլ ունենալու, որովհետեւ մեր արժեհամակարգը նման երեւույթների հետ որեւէ առնչություն չունի: Ես ասում եմ, որ շատ ուրախ եմ` սրա կաբինետ, նրա կաբինետ վազելու, կուլիսներում քննարկելու, բիզնես շահեր պաշտպանելու փորձ չունենք, այլ մենք փորձ ունենք արատավոր երեւույթների դեմ պայքարելու գործում: Ու ի պատիվ մեր ժողովրդի` մենք այսօր այստեղ ենք ու համապատասխան օրենքներով ենք հանդես գալիս:
-Ըստ ընդդիմադիրների` նախկին իշխանությունների հետ լեզու գտնել լինում էր, սակայն Ձեր խմբակցությունը միայն համառություն է անում. ինչո՞ւ եք նման վարքագիծ դրսեւորում:
-Մենք լսում ենք, խոսում ենք, ընդառաջում ենք, եւ երբ որ ինչ-որ մեկը փորձում է մեզ նմանեցնել ՀՀԿ-ի հետ, ես կարող եմ վստահ ասել, որ իրենք երեւի չեն համակերպվում այն մտքի հետո, որ այլեւս այդ արժեհամակարգը չկա:

 

 

 

ՊԱՅՔԱՐՆ ՈՒՆԵՑԱՎ ԱՐԴՅՈՒՆՔ. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ «ԿԸՆՏՐՎԵՆ»

Երեկ Ազգային Ժողովի խորհուրդը` ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ, արտահերթ նիստ է գումարել: Անակնկալ որոշում է կայացվել օրակարգի նախագծերում ընդգրկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը:

Արդեն պարզ է, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն արդեն անցյալում է, ու նոր իշխանությունները որոշել են այդ պաշտոնում «ընտրել» գյուղատնտեսության նախարարի պաշտոնը կատարող Գեղամ Գեւորգյանին:
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեծ ցանկություն ուներ Գեղամ Գեւորգյանին նշանակելու ՀԾԿՀ նախագահի պաշտոնում եւ նա ամեն բան անում էր դրա համար: Բայց ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար միաժամանակ պայքարում էր նաեւ Գարեգին Բաղրամյանը: Վերջինիս այդ հարցում օգնում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Այս պայքարում հաղթեց Արթուր Վանեցյանը. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրեց Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
Բայց, կարծես թե, Տիգրան Ավինյանին որեւէ բան չի կանգնեցրել, եւ նա ամեն գնով իր համար ցանկալի թեկնածու Գեղամ Գեւորգյանին տեղավորել է այլ` ավելի «յուղոտ» պաշտոնի: Արդեն խորհրդարանում տեղի են ունենալու այդ երկու պաշտոնների ընտրությունները, ու դրանց ճակատագիրն արդեն պարզ է, քանի որ իշխանություններն ունեն իրենց համար ցանկալի թեկնածուներ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԼՍՈՒՄՆԵՐ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը որոշել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը մշակել լայն օրակարգով քննարկումներից հետո։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակով նախարարությունը դիմել է Ազգային ժողովի տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովին, որպեսզի նրանց օգնությամբ քննարկումներ կազմակերպի շահագրգիռ կազմակերպությունների, փորձագետների եւ ՏԻՄ-երի ներկայացուցիչների հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ ամենի համար երկշաբաթյա ժամկետ է սահմանված, որից հետո նախարարությունն ու հանձնաժողովը կկազմակերպեն համատեղ լսումներ ու քննարկումներ, եւ միայն այսքանից հետո կկազմվի օրենքը։ Ինչպես հայտնի է, նոր իշխանությունները նպատակ ունեն հիմնովին փոփոխել օրենքը, ՏԻՄ-երի տրամաբանությունը։

 

 

 

Ի ՎԻՃԱԿԻ ՉԵՆ
Լեփսիուսի փողոցում նախօրեին հնչած կրակոցների հետեւանքով մահացել էր 23-ամյա Մուշեղ Ղեւոնդյանը, որը «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահն էր: Իսկ երկու այլ երիտասարդներ, որոնք եւս վնասվածքներ էին ստացել, տեղափոխվել էին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ տեղեկություններ հասան, որ մարմնական վնասվածք ստացած անձինք ի վիճակի չեն եղել ցուցմունք տալու, չեն պատմել դեպքի մանրամասները: Սակայն մինչ այդ իրավապահները քննությամբ պարզել են դարպասապահի եւ եւս երկու անձի վրա կրակողի ինքնությունը, որը համաներմամբ ազատ արձակվածներից է եղել: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասի, 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

 

 

ԲԱՆԱՆԸ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
Երեւանի սուպերմարկետներում բանանի գինը դարձյալ բարձրացել է. մեկ կիլոգրամի գինը որոշ սուպերմարկետներում հասել է 730-740 դրամի: Մի շարք խանութներում էլ այդ գինը տատանվում է 750 դրամի սահմաններում, մինչդեռ օրեր առաջ այն արժեր 620-660 դրամ: Նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մենաշնորհները վերացնելու պահանջ դրեց, բանանը կարճ ժամանակում կտրուկ էժանացավ, ապա ներքին շուկայում ակտիվացան վրացական ընկերությունները, որոնք սկսեցին մեծ քանակությամբ բանան ներկրել, արդյունքում բանանի 1 կիլոգրամի գինը դարձավ 400 դրամ: Բայց սա կարճ տեւեց, եւ որոշ ժամանակ անց բանանի գինը սկսեց բարձրանալ: Ներկրողները պնդում էին՝ սա պայմանավորված է համաշխարհային շուկայում թանկացումների հետ: Այսօր էլ բանանի գնի բարձրացումը պայմանավորված է արտաքին շուկայում առկա հնարավոր գնային բարձրացումների հետ:




Լրահոս