Արդեն տեղեկացրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթում «Մարտի 1»-ի գործով անցնող առանցքային վկաների ցուցմունքների հրապարակման մասով քրեական գործ է հարուցվել: Ու մինչ նախաքննություն իրականացնող մարմինը քննում է՝ պարզելու, թե ինչ ճանապարհով են այդ ցուցմունքները հայտնվել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում, մենք շարունակում ենք պնդել, որ ոչ մի օրենք չենք խախտել, եւ հաջորդաբար հրապարակում ենք մեր ձեռքի տակ գտնվող ցուցմունքներից հատվածներ:
Այս անգամ կներկայացնենք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տված ցուցմունքները, որը 1997-ից մինչեւ 2008 թվականը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետն էր: Գասպարյանը սկզբում քննիչներին բացատրել է, թե որոնք են եղել ՌՈ գործառույթները: «ՌՈ-ն զբաղվել է բանակով եւ բոլոր զինվորականների կողմից հանցագործությունների կանխումը, նախականխումը, բոլոր զինվորականներով մենք ենք զբաղվել: Հետաքննությունն էլ է իրականացվել, այդ ժամանակ արդեն քննչական մարմինն առանձնացվել էր:
Քննիչի հարցին. ««Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Ռազմական ոստիկանությունը գործում է ՀՀ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համակարգում եւ կոչված է ՀՀ զինված ուժերում իրականացնելու սույն օրեքով իրեն վերապահված խնդիրները: Այդ խնդիրները իրեն վերապահված են նույն օրենքի 4-րդ հոդվածով: 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ձեր գլխավորությամբ Ռազմական ոստիկանությունը օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված խնդիրներից հատկապես ո՞րն է իրականացնում: Դուք եւ Ձեր ղեկավարած ստորաբաժանումն ի՞նչ դերակատարություն եք ունեցել 2008 թվականի մարտի 1-ին, այդպես էլ նրան նախորդող, հաջորդող օրերին տեղի ունեցած իրադարձություններին: Առաջարկում ենք նկարագրել Ձեր գլխավորությամբ կոնկրետ Ռազմական ոստիկանության գործողությունները` ըստ ժամանակագրության, ծառայության մեկնելու առաջին պահից մինչեւ ծառայության ավարտը»: Ի պատասխան` Գասպարյանը գրում է. «2008 թվականի մարտի 1-ի գիշերը, երբ Ազատության հրապարակում ոստիկանությունը ցուցարաներին ցրել է, ես այդ մասին իմացել եմ վարչություն աշխատանքի ներկայանալուց հետո: Մասնավորապես, երբ ներկայացել եմ աշխատանքի, ինձ ասացին, որ Ֆրանսիայի դեսպանատան հարակից հրապարակում ցուցարարներ են հավաքվել, իսկ երբ հետաքրքրվեցի, թե ինչ ցուցարարներ են, ինձ պատասխանեցին, որ Ազատության հրապարակում առավոտ` լուսաբացին` ժամը 6-ին, 7-ին, ոստիկանության կողմից ցուցարարներին ցրել են, իսկ ցուցարարների մի մասը ցրվել են, մի մասն էլ տեղափոխվել է Ֆրանսիայի հրապարակ: էտի էտ ժողովուրդն են: Այդ մասին ինձ տեղեկացրել է իմ տեղակալներից մեկը, ինչպես նաեւ այլ աշխատակիցներ, ովքեր այդ տեղեկությունները ստացել են այնքանով, որքանով այդ տեղեկությունները ստացել են: Դա մեր ֆունկցիան չէր: Քաղաքում միտինգ անում են, միտինգ ցրում են, թե ինչ են անում, մենք գործ չենք ունեցել միտինգների հետ, բացարձակ դուրս ենք եղել այդ քաղաքական բաներից: Ես օրերը չեմ կարող հիշել, թե երբ շտաբ ստեղծվեց, այդ շտաբը նստած էր կառավարության շենքում: Խաչատուրովը շտաբի ղեկավարն էր: Կառավարության բոլորն այնտեղ էին, իսկ շտաբը առանձնացված տեղ ուներ, այնտեղ էր տեղակայվել: Ռազմական ոստիկանության վրա դրվել էր խնդիր ապահովել կառավարության շենքի կենտրոնական մասի ֆիզիկական անվտանգությունը:
Անվտանգությունը ապահովվել է հերթափոխով. Ռազմական ոստիկանության 100 ծառայող եկել է ծառայության, ապա որոշ ժամանակ անց նույն քանակով փոխարինվել է: Ռազմական ոստիկանությյունը կառավարության շենքը ապահովում էր հնարավոր հարձակումներից, ներխուժումներից եւ այլ ոտնձգություններից: ԱԱԾ-ի ՊՊԾ-ն եղել է շենքի ներսում, իսկ Ռազմական ոստիկանությունը` դրսում, քանի որ այդ շենքում էր շտաբը: Ինձ ասել են` պահեմ շենքը, ես էլ իմ զորքի կողքն եմ եղել, կատարել ենք այդ հանձնարարությունը: Քանի որ բանակի խնդիրն էր բարձրացվել, ասեցին` եթե հարձակում լինի, այս շենքը ո՞նց են պահելու, ասեցին` Ռազմական ոստիկանությունը շենքի պահպանությունը թող վերցնի իր վրա: Շտաբի պետը Խաչատուրովն էր, այնտեղ կային փոխնախարարներ, ես, այսինքն` կոլեգիայի անդամները: Էնդեղ այդ ժամանակ` մասայական անկարգությունների ժամանակ, շատ օբյեկտներ են վերցվում պաշտպանության տակ: Այդ ժամանակ Ռազմական ոստիկանությունը պետք է իրենց տեղերում գտնվի, զորամասերում գտնվի, Ռազմական ոստիկանության ռեգիոններում գտնվի, մնացել էին Ռազմական ոստիկանության վարչության սպեցնազը` մոտ 70 հոգի` ինքնաձիգներով, հեռուստատեսությամբ էլ ցուցադրել են: Այս տղաները եղել են, պատրաստվածները, իսկ մյուսները` մոտ 100-120 հոգին, եղել են շտաբնիկներ: Ռազմական ոստիկանությունը որեւէ գործողության չի մասնակցել: 2008 թվականի մարտի 1-ին` օրվա երրորդ կեսին են բան արել, որ հավաքվեն շտաբում, Ռազմական ոստիկանության ծառայողներով եղել ենք կառավարության շենքի դիմաց, որտեղ ծառայել ենք մինչեւ հաջորդ օրը` մարտի 2-ի երեկո, երբ արդեն քաղաքում ամեն ինչ հանդարտվել էր: Այդ ժամանակ ասացին, որ այլեւս անհրաժեշտություն չկա, ինչից հետո Ռազմական ոստիկանության ծառայողներին հանգիստ եմ տվել: Ռազմական ոստիկանությունը չի մասնակցել ոչ մի միջոցառումների, բացի կառավարության շենքի պաշտպանությունից, որի ժամանակ դեպքեր եւ պատահարներ չեն արձանագրվել»:
ՀԱՐՑ. Դուք նշեցիք, որ բանակի ներգրավվման հարց էր առաջացել: Ասացեք` ի՞նչ հանգամանքներով էր պայմանավորված բանակը ներգրավվելու հարցը, ո՞վ էր նման հրաման արձակել: Ըստ այդ հրամանի` բանակը եւ Ռազմական ոստիկանությունն ի՞նչ հրահանգավորում են ստացել, ո՞ր կոնկրետ, ո՞ր դեպքում ի՞նչ գործողություններ պետք է կատարվեին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դե դա երկրի նախագահի մակարդակով էր նման հարցերը լուծվում, դա չի մտել իմ լիազորությունների ու իմ հետաքրքրությունների շրջանակում: Մեզ ասված է եղել` շենքը պահեք, մենք եկել, պահել ենք: Թե ոնց, ինչ, երբ, ինչ նպատակով, մեր լուծման խնդիրը չէր, մեր մակարդակով չէր լուծվում: Կա գերագույն գլխավոր հրամանատար, ոստիկանությունը միջոցառումներ է կայացրել: Որոշում է կայացվել, որ ՄՎԴ-ն տարբեր օբյեկտների պահպանությունն է իրականացրել: Այլ ուժեր չէր հերիքում, հարցրեցին, թե ռազմականից …, ես ասեցի` մի 150-160 հոգի են: Շտաբում էին գտնվում ԱԻՆ-ի տեղակալները, ոստիկանության պետի տեղակալները, որոնք տեղից իրականացնում էին օպերատիվ կառավարումը: Ռազմական ոստիկանությանը կառավարության շենքը պահպանելու ցուցումը տվել է Խաչատուրովը, ով ղեկավարում էր շտաբը: Բերել էին քարտեզներ, ինչ-որ բաներ էին պլանավորում, որ փողոցները, չգիտեին, դրա համար չեմ խառնվել, չեմ միջամտել:
ՀԱՐՑ. Ի վերջո, բանակը ներգրավվե՞ց, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ իրադրությունից ելնելով, ո՞ւմ որոշմամբ, ի՞նչ նպատակով, ի՞նչ գործողություններ պետք է կատարվեին:
Ցուցմունքի շարունակությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՉԸՆՏՐՎԵՑ ԵՎ ԿԳՆԱ ԳԵՐՄԱՆԻԱ
Երեկ ՀՀ Ազգային ժողովում հերթական քառօրյան էր, որի օրակարգում ընդգրկված էր նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը: Ինչպես եւ սպասվում էր, ՍԴ անդամության թեկնածու Գոռ Հովհաննիսյանը չընտրվեց. ի սկզբանե իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր Հովհաննիսյանի թեկնածությունը մերժելու մասին: Եւ երեկ նա ստացավ 75 դեմ, 24 կողմ ձայն, եւս 2 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթը ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք նա մնում է այն կարծիքին, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ընտրությամբ խախտվել է Սահմանադրությունը:
-Պարո՛ն Հովհաննիսյան, Ձեր հրապարակումներից մեկում հայտնել էիք, որ ԲԴԽ նախագահի ընտրությամբ խախտվել է Սահմանադրությունը: Ներկայումս Դուք ՍԴ դատավորի թեկնածու եք. կրկին նույն կարծիքի՞ն եք, թե՞ ներկայումս Ձեր դիրքորոշման մեջ ինչ-որ բան է փոխվել:
-Այդ մասին ես շատ մանրամասն ասել եմ, անգամ իմ այդ վերլուծությունը ինձ էլ է դուր եկել. ամեն անգամ չէ, որ իմ վերլուծությունները ինձ դուր են գալիս: Ես ամենաբարձր մակարդակով վերլուծել եմ նորմերի սահմանադրականությունը, չեմ հիշում այդ ամբողջը, բայց յուրաքանչյուր ոք, բացելով հրապարակումը, կարող է մանրակրկիտ կարդալ իմ վերլուծությունը:
-Եթե չընտրվեք, ի՞նչ եք անելու:
-Բոլոր դեպքերում, ցանկացած որոշում կընդունեմ շատ նորմալ, շատ կուրախանամ, եթե Ազգային ժողովը համարի, որ ես կարող եմ աշխատել որպես ՍԴ դատավոր, եւ այդ դեպքում հնարավորություն կունենամ իրականացնելու իմ նպատակը, որը, ասել եմ, մեկն է` զարգացնելու հայկական իրավունքը:
-Իսկ եթե չցանկանա՞ն..
-Ես նույնպես նորմալ կհամարեմ, եւ հաշվի առնելով, որ ունեմ աշխատանքային պայմանագիր, Գերմանիայում կշարունակեմ աշխատել գերմանական համալսարանում:
-Այսինքն` Հայաստանից կգնա՞ք:
-Ես պարտավոր եմ գնալ, քանի որ ունեմ աշխատանքային պայմանագիր:
Հ.Գ. Նկատենք, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ դատավորի պաշտոնում ցանկանում է տեսնել փաստաբան Վահե Գրիգորյանին, որը մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է ՄԻԵԴ-ում:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հովքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերեւույթ չարաշահելու դեպքի հանգամանքները: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հովքի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քր. օր. 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐ
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Լոռի» ջրօգտագործողների ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են պաշտոնեական դիրքն օգտագործելով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշմամբ` հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր. 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի, ՀՀ քր. օր. 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: