«ՍԽԱԼ ՄՏՔԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երաժշտությունն անկեղծ մտածելու մի ձեւ է: Կարեւորը այդ մտածողությանը հասնելն է: Որքան էլ մեզ Թուրքիայում չէին սիրում, խոստովանում էին՝ հայերը ստեղծագործ մարդիկ են: Հիմա էլ Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդ երաժիշտներ, կոմպոզիտորներ կան, բայց նրանք դրսեւորվելու համար համապատասխան պլատֆորմ չունեն, դրա համար էլ գնում են ուրիշ երկրներ, ինչը ցավալի է»,-ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Գրեմմի»-ի մրցանակակիր, կոմպոզիտոր, երաժիշտ, երգիչ Արտո Թունջբոյաջյանը:

Հայաստան գալու առիթն այս անգամ ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ «5th Season» խմբի «Gate of Frequency» խորագրով համերգն է, որին մասնակցում է նաեւ ինքը՝ Թունջբոյաջյանը: Բացառիկ ձեւաչափ ունեցող համերգին Կամերային նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Իսկ «5th Season» խմբի կազմում բացի Արտո Թունջբոյաջյանից ելույթ կունենան նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, Սամ Սարյանը, Մակար Նովիկովը: Համերգը նոր ստեղծագործությունների ու փորձարարական ինքնատիպ ձեւաչափի համադրություն է: Արտո Թունջբոյաջյանը, խոսելով Հայաստանում ստեղծագործող երիտասարդների մասին, տեսակետ հայտնեց, որ նրանց առաջ գնալու համար վստահություն է հարկավոր, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ավագ սերնդի ներկայացուցիչները երիտասարդների կողքին լինեն:
«Անընդհատ հետ ենք գնում, վաղվա համար մի բան չենք առաջարկում: Իսկ այդ «վաղը» ինձ համար շատ կարեւոր է: Պետք է ուշադիր լինենք, տեսնենք՝ կյանքն ինչպես է առաջ գնում, դրա համար էլ մենք այսօր երաժիշտներով միավորվել ենք»,-ասաց նա: Ըստ Թունջբոյաջյանի՝ ամեն բան մեկ անձից է սկսվում, բայց, միեւնույն ժամանակ, ոչինչ մեկ անձով չի ավարտվում:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք Հայաստանը մշակութային հեղափոխության կարիք ունի, պարոն Թունջբոյաջյանը պատասխանեց՝ միանշանակ այո. «Երգի պետական թատրոնում, օրինակ, մարդիկ նստել են, սենյակներ են զբաղեցնում, փող են աշխատում եւ սխալ մտքերով թունավորում են երիտասարդներին: Հաճախ ոմանք, անուններ չեմ տա, 12 տարեկան երեխաներին հին, ոչ արդի ձեւերով Սայաթ-Նովա երգեցնելով՝ այդ երեխաների տաղանդի «թաղում»-ն են անում եւ դեռ դրանով էլ հպարտանում են»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Նա կրկին ընդգծեց՝ երիտասարդների առաջ գնալու պատասխանատվությունը մեծերի ուսերին է. «Ավագ սերունդն իր էգոն չպետք է դնի այդ հարաբերությունների հիմքում. հաճախ մեծերը փորձում են վերահսկել երիտասարդներին, ստիպում են իրենց պես մտածել: Դա սխալ մեթոդ է»,- նկատեց մեր զրուցակիցը:
Վերադառնալով համերգին՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ դա ինչ-որ առումով էքսպերիմենտ է լինելու, որը մինչեւ վերջին վայրկյանը կարող է գաղտնի մնալ. «Ամբողջ երաժշտության պատմությունն է էքսպերիմենտ… Մենք դասական նվագախումբ ենք, բայց բաց ենք նորությունների համար: Երաժշտության նոր լեզուները հետաքրքրում են մեզ: Պետք է կարողանանք նաեւ այդ նոր լեզուներով խոսել»,-մեկնաբանեց նա:
Ինչ վերաբերում է երիտասարդ ստեղծագործողների համար պլատֆորմ ստեղծելուն, պարոն Մարտիրոսյանը նկատեց. «Մարդկանց տարիներ շարունակ սովորեցրել են ինչպես որեւէ բան անել: Դա սխալ է: Պետք է սովորեցնել՝ ինչպես փնտրել: Արվեստի մարդու գործը այդ փնտրտուքների մեջ լինելն է: Իսկ երբ ինչ-որ ճանապարհի վրա ես ընկնում, պետք է մինչեւ վերջ գնաս»:
Վահագն Հայրապետյանն էլ տեսակետ հայտնեց, որ համերգը երիտասարդ երաժիշտների, ստեղծագործողների միտքը պարզելու լավ միջոց է. «Այսօր ո՞վ գիտի Ալան Հովհաննեսին. շատ քչերը: Բայց նա պետք է ավելի ճանաչելի լիներ: Այդ կոմպոզիտորը չի վախեցել սխալ նոտաներից, մենք էլ մեր հերթին այդ վախը պետք է հանենք ստեղների միջից»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

«ՀՐԴԵՀԻ ԴԵՊՔՈՒՄ 3 ԿԱՌՈՒՅՑ ԿՎՏԱՆԳՎԻ»

Հաշվի առնելով Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին բռնկված հրդեհի նախադեպը, որի հետեւանքով քանդվեցին տաճարի աշտարակն ու կտուրը՝ հուժկու ավերածություններ պատճառելով կոթողին` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը հետեւյալ գրառումն է կատարել. «Այսպիսի տեսարան չունենալու պատճառով Մշակույթի նախարարությունը արգելել էր Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Հայաստանի պատմության թանգարանի տանիքից հրավառություն անել. միջոցառում կազմակերպողները մեզնից դժգոհ էին, քանի որ բարձր կետից հրավառությունն ավելի տպավորիչ է, բայց անվտանգությունը առաջնային է»:

Նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց՝ պատկերասրահը տեղակայված է քաղաքի այնպիսի հանգույցում, որտեղ, օրինակ, հենց հրդեհի պարագայում դեպքի վայր հասնելու համար հրշեջներից կպահանջվի կես ժամից մեկ ժամ, իսկ դա հսկայական ժամանակահատված է, եւ այդ ընթացքում շատ հավանական է` պատկերասրահում տեղակայված մշակութային արժեքներն ամբողջովին այրվեն. «Նախ՝ շենքը նախատեսված չէ պատկերասրահի համար. այնտեղ չկան տարրական պայմաններ, ամռանը շոգ է, ձմռանը ցուրտ է, դրա մասին բազմիցս խոսվել է, բայց, բացի այդ, տվյալ տարածքում տեղակայված է միանգամից երեք թանգարան՝ Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահն ու Գրականության եւ արվեստի թանգարանը: Սա կոնցեպտուալ առումով մեծ սխալ է: Աստված չանի, եթե հրդեհ բռնկվի, այս երեք կառույցներն էլ վտանգի տակ են հայտնվելու, ուստի եթե հնարավոր չէ թանգարանների համար հակահրդեհային հզոր համակարգերով շենքեր կառուցել, գոնե պետք է կառույցներն ապակենտրոնացնել, որպեսզի վտանգի պարագայում միանգամից երեքը չհայտնվեն թիրախում: Եթե Ֆրանսիայի պես երկիրը թեեւ դժվարությամբ, բայց կարող է իրեն թույլ տալ վերականգնել տաճարը, մեր պարագայում թե՛ մասնագիտական, թե՛ ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով շատ ավելի դժվար կլինի մեր արժեքները վերականգնել: Ուստի հարկավոր է նախապես ուղիներ մտածել վտանգից խուսափելու համար»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Տիգրան Գալստյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ թանգարանների շենքերն ապակենտրոնացնելու հարցը նախարարությունում երբեւէ չի քննարկվել. «Ավելի լավ է` ուշադրությունը կենտրոնացնենք Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից արագ եւ արդյունավետ աշխատանք ապահովելու եւ այդկերպ վտանգներից հնարավորինս խուսափելու, քան թանգարանների ապակենտրոնացման վրա»,-կարծիք հայտնեց նա:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

100 ՄԻԼԻՈՆ ԿՓՈԽԱՆՑԻ
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ հրդեհ էր բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիական «Ռենն» թիմի սեփականատեր Ֆրանսուա Անրի Պինոն հանդես է եկել հայտարարությամբ եւ նշել, որ 100 մլն եվրո կտրամադրի տաճարի վերակառուցման համար. «Սա մեծ ողբերգություն է, որը դիպչել է յուրաքանչյուրիս սրտին: Ամեն ինչ կանենք, որ տաճարը վերականգնվի որքան հնարավոր է շուտ: Ես եւ հայրս որոշեցինք «Արտեմիս» ընկերության ֆոնդից տրամադրել 100 մլն եվրո»:

 

 

ԱՄԵՆ ԲԱՆ ԿԱՐԳԻՆ Է
Ole-ն հավաստիացնում է, որ Պելեն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, եւ նրա հետ ամեն ինչ կարգին է: Լեգենդը հոսպիտալացվել էր ապրիլի 2-ին եւ ապրիլի 14-ին ենթարկվել վիրահատության, որը բարեհաջող ընթացք է ունեցել: Բժիշկները հեռացրել են նրա միզուղիներում առկա քարերը եւ արդեն դուրս գրել հիվանդանոցից:

 

 

ՈՒԵՖԱ-Ն ԱՋԱԿՑԵԼՈՒ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ
Իսպանական ESPN-ը հավաստիացնում է, որ եթե Լոնդոնի «Արսենալը» դուրս գա Եվրոպա Լիգայի եզրափակիչ, ապա ՈՒԵՖԱ-ն կաջակցի Հենրիխ Մխիթարյանին Անդրբեջանի վիզա ստանալու համար: ESPN-ը նշում է, որ դա ՈՒԵՖԱ-ի համար սովորական գործընթաց է, եւ ֆուտբոլիստի համար խնդիրներ չեն առաջանա:
Հիշեցնենք, որ եզրափակչի հանդիպումը կկայանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

 

 

ԱՐՏՈՆԱԳԻՐ Է ՍՏԱՑԵԼ
Իրանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը, որն ազգությամբ հայ է, մարզչական Բ կարգի արտոնագիր է ստացել եւ հայտնել, որ առաջիկայում հնարավոր է վերսկսի նաեւ ֆուտբոլիստի կարիերան: Հավելենք, որ նա Իրանի հավաքականի միակ քրիստոնյա ֆուտբոլիստն էր:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս