Լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելը եւ այդպես մամուլին ճնշելու փորձերը կարծես ավանդույթ են դառնում: Հիմա էլ «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանը` իբր զրպարտության համար որպես փոխհատուցում պահանջելով 1.5 մլն դրամ: Իսկ ի՞նչ էր արել «Ժողովուրդ» օրաթերթը: Մենք, հավատարիմ մեր մասնագիտությանը, այս ծրագրի վերաբերյալ հետաքննություն էինք անցկացրել` բարձրաձայնելով մտահոգությունները, թե ծրագիրը կարող է լավ մտածված խաբեություն լինել: Նման կասկածներ ունենալու համար կան հիմքեր, oրինակ` ծրագրի՝ Արմավիրի մարզը համակարգող Վան Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Էջմիածնի քաղաքային իշխանության հետ համագործակցություն կա, այնինչ քաղաքապետ Դիանա Գասպարյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը` նշելով, որ իրեն դիմել են, որպեսզի քաղաքապետարանը հող տրամադրի, սակայն ինքը մերժել է, քանի որ իրեն չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթեր, եւ այդ ամենը քաղաքապետին առնվազն կասկածելի է թվացել: Նշենք, որ գրեթե նույն իրավիճակն է եղել Մեծամոր համայնքի դեպքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը եւս կասկածներ է հայտնել այդ ծրագրի հետ կապված: «Մենք իրենց հետ չենք համագործակցում եւ չենք համագործակցել ո՛չ Արմավիրի մարզպետարանի կարգավիճակով, ո՛չ քաղաքապետարանի կարգավիճակով… Ես իմ անձնական կարծիքն եմ ասում` իրենք ինձ վստահություն չեն ներշնչում եւ ընդամենը այդքանը: Ես այդ ծրագրի ղեկավարների հետ առանձին հանդիպումներ չեմ ունեցել, ուղղակի փաստաթղթերին եմ ծանոթացել»,- նշել է նա: Այլ կերպ ասած, նաեւ պետական մակարդակով այս ծրագրի վերաբերյալ կա լուրջ անվստահություն, հետեւաբար` խնդիրն ուրիշ տեղ է: Ու իրավապահները, այս ծրագրի օրինականությունը բացահայտելու հետ կապված, լուրջ անելիք ունեն:
Նախօրեին լուրեր տարածվեցին, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ հեմոդիալեզի սարքավորումների գնման գործընթացի վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը եւս կասկածյալի կարգավիճակում է: Ու կրկին ակտիվացել են Սանասարյանի հրաժարականի մասին խոսակցությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական շրջանակներում Դավիթ Սանասարյանի փոխարեն այս պահին դիտարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի թեկնածությունը: Նշենք, որ նա թավշյա հեղափոխությունից հետո` մինչեւ պատգամավոր դառնալը, եղել է ՊՎԾ պետի տեղակալ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տիգրան Ուլիխանյանը, սակայն, նշեց. «Ինձ այդպիսի ցանկության մասին չեն հայտնել, նման առաջարկ չեմ ստացել»։ Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու համար հիմք է հանդիսացել այն, որ նրա դեմ ցուցմունք է տվել ՊՎԾ աշխատակից Գեւորգ Խաչատրյանը, որը նախկինում աշխատել է ՊՆ-ում, սակայն այդտեղից գնումների հետ կապված աղմկահարույց մի պատմությունից հետո ազատվել է: Ինչ վերաբերում է Սանասարյանին, ապա նա այսօր պաշտպանության կարիք ունի:
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որ ենթադրում է պետական ապարատի կրճատում, երեկ խորհրդարանում բավական թեժ քննարկումների առարկա էր դարձել: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ կառավարությունը չի ներկայացրել կոնկրետ թվեր, թե օպտիմալացումների հետեւանքով քանի հոգի է կրճատվելու, որքան գումար է տնտեսվելու: Իշխանություններն էլ վստահեցնում էին, որ կրճատումները միանգամից չեն արվելու: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց որ վերամիավորման ենթակա նախարարություններից Գյուղատնտեսության նախարարությունում կա 130 հաստիք, Մշակույթի նախարարությունում՝ 110 հաստիք, Սփյուռքի նախարարությունում՝ 80 հաստիք, նույնքան հաստիք էլ` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Ու նախապես կրճատվում է 78 հոգի՝ փոխնախարարներ, վարչությունների պետեր, այնուհետեւ բաժինները միավորվելու են, որից հետո աշխատակիցների աշխատանքը գնահատվելու է բալային համակարգով, ու այդ ժամանակ կլինեն բուն կրճատումները:
Ապրիլի 8-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր 84-ամյա կնոջ սպանության կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկված 36-ամյա Էդգար Ծատինյանը: Նրա ընտանիքի անդամները պնդում են՝ Ծատինյանը մահացել է ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո խոշտանգումների հետեւանքով: Այժմ նրա հարազատների հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցված, սակայն իրավապահ համակարգի մեր աղբյուրները պնդում են՝ Ծատինյանի մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել, ոստիկանությունն էլ պաշտոնապես տեղեկացրել է, որ նախնական տվյալներով` մահվան պատճառը սուր սիրտ-անոթային անբավարարությունն ու սուր թունավորումն է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ծատինյանը նախկինում դատապարտված է եղել: Կասկածներ կան, որ ընկերը նախապես զգուշացրել է երկուսին սպանության կասկածանքով բերման ենթարկվելու հավանականության մասին: Ծատինյանն էլ, ըստ այդ լուրերի, ասել է, որ չվախենա. «Երբ գան, նրանից կխմենք, բաժնում կվատանանք ու կփրկվենք»: Ամեն դեպքում, իրավապահ համակարգը քննում է բոլոր վարկածները:
ԿԱՐԻԵՐԱՅԻ ԱՆՑԱԹՈՒՂԹ
Խորհրդային տարիներից եկող մի կարծրատիպ կա, ըստ որի՝ պետական համակարգում կամ այլ ոլորտում կարիերայի առաջխաղացում ունենալու համար գիտելիքն ու ձեռնահասությունն այնքան էլ կարեւոր չեն, կարեւորը «տանիք» կամ հովանավոր ունենալն է, կուսակցական տոմսը կամ էլ ինչ որ մեկի ծանոթը, սանիկը, մարտական ընկերը կամ թեկուզ բաջանաղը լինելը: Այս մտայնության հիմքում, անշուշտ, բացի սոցիալ-մշակութային գործոնից, ընկած է նաեւ մեր երկրի փոքր լինելու, բոլորը բոլորի հետ հեռավոր ազգակցական կապեր ունենալու հանգամանքը: Ոչ վաղ անցյալում են այն ժամանակները, երբ ղարաբաղցի լինելն էր համարվում «անցաթուղթ» կարիերայի անմատչելի բարձունքները նվաճելու համար: Իսկ երբ որեւէ մեկը բարձր ու յուղոտ պաշտոնի էր նշանակվում, շատերին դա կասկածամիտ հետեւության տեղիք էր տալիս՝ «հո ղարաբաղցի չէ՞»: Երբ ՀՀԿ-ի իշխանության ծաղկուն շրջանն էր, որեւէ պաշտոնում նշանակվելու կամ ընտրվելու կարեւոր նախապայմանը այդ կուսակցությանն անդամատոմս ունենալն էր, որովհետեւ այն «քար էր ճղում», «սարեր շուռ տալիս», փրկում բանտից եւ այսպես շարունակ… Հեղափոխությունից հետո, երբ երբեմնի «ասող» ուժը հայտնվեց տոտալ մերժման ռեժիմում, եւ «գրասենյակը» սկսեցին զանգվածաբար լքել, հակառակ պրոցեսը նկատվեց մեկ այլ կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» դեպքում. մարդիկ զանգվածաբար սկսեցին անդամագրվել «հաջողության կուսակցությանը»՝ այժմ էլ այն դիտարկելով որպես կարիերա անելու հուսալի տրամպլին: Այսինքն, սեփական ուժերին չվստահելու, անձնային եւ մասնագիտական որակները օժանդակիչ զանազան գործոններին ստորադասելու մտայնությունը դեռեւս խորը նստած է մարդկանց գիտակցության մեջ: Եւ պատահական չէ, որ երբ այս օրերին խոսվում է որեւէ մեկին պաշտոնի նշանակելու մասին, քչերին են հետաքրքրում վերջինիս մասնագիտական որակները, իսկ թե որ կուսակցությունից է նա, ում բաջանաղն է եւ արդյոք քայլել է հեղափոխության օրերին, շատերին է հետաքրքիր: Մարդու կարիերայի առաջխաղացումը մեկ այլ ազդեցիկ մարդու կամ գործոնի միջնորդությանը վերագրելը, անշուշտ, պատիվ է բերում նրան, որը ստանձնել է միջնորդությունը, իսկ երբ պաշտոնյան սայթաքում է կամ տապալում իրեն վստահված ոլորտը, բոլորը նույն պահին հիշում են միջնորդին ու մատնանշում՝ էսինչի թիմից է, էսինչի սանիկն է կամ աներձագը: Այնպես որ, ժամանակ է, որ մի հեղափոխություն էլ պաշտոնյաների գնահատման չափանիշների ոլորտում տեղի ունենա, եւ պաշտոնյան նույնականացվի միմիայն սեփական վաստակի ու անցած ճանապարհի հետ՝ ազատվելով որեւէ մեկին պարտական լինելու կամ սեւերես թողնելու խնդրից: