ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում երեկ շարունակվեց ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի» քննարկումը, եւ ինչպես սպասելի էր, ընդդիմության ներկայացուցիչները գտել էին նախագծի թույլ կողմը` անընդհատ մատնանշելով այդ բացթողումները: Եվ, իսկապես, բացթողումներն ակնառու էին։

Մասնավորապես, երբ ընդդիմադիր պատգամավորները հարցը զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարցրին, թե ինչ տրամաբանությամբ են այս կամ այն նախարարությունները միավորվում, կամ կա հաշվարկ` որքան է բյուջեն գումար տնտեսելու այդ օպտիմալացումից, նախարարը հայտարարեց, թե ոչ մեկը չի կարող ասել, թե որքան գումար կտնտեսվի այդ օպտիմալացումից, իսկ միավորումներն արվել են կառավարություն «զգացածով», այսինքն՝ ինտուիցիայով։
Ստացվում է՝ կառավարությունը լրջագույն ծրագիր է իրականացնում, բայց դրա հիմքում չկա որեւէ հաշվարկ, անգամ գնահատական, թե այս միավորումներն ինչ արդյունք կունենան եւ ինչպես կանդրադառնան ոլորտների զարգացման վրա։ Միգուցե այդ հաշվարկներն արվելու դեպքում առհասարակ այլ տրամաբանությամբ տեղի ունենար կառավարության օպտիմալացումը։
Առաջին հերթին բոլորին մտահոգում է աշխատատեղերի կրճատումը եւ նաեւ այն գումարները, որոնք տնտեսվելու են այդ ամենի արդյունքում, սակայն կառավարությունը փաստացի կա՛մ դեռ չունի, կա՛մ էլ չի ցանկանում հրապարակել։
Եվ քանի որ երեկ գրեթե բոլոր ընդդիմադիր պատգամավորները հենց այդ հարցն էին բարձրաձայնում, կարճատեւ, սակայն հետաքրքիր ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Արձագանքելով կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ թվային տվյալներ հնչեցնելու պահանջներին` նա նշեց, որ հատկացված 2 րոպեն կարճ է, բայց բավարար է՝ բացահայտելու ամենակարեւոր առեղծվածը, այն է՝ թվերը:
«Ես հիմա հնչեցնելու եմ թվերը. 78 եւ 346 մլն 148 հազար, 264, 69»։ Թերեւս 78-ը աշխատակիցների թիվն է, իսկ գումարն էլ տնտեսվելիքը։ Առհասարակ մյուսները հրաժարվում էին կոնկրետ թվեր հնչեցնել, սակայն ասում էին, որ խոսքը մի քանի տասնյակ աշխատակիցների մասին է։
Ինչպես հայտնի է, կառավարության կառուցվածքային փոփոխությունների այս նախագծով 5 նախարարություն կրճատվելու է. նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը, երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի եւ Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո:
Եվ ինչպես տեսնում եք, ձեւավորվելու են նոր` «սուպեր» նախարարություններ. դրանք են Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը: Եվ այդ «սուպեր» նախարարությունների կողքին մյուսները կգործեն առանձին։ Եվ այստեղ հետաքրքիրն այն է, որ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով` այս նախարարություններին մեծ գումարներ են հատկացվել։ Օրինակ` 2019 թվականի պետական բյուջեի նախագծով` ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 15 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար: Ընդ որում, այդ գումարը ավել է եղել 2018 թվականի պետական բյուջեի հատկացումներից. այն ժամանակ հատկացված է եղել 11 մլրդ դրամ։ Գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 16 մլրդ 85 մլն դրամ, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը՝ 47 մլրդ 947 մլն դրամ։
Գրեթե նույնքան գումար է հատկացված եղել Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ 45 միլիարդ 197 միլիոն դրամ։ Այս նախարարությունից, ինչպես հայտնի է, տրանսպորտի ոլորտն առանձնացվելու է։ Ամենաքիչ գումարը ստացած է եղել Սփյուռքի նախարարությունը, որն էլ առհասարակ լուծարվում է. 2019 թվականի բյուջեով հատկացված է եղել 1 մլրդ 148 մլն դրամ։ Իսկ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված է եղել 4 մլրդ դրամ։ Այսինքն` այդ գումարների մեծ մասը տնտեսվելու է, չնայած դա արվելու է մեծ թվով աշխատատեղերի կրճատման հաշվին նաեւ։ Եվ չնայած այժմ նշվում է մի քանի տասնյակը, սակայն հետագայում կրճատումները շատ են լինելու՝ մի քանի հարյուրի հասնող, սակայն արդեն անհատական գնահատումներից հետո։
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերամիավորման ենթակա նախարարություններից Գյուղատնտեսության նախարարությունում կա 130 հաստիք, Մշակույթի նախարարությունում՝ 110 հաստիք, Սփյուռքի նախարարությունում՝ 80 հաստիք, նույնքան հաստիք էլ` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: ՈՒ նախապես կրճատվում է 78 հոգի՝ փոխնախարարներ, վարչությունների պետեր, մյուս դեպքերում նույն բաժինները միավորվելու են, որից հետո աշխատակիցների աշխատանքը գնահատվելու է բալային համակարգով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՉԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ
Այս տարվա հունվարին Արցախում տեղի ունեցավ ՀՅԴ ընդհանուր ժողովը: Այդ կապակցությամբ ժողովի երրորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի ուղերձ հղեց ու կարեւորելով ՀՅԴ դերը` իշխանության անունից պատրաստակամություն հայտնեց համագործակցելու կուսակցության հետ: Դաշնակցական Արծվիկ Մինասյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, երեկ տեղեկացրեց, որ այս ընթացքում իշխանություններն իրենց հետ համագործակցության քայլեր չեն անում: «Ինքը հայտարարել էր համագործակցության պատրաստակամության մասին: yerkir.am կայքէջը օրերս գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն` տեղեկանալու` արդյոք կառավարությունը տեղյակ է կառավարության ծրագրի, կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ՀՅԴ մոտեցումներին: Պատասխանում նշված էր` մենք պատրաստ ենք քննարկումներ իրականացնելու: Շատ լավ: Բա այդքան հրավիրում ենք ձեզ, ինչո՞ւ չեք արձագանքում: Այս պահին ես կարող եմ պնդել, որ գոնե առնվազն այն մակարդակում, ինչ մակարդակում որ մենք փորձել ենք համագործակցել, արձագանքը զրո է: Համագործակցությունը մենք պատկերացնում ենք նաեւ հետեւյալ կերպ. ծրագրերի վերաբերյալ մեր տեսակետները երբ հրապարակում ենք, իրենք կարողանան գոնե քննարկման առարկա դարձնել` հասկանալու այլընտրանքային կարծիքը: Եթե դա էլ ունակ չեն, նշանակում է` իրենց հայտարարությունները ձեւական են եղել»,-ասաց Մինասյանը:

 

 

ԵՐԿԱՐ ՆԻՍՏ
Եթե Ազգային ժողովի նախորդ նիստերը կարճատեւ էին լինում, քանի որ օրակարգը բավական արագ էր սպառվում, ապա ապրիլի 16-ին մեկնարկած նստաշրջանը խոստանում է երկարներից մեկը լինել։ Երեկվա դրությամբ խորհրդարանը սպառեց օրակարգում ընդգրկված հարցերից միայն երեքը, այն էլ` ոչ ամբողջությամբ, իսկ մյուս հարցերի, այդ թվում՝ ՏՄՊՀՀ եւ ՀԾԿՀ նախագահների ընտրությունների հարցի քննարկումը չի էլ սկսվել, իսկ դրանք եւս կարող են երկար տեւել։ Ընդ որում, երեկ արդեն պատգամավորներն իրար մեջ խոսում էին, որ նիստերը կձգվեն նաեւ այսօր եւ վաղը, սակայն այդ դեպքում էլ օրակարգը չի սպառվի։ Եվ հիմա նրանք կամուկացի մեջ են՝ շաբաթ օրը նիստ անե՞լ եւ սպառե՞լ օրակարգը, թե՞ թողնել երկուշաբթի։

 

 

ՓԲԸ ԵՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ
ՀՀ կառավարությունը մտադիր է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» անվանումով ՓԲԸ ստեղծել: Այս մասին որոշման նախագիծը գործադիրին այսօր կներկայացնի ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը ստեղծելու նպատակը ՀՀ-ի տնտեսության զարգացման աջակցումն է ներդրումների, այդ թվում` օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով: Կառավարությունը հույս ունի, որ ընկերությունը ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք եւ համալիր խորհրդատվության եւ աջակցության միջոցով կնպաստի ներդրումային հոսքերի ավելացմանը:

 

 

ԹՂԹԻ ՎՐԱ ՉԵՆ ՄՆԱ
Մոսկվայի կարծիքով` Բաքվի եւ Երեւանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է իր սերբ գործընկեր Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքներով: «Մոսկվայում տեղի ունեցած Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով` մթնոլորտ զգալով, որում հիմա աշխատանքն ընթանում է` ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երեւանը շահագրգռված են, որ այս անգամ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան»,- ասել է Լավրովը:

 

 

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 18-20-ը կգտնվի Սանկտ Պետերբուրգում` մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նիստերին, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Պաշտպանության եւ անվտանգության, իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության հակազդման խնդիրներին վերաբերող համաժողովին: Այցի ընթացքում նախատեսվում են ԱԺ նախագահի ինչպես երկկողմ հանդիպումներ իր գործընկերների, այնպես էլ հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

 

 

ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ
«Կառավարությունը խորհրդարանին ներկայացրել է մի նախագիծ, որով ասում է. «Այս մոդելով ես պատկերացնում եմ, որ իմ աշխատանքները լինելու են ավելի արդյունավետ, քան նախկինում էր»: Մեր՝ պատգամավորներիս գործառույթն է ներկայացնել առաջարկներ, որով կարծում ենք, որ այդ կառավարումը կարող է լինել առավել արդյունավետ, կամ համոզվել, որ դա բյուջեի վրա հավելյալ ծախսեր չի նախատեսում, կամ ենթադրո՞ւմ է աշխատատեղերի կրճատում»,-ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշել է, որ իրենք այդ առումով ունեն պատասխաններ. «Բյուջեում հավելյալ ծախս չի նախատեսվում: ԼՀԿ մեր գործընկերները այլընտրանքային մոդելի նախագիծ են ներկայացրել, որի իրավունքը Սահմանդրությամբ եւ օրենքներով չունեն. դա ՀՀ կառավարության տիրույթում է»,- ասել է նա: Մակունցն անդրադարձել է նաեւ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը վարչապետի վերահսկողությունից հանելու խնդրին՝ նշելով, որ աշխարհի ոչ մի երկրում ոչ մի կառավարություն չի ներկայացնում նախագիծ, որով փորձում է իր լիազորություները դարձնել ավելի վերահսկելի: Լ. Մակունցը «Իմ քայլը» խմբակցության անունից ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցության իրենց գործընկերներին ասել է, որ իրենց խմբակցությունը հենց վաղը պատրաստ է համատեղ մշակել օրենսդրական նախագիծ, որով ԱԺ-ն կկարողանա ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը հրավիրել խորհրդարան՝ հարց ու պատասխանի:

 

 

ԿԴԱԴԱՐԵՑՆԻ՞
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին շրջանառվող լուրերը: «Այդ գործով շարունակվում է նախաքննությունը, բնականաբար, բոլոր վարկածներն են ստուգվում: Հաշվի առնելով գործի հնչեղությունն ու կարեւորությունը` հանրությանն անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը չի ուշացվի»,-ասել է նա: Հարցին, թե հնարավոր է արդյոք դատախազության որոշմամբ Դավիթ Սանասարյանի պաշտոնեական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեն մինչեւ քննության ավարտը, գլխավոր դատախազը պատասխանել է. «Տեսականորեն կպատասխանեմ հարցին. այն դեպքերում, երբ որ հանրային ծառայողի նկատմամբ կիրականացվի քրեական հետապնդում, եւ հիմքեր կլինեն, որ նա, շարունակելով պաշտոնավարումը, կարող է խոչընդոտել քննությանը, դատախազը որոշում է կայացնում` պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ»:




Լրահոս