Հայկական արմատներով ավստրալացի գործարար, ներդրող Ռոբերտ Բասիլին Հայաստանում է: Նա ուսումնասիրում է հայկական շուկան ներդրում անելու նպատակով: Բասիլիի խոսքերով` բիզնես համայնքի նկատմամբ վստահություն կա, բայց, միեւնույն ժամանակ, Հայաստանում շատ են նաեւ ռիսկերը. դրանք են կաշառակերությունը, օլիգարխիկ համակարգը, ոչ այնքան զարգացած դատական համակարգը, Ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաեւ փակ սահմանները:
Նշենք, որ Ռոբերտ Բասիլին հանդիսանում է «Ramsis Capital LLC»-ի հիմնադիրն ու նախագահը, որը ցանկանում է կատարել ներդրումներ Հայաստանում: Ի դեպ, «Ramsis Capital»-ը ներդրումներ է կատարել Ուկրաինայում, Եգիպտոսում եւ Չինաստանում` ընդգրկելով էներգետիկ ինժեներական ակտիվները, շինարարությունը, էներգաարդյունավետությունը, կենսատեխնոլոգիան, թվային մեդիայի սպասարկումը: Նրա հաջողված նախագծերից է Կիեւի «Royal Golf Club»-ը` Ուկրաինայում առաջին գոլֆի դասընթացի մեկնարկը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռոբերտ Բասիլիի հետ:
-Պարո՛ն Բասիլի, ինչու՞ որոշեցիք տեղափոխվել Հայաստան եւ փնտրել պոտենցիալ ներդրումներ:
-2018-ին իմ կատարած 5 ուղեւորությունների եւ նոյեմբերին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում ես որոշեցի, որ ճիշտ կլինի դիտարկել հնարավորությունները եւ մարտահրավերները տեղում, այլ ոչ թե հետազոտությունների եւ վիճակագրության միջոցով: Անցյալ շաբաթ իմ թիմը ժամանեց Հայաստան բանակցությունների եւ ուսումնասիրությունների համար, եւ այդ գործընթացները կշարունակվեն:
-Ո՞ր բնագավառով եք առավելապես հետաքրքրված ներդրումներ իրականացնելու համար:
-Մենք առավելապես կենտրոնացած ենք բիզնես մոդելի եւ ոչ այնքան բիզնեսի ոլորտի վրա, քանի որ մեր ներդրումային թեզիսը շատ հստակ է: Մենք գերադասում ենք բիզնես, որը պարզ է, կա կանխատեսելի ազատ կանխիկի հոսք, ոլորտում գերիշխող է: Այնուհետեւ մենք ուշադրություն կդարձնենք, թե արդյոք կարող ենք ձեռք բերել ընկերության որոշակի մասնաբաժինը մեծ զեղչով, որն իր հերթին կապ կունենա ընկերության ռազմավարության, կառավարման, թաքնված ակտիվների հետ: Ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, ՏՏ, էներգետիկա, անշարժ գույք եւ այլն, սակայն այս պահին առավել կարեւորը ճիշտ բիզնես մոդել գտնելն է:
-Պարո՛ն Բասիլի, ո՞րն է պատճառը, որ Դուք ներդրումներ չեք արել նախկին կառավարության օրոք:
-Որոշակի պատճառ չկա ներդրումներ չանելու, կարող եմ ասել, որ ամեն ինչ ժամանակի հետ էր կապված: Իմ առաջին այցը անգամ եղել է 2018 թվականի փետրվարին, երբ դեռ իշխում էր նախկին կառավարությունը:
-Ի՞նչ եք կարծում, արդյոք բիզնես միջավայրը փոխվե՞լ Է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո:
-Միշտ էլ կան հաղթողներ եւ պարտվողներ հեղափոխության ժամանակ, բայց կարող եմ ասել, որ բիզնեսում տեսնում եմ տեղաշարժ, մոմենտումի առկայություն եւ վստահություն բիզնես համայնքի հանդեպ, սակայն միեւնույն ժամանակ Հայաստանում շատ են նաեւ ռիսկերը: Դրանք են կաշառակերությունը, օլիգարխիկ համակարգը, ոչ այնքան զարգացած դատական համակարգը, Ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաեւ փակ սահմանները: Այս եւ մնացյալ այլ խնդիրների համար պետք է գտնվեն լուծումներ:
-Պարո՛ն Բասիլի, Դուք անհանգստացա՞ծ եք արդյոք Հայաստանի ներկայիս ներքին քաղաքական իրավիճակով, սեւերի եւ սպիտակների բաժանումով:
-Ես անընդհատ ուսումնասիրում եմ Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, եւ հարց է ծագում, որը պիտի տա Հայաստանը. «Ի՞նչն ենք մենք առավել կարեւորում՝ միասնությո՞ւնը, թե՞ բազմազանությունը»: «Միասնական», թե «բազմազանեցված» Հայաստան ունենալու որոշումն իր հետ կբերի տարբեր իրավիճակներ:
-Որքանո՞վ են Հայաստանի օրենքները հարմար ներդրումներ իրականացնելու համար:
-Ես մտահոգված չեմ օրենքներով, բայց իրական մտահոգությունն այն է, թե ինչպես են կիրառվում եւ մեկնաբանվում տվյալ օրենքները: Սա եւ ոչ այնքան զարգացած դատական համակարգը այն մարտահրավերներն են, որոնք ես մատնացույց եմ անում ներկա կառավարությանը:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՀԱՅ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ամիսներ առաջ Հայաստանում կայացավ Mix Fight 40 մրցաշարը, որը մեծ ոգեւորություն առաջացրեց հայ երկրպագուների մոտ: Այս ամենը առիթ հանդիսացավ, որ մրցաշարի կազմակերպիչները փորձեն եւս մեկ մրցաշար անցկացնել Հայաստանում: Արդեն պաշտոնապես հաստատվել է, որ Mix Fight 42-ը նույնպես կկայանա Հայաստանում:
Կայանալիք մրցաշարի նախապատրաստական աշխատանքների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Mix Fight-ի կազմակերպիչ Վարդան Մնացականյանի հետ:
-Ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական աշխատանքները, բա՞րդ են արդյոք:
-Քանի որ աշխատանքները շատ են, արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները: Մրցաշարը կկայանա Մարզահամերգային համալիրում: Բարդությունները այդքան էլ շատ չեն, որովհետեւ արդեն մեկ անգամ կազմակերպել ենք եւ գիտենք բոլոր բացերը, պատրաստվում ենք լրացնել դրանք: Հավաստիացնում եմ, որ այս մրցաշարը ավելի խոշոր եւ ավելի լավն է լինելու, քան անցածը: Մենամարտեր կայանալու են Մուայթայ, Կ1, ՄՄԱ ձեւերով: Համագործակցում ենք նոր կազմակերպությունների հետ եւ վստահ ենք, որ այս մեկը երկու անգամ հզոր շոու է լինելու:
-Նոր անակնկալներ լինելո՞ւ են այս մրցաշարում:
-Այո, իհարկե, անակնկալներ լինելու են, բայց չեմ ասի, թե ինչ անակնկալներ, որ դրանք չկորցնեն իրենց իմաստը: Կասեմ միայն, որ մեծ շոու է լինելու, իսկ մնացածի մասին խոսել չեմ կարող: Հրավիրելու ենք նաեւ նոր պռոմոութերներ այն նպատակով, որ հետագայում Հայաստանում նորից կազմակերպվեն խոշոր մրցաշարեր:
-Լինելո՞ւ են նոր մենամարտողներ, թե՞ պահպանվելու է անցած մրցաշարի կազմը:
-Կարելի է ասել, որ անցած կազմից մենամարտողներից լինելու են քչերը: Կազմը թարմացվելու է, լինելու են նոր մարտիկներ աշխարհի տարբեր երկրներից: Կարծում եմ` Հայաստանում կտեսնենք շատ հզոր մարզիկների:
-Հայաստանի ներկայացուցիչները մոտավոր քանի՞սն են լինելու:
-Դա դեռ պարզ չէ, բայց ամենաքիչը յոթ ներկայացուցիչ կունենա Հայաստանը: Դեռ շատ ժամանակ կա, եւ հստակ մենամարտողների կազմը պարզ չէ: Mix Fight 42 մրցաշարը կկայանա հուլիսի 6-ին:
Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ