«Ժողովուրդ» օրաթերթը հայաստանյան ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած վերջին զարգացումների, սուպերվարչապետական համակարգից ձերբազատվելու անհրաժեշտության եւ այլ թեմաների շուրջ զրուցել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հետ:
-Պարո՛ն Գինոսյան, օրերս թեժ բանավեճ տեղի ունեցավ «Իմ քայլ»-ի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, նույն խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի միջեւ: Բանը հասավ նույնիսկ լեզվակռվի եւ ոչ քաղաքական լեքսիկոնի կիրառման: Հայ հանրությունը բուռն արձագանքեց դրան՝ մտահոգություն հայտնելով, որ նախկին ռեժիմին բնորոշ բարքերն այժմ էլ ակներեւ են Ազգային Ժողովում: Դուք ի՞նչ կասեք:
-Երեքին էլ ճանաչում եմ որպես լուրջ եւ զուսպ մարդկանց: Իհարկե, ցանկալի է, որ այդ զսպվածությունը դրսեւորվի բոլոր պարագաներում: Բայց բոլորս մարդ ենք, կարող ենք հունից դուրս գալ: Ամեն դեպքում, զերծ կմնամ որակումներից:
-Վերջերս էլ Գորգիսյանը խոսք հղեց վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով հանել Սերժ Սարգսյանի հագով կարված «կոստյումը»։ «Շատ եմ խնդրում, հանեք այդ կոստումը, այն ոչ միայն Ձեզ չի սազում, այլեւ Ձեր թիմակիցները հարցին պատասխանելիս հղում են անում Ձեզ, ասում են` մենք չգիտենք, պարոն Փաշինյանին հարցեր տվե՛ք, սա վատ հիշողություններ ու դեժավյու է արթնացնում»,- ասաց նա՝ ակնարկելով նախորդ ռեժիմի գործելաոճը: Դուք տեսնու՞մ եք նման միտում:
-Մտահոգություններն իրականում բազմաթիվ են, թեկուզ նախարարությունների փակման, միացման, կառավարության կառուցվածքի փոփոխության հետ կապված: Բայց չեմ կարող ասել, որ դեժավյու եմ ունենում. ամեն իշխանություն իր պատկերացմամբ է առաջնորդվում: Մտահոգվելու տեղիք, ամեն դեպքում, կա, եւ մտավորականությունը պարտավոր է սթափեցնող, սաստող խոսք հնչեցնել, որպեսզի իշխանությունն ամենազոր չդառնա, ժողովրդին խամաճիկ, ստրուկ չդարձնի, որպեսզի նորից չմտնենք այն գետը, որտեղից դուրս ենք եկել: Ընդդիմությունն էլ պետք է սթափեցնողի դերում լինի: Հասկանալի է, որ ոչ մի իշխանություն էլ սուրբ չէ, եւ փառքը մարդկանց հետ երբեմն չար կատակներ է անում: Ի վերջո, կառավարման փորձ չունեցող մարդիկ եկել են իշխանության եւ շատ հարցերում սխալվում են:
-Վերջերս Էդմոն Մարուքյանը դիմեց «Իմ քայլը» խմբակցության անդամներին հետեւյալ հարցով. «Ինչո՞ւ վարչապետի խոստումը չեք կատարել։ Վարչապետն այս ամբիոնից ասել է. «Ես գտնում եմ, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը դառնալու են նախարարություններ», հետեւաբար մտնելու են Կառավարության կառուցվածք»։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հայտարարեց, որ նպատակահարմար չեն համարում այս պահին ուժային կառույցները դարձնել քաղաքական կառույցներ: Ի վերջո, դրա անհրաժեշտությունը կա՞:
-Նախորդ իշխանությունների ժամանակ եղել է, օրինակ, Ներքին գործերի նախարարություն, դրանից որեւէ բան փոխվու՞մ էր: Միեւնույնն է, այն ծառայում էր իշխանությանը: Իհարկե, լավ կլինի, եթե այդ կառույցներն անկախ լինեն, բայց չեմ կարծում, որ լիարժեք կերպով հնարավոր կլինի դա անել: Ուղղակի քաղաքական հզոր կամք է պետք դրան հասնելու համար:
-Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոսել է սուպերվարչապետական համակարգի վտանգների մասին՝ նշելով, որ այդ համակարգից բալանսավորման պետք է գնալ, բայց հիմա փաստացի այդ սուպերվարչապետն ինքն է, համակարգը դեռ գործում է: Դրանից օր առաջ ձերբազատվելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:
-Սուպերվարչապետությունը բոլոր ժամանակներում չարիք է: Միահեծան իշխանությունը բերում է նրան, որ իշխանության ղեկին նստած մարդը, տեսնելով, որ իր հնարավորություններն անսահման են, ամենաթողության է մատնվում, անլրջանում է: Դա կարող է հանգեցնել մինչեւ անգամ պետականության կորստի: Ապահովել բազմակարծություն նշանակում է ինքդ քեզ ազատել սխալվելու եւ սխալը խորացնելու հավանականությունից: Բազմակարծությունը կարող է թույլ տալ հզոր իշխանությունը, որը վստահ է իր ուժին եւ արդարամտությանը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԻՆՁ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՎՃԱՐԵԼ»
«Այնքան, որքան ես եմ ինձ գնահատում՝ որպես երգչուհի, չեն կարող վճարել, ուստի կոորպորատիվներին չեմ երգում, նախընտրում եմ հանդես գալ բարեգործական համերգների ժամանակ: Ունենում եմ համերգային հրավերներ նաեւ արտերկրից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Նառան՝ անդրադառնալով մեր հարցին, թե արդյոք էստրադային մի շարք երգիչ-երգչուհիների պես ելույթներ ունենում է հարսանիքներին, կնունք-ծնունդներին եւ նմանատիպ այլ միջոցառումներին, եւ եթե ոչ, արդյոք դա սկզբունքի հարց է, թե պարզապես ցանկության բացակայության:
Նա տեղեկացրեց, որ ունի պարային նոր աշխույժ երգ, որի հիման վրա պատրաստվում է տեսահոլովակ ներկայացնել արդեն ամռանը: Հարցին, թե կարիերայում ակտիվ ստեղծագործական, թե դադարի շրջան է, երգչուհին պատասխանեց. «Ինձ մոտ երբեք հատուկ ակտիվություն չի եղել: Ներկայանում եմ այն ժամանակ, երբ ասելիք եմ ունենում: Այն երգչուհիներից չեմ, որոնք մտածում են. «Սա անեմ, որ պահանջարկ ունենամ, որ ինձ գումար բերի» եւ այլն: Ես արվեստի մարդ եմ, իսկ արվեստագետն այն է, ինչ կա իր ներսում, որն ուզում է կիսել մյուսների հետ: Ես եմ որոշում՝ երբ եւ ինչպես դա անել, որեւէ մեկը կամ որեւէ միտում չի կարող թելադրող լինել»:
Մենք հետաքրքրվեցինք՝ էստրադային երգի ասպարեզում հաջող սերնդափոխություն տեղի ունենում է, թե ոչ, արդյոք կա պլատֆորմ, որը հնարավոր է դարձնում սերունդների երկխոսությունը. «Լավ երգիչ-երգչուհիները դժվարությամբ են ի հայտ գալիս, բայց կան, իսկ, օրինակ, ռաբիս երգողների համար ավելի հեշտ է: Ամեն բան այս ոլորտում հարաբերական է: Ինչ վերաբերում է Ձեր նշած պլատֆորմին, չկա նման բան: Շուկան ազատ է, ամեն մեկը գիտի՝ ինչ է անում, ինչ է ուզում, ինչ ակնկալիքներ ունի: Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը եւ մնում է իր տեսակետին: Հիմա եթե նույնիսկ իրար բան ունենան ասելու, չեն ասի»,- եզրափակեց Նառան:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
99%-ՈՎ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի հունիսի 21-ից հուլիսի 1-ը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին: «Արթուրը արդեն անցկացնում է լիարժեք մարզումներ եւ, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Եվրոպական խաղերին: Նա մարտական է տրամադրված, եւ հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի»:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանի վերջին մրցաշարը եղել է 2018 թվականի աշխարհի առաջնությունը:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Կայացան Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը:
Թուրինում իսկական սենսիացիա գրանցվեց: «Այաքսը» կարողացավ մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթել «Յուվենտուսին» եւ նվաճել կիսաեզրափակչում խաղալու իրավունք: Տանտերերից հաշիվը բացեց Ռոնալդուն, իսկ հյուրերից պատասխանեցին Վան Դե Բեկն ու Դե Լիգտը:
Հավելենք, որ թուրինցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վերջին 9 տարվա մեջ առաջին անգամ չի խաղա Չ/Լ կիսաեզրափակչում:
Օրվա մյուս եւ կենտրոնական խաղում բարդություններ չունեցավ «Բարսելոնան», որը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Սուլշերի «Յունայթեդի» դարպասը: Դուբլ ձեւակերպեց Մեսին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կոուտինյոն:
Հիշեցնենք, որ «Այաքսը» կխաղա «Ման.Սիթի»-«Տոտենհեմ» (0:1) զույգի հաղթողի հետ, իսկ «Բարսելոնան»` «Պորտու»-«Լիվերպուլ»(0:2):
ԱՐԴԵՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Մադրիդի «Ատլետիկոն» պաշտոնական հայտարարություն է տարածել այն մասին, որ թիմը երկարաձգել է պայմանագիրը հիմնական դարպասապահ Յան Օբլակի հետ: Օբլակի եւ «հնդիկների» պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2023 թ.: Դարպասապահի հրաժարագինը կլինի 120 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Օբլակը իսպանական ակումբում հանդես է գալիս 2014 թվականից:
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ
Իսպանական AS պարբերականը հրապարակել է սկանդալային տեղեկություն, ըստ որի` անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը թիմի ղեկավարությանը խնդրել է իր տրանսֆերը հանել վաճառքի: Պարբերականի տեղեկություններով` այս ամենի պատճառ է հանդիսացել Սալահի եւ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի վեճը: Նշվում է, որ ակումբում խնդրել են եգիպտացուն աղմուկ չբարձրացնել եւ խոստացել, որ ամռանը նրան բաց կթողնեն:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ