ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ պաշտոնապես հաստատեց՝ իրենց մոտ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` Սանասարյանը «իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերեւույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: ԱԱԾ փոխանցմամբ` դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, եւ այդ որոշումն ուղարկվել է ՀՀ վարչապետին: Հատկանշական է փաստը, որ երեկ` ՀՀ կառավարության նիստից հետո, Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր լուրերը, թե ինքը ներգրավված է որեւէ կոռուպցիոն գործարքում: «Մի բան հստակ կարող եմ ասել, որ որեւիցե մեկը, որեւիցե կառույց չի կարող ինձ որեւիցե կոռուպցիոն երեւույթի հետ կապել, որովհետեւ ես ինքս սկզբունքայնորեն չեմ կապվում, մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երեւույթ»: Եւ, ահա, հայտարարությունից մի քանի ժամ հետո ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց: Սանասարյանն անպատասխան չի թողել ԱԱԾ հաղորդագրությունը` սոցիալական ցանցում գրառում անելով. «Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի»։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին` փորձելով պարզել երկրի ղեկավարի դիրքորոշումը: «ԱԱԾ-ն վարչապետին ենթակա կառույց է»,- ասաց Կարապետյանը:
Ի դեպ, նկատենք, որ վարչապետին ենթակա կառույց է նաեւ Պետական վերահսկողական ծառայությունը: Եւ տեղի ունեցածը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:

 

 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ԲՀԿ խմբակցությունից ներկայացված երեք պատգամավորները՝ Արտյոմ Ծառուկյանը, Հրանտ Մադաթյանն ու Արթուր Դալլաքյանը, հանձնաժողովում կողմ են քվեարկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների աղմկահարույց նախագծին: Նշենք, որ այդ նախագիծը ենթադրում է ներկրված ցեմենտի վրա պետական տուրքի սահմանում: ԲՀԿ խմբակցության պատգամավորների այս քայլը հարուցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դժգոհությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հաստատեց, որ ԲՀԿ-ական պատգամավորները հանձնաժողովում կողմ են քվեարկել համապատասխան նախագծին: «Այո, իրենք բոլորը կողմ ենք քվեարկել. կարող է հարցին այն ժամանակ չեն տիրապետել, հետո… չգիտեմ, դա պետք է իրենց հարցնեք»,- ասաց նա: Մինչ այդ նկատենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ քննարկված թեմաներից մեկն էլ վերաբերել է հենց այս փոփոխություններին:

 

 

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուժեղացնել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ վերահսկողությունը: Եւ եթե տվյալ բժշկական բուհերը չհամապատասխանեն միջազգային կրթական ստանդարտներին, ապա կդրվի դրանք փակելու հարցը: Միաժամանակ, մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է։ Նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում են 2 հաստատություն՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ու Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը: Ի դեպ, ԵՊԲՀ-ն բավական խիստ է մասնավոր բուհերի շրջանավարտների ընտրության հարցում. մասնավոր բուհերից ԵՊԲՀ 2017թ.-ին դիմել է 150 անձ, սակայն ընդունվել է 40-ը, 2018 թ.-ին դիմել է 132 անձ, ընդունվել՝ 13-ը: Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ մասնավոր բուհերից 2017 թ. ընդունվել է 128 շրջանավարտ, իսկ 2018թ.-ին՝ 124 հոգի:

 

 

2018թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, թեեւ ավելացել են Հայաստան ներկրված գազի ծավալները, բայց դա եղել է Իրանից ներկրված գազի ծավալների հաշվին, քանի որ ՌԴ-ից, ընդհակառակը, ավելի քիչ է գազ ներկրվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018թ. ՀՀ առաքվել է 2 մլրդ 463,4 մլն խմ գազ` 2017թ. 2 մլրդ 378.7 մլն խմ-ի փոխարեն: Էապես աճել են Իրանից ներկրված գազի ծավալները, փոխարենը ավելի քիչ գազ է ներկրվել ՌԴ-ից: 2017թ. համեմատ` ՌԴ-ից ներկրված գազի ծավալները պակասել են 56.4 մլն խմ-ով. եթե 2017թ. ներկրվել է 1 մլրդ 996 մլն խմ գազ, ապա 2018թ. այդ թիվը կազմել է 1 մլրդ 939.6 մլն խմ: Ինչ վերաբերում է Իրանից ներկրված գազի ծավալներին, ապա 2018թ. այն ավելացել է 141.1 մլն խմ-ով. 2017թ. Իրանից առաքվել է 382.7 մլն խմ գազ, նախորդ տարի այդ թիվը հասել է 523.8 մլն խմ-ի: Այս ամենին զուգահեռ նկատենք, որ 2018թ. ընթացքում, 2017թ. համեմատ, 67.4 մլն խմ-ով նվազել են բնակչության կողմից գազի սպառման ծավալները, փոխարենը 16.4 մլն խմ-ով աճել են արդյունաբերական ընկերությունների օգտագործած գազի ծավալները:

 

 

 

ՃԱՆԱՉԵԼ ՉԱՓԸ
Վերջին առնվազն երկու տասնամյակի ընթացքում խորհրդարանական ընդդիմության որակի եւ բնույթի մասին տարատեսակ որակումներ են տրվել՝ «գրպանային», «պսեւդո», «աչքաչափով քննադատող»…: Նման պիտակումների պատճառներից մեկը, թերեւս, այն է, որ նախկին գրեթե բոլոր խորհրդարանները ձեւավորվել են ոչ թե բացառապես ընտրողի քվեի միջոցով, այլ քաղաքական կյանքի «ջոյստիկն» իր ձեռքում պահող, տոկոսներ խփող ու բաշխող Բաղրամյան 26-ի քմահաճույքով: 2018թ.-ի արտահերթ ԱԺ ընտրություններին ընդառաջ օրնիբուն շեփորահարվում էր, թե Փաշինյանին օդի պես հարկավոր է լինելու ուժեղ ընդդիմություն, որը «դուխով» կքննադատի իշխանությանն ու չի վախենա հակահեղափոխականի պիտակավորում ձեռք բերել: Ռեւանշի ձգտող նախկին իշխանականներն, օրինակ, պնդում էին, որ արմատական ընդդիմություն կարող են լինել բացառապես իրենք, եւ հեգնում էին ընդդիմության էստաֆետի համար կռիվ տվող հայտնի ուժերին, որոնք իրենց՝ նախկինների օրոք հասցրել էին «օպոզիցիա աշխատել»: Անհերքելի է, որ մրցակցային քաղաքական համակարգերում ընդդիմություն ունենալը խիստ ցանկալի է, իսկ այ որակյալ ու կոնստրուկտիվ ընդդիմություն ունենալը՝ ճոխություն: Այդպիսի ընդդիմությունն է, որ կարող է ոչ միայն երաշխավորել քաղաքական համակարգի ճկունությունն ու դինամիկան, այլ իր աշխատանքի որակով ու դավանած արժեհամակարգով էտալոնի դեր ստանձնել իշխանության համար, հատկապես, որ ունի ժողովրդի տված՝ արդար մանդատը: Սակայն այսօր ունենք ունիկալ պայմաններում աշխատող մի ընդդիմություն, որի հիմնական առաջնահերթությունը, դատելով մոտ 4 ամիսների գործունեության հռետորաբանությունից, ապացուցելն է, որ ինքը ոչ թե կեղծ ու գրպանային, այլ «լիցենզավորված» ընդդիմություն է, սակայն որի գերխնդիրը ոչ թե իշխանությանն այլընտրանք դառնալն է, այլ վերջինիս վստահության պաշարը մաշեցնելը, ժողովրդին «լսցնելը», որ իշխանությունը չի կատարել տված խոստումները, չի աշխատում, ապաշնորհ է, մի խոսքով՝ խաբում ու «քցում է» իրեն: Իրավիճակն ունիկալ է նաեւ այն առումով, որ մի կողմից հնչող որոշ քննադատություններ թեեւ տեղին են ու փաստարկված, սակայն համոզիչ թվալու համար մատուցվում են այնպես, ինչպես նախկին իշխանության օրոք էր՝ կռվազանի ու նեղացկոտի դիրքերից, օպոնենտին կսմթելու ու նվաստացնելու միտումով: Նման կեցվածքը, վստահաբար, ոչ միայն պատիվ չի բերում որեւէ մանդատավորի, այլեւ թունավորում է կոնստրուկտիվ աշխատանքի մթնոլորտը: Այնպես որ, խորհրդարանական ուժերը ոչ միայն անելիքը հստակեցնելու, այլեւ ասելիքի հարցում իրենց «չափը ճանաչելու» փնտրտուքներում են:




Լրահոս