ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք որեւէ թաքուն հանդիպումներ չեն ունենում, ավելին` հանդիպումները կազմակերպում են խորհրդարանում` իրենց աշխատասենյակներում` քննարկելով բոլոր հարցերը, որոնք առաջնահերթ են ու լուծումներ են պահանջում:
-Պարո՛ն Սարգսյան, արդեն մի քանի օր շարունակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը մի քանի պատգամավորների, ինչպես նաեւ Ձեզ մեղադրում է իր դեմ դավադրություններ կազմակերպելու եւ թաքուն հանդիպումներ ունենալու համար: Խոսքը վերաբերում է ՀՀ կառավարության այն որոշմանը, ըստ որի` սահմանափակումներ կկիրառվեն ցեմենտի ներկրման ոլորտում` պետական տուրք սահմանելով այդ ապրանքատեսակի համար: Ինչո՞ւ եք նման գաղտնի հանդիպումներ ունենում տարբեր գործարարների հետ, ինչն անհանգստացնում է Գ. Ծառուկյանին:
-Մենք բաց ներկայացնում ենք, թե ինչ պլաններ ունենք: Որեւէ մեկից որեւէ գաղտնիք չունենք ու ինչ անում ենք, թափանցիկության սկզբունքը հաշվի առնելով ենք անում, ուղղակի հանդիպումները առանձին ենք արել երեք գործարանների տնօրենների հետ:
-Բայց գաղտնի եք պահում, թե որ գործարարների հետ եք հանդիպել:
-Մենք գաղտնի չենք պահում, մենք հանդիպել ենք «Երեւան ցեմենտ» գործարանի տնօրենի հետ, «Հրազդան ցեմենտ» գործարանի տնօրենի հետ, «Արարատ ցեմենտ» գործարանի գլխավոր տնօրենի հետ: Մենք հանդիպում ենք ունեցել երեքի հետ էլ, դա եղել է առանձին-առանձին հանդիպումներ, որպեսզի անկաշկանդ լինի: Եթե իրենք իրար մասին բան ունեն ասելու, չկաշկանդվեն մեկը մյուսից ու մեզ ներկայացնեն: Նաեւ եթե մենք պետք է ամբողջական պատկերացում ունենանք հարցի վերաբերյալ, ու ասեմ, որ կային բաներ, որ իրենք իրար ներկայությամբ դա չէին ասելու. սա է հիմնական խնդիրը: Մենք էլ արդեն պայմանավորվել ենք, որ առաջիկայում հանդիպում ունենանք, որտեղ ներգրավված կլինեն բոլոր կողմերը` ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ցեմենտ արտադրողները, ե՛ւ մենք, ե՛ւ ցեմենտ ներմուծողներ, որի ժամանակ էլ արդեն ընդլայնված քննարկում կունենաք, կներկայացնենք այն ամենը, ինչը քննարկվել է: Այսինքն` գաղտնիք, թաքուն գործունեություն չկա: Իսկ մենք այդ հանդիպումների արդյունքում ուզում ենք հասկանանք, թե իրենք ինչ արդյունք ունեն, ինչ ինքնարժեք են իրենք ստանում, իսկ հանդիպումների ժամանակ մենք ցանկանում ենք հասկանալ, թե իրենք ինչ գնով են ձեռք բերում ցեմենտի հումքը կամ ցեմենտը Իրանում: Որոշման նպատակն է պաշտպանել տեղական արտադրողներին: Ի վերջո, ուզում ենք հասկանանք, թե ինչքան գումար են ծախսում մինչեւ Երեւան հասնելը, ինչքան աշխատող ունեն, ինչ աշխատավարձեր են տալիս եւ այլն: Այսինքն` մենք այսպիսի տվյալներ ենք հավաքում, որպեսզի հասկանանք, թե պետտուրքը ինչքան պետք է սահմանվի, որպեսզի լինեն մրցակցային պայմաններ, որպեսզի որեւէ մեկը դաշտից դուրս չմնա, դուրս չմնան ո՛չ ներկրողները, ո՛չ արտադրողները:
-Այսինքն` մենաշնորհային դի՞րք եք տեսնում շուկայում, Գագիկ Ծառուկյանի գործարանը մենաշնորհայի՞ն է:
-Այսօր մենաշնորհ չկա, շուկայում մոնոպոլիայի խնդիր չկա, պարզ առեւտրային, բնական մրցակցային պայմաններում հաղթում է Գագիկ Ծառուկյանի գործարանը, որեւէ խնդիր չկա: Ես արդեն ասել եմ, որ մենք գաղտնի, թաքուն բաներ չենք անում, ինչ կա, դա էլ ասում ենք: Անգամ նշել եմ, որ մենք հանդիպումները ունենում ենք բաց, հանդիպումները եղել են իմ աշխատասենյակում, այսինքն` թաքուն կաֆեներում, կուլիսներում հանդիպում տեղի չի ունեցել, տեղի ունեցած հանդիպումները եղել են մի քանի անձի ներկայությամբ: Նախկինում ես այդ գործարանների տնօրեններին չեմ ճանաչել, միայն գիտեմ «Հրազդան ցեմենտ»-ի տնօրենին, այլ հարցով Վերահսկողությունում աշխատելու տարիներին հետը առնչվել եմ, այդքանը: Անձնական կապ որեւէ սեփականատիրոջ հետ չունեմ: Ու եթե անձնական կապ ունեմ, ապա ամենամոտը Գագիկ Ծառուկյանն է, որովհետեւ իրեն ճանաչում եմ ավելի շուտվանից, նա նաեւ իմ կոլեգան է, մենք խորհրդարանի պատգամավորներ ենք: Ու որեւէ խնդիր չկա: Մենք այս ամենը ինչն անում ենք ամենաառաջինը հենց Գագիկ Ծառուկյանի համար, որովհետեւ այս փոփոխության արդյունքում տուրքը սահմանելու շահելու է այն գործարանը, որը ամենաշատն է Հայաստանում արտադրում: Իսկ այս պահին դա Գագիկ Ծառուկյանի գործարանն է: Ծառուկյանն ուղղակի ցանկանում է, որպեսզի մենք պետտուրք սահմանենք նաեւ հումքի վրա, իսկ այսօր կա գործարան, որը հումքով է աշխատելու, իրենք ասում են, որ մենք կփակվենք, իսկ մյուսներն էլ ասում են` եթե հումքի վրա սահմանեք, այդ դեպքում էլ մենք կփակվենք: Այսինքն` պետության համար ինչ տարբերություն, եթե աշխատողները դառնալու են գործազուրկ, մենք դրա համար պետք է միջոցներ ձեռնարկենք:
-Իսկ արդեն գտե՞լ եք այդ տարբերակը, ո՞րն է լինելու:
-Հիմա դա ենք անում, ամեն ինչ անում ենք այդ հանդիպումների շրջանակներում` հասկանալու, թե որն է ճիշտ լուծումը:
-ԲՀԿ առաջնորդը դժգոհ է նախագծից, բայց իր խմբակցության երեք պատգամավորներ` ի դեմս Արտյոմ Ծառուկյանի, Հրանտ Մադաթյանի եւ Արթուր Դալլաքյանի, երբ որ հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, կողմ են քվերակել: Ինչո՞ւ տեղյակ չեք:
-Այո, իրենք բոլորը կողմ են քվեարկել. կարող է հարցին այն ժամանակ չեն տիրապետել, հետո… չգիտեմ, դա պետք է իրենց հարցնեք:
«ԻՄ ՔԱՅԼ»-ՈՒՄ ԱՐՏԱՀՈՍՔԵՐԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ իրենց խմբակցությունում դիկտատուրային կարգեր չկան ու բոլոր պատգամավորներն էլ ազատ են իրենց դիրքորոշումներում:
-Տիկի՛ն Մակունց, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` Ձեր խմբակցությունում քննարկվել է, թե ովքեր պետք է տարբեր հարցերի հետ կապված տեսակետ հայտնեն, ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է շատ դեպքերում լռել, տեսակետ չհայտնել: Ինչո՞ւ:
-Նման բան գոյություն չունի. մեզ մոտ լինում են տարբեր քննարկումներ, բայց ես ասացի, որ նման բան չկա, նման հարց չի քննարվում մեզ մոտ: Քննարկումները լինում են տարբեր թեմաների շուրջ, որոնց մասին ես նպատակահարմար չեմ համարում խոսել, որովհետեւ դրանք մեր խմբակցության ներքին աշխատանքներն են, խոսակցություներն են, քննարկումներն են: Իսկ Ձեր հարցի հետ կապված, վարչապետ Փաշինյանի հետ կապված` նման բան չկա:
-Բայց, կարծես թե, խմբակցությունում պատգամավորների միջեւ բաժանված են այն թեմաները, որի շուրջ իրենք կարող են խոսել, որի մասին պետք է լռեն:
-Այդպիսի կոնկրետ բաժանում չկա, ուղղակի եթե կան մասնագիտական հարցեր, որոնք վերաբերում են, ասենք, կոնկրետ ինչ-որ մի հանձնաժողովի, ապա իրենք են այդ հարցերը շոշափում:
-Կարծես թե խմբակցությունում կասկած կա, որ ներքին քննարկումներից հետո տեղեկատվության արտահոսք կա, ավելին` արդեն հայտնի է, թե ում կողմից է լինում այդ արտահոսքը: Պարզե՞լ եք արտահոսքի հիմքը:
-Գիտեք ինչ, այդ արտահոսք ասվածը ստույգ տեղեկություններ չեն լինում. հաճախ այդ արտահոսքի շատ փոքր հատվածն է ճշմարտության հետ եզրեր ունենում, բայց մենք բոլորովին չենք կենտրոնանում նման երեւույթների նկատմամբ: Մենք ունենք այն մոտեցումը, որ մենք աշխատում ենք օնլայն ռեժիմով. իհարկե, կան թեմաներ, որոնք վերաբերում են խմբակցության ներքին աշխատանքներին, եւ, բնականաբար, դրանք ցանկալի չէ, որ հրապարակվեն, բայց, ինչեւէ, մենք դրան շատ հանգիստ ենք վերաբերվում: Ձեր հարցում նկատում եմ, որ մեզ մոտ, կարծես թե, դիկտատուրայի ռեժիմ է գործում, կամ, չգիտեմ, ավտորիտար ռեժիմ: Մեզ մոտ նման բան գոյություն չունի: Մեր խմբակցությունում նորմալ աշխատանքային քննարկումներ են, հանգի՛ստ եղեք:
Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԶԱՅՐԱՑՐԵԼ ԵՆ
ՏՄՊՊՀ նախագահի` Գեղամ Գեւորգյանի ստաժի անբավարարության վերաբերյալ տեղեկությունները խիստ զայրացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հիշեցնենք` «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է վարչապետին հետ կանչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը: Պատճառը ստաժի անբավարարությունն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կառավարությունում այս թեմայի շուրջ անգամ թեժ խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ պատմության «հերոսը»` Գեղամ Գեւորգյանը: Ի դեպ, վարչապետն անգամ զայրացել է Էդուարդ Աղաջանյանի վրա: Ավելին, մեր տեղեկություններով` քննարկվել է Էդուարդ Աղաջանյանին եւ իր տեղակալ Լիանա Ղալթախչյանին աշխատանքից ազատելու հարցը: Ստացվում է, որ ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ նախագահների հարցերով սա երկրորդ «չեպեն» է: Հիշեցնենք` վերջերս վարչապետն իր աշխատակազմից երեք հոգու ազատեց աշխատանքից: Խնդիրը կապված էր Ազգային ժողով ուշ բերված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի հետ: Աշխատակազմը չէր հասցրել իր վրա դրված գործը կատարել պատշաճ ժամկետներում: Ինչպես նախորդ, այնպես էլ այս դեպքում խնդրի հիմնական պատասխանատուն վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է. չէ՞ որ ինքը եւ իր թիմը պետք է ուսումնասիրեին` թեկնածուն համապատասխանում է օրենքով սահմանված չափանիշներին, թե ոչ: Բայց, արի ու տես, չեն հաշվել Գեւորգյանի աշխատանքային ստաժը, ինչը ամոթալի վիճակում է գցել կառավարությանն ու վարչապետին: Ըստ որոշ տեղեկությունների` Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը վարչապետին ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ երեկ Գեւորգյանը վարչապետի հրավիրած խորհրդակցությունից հետո նախարարություն չի վերադարձել: Այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գեղամ Գեւորգյանի մամուլի խոսնակ Անի Սմբատյանի հետ. «Վարչապետի խորհրդակցության հետ կապված դիմե՛ք նրա մամուլի խոսնակին: Իսկ Գ. Գեւորգյանի ստաժի վերաբերյալ վաղը (այսօր-խմբ.) կպարզաբանենք»: Հավելենք, որ Լիանա Ղալթախչյանն ու Էդուարդ Աղաջանյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին, իսկ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասաց, որ տեղյակ չէ նման խորհրդակցությունից:
ԱՌԱՆՑ ՀԱՆԳՍՏԻ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու ղեկավարությունը վերջին շաբաթներին զբաղված են կուսակցության կանոնադրության եւ ծրագրի փոփոխմամբ։ Կուսակցականներն այնպիսի ջանասիրությամբ են լծվել այդ գործին, որ չեն ափսոսում նույնիսկ հանգստյան օրերը՝ աշխատելով անգամ կիրակի օրերին: Մեր տեղեկություններով` ակտիվ քննարկումներին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի վերջո, ՔՊ-ն առաջիկայում պատրաստվում է արտահերթ համագումարի: