1000-ԻՑ ԱՎԵԼԻ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՐԱՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո նորընտիր իշխանությունները լծվեցին կոռուպցիայի դեմ պայքարին, իրենց խոսքով` նախորդ իշխանությունների կողմից թալանված գումարները պետբյուջե վերադարձնելու գործին: Սակայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2018 թվականի գործունեության հաշվետվությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ պետբյուջե գումարներ են հետ բերվել նաեւ պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքներով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ ոլորտում կատարվել է 626 ուսումնասիրություն (2017թ.՝ 479 ուսումնասիրություն), որոնց արդյունքում հայտնաբերվել է 1.345 իրավախախտում (2017թ.՝ 456 իրավախախտում): Դրանց շրջանակներում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին նախազգուշացվել են 208 իրավաբանական եւ ֆիզիկական անձինք: Արդյունքում տարվա ընթացքում կամովին պետական բյուջե է վերականգնվել 525 մլն 533 հազար դրամ` 2017 թվականի 149 մլն 266 հազար դրամի դիմաց:
Բացի այդ, պետական մարմիններին ներկայացվել է 163 հաղորդում, եւ ուսումնասիրությունների արդյունքներից, հայտնաբերված խախտումների բնույթից ելնելով՝ համապատասխան պետական մարմիններին մի քանի միջնորդագրեր են ներկայացվել: Դրանց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 1 մլրդ 200մլն ՀՀ դրամի վնաս: Նշված ուսումնասիրությունների ընթացքում դատախազների կողմից նախապատրաստված նյութերով դատարաններ են ներկայացվել ընդհանուր ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամի բռնագանձման պահանջով պետական շահերի պաշտպանության հայցեր, որը 7.5 անգամ ավելի է 2017թ. ընթացքում դատարան ներկայացված հայցերով բռնագանձման ենթակա գումարի չափից:
2018թ. ընթացքում դատախազության մարմինները դատարան են հարուցել 31 հայց՝ 5 մլրդ. 062 մլն. 021 հազ. ՀՀ դրամի բռնագանձման պահանջով: 2017թ. ընթացքում դատարան է ներկայացվել 81 հայց. 75 հարուցված քրեական գործերով եւ քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 30 մլրդ 100մլն. ՀՀ դրամ` ներառյալ նաեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումներով պետությանը պատճառված մոտ 23.5 մլրդ դրամի վնասը:
Ուսումնասիրությունների արդյունքում քրեական գործեր են հարուցվել հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի, սերմացուների տրամադրման, տավարաբուծության պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում առերեւույթ չարաշահումների եւ բազմաթիվ այլ փաստերի առթիվ:
Ուսումնասիրվել է ընդերքօգտագործողների կողմից 2013-2016թթ. ընթացքում ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման պետական տուրքի վճարման գործընթացը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ ընդերքօգտագործող թվով 60 տնտեսվարող սուբյեկտներ պետական տուրքի վճարման գծով ունեցել են ընդհանուր շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով պարտավորություն:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2017թ. մարտ ամսվա դրությամբ պարարտանյութ մատակարարող կազմակերպություններին հատկացված բյուջետային վարկերից պետական բյուջե չի վերադարձվել 1 մլրդ. 112 մլն. 415 հազ. դրամ, իսկ սերմերի գծով 673 մլն 895 հազար 752 ՀՀ դրամ չի վերադարձվել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին: ՀՀ գլխավոր դատախազության 78 հաղորդման հիման վրա` ՀՀ գյուղատնտեսության եւ ֆինանսների նախարարությունների կողմից ձեռնարկվել են միջոցառումներ, որոնց արդյունքում պարարտանյութերի գծով պարտապան ընկերությունների պարտքի մնացորդը 2018թ. մայիսի 2-ի դրությամբ կազմել է շուրջ 396մլն ՀՀ դրամ: Այսինքն` ձեռնարկված միջոցառումների արդյունքում շուրջ 700 մլն ՀՀ դրամ արդեն իսկ վերադարձվել է պետական բյուջե: Սերմերի գծով «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը դիմել է մարզերի ընդհանուր իրավասության դատարաններ՝ ՀՀ մարզպետարաններից շուրջ 663 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով: Հետագայում, ՀՀ կառավարության որոշմամբ` ներվել են հողօգտագործողների պարարտանյութերի գծով շուրջ 165 մլն ՀՀ դրամի, իսկ սերմերի գծով շուրջ 642 մլն ՀՀ դրամի չափով պարտավորությունները՝ նույն գումարի չափով նվազեցնելով պետական բյուջեի հանդեպ մատակարար ընկերությունների վարկային պարտավորությունները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՏԵՂԸ ՓՈԽԵՑԻՆ
Ինչպես հայտնի է, ապրիլի 30-ին Երեւանում անցկացվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Այդ նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 29-ին Հայաստան են ժամանալու ԵԱՏՄ անդամ 5 երկրների վարչապետները, իսկ մոտավորապես մեկ ամիս առաջ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էր հենց այդ հարցերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ` ապրիլի 15-ին, ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել` խորհրդի նիստի անցկացման հետ կապված աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Նշենք, որ խորհրդի նիստը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այնինչ 2017 թ., երբ այն կրկին անցկացվում էր Հայաստանում, տեղի էր ունեցել «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրում:

 

 

ՍՐՏՆԵՐԸ ՖԻԼՄ Է ՈՒԶԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊԵԿ-ը պետական միջոցներով մտադիր է երկու ֆիլմ նկարահանել` ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման, ՊԵԿ ձեռքբերումների, բարեփոխումների, հարկերի վճարման մշակույթի վերաբերյալ, եւ մեկ կարճ հոլովակ` քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոն պահանջելու կարեւորության մասին: ֆիլմերը նկարահանելու է «Իլիուզիոն Պրոդակշն» ՍՊԸ-ն: Տեղեկացնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության եւ այդ ընկերության միջեւ դեռեւս 2016 թվականին կնքված համաձայնագրով` պետական գնումների պայմանագրի շրջանակում ընկերությունը ստանձնել էր ՖՆ կարիքների համար երկու տեսաֆիլմի պատրաստման աշխատանքները. առաջին ֆիլմը` ՀՀ սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի, երկրորդը` Դիլիջանի ուսումնական կենտրոնի մասին: Բայց քանի որ կառույցների շինարարական աշխատանքերն ավարտվել են սահմանված ժամկետներից ուշ, եւ ՖՆ-ից ՊԵԿ-ի տարանջատման արդյունքում ֆիլմերի նկարահանման օբյեկտներն անցել են ՊԵԿ-ի իրավասության տակ, դրանց նկարահանման աշխատանքները չեն իրականացվել: Այժմ ընկերությունը նախատեսում է վերսկսել ֆիլմերի նկարահանման աշխատանքները: Բայց հաշվի առնելով, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնը այլեւս չի պատկանում ՊԵԿ-ին եւ հանձնվել է այլ գերատեսչության` ֆիլմի նկարահանումն այս համատեքստում այլեւս նպատակահարմար չէ:

 

 

 

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ
Ինչպես հայտնի է, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործը մտել է դատարան, եւ այն կքննի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություւններով` Մնացական Մարտիրոսյանը նախկինում աշխատել է Մանվել Գրիգորյանի դստեր հետ, եւ դեռ ավելին` նրանք լավ հարաբերությունների մեջ են, ուստի չի բացառվում, որ նրան ինքնաբացարկ հայտնեն: Ինքը՝ Մարտիրոսյանը, դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն, պատասխանել է, որ մյուս դատավորների նման չէ. ինքնաբացարկ չի հայտնի, քանի որ հիմք չի տեսնում:

 

 

ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ՝ ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ
ԱՄՆ-ն առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն անցկացնել Վաշինգթոնում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վարշավայում կայացած ճեպազրույցի ժամանակ: Նա հիշեցրել է, որ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: «Ջանքերի կրկնակի, եռակի սաստկացման դեպքում Ռուսաստանի հետ համատեղ կարելի է հակամարտության կարգավորման առաջխաղացման հույս ունենալ: Երեկ ԱՄՆ-ից հրավեր է ստացվել այցելել Վաշինգթոն, որտեղ պետքարտուղարը նույնպես սեփական ջանքերը կգործադրի ղարաբաղյան հակամարտության լուծման գործում բեկման հասնելու համար»,- ասել է Մամեդյարովը: Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 15-ին Մոսկվայում:

 

 

 

ՉԸՆԴՈՒՆՎԵՑ
Ազգային Ժողովը քննարկում էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային Ժողովի որոշման նախագիծ ընդունելու մասին հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարման կարգով նշել է, որ, իր կարծիքով, պարոն Ջանջուղազյանը պետք է ներկա լիներ, քանի որ հարցն իրեն էր վերաբերում: «Նրա չգալը նույնպես վերաբերմունք է խորհրդարանին: Մենք պնդում ենք Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցը»,- ասել է Է. Մարուքյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հայտնել է, որ իրենք կողմ են քվեարկելու այս նախագծին, քանի որ իրենք չստացան առաջադրած հարցերի պատասխանները, եւ նախարարը չբացատրեց տխրահռչակ նամակի բովանդակությունը, որտեղ նշված էր տասը հազար քաղաքացիների կրճատման մասին: «Իմ քայլ»-ի ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հայտնել է, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ նման որոշում կայացնելու համար մեկ հանդիպումը բավարար չէր հարցապնդման առաջարկին կողմ քվեարկելու համար: Որոշումը չի ընդունվել. կողմ է քվեարկել 41 պատգամավոր, դեմ` 67 եւ մեկը՝ ձեռնպահ:

 

 

 

ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատանն ու նախկին գրասենյակում: «Հայտնում ենք, որ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն: Խուզարկություն է իրականացվել նաեւ Մ. Պողոսյանի նախկին գրասենյակում»- ասված է Պողոսյանի գրասենյակի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին վերսկսել էր օֆշորի քրեական գործի վարույթը: Միհրան Պողոսյանը հրավիրվել էր ՀՔԾ` հարցաքննության, սակայն չէր ներկայացել` պատճառաբանելով, որ արտերկրում է:

 

 

 

ԲՈՂՈՔ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 11-ի որոշումը նախօրեին տրամադրվել է պաշտպանական խմբին: Ըստ Քոչարյանի պաշտպանական խմբի` Վերաքննիչ դատարանը չի փոփոխել առաջին ատյանի դատական ակտը, հաստատված է համարել կաշառքի դրվագով հիմնավոր կասկածի, ինչպես նաեւ խուսափելու հիմքի բացակայությունը: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, որով առաջին ատյանի դատարանը մարտի 15-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, ապա այս մասով պաշտպանական խումբը համամիտ չէ դատարանի որոշման հետ եւ գտնում է, որ դատարանը չի կայացրել իր լիազորություններից բխող որոշում, ինչպես նաեւ պատճառաբանված անդրադարձ չի կատարել պաշտպանների ներկայացրած բողոքներին: Առաջիկա օրերին պաշտպանական խումբը Վճռաբեկ բողոք կներկայացնի:




Լրահոս