ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ` ՇՏԱԲՈՒՄ, ՔԱՐՏԵԶ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթում «Մարտի 1»-ի գործով անցնող առանցքային վկաների ցուցմունքների հրապարակման հետ կապված, մասնավորապես` նախաքննության տվյալները հրապարակելու առիթով քրեական գործ է հարուցվել: Ու մինչ քննություն է ընթանում` պարզելու, թե ինչպես են «Մարտի 1»-ի աղմկահարույց գործի հանրային դեմքերի ցուցմունքները հայտնվել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում, մենք շարունակում ենք պնդել, որ ոչ մի օրենք չենք խախտել, եւ հաջորդաբար ներկայացնում ենք մեր ձեռքի տակ գտնվող ցուցմունքներից հատվածներ:

Այժմ ներկայացնում ենք ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` «Մարտի 1»-ի գործով ցուցմունքների շարունակությունը, որը 1997թ.-ից մինչեւ 2008 թվականը ՀՀ ռազմական ոստիկանության պետն էր: Նշենք, որ նա մանրամասն ցուցմունքներ է տվել գործով եւ հայտնել էր. «Ռազմական ոստիկանության վրա դրվել էր խնդիր ապահովելու կառավարության շենքի կենտրոնական մասի ֆիզիկական անվտանգությունը… 100 ծառայող է եկել»:
Քննիչի հարցը. Ի վերջո, բանակը ներգրավվե՞ց, թե՞ ոչ. եթե այո, ապա ի՞նչ իրադրությունից ելնելով, ո՞ւմ որոշմամբ, ի՞նչ նպատակով, ի՞նչ գործողություններ պետք է կատարվեին:
Ի պատասխան` Վլադիմիր Գասպարյանը գրում է.
«Ես չեմ կարող հիշել, թե երբ, բայց արտակարգ իրավիճակ հայտարարվելուց հետո բանակը ներգրավվեց. օրը չեմ հիշում, թե կոնկրետ բանակը երբ է ներգրավվել. այնուամենայնիվ տարիներ են անցել, հիմա է՛լ չեմ հիշում օրերը: Թե բանակը դրանից հետո ինչ պետք է կատարեր, այդ հարցն ինձ չպետք է տալ. այդ հարցին կարող են պատասխանել նրանք, ովքեր հայտարարել են արտակարգ դրություն, կառավարել են այդ իրադրությունը: Դրանք իմ հետ` կոնկրետ Ռազմական ոստիկանության հետ կապ չունեցող հարցեր են եղել: Մենք մեր խնդիրներ ենք ունեցել, մեր գործերով ենք զբաղվել»:
ՀԱՐՑ. «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված են ռազմական ոստիկանության խնդիրները, որոնց թվում է զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործություների նախականխումը, կանխումը եւ խափանումը, զինված ուժերի տրանսպորտային միջոցների նպատկային շահագործումը եւ անվտանգ երթեւեկությունը: Արտակարգ դրություն հայտարարելուց հետո, երբ բանակը ներգրավվել է, ապա արդյոք Ռազմական ոստիկանությունը անելիք չունե՞ր Երեւան քաղաքում տեղակայված զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխման, կանխման եւ խափանման, զինված ուժերի տրանսպորտային միջոցների նպատակային շահագործման եւ անվտանգ երթեւեկության ապահովման ուղղությամբ: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ, որ Երեւան քաղաքում զինծառայողների առկայության պայմաններում առկա էր Ռազմական ոստիկանության կողմից իր խնդիրների իրականացման անհրաժեշտությունը: Այս խնդիրներն իրականացվե՞լ են, թե՞ ոչ. եթե այո, ապա որտե՞ղ, ի՞նչ եղանակով, ի՞նչ ուժերով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դրանից հետո, երբ պարետային ժամ է հայտարարվել, մեր պատրուլ խմբերը դուրս են եկել այն տարածքներ, որտեղ եղել են զինծառայողները. իրականացվել է պարեկային ծառայություն: Մեր պատրուլն, իհարկե, իրականացվել է: Մենք քաղաքացիների հետ գործ չենք ունեցել. մեր գործը զինվորականների հետ էր, հետեւել ենք, որ զինվորականների կողմից իրավախախտումներ չկատարվեն:
ՀԱՐՑ. Այդ դեպքում Ձեզ պետք է հայտնի լիներ, թե Երեւան քաղաքում հատկապես որ փողոցներում են տեղակայված եղել զինվորական ստորաբաժանումների զինծառայողները, ինչ քանակով, ինչ տեխնիկայով, ինչից ելնելով էլ` հնարավորություն եք ունեցել տեղաբաշխելու ռազմական ոստիկանության ծառայողների ծառայությունը: Այդպե՞ս է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Զորք կար կառավարության շենքի հետեւը. դա ես տեսել եմ, իմ մոտ է եղել: Ես չգիտեմ, թե ով է, ում ուր է տեղափոխում: Զորահրամանատարներն են աշխատել Խաչատուրովի հետ: Ես հիմա չեմ կարող հիշել. միգուցե ինձ տրամադրվել է, թե որտեղ ինչ ստորաբաժանումներ են տեղակայվել, որը հիմա չեմ հիշում: Այնուամենայնիվ, Ռազմական ոստիկանությունը իրականացրել է իր ծառայությունը Երեւանի կենտրոնական հատվածներում: Բերել, խմբեր էին ստեղծել, Օպերա էին պահում, եսիմ…:
ՀԱՐՑ. Քննությամբ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին` ժամը 16:09-ին, 16:11-ին եւ 16:27-ին, համապատասխանաբար Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ փողոցում գտնվող շուկայի դիմաց եւ Մելիք-Ադամյան փողոցում տեղակայվել են ՀՀ ՊՆ ստորաբաժանումները: Վերջինիս մասին նաեւ Դուք նշեցիք: Ասացեք կոնկրետ` որ ստորաբաժանումներն են նշված փողոցներում տեղակայվել, ում հրամանով, ում ենթակայության տակ, ինչ միջոցառումների իրականացման նպատակով են ներգրավված եղել եւ կոնկրետ ինչ գործողություններ են կատարել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւի, ոնց որ 2008 թվականի մարտի 1-ին` երեկոյան` այդ ժամերին` 16:30-ի կողմերը, այո, Մելիք- Ադամյան փողոցում եղել են զինծառայողներ, երեւի մի 15, 17 մեքենա: Զինված են եղել, թե ոչ, չեմ կարող ասել. կոնկրետ ես զինված զինծառայող չեմ տեսել, միգուցե զինված են եղել, բայց զենքերը պահել են իրենց մեքենաներում: Մենակ Ռազմական ոստիկանության մեր ծառայողների մի մասն են եղել զինված, հատուկ ջոկատայինները` կարճ ինքնաձիգներով: Ուզում եմ նշել, որ իմ հայրական տները գտնվում են Լեոյի փողոցում: Մարտի լույս 2-ի գիշերը` երեւի ժամը 3-ի սահմաններում, գնացել եմ այդ փողոց` ծնողներիս հանդիպելու, նրանց որպիսությունը իմանալու: Ծնողներս լավ էին: Տեղեկացա, որ այդ փողոցում բնակիչներից մեր հարեւան Հովոյի տղան էր հրազենային վիրավորում ստացել. գլխի կողմից, թե աչքի կողմից, ստույգ չեմ հիշում: Նրան տարել էին հիվանդանոց, ողջ էր մնացել: Հետո լրատվությունից եմ տեղեկացել, որ դուրս է եկել բալկոն, թե դուրս է եկել փողոց ու վիրավորում է ստացել: Պատմում էին, որ այդտեղ զինվորներ, ոստիկաններ են եղել: Պատմեցին, որ այդ փողոցում ու Պռոշյանի խաչմերուկներում կրակոցներ, բախումներ են տեղի ունեցել, որից մոտ 40-50 րոպե անց եմ մեկնել այդ փողոց: Լեոյի փողոցում եղած ժամանակ արդեն ամեն ինչ հանդարտ էր: Խումբ-Խումբ կանգնած էին ոստիկանության ծառայողներ, բայց քաղաքացիներ չկային:
ՀԱՐՑ. Ձեր ցուցմունքի տրամաբանությունից հետեւում է, որ արտակարգ դրությունը հայտարարվել է 2008 թվականի մարտի 1-ի ժամը միչեւ 16:30-ի սահմաններում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւի այո, մարտի 1-ին` ժամը 16:30-ի սահմաններում:
ՀԱՐՑ. Քննության տվյալների համաձայն` «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-ին` ժամը 22-ի սահմաններում: Մինչդեռ Դուք նշեցիք, որ բանակը Երեւան քաղաքում` Մելիք-Ադամյան փողոցում է եղել նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում: Ստացվում է, որ բանակը Երեւան քաղաք է բերվել մինչեւ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը հրապարակվելը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երբ ես գնացել եմ կառավարության շենք, օրվա երկրորդ կեսն էր: Իհարկե, ռազմական ոստիկանները մինչ այդ իմ հրահանգով մեկնել էին: Կառավարության շենքում` շտաբում, քարտեզ են դրել, փողոցներն էին նայում: Ես չգիտեմ, թե ինչքան է տեւել, 10-20 հոգի հավաքված են եղել, ինչ-որ բաներ էին քննարկում, Խաչատուրովից հետաքրքրվել եմ իմ ստորաբաժանման անելիքը, նա ասել է` կառավարության շենքը պահեք, մենք էլ անցել ենք գործի: Երբ ես դուրս եմ եկել շրջելու կառավարության շենքի մոտ, շրջագայել եմ, արդեն մթնշաղ էր: Չեմ կարող ասել, թե ժամը քանիսն էր: Միգուցե այդ զինվորները ավելի շուտ են եղել այդտեղ, բայց տեսել եմ նրանց, երբ արդեն մթնշաղ էր:
ՀԱՐՑ. 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին նախորդող օրերին` դեռեւս 2008 թվականի փետրվարի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրվել է թիվ 0038 հրամանը, որի քաղվածքը հետագայում հրապարակվել է մամուլում, համացանցում: Հրամանի քաղվածքում, մասնավորապես, նշված է. «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ Զինված ուժերի կողմից ապահովվելու նպատակով ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
ՀՀ Զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին` ժամը 18:00-ից, տեղափոխել Զորանոցային վիճակի մինչեւ հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում` առանձին բաժիններում, ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով….»:
Նույն հրամանով Երեւան քաղաքի կայազորի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի աշխատանքն ապահովվելու նպատակով ստեղծվել է կայազորի պետի աշխատակազմ, որում ընդգրկվել են ՀՀ պաշտանության նախարարության եւ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի գրեթե բոլոր կարեւորագույն վարչություններն ու բաժինները: Ասացե՛ք, Դուք որեւէ կապ չե՞ք տեսնում 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հիշյալ հրամանի եւ հետագայում ՀՀ նախագահի` 2008 թվականի մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի հրապարակման միջեւ:
Ցուցմունքի հրապարակումը «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԱՄԱԿ` ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ
Երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ 2019թ. ապրիլի 18-ին` ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Ս-ն զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով հարուցված քրեական գործով կազմված քննչական խումբը` ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր, որը գտնվում է Երեւան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ: Ժամը 11:35-ի սահմաններում գրանցվել է Ն.Ս-ի կենսաբանական մահը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
«Ժողովուրդ» օրաթերթին պայմանագրային զինծառայողի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նա անձնական խնդիրներ է ունեցել, մի կնոջ հետ: Ըստ որոշ լուրերի` այդ զինծառայողի ու ամուսնացած կնոջ միջեւ խոսակցություն է եղել, որից հետո նա զորամասում ինքնասպանություն է գործել:
Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ինքնասպան լինելուց առաջ Նարեկ. Ս.-ն նամակ է թողել եւ նամակում մանրակրկիտ ներկայացրել է իր անձնական կյանքի հետ կապված խնդիրը, ավելին` հայտնել է, որ այս ամենի համար ոչ մեկի չմեղադրեն, եւ նամակում շնորհակալություն է հայտնել զորամասի հրամանատարին, որ գոհ է նրանից, քանի որ նա լավ «կամանդիր» է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս