ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմիցս խոսվել է այն մասին, որ ոչ պետական բժշկական կրթական հաստատությունները Հայաստանի Հանրպետությունում վատ վիճակում են գտնվում: Մասնավորապես, համառ պնդումներ կան այն մասին, որ ոչ պետական բժշկական կրթական հաստատությունները չեն կարող ապահովել բարձր կրթության մակարդակ եւ, հետեւաբար, չեն կարող լավ մասնագետներ պատրաստել։ Ոչ պետական բժշկական կրթություն տրամադրող բուհերի շուրջ սկանդալներն այնքան են հասունացել, որ անգամ տեղափոխվում են միջազգային դաշտ: Oրինակ` վերջերս Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ եւ նշեց, որ Իսրայելում այեւս չեն ճանաչելու Հայաստանում ստացած դիպլոմները: Հարկ է նաեւ նշել, որ տարիներ առաջ էլ հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում աղմուկ բարձրացավ հայկական բժշկական դիպլոմների առնչությամբ: Բայց այդ աղմուկը, ըստ էության, զարգացում չստացավ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «խաչակրաց արշավանք» է սկսել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ՝ ուժեղացնելով դրանց վերահսկողությունը: Նախարարը ցանկություն ունի բոլոր մասնավոր բժշկական բուհերում կանոնակարգման լուրջ գործընթաց սկսել, եւ եթե տվյալ բժշկական բուհերը չհամապատասխանեն միջազգային կրթական ստանդարտներին, ապա կդրվի դրանց փակվելու հարցը:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություների՝ նախարար Արայիկ Հարությունյանը հստակ պահանջներ է դրել բժշկական կրթություն տրամադրող բուհերի առաջ: Մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների` աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է։ Նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում են 2 հաստատություն՝ Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը եւ Կրթության ու գիտության նախարարության ենթակայությամբ գործող Երեւանի պետական բժշկական համալսարանը:
Այսինքն` փաստացի այս 2 հաստատությունների վրա է մնացել մասնավոր բժշկական կրթություն տրամադրող բուհերի շրջանավարտներին աշխատանքի թույլտվություն տրամադրելու գործընթացն ու պատասխանատվությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել այս 2 հաստատություններին՝ խնդրելով տրամադրել տեղետկատվություն` վերջին 2 տարիներին մասնավոր բուհերից օրդինատուրա ընդունված անձանց թվաքանակի վերաբերյալ: Կրթության եւ գիտության նախարարության ենթակայությամբ գործող ԵՊԲՀ-ի տրամադրած տվյալներից ակնհայտ է, որ համալսարանը կտրուկ խստացրել է բժշկական մասնավոր բուհերի շրջանավարտներին հետբուհական կրթություն ապահովելու հարցը։ Օրինակ` մասնավոր բուհերից ԵՊԲՀ 2017թ.-ին դիմել է 150 անձ, սակայն բուհ ընդունվել է 40-ը, 2018 թ.-ին դիմել է 132 անձ, ընդունվել է 13-ը: Առողջապահության նախարարության ենթակայությամբ աշխատող Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տվյալները մտահոգիչ են։
Այսպիսով, մասնավոր բժշկական բուհերից շարունակական կրթություն ստանալու նպատակով 2017 թվականին ընդունել են 128 շրջանավարտ, իսկ 2018-ին՝ 124: Թվերից ակնհայտ է, որ ԿԳՆ ենթակայությամբ աշխատող հաստատությունում, նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հստակ գիտակցում են առողջապահական հիմնարկներում, հիվանդանոցներում տիրող անմխիթար վիճակը` գտնելով, որ մասնավոր բուհ ավարտածները, կոպիտ ասած, «փինաչի» են, եւ փորձում են կանխել նրանց մուտքն առողջապահական համակարգ: Սա թերեւս չեն գիտակցում առողջապահության ենթակայության տակ գտնվող Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում եւ արտոնագիր են տալիս մասնավոր բժշկական բուհերի շրջանավարտներին՝ վտանգելով մեր առողջապահական համակարգը:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼԸ` ՎԱՏ ԳԱՂԱՓԱՐ

Երեւանի աղբահանության հարցը դարձել է քաղաքի գերխնդիրներից մեկը, եթե ոչ գերխնդիրը. քաղաքի տարբեր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի ոչ միայն աղբամաններն են աղբով լի, այլեւ շենքերի մուտքերը, գարշահոտության պակաս էլ չկա: Էլ չենք խոսում աղբատար խցերի մասին, որոնք օրերով չեն դատարկվում ու մաքրվում: Պատճառն էլ աղբահանությամբ զբաղվող ընկերության՝ «Սանիտեքի» վատ աշխատանքն է. Երեւանի քաղաքապետարանն օրերս ՍՊԸ-ին նույնիսկ տուգանեց:

Երեկ ՀՀ կառավարության նիստում քննարկվեց «մեկ անձից» գնման ընթացակարգով Երեւան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպելու հնարավորություն տալու հարցը: Բանն այն է, որ քաղաքապետարանի` այս տարվա փետրվարին կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկվել է, արդյունքում հարցը քաղաքապետարանի հայցով գտնվում է դատական վարույթում:
Մյուս կողմից` մայրաքաղաքի սանիտարական վիճակը գտնվում է անմխիթար վիճակում աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետեւանքով: Եւ հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ` առաջարկվում է աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երեւան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձեւով:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարել է, որ քաղաքապետարանն առանց մրցութային կարգի մայրաքաղաքի համար արդեն ձեռք է բերել նոր աղբատար մեքենաներ: Նրա խոսքերով` քաղաքապետարանն իրավունք չուներ առանց մրցույթի նոր աղբատար մեքենա գնել:
Ավագանու անդամը վստահ է, որ քաղաքապետարանը այդ մեքենաները ձեռք է բերել «Կամազ» ընկերությունից: Ըստ Վարդանյանի` «Իմ քայլ»-ի ավագանու անդամները Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառումներ են արել` նշելով, որ քաղաքապետարանը 24 նոր աղբատար մեքենաներ է ձեռք բերել: Սակայն «Լույս»-ի ավագանու անդամները փորձել են հետաքրքրվել, թե եղել է մրցույթ արդյոք, «Իմ քայլ»-ի ավագանու անդամները հեգնել են` նշելով, որ եղել է: Ավելին, ավագանու անդամները երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց էին:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով, որ քաղաքապետարանը պատվիրել է թվով 24 նոր աղբատար մեքենաներ եւ եւս 5-ը կպատվիրի առաջիկայում այն դեպքում, երբ քաղաքապետարանը վերջերս է դիմել կառավարությանը դրանց ձեռքբերման թույլտվության համար:
Բացի այս, տեղեկացնենք, որ քաղաքապետարանը նախատեսում է ստեղծել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, որը զբաղվելու է սանմաքրման եւ աղբահանության խնդիրներով: Այս մասին հարցը ներառված է նաեւ Երեւանի ավագանու ապրիլի 23-ի օրակարգում: Հիմնարկի մասին երեկ խոսեց նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, սակայն այդ գաղափարը որակեց վտանգավոր:
«Պարո՛ն Մարության, մենք գնեցինք այդ մեքենաները, հետո դրա բազայի վրա ստեղծելու ենք պետական հիմնարկ, որը աղբահանություն է իրականացնելու: Շատ վտանգավոր գաղափար է, կարծում եմ, հաստատ վատ է աշխատելու, ու կարող եմ հենց հիմա երդվել, որ ավելի վատ է լինելու, ավելի թանկ»,- ասաց նա:
Փոխվարչապետի մտահոգությանն արձագանքեց քաղաքապետ Մարությանը` հորդորելով չերդվել. «Դեռ պետք չէ երդվել… մենք ուսումնասիրել ենք, եւ այսօր եվրոպական բոլոր քաղաքներում հետ են վերադառնում այն մոդելին, որ համայնքը եւ պետությունը կոնկրետ տրանսպորտը եւ աղբահանությունը վերցնում են իրենց վրա: Հիմա հասկացել են` մասնավորը հետապնդում է միայն շահույթ, իսկ խնդիրները, որոնք առաջանում են բնակչության մոտ, իրենց չեն հետաքրքրում»:
Մինչ այդ նկատենք, որ ստեղծված իրավիճակը հրատապ լուծումներ է պահանջում, եւ քաղաքացիներին մեծ հաշվով չի հետաքրքրում ո՛չ «Սանիտեք» ընկերության անգործության պատճառները, ո՛չ քաղաքապետարանի գնումների ընթացակարգը, ավագանու «Լույս» խմբակցության կամակորությունները, ո՛չ էլ որեւէ այլ պատճառաբանություն. քաղաքացին ցանկանում է, որ իր քաղաքը լինի մաքուր, եւ դա պահանջում է հենց տեղական իշխանություններից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ապրիլի 17-ին որոշում է ընդունել` Նիկոլայ Գրիգորյանին Տավուշի մարզպետի խորհրդական նշանակելու մասին։ 2019թ. փետրվարի 6-ից Տավուշի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Չոբանյանն ազատվում է հին կադրերից, դրանց փոխարեն նշանակում նոր մարդկանց։ Նրա պաշտոնավարման օրոք աշխատանքից ազատվել են մարզպետի 3 տեղակալները, այժմ մարզպետը նոր տեղակալ ունի. մարզպետի տեղակալ է նշանակվել Թաթուլ Ստեփանյանը։ Չոբանյանի պաշտոնավարման կարճ շրջանում պաշտոնից ազատվել են մարզպետի խորհրդականները եւ օգնականները, դրանց փոխարեն նշանակվել են նոր անձինք։

 

 

 

ՀԱՄԱՆԵՐՈՒՄՈՎ ԱԶԱՏՎԵՑԻՆ
Փետրվարի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Հրաչ Խանոյանի եւ Ժիրայր Վանյանի դատավարությունը: Հրաչ Խանոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի կոմունալ շահագործման պետ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, զորամասի պահեստում գտնվող 1 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ զինվորական մահճակալների մետաղյա 400 հատ անկյունակները հափշտակելու դիտավորությամբ 2018թ. ապրիլ ամսվա սկզբներին պայմանավորվածություն է ձեռք բերել Վանաձոր քաղաքի բնակիչ Ժիրայր Վանյանի հետ, սակայն հանցագործությունը իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցվել: Ժիրայր Վանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով երկաթի առուվաճառքով զբաղվող անհատ ձեռներեց` խոստացել է ձեռք բերել զորամասի կոմունալ շահագործման ծառայության պահեստից հափշտակված խոշոր չափերով՝ 1 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ, զինվորական մահճակալների մետաղյա 400 հատ անկյունակները: Հրաչ Խանոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Յուրացնելու կամ վատնելու հանցափորձը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»), Ժ. Վանյանին՝ 38-34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Յուրացնելու կամ վատնելու հանցափորձին հանցակցությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»): Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է կիրառել համաներման մասին օրենքն ու ամբաստանյալներին ազատել պատժից։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս