Երկար բանավեճերից հետո երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին, եւ նախագծերի փաթեթն ընդունվեց 78 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ փոփոխությամբ առաջարկվում է ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք սահմանել՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։ Նշենք, որ ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանվելու է ժամանակավոր՝ մեկ տարով, իսկ ներմուծվող կլինկերի համար ոչինչ չի փոխվում, տուրք չի սահմանվի: Նախագծերը դեռեւս պետք է քննարկվեն նաեւ երկրորդ ընթերցմամբ, ապա կրկին քվեարկվեն:
Դեռ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները առաջարկել էին ցեմենտի հումքի համար պետական տուրք չսահմանել, իսկ ցեմենտի ներկրման համար կառավարության առաջարկած 22 հազար դրամ պետական տուրքի գործողության ժամանակաշրջան սահմանել 1 տարին։ Եվ սրա նպատակը բացատրվում է այնպես, որ պետական տուրք կիրառվի Իրանից ներկրվող ցեմենտի վրա՝ շուկայում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար, սակայն բացակայում է ներկրվող կլինկերի վրա պետտուրքի տարածումը:
Բանն այն է, որ Երեւանի շուկայում Իրանից ներկրված ցեմենտն ավելի էժան է, քան տեղական արտադրողն ունի իր արտադրական ծախսերի արդյունքում։ Եվ կառավարության ներկայացուցիչ Տիգրան Խաչատրյանը խորհրդարանից հայտարարել էր, թե ներկայացված նախագծերով փորձել են պաշտպանական միջոցառում կիրառել ՀՀ-ում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերն ամրապնդելու նպատակով:
Օրինակ` «Երեւան ցեմենտ» ընկերության մեկ տոննա արտադրանքի գինը 40 հազար դրամ է, «Արարատ ցեմենտ»-ինը՝ 41 հազար դրամ, իսկ «Հրազդան»-ինը՝ 48 հազար դրամ։ Եվ 2018թ.-ի հեղափոխությունից հետո իրանական ցեմենտը մուտք գործեց հայկական շուկա, որը ՀՀ սահմանին 8-10.000 դրամ է՝ չորս անգամ մատչելի: Եվ հիմա իշխանության ներկայացուցիչները մեկնաբանում են՝ եթե այս փոփոխությունը չանեին, ապա տեղական արտադրող երեք ընկերությունները կփակվեին։ Ընդունված է կարծել, թե սա նախագիծ է, որը պաշտպանում է Գագիկ Ծառուկյանի ցեմենտի գործարանի գործունեությունը։ Ինքը՝ «Արարատ ցեմենտի» սեփականատերը, անիմաստ է համարում տուրք մտցնելը, եթե այն չի վերաբերելու նաեւ ցեմենտի հումքի արտադրությանը։ Սակայն իրականում ամեն ինչ Գագիկ Ծառուկյանի կողմը չէ, քանի որ այս փոփոխությունից ավելի շատ տուժելու են հենց խոշորները՝ «Արարատ ցեմենտ»-ն ու «Հրազդան ցեմենտ» ընկերությունը, իսկ, ահա, երրորդ ընկերությունը՝ «Երեւան ցեմենտ» գործարանը, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին, միայն շահելու է այս փոփոխությունից։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չհերքեց, որ փոփոխություն չանելու դեպքում այդ ընկերությունը փակվելու էր։ Նրա հետ հարցուպատասխանը` ստորեւ:
-Պարո՛ն Թունյան, նշվում է, թե այս փոփոխություններով շահերի բախում է լինելու։ Ինչպե՞ս կարձագանքեք։
-Եթե մենք այս նախագիծը չէինք փոփոխում, շուկայում գործող առնվազն մեկ ընկերություն տեղում փակվում էր։ Երեւանում գործող ընկերություններից մեկը, որը ներմուծված կլինկերով ցեմենտ էր արտադրում, շուկայից դուրս էր մղվում։ Այս պարագայում իրենք էլ են մնում, խոշորն էլ է մնում, սակայն երկուսի շահերն էլ մի քիչ ոտնահարվում են։ Եթե մենք դնենք շատ ավելի մեծ տուրքեր սահմանեինք, այդ դեպքում էլ սպառողներն էին տուժելու։ Մենք չենք ուզում շտապենք ու սխալ որոշում կայացնենք, մենք կքննարկենք բոլոր տարբերակները։
-Եվ հենց դրա համար են նշում, որ իշխանական ուժը պաշտպանում է Դավիթ Սեդրակյանի ընկերությանը։
-Մեզ համար տարբերություն չկա, թե այդ ընկերություններից որեւէ մեկի սեփականատերը ով է։ Բացի դրանցից կան այլ փոքր ընկերություններ, որոնք զբաղվում են կլինկերից ցեմենտ արտադրելով։ Եթե անգամ լիներ մեր խմբակցությունից որեւէ մեկին պատկանող գործարան, մենք այդ ամենը հաշվի չէինք առնելու։
-Դուք հանդիպե՞լ եք իրենց հետ։
-Մեր հարակից զեկուցող Հայկ Սարգսյանը փորձել է բոլորի հետ կապ հաստատել։ Ես ներկա եմ եղել Սեդրակ Առուստամյանի հետ հանդիպմանը եւ Գաջի գործարանի հետ հանդիպմանը։
-Այսինքն` այն խոսակցությունները, որ կողմնապահություն է առկա, հերքո՞ւմ եք։
-Մենք հայտարարել ենք ներառական տնտեսական աճ ապահովելու մասին։ Պետք է շուկայում փոքրերի շահերն այնքան պաշտպանված լինեն, որքան խոշորներինը։ Եթե մեծ ընկերությունն ունի այդ հնարավորությունները, լծակները եւ ի սկզբանե եղել է նրանց օգտին, մենք փորձել ենք այդ որոշումը բալանսավորել։
Հավելենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման հիմնական թեման եղել են հենց այդ փոփոխությունները, սակայն պայմանավորվածության հասնել չեն կարողացել։ Վարչապետը Ծառուկյանից պահանջել է հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու պետք է փոխվի, վերջինս ներկայացրել է, սակայն դատելով այն հանգամանքից, որ նախագիծը մնաց նույնը` ստացվում է` հաղթեց իշխող ուժը։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՉԻ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ
ՀՀ կառավարությունը այս տարվա հունվարի 1-ից մինչեւ հիմա չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը:
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր այդ խնդրի մասին: Ընդ որում, խոսքը երեք աշխատակցի աշխատավարձի մասին է: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մեր հարցին ի պատասխան, ասել էր, որ խնդիրը զուտ տեխնիկական է: Ի դեպ, կառավարությունը Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը չէր վճարել, փոխարենը մյուս երկու պաշտոնաթող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների դեպքում նման խնդիր չէր եղել, եւ այնտեղ բոլորը ստացել էին իրենց գումարը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանից հետաքրքրվեց՝ արդյոք խնդիրը կարգավորվել է, թե ոչ, սակայն բացասական պատասխան ստացավ: «Կա ձեռք բերված պայմանավորվածություն, որ հարցը շուտով կկարգավորվի: Խնդիր կա, սակայն դա զուտ տեխնիկական է»: Հարցին` խնդիրը կարգավորվելու դեպքում մի քանի ամսվա աշխատավարձներ են փոխանցվելու արդյոք, Ավագյանն ասաց, որ, ամեն դեպքում, պայմանավորվածությունն այդպիսին է:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ` ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Ինչպես հայտնի է, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը դիմել է դատարան` ընդդեմ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի: Էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արա Սիմոնյանի դիմումի հիման վրա որոշում էր կայացրել այն մասին, որ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել էթիկայի կանոնի խախտում: Սակայն նկատենք, որ Դավիթ Սանասարյանը չի հաշտվել այդ իրականության հետ, եւ ապրիլի 17-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ստիպել էթիկայի հանձնաժողովի 18.03.2019 թ. եզրակացությունը ճանաչել առոչինչ:
Քանի որ էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտորի դիմումի հիման վրա էր այդ որոշումը կայացրել, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Արամ Սիմոնյանին: Նա ասաց, որ դա Դավիթ Սանասարյանի իրավունքն է, որ դիմել է դատարան. «Մենք դիմել էինք հանձնաժողով, հանձնաժողովը որոշում էր կայացրել, մենք այլեւս էլ կապ չունենք, իսկ իր դիմումի հետ կապված` դա իր իրավունք է համամիտ չլինել որոշման հետ»: Անդրադառնալով Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործին` հայտնեց, որ մարդու դժբախտության վրա չի կարող չարախնդալ. «Նա երեխաներ ունի: Ամեն դեպքում, ինձ թույլ չեմ տա մարդու դժբախտության վրա ուրախանալ»:
ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ բանակցություններ կանցկացնեն մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (նախկին Աստանա), որտեղ նախատեսված է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը` նվիրված կառույցի ստեղծման 5-րդ տարեդարձին: ՌԴ խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի խոսքով` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական փոխգործակցությունը շատ արդյունավետ է ընթանում: «Անցած տարի մեր երկրների ղեկավարները հանդիպել են 7 անգամ, մշտական շփման մեջ են, պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում»,- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Մատվիենկոն: Նա նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն կունենան նաեւ հոկտեմբերի 1-ին Երեւանում, որտեղ նույնպես անցնելու է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը: Նշենք, որ վերջին անգամ ՀՀ վարչապետը Ռուսաստանի նախագահին է զանգահարել ապրիլի 1-ին եւ որոշ մանրամասներ հայտնել Վիեննայում մարտի 29-ին Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցություններից:
71 ՏՆՏԵՍՎԱՐՈՂ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) Հայաստանի տարածքում ավտոմեքենաների գազալցավորման ճնշման կայանների գործունեություն իրականացնող 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացնում է տարբեր հսկողական միջոցառումներ, 35-ի մոտ` նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու, ինչպես նաեւ իրացման իրական ծավալները ճշտելու նպատակով: Հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են: Միջոցառումների արդյունքում 4 տնտեսվարող սուբյեկտի մոտ արդեն իսկ ի հայտ են եկել որոշակի շեղումներ` ստացված գազի ծավալների եւ փաստացի իրացված գազի ծավալների միջեւ, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան նյութեր եւ ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն:
Ո՞ՐՆ Է ՀԵՏՔԱՅԼԸ
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, անդրադառնալով Զատիկին հաջորդող երկուշաբթին ոչ աշխատանքային օր չհայտարարելու կառավարության նախաձեռնությանը, իր տարակուսանքն էր հայտնել` ընդգծելով. «ՀՀ կառավարության կողմից անցյալում հայտարարվում էին ոչ աշխատանքային օր: Անհասկանալի է այս հետքայլը»: Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը բոլոր մեռելոցները ոչ աշխատանքային էր հռչակել, եւ Մայր Աթոռը դա համարում էր եկեղեցու ձեռքբերումներից մեկը: Բայց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չշարունակեց այդ պրակտիկան` որոշում կայացնելով, որ մեռելոցները պետք է լինեն աշխատանքային օրեր: Այսինք` այս ամենը որոշված է եղել դեռ նախկին իշխանությունների օրոք, եւ ուշագրավն այն է, որ Մայր Աթոռը այն ժամանակ որեւէ կերպ չարձագանքեց եւ միայն հիմա որոշեց իր տարակուսանքը հայտնել այս առիթով` սա որակելով հետքայլ: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի մասին փորձեց պարզաբանում ստանալ Տեր Վահրամ քահանա Մելիքյանից, որը մեզ հետ զրույցում նշեց, որ այս մասին ավելացնելու ոչինչ չունի, եւ ամեն բան հրապարակված է: Հետաքրքրվեցինք` կոնկրետ ինչն է հետքայլ համարում, եւ նախկին իշխանությունների օրոք արդյոք նման խնդիր չի եղել: «Մնացյալը կառավարության ներկայացուցիչները պետք է պարզաբանեն։ Ես հիմնավորել եմ, թե ինչու եմ դա հետքայլ նկատում»,- ասաց տեր հայրը: