Մարտի 19-ին գրել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարի թիրախում են հայտնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորներ: Նախարարը քննում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորների` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանի, Ռուզաննա Հակոբյանի, Գոռ Հակոբյանի, Նախշուն Տավարացյանի, Վարդան Ավանեսյանի, Ստեփան Միքայելյանի, Տիգրան Պետրոսյանի, Սուրեն Անտոնյանի, Մամիկոն Դրմեյանի, Արտակ Բարսեղյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` քաղաքացիներից մեկը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատ` տեղեկացնելու, որ իր քաղաքացիական գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, մասնավորապես այն, որ համատիրության կողմից տրված թերթիկը կեղծ է եղել, եւ դա պաշտոնապես պարզել են իրավապահները: ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները պետք է քաղաքացու դիմումին ընթացք տային եւ ստուգեին, թե արդյոք նրա բերած դիմումը ճիշտ է, սակայն առանց քննության են թողել այն: Ու հիմա բանը հասել է դիվան բաշուն. կատարվածի մասին տեղյակ են պահել ՀՀ արդարադատության նախարարին, որն էլ քննարկում է կարգապահական վարույթ հարուցել 11 դատավորների նկատմամբ: Եթե ՀՀ արդարադատության նախարարությունը հիմնավորի, որ դատավորները թույլ են տվել խախտում, ապա պետք է դիմի Բարձրագույն դատական խորհուրդ դատավորներին պատասխանատվության կանչելու համար: Ու մինչ նախարարությունը դեռեւս քննում է դատավորների հարցը, մեզ հասած լուրերի համաձայն, կատարվածը նաեւ թեժ քննարկման առիթ է դարձել դատավորների շրջանում, եւ կատարվածի պատասխանատվությունը մեկը մյուսի վրա է գցում: Մասնավորապես, վերջիններս սկսել են խոսել այն մասին, որ այն դատավորը պետք է կրի պատասխանատվությունը, որը զեկուցել է այս գործի մասին:
Մեզ հասած լուրերի համաձայն` զեկուցողը եղել է դատավոր Ստեփան Միքայելյանը: Եվ, ահա, երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել եւ ՀՀ վճռաբեկ դատարանի 11 դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ: Ասել է թե` նախարարը հիմքեր է տեսել դատավորների թույլ տված սխալների կապակցությամբ եւ դիմել է ԲԴԽ, որ այս կառույցը քննի, կա՛մ պատժի դատավորներին, կա՛մ մերժի նախարարի դիմումը:
Նախարարի այս դիմումը բավականին լուրջ իրավիճակ է ստեղծել դատական համակարգում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ քննարկել են ինքնապաշտպանվելու հնարավորությունները: Ինչպես հայտնի է, դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը ՀՀ վճռաբեկ դատարան դիմում են ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու մասով, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը այն դեռեւս վարույթ չի ընդունել, եւ պարզ էլ չէ` արդյոք վարույթ կընդունի, թե ոչ: Ասել է թե` Վճռաբեկ դատարանի դատավորների ձեռքում է Գագիկ Հարությունյանի ճակատագիրը:
Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն` քաղաքացիական պալատի դատավորներն էլ ներքին խոսակցության ժամանակ ասել են` եթե ԲԴԽ-ն իրենց կարգապահական պատասխանատվության կանչի, իրենք էլ կբավարարեն դատավորների դիմումը եւ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կկայացնեն:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ դատավորների միության մամուլի պատասխանատու Աննա Բալյանը հայտնեց. «Դատավորը չի կարող առաջնորդվել զգացմունքներով. ցանկացած գործ պարտավոր է քննել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների համապատասխան: Դատավորի կերպարն այնպիսին է, որ անհնար է նման երկխոսություն պատկերացնել անգամ: Դատական համակարգի ներսում ընդունված չէ միմյանց հետ շանտաժի լեզվով խոսել:
Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի դատավորների դեմ վարչական վարույթ հարուցված լինել-չլինելուն, այդ մասին որեւէ տեղեկություն չունեմ, քանի որ այդ լուրերը պաշտոնապես առայժմ չեն հաստատվել»:
Ի դեպ, ԲԴԽ-ն արդեն ստացել է ԱՆ դիմումը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԲԴԽ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանին: Նա հաստատեց, որ ԱՆ-ից դատավորների վերաբերյալ դիմումը ստացել են:
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ այս հարցը դեռ շատ ջուր կքաշի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՆԱԽԱԳԻԾԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել 2018թ. հոկտեմբերի 2-ին ԱԺ կանոնակարգ օրենքի աղմկահարույց փոփոխությունները:
Ինչպես հիշում եք, նախորդ գումարման ԱԺ ՀՀԿ, «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները հոկտեմբերի 2-ի երեկոյան արտահերթ նիստում հրատապ կարգով ընդունեցին ««Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։ Դեմ քվեարկեց միայն «ԵԼՔ» խմբակցությունը։ Փոփոխությունը, որ առաջարկել էր ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը, վերաբերում էր խորհրդարանի նիստերի կայանալուն։ Այն սահմանում է, որ եթե ԱԺ նիստը շարունակելու խոչընդոտ կա, ԱԺ նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած: Դրանով խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժերը տեսականորեն փորձում էին խոչընդոտել վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանն արտահերթ ընտրությունների տանելու գործընթացը։ Նույն օրը վարչապետ Փաշինյանը հանրահավաք հրավիրեց. ժողովուրդը փակեց Ազգային ժողովի մուտքերն, ու պատգամավորները մի քանի ժամ «գերի էին մնացել»:
ՀՀ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած հանրահավաքում վարչապետը հայտարարեց ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին` միաժամանակ ստորագրելով այդ կուսակցութունների քվոտայով նշանակված նախարարներին պաշտոնանկ անելու համար ՀՀ նախագահին ներկայացվելիք առաջարկը: Ավելին, սա առիթ հանդիսացավ, որ կառավարությունը համաժողովրդական ճնշման տակ ստիպի խորհրդարանին ավելի արագ գնալ իրավունքի ուժով լիազորությունների դադարեցման: Ասել է թե` այս նախագիծն արագացրեց արտահերթ ընտրությունների անցկացումն ու վերջնական իշխանափոխությունը:
Տեսնելով նախագծի դեմ հանրության բացասական վերաբերմունքը` նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց այս օրենքը եւ որոշեց դիմել Սահմանադրական դատարան՝ ներկայացված օրենքի` Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու նպատակով: Սակայն, ինչպես երեկ հայտնի դարձավ, Սահմանադրական դատարանը որոշեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Ի դեպ, դեռ ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՍԴ-ն սահմանադրական է ճանաչելու այս օրենքը, քանի որ, այնուամենայնիվ, նման դրույթի ամրագրումը հարկավոր է:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի մասին պարզաբանում խնդրեց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չի եղել, որ օրենքը ուղարկվել է ՍԴ. «Ես դատարան ուղարկված դիմումից տեղյակ չեմ, հետեւաբար ընթացքին չեմ ծանոթացել եւ որոշումն էլ քանի որ չեմ կարդացել, ճիշտ չեմ համարում այս պայմաններում ինչ-որ դատողություններ անել»: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ, որն այդ ժամանակ Գեղարքունիքի մարզպետն էր, մեզ հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը, ըստ էության, սպասելի էր. «Սա մեկ անգամ եւս ապացուցեց, որ մենք ճիշտ էինք ասում, եւ իրենք էլ վերջում այդ ճանապարհով գնացին: Այսինքն` մենք ինչ որ ասել ենք, դատարանի որոշումը փաստել է դա: Մենք այն ժամանակ էլ էինք պնդում, որ ճիշտ ճանապարհը դա է. խորհրդարանը պետք է լուծարվի ոչ թե ուժի իրավունքով, այլ օրենքի ուժով: Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք, եւ ժամանակի ընթացքում շատ այլ հարցերում էլ այդպես կպարզվի»:
«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ խորհրդարանում «Ելք», այժմ էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրեց, թե արդյոք բարձրացրած աղմուկն իզուր էր. «Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածը բազմաշերտ էր: Այդտեղ ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական խնդիր կար։ Հիմա եթե իրավական իմաստով ՍԴ-ն գտել է, որ Սահմանադրությանը համապատասխանում է, դա ուրիշ հարց է, բայց քաղաքական խնդիրը, միանշանակ, կար: Քաղաքական խնդիրը դրանով չի լուծվում: Քաղաքական խնդիր էր այն հապշտապությունը, որով իրենք այդ հարցը բերեցին օրակարգ, եւ, ընդ որում, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն այդ պահին կառավարության մաս էին կազմում: Այն նպատակները, որոնք հետապնդվում էին իրականում, դա էլ, մյուս կողմից, իրավիճակը դարձնում էր ավելի շատ քաղաքական, քան իրավական»:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ապրիլի 18-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երեւանում. ժամը 13:40-ի սահմաններում ահազանգ էր ստացվել իրավապահ համակարգ, որ Արտաշատի խճուղում գտնվող «Սպայկա» ընկերության դիմացի գերեզմատանը տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը` իր ծնողների շիրիմի մոտ, հայտնաբերել են Երեւան քաղաքի Նորագավիթի բնակիչ 36-ամյա Գեւորգ Այվազյանի դին` պարանոցի վրա օղակված գոտիով: Դիակի մոտ հայտնաբերվել է նաեւ 2 բջջային հեռախոս: Մահացածի հարազատները ասել էին, որ դեռ մեկ օր առաջ փնտրում էին Գեւորգին: Վերջինս, ի դեպ, խնամքին ուներ 3 երեխա:
Այվազյանը «Սպայկա» ընկերության Արարատի մարզի անվտանգության պետն էր: Վերջինիս մտերիմները հայտնել էին, որ նա հարազատների, ընկերների կողմից հարգված ու սիրված էր, նվիրված էր ընտանիքին: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե այլ բան, նրա հարազատները չեն կարողացել միանշանակ գնահատել: Բայց կասկածներ կան, որ Այվազյանը հազիվ թե ինքնասպանություն գործած լիներ, քանի որ նա միանգամայն այլ հատկանիշներով մարդու տպավորություն է թողել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները դեռեւս չեն կարողացել հարցաքննել Գեւորգ Այվազյանի հարազատներին, քանի որ ընտանիքը գտնվում է սգի մեջ: Փոխարենը իրավապահները վերծանում են վերջինիս հեռախոսային խոսակցությունները, որպեսզի հասկանան, թե նա վերջին անգամ ում հետ է խոսել, եւ, առհասարակ, ինչ խոսակցություններ է ունեցել:
Ու մինչ քննությունը ընթանում է, մեզ լուրեր հասան, որ իրավապահները առաջ են քաշել նաեւ այն վարկածը, թե Գեւորգի ինքնասպանությունը կարող է կապված լինել խաղատներ հաճախելու հետ: Բանն այն է, որ Գեւորգի մտերիմ շրջապատը հայտնել է , թե նա վերջերս հաճախ էր խաղատներ այցելում: Բայց թե որքանով դա կապ ունի մահվան հետ, չեն կարող ասել: Ամեն դեպքում, չի բացառվում, որ դեպքը կարող է կապված լինել գումարի հետ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՐԳՈՒՄ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է ԱԱԾ քննիչի` Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու միջնորդությունը. տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Վարչապետը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին ապահովել ՀՀ ազգային անվտագության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետի` 2019թ. ապրիլի 18-ի` «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը»,-հայտնել է Կարապետյանը: Նրա ասել է. «Վարչապետը չի պատրաստվում եւ մտադրություն չունի պաշտոնանկ անելու Դավիթ Սանասարյանին, որովհետեւ հարգում է անմեղության կանխավարկածը»: