ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԸ` ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնակարանային գողությունների աճը, որ նկատվեց հատկապես վերջին համաներումից հետո, խիստ մտահոգել է իրավապահ մարմիներին: Ու, թերեւս, դա է պատճառը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է խստացնել բնակարանային գողությունների համար քրեական պատասխանատվության ձեւերը:

Հիմա ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որը, սակայն, մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կխստացվի բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակության, կողոպուտի եւ գողության համար քրեական պատասխանատվություն նախատեսող քրեաիրավական նորմերի սանկցիան:
Ըստ գլխավոր դատախազության` 2018 թվականին էականորեն աճել են անձնական գույքի հափշտակության դեպքերը: Աճը կազմել է 1453 դեպք: Մասնավորապես, 2018 թվականին, 2017-ի համեմատ, 56 դեպքով աճել են հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող կողոպուտի դեպքերը, իսկ գողության դեպքերը մեկ տարվա ընթացքում աճել են 1135-ով, 1-ով` ավազակության դեպքերը: Սակայն իրավապահ համակարգը ավելի շատ մտահոգված է բնակարանային գողության դեպքերի աճով. դրանք 2018 թվականին 549 դեպքով աճել են: Ի դեպ, տեղեկացնենք, որ աճել են նաեւ անչափահասների կողմից կատարված բնակարանային գողության դեպքերը: Եթե 2017 թվականին արձանագրվել է անչափահասների կողմից կատարված բնակարանային գողության 23 դեպք, ապա 2018-ին` 32 դեպք:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին երկու ամիսներին գրանցվել է ավազակության 15 դեպք, որը 6 դեպքով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ավազակությունների թվից, կողոպուտի` 26 դեպք, որը 4 դեպքով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից, գողության` 1385 դեպք, որը 522 դեպքով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից, 248-ը բնակարանային գողության դեպքեր են, որը 67 դեպքով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված բնակարանային գողությունների թվից:
Մասնագետների պնդմամբ` բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողությունների դեմ պայքարում կարեւոր է բազմաբնակարան շենքերի մուտքերի` հատուկ փականներով դռներով ու տեսագրող սարքերով կահավորումը:
Այսպես, առաջարկվում է բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակության համար քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի նոր լրացվող 2.1 մասում` որպես սանկցիա նախատեսելով ազատազրկում` 7-ից 12 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Միաժամանակ, հաշվի առնելով հրազենի կամ ռազմամթերքի գործադրմամբ կատարված ավազակության բարձր, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակությանը չզիջող հանրային վտանգավորությունը` առաջարկվում է հիշյալ ծանրացնող հանգամանքը եւս նախատեսել լրացվող 2.1 մասում, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված կողոպուտի համար քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի նոր լրացվող 4-րդ մասում` որպես սանկցիա նախատեսելով ազատազրկում` 6-ից 10 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության համար քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի նոր լրացվող 5-րդ մասում` որպես սանկցիա նախատեսելով ազատազրկում` 5-ից 10 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ըստ Արդարադատության նախարարության` որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դատարաններին իրականացնել համաչափ պատժողական քաղաքականություն` անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում պատիժ նշանակելով ավազակության դեպքում ընդհուպ 12, իսկ կողոպուտի, գողության դեպքում` ընդհուպ 10 տարի ժամկետով ազատազրկում: Բացի այդ, կատարվածը կարեւոր նշանակություն կունենա բնակարանային հափշտակությունների դեմ պայքարի գործում:
Հոգեբան Սամվել Խուդոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ պատժաչափը մեկ կամ երկու տարով ավելացնելը էական ազդեցություն չի թողնի: «Փորձը ցույց է տալիս, որ նման խստացումները էական ազդեցություն չեն թողնում: Մարդը եթե դա անում է, հետեւանքների մասին չի մտածում, չի գցում-բռնում` 2 տարի ավել կտան, թե մեկ, որովհետեւ, իր հաշվարկով, ինքը կմտնի, կգողանա ու չի բռնվի: Եթե ավելի խիստ պատժամիջոց կիրառվեր, միգուցե դա ազդեր»,-նկատեց Խուդոյանը:
Մասնագետը չկարողացավ հստակ բացատրություն տալ, թե ինչու են բնակարանային կողուպուտի դեպքերը աճել: «Որպեսզի ապացուցվի, որ աճել է, պետք է կատարվի խորը վիճակագրական հետազոտություն, քանի որ շատ դեպքերում մարդիկ կան` չեն բողոքում. հույս չունեն, որ կբացահայտվի հանցագործությունը: Այնպես չէ, որ ժողովուրդի վիճակն ավելի վատացել է, տան կողպեքներն են ավելի թուլացրել, գուցե ոստիկանություն դիմողներն են ավելացել»,- բացատրեց հոգեբանը: Ապա նկատեց, որ մեր օրերում նախկինում ազատազրկվածը մեծ դժվարությամբ է կարողանում աշխատանք գտնել, կամ նրա մոտ ընդհանրապես չի ստացվում լուծել իր զբաղվածության հարցը:
Փաստաբան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ` բնակարանային գողության դեպքերը դժվար բացահայտվողներից են համարվում: «Այս պատճառով խստացնում են: Ես կարծում եմ, որ ճիշտ է դա, չնայած երկրորդ կողմն էլ կա. ավելի ճիշտ կլիներ թողնել պատժաչափերը` սանկցիան, բայց նման հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ (կոնկրետ բնակարանային գողությունը) պատիժը երբ նշանակվում է, պայմանական վաղկետը ավելի խստացնեին: Օրինակ, նախատեսվում է պատժի կրած 1/2 մասը մինչեւ չկրի, պայմանական չեն կիրառի. այդ դեպքում թող ասեն 2/3-րդը: Այսպես ավելի ճիշտ կլինի, քան օրենքի խստացումը, որովհետեւ շատ անգամ այն անդրադարձը չի ունենում, ինչը որ ակնկալվում է»,- նկատեց փաստաբանը: Արսենյանի խոսքերով` բնակարանային գողությունների դեպքերի աճի պատճառը սոցիալ-տնտեսական պայմաններն են. «Միանշանակ, ինչի՞ մասին է խոսքը»:
Այս իրավիճակում մտահոգողն այն է, որ 2018 թվականի համաներման արդյունքում բնակարանային գողություն իրականացրած անձինք հայտնվեցին ազատության մեջ, եւ կարճ ժամանակ անց ՀՀ-ում նկատվեց հանցագործությունների, հատկապես` գողության, կողոպուտի դեպքերի աճ. անգամ իրավապահ համակարգի ներկայացուցիչները չէին թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՄԱՔՍԱԶԵՐԾԵԼ 47 ՏՈՆՆԱ ՑԵՄԵՆՏԸ
Իրանահայ գործարար, «Նազարյան քուլինգ սիսթեմ» ՍՊԸ-ի տնօրեն Արվին Նազարյանը հայտնվել է անելանելի վիճակում: Պարզվում է` քաղաքացին նախորդ տարվա օգոստոսի 30-ին Իրանի «Խոյ Ցեմենտ» գործարանից Հայաստան է ներմուծել մոտ 47 տոննա ցեմենտ` ավելի քան 2.5 հազար դոլար արժեքով: Գործարարի պատմելով` 47 տոննա ցեմենտը այժմ գտնվում է մաքսատանը: Պարզվում է` Արարատյան մաքսատանը գործարարից պահանջում են 17 դոլարով գնած մեկ տոննա ցեմենտը մաքսազերծել 200 դոլարով: Գործարարը փորձել է ներմուծված ապրանքների մաքսազերծումն իրականացնել գործարքի գնի մեթոդով:
«Չեն թողնում` մաքսազերծեմ: Բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ ՊԵԿ-ին: Տարբեր տեսակի արգելքներ կիրառեցին, այսօր արդեն գործը դատարանում է, դատական երկրորդ նիստն անցել է, իսկ հաջորդ ամսին կկայանա երրորդ նիստը: Նախքան դատը ասում էին, որ տեղական արտադրողին պետք է պաշտպանենք: Թե ինչի հաշվին, չեմ հասկանում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ Արվին Նազարյանը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ ինքը Իրանի «Խոյ Ցեմենտ» գործարանի հետ 8000 տոննա ցեմենտի ձեռքբերման պայմանագիր է կնքել, բայց այսօր չի կարողանում օգտագործել ներկրած 47 տոննա ցեմենտը:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԵՐԿՈՒ ՔՐԳՈՐԾ ՄԵԿ ԴՊՐՈՑՈՒՄ
Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում իրավիճակը լարված է: Նախկին եւ ներկա տնօրենների վատ հարաբերությունները հասել են գագաթնակետին:
Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում խնդիրը ծագեց դեռեւս 2016 թվականից: Այդ ընթացքում Շիրակի մարզը ղեկավարում էր դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը: Երբ դպրոցի տնօրեն ՕԵԿ անդամ Գոհար Շահբազյանի պայմանագրի ժամկետը լրացավ, մարզպետը ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց իր կուսակից ընկերոջը՝ ՀՅԴ-ական Արփինե Նիկողոսյանին: Դպրոցի աշխատակազմը բողոքարկեց մարզպետի որոշումը՝ պահանջելով վերականգնել իրենց նախկին տնօրենի աշխատանքը: Հետագայում կայացավ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Նախկին տնօրենն ու ժամանակավոր պաշտոնակատարը հավասար միավորներ էին հավաքել: Ըստ սահմանված կարգի` դպրոցը պետք է ղեկավարեր նա, ում նախապատվություն կտար մարզպետը: Մարզպետն էլ որոշեց տնօրեն նշանակել դաշնակցական Արփինե Նիկողոսյանին:
Գոհար Շահբազյանը որոշեց վերականգնել իր իրավունքը դատական կարգով: Դատարանը որոշեց անվավեր ճանաչել Հովսեփ Սիմոնյանի որոշումը` Արփինե Նիկողոսյանին դպրոցի տնօրեն նշանակելու վերաբերյալ: Արփինե Նիկողոսյանն այս պարագայում որպես երրորդ անձ էր ընդգրկված: Վերջինս, դատարանի որոշումը դեռ ուժի մեջ չմտած` ընդամենը մի քանի օր առաջ, բողոքարկել էր Վերաքննիչ դատարան: «Իսկ ինչո՞ւ ոչ ես, ինչո՞ւ ինձ չպետք է ընտրեին որպես տնօրեն, ես ունեի բոլոր իրավունքները եւ հիմա պայքարելու եմ իմ իրավունքի համար, չեմ պատրաստվում զիջել»,-ասում է Նիկողոսյանը:
Մինչ երկու տնօրենների միջեւ աթոռակռիվ է ընթանում, դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել: Դրանցից մեկը վերաբերում է նախկին տնօրեն Գոհարիկ Շահբազյանի գործունեության տարիներին: Ըստ ոստիկանության` Գյումրու թիվ 38 հիմնակարգ դպրոցի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել:
Մասնավորապես, օգտագործելով պաշտոնեական դիրքը` 2005-2015 թթ. ընթացքում` տարբեր ժամանակահատվածներում, դպրոցում որպես պահակ է ձեւակերպել փեսային, փեսայի հորը, որպես դռնապահ՝ փեսայի մորը եւ մի կնոջ, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի շուրջ 3 մլն դրամ գումարը յուրացվել է:
Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրեն Գոհարիկ Շահբազյանի կողմակիցներն էլ դիմել են Շիրակի մարզպետին՝ աուդիտ իրականացնելու պահանջով: Աուդիտի ընթացքում էլ մի շարք խնդիրներ են ի հայտ եկել, որոնք ուղարկվել են դատախազություն: Բացթողումները կապված են 8-րդ դասարանի դասամատյանում բացակաների թվերի ոչ ճշգրիտ անցկացման հետ:
Եւ, ահա, այդ դպրոցի հետ կապված երկու քրեական գործ կա այսօր: Իսկ, ընդհանուր առմամբ, դպրոցում արդեն երկրորդ տարին բարոյահոգեբանական վիճակը նույնն է. ուսուցիչները չեն շփվում միմյանց հետ` իրենց հարաբերություններում ներքաշելով նաեւ աշակերտական եւ ուսուցչական հանրույթներին:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ




Լրահոս